Գևորգ Թումանյան/նոր աշխարհակարգ

մակ

մենք
ծայրաստիճան անհանգստացած ենք
տարածաշրջանում իրավիճակի սրացումից
և կոչ ենք անում
անհապաղ դադարեցնել
ռազմական գործողությունները

մենք
ցանկանում ենք հիշեցնել
մեր անվտանգության խորհրդի բանաձևերը
որոնք հաստատում են առաջին երկրի
ինքնիշխանությունն
ու տարածքային ամբողջականությունը
և կոչ ենք անում երկրորդ երկրին
հարգել դրանք ամբողջությամբ

մենք
միջազգային հանրությանը կոչ ենք արել
փախստականների կարիքների համար
N մլն դոլար հատկացնել

մենք
խիստ անհանգստացած ենք
զոհերի մասին տեղեկությունների կապակցությամբ

մենք
կոչ ենք անում
անհապաղ և կոնկրետ քայլեր ձեռնարկել
պատերազմող երկրների միջև
լարվածությունը թուլացնելու համար
մեր փորձագետների խումբը
մեղադրում է առաջին երկրին
X միջանցքը շրջափակելու միջոցով
փոքրիկ լեռնային երկրում
հումանիտար աղետ հրահրելու մեջ
և մենք կոչ ենք անում
անհապաղ վերականգնել ազատ տեղաշարժը

մեր փորձագետները
նաև կոչ են արել խաղաղապահներին
ապահովել X միջանցքի անվտանգությունը

մեր փորձագետները
կրկին կոչ են անում
առաջին երկրի իշխանություններին
անհապաղ վերսկսել X միջանցքով
մարդկանց տրանսպորտային միջոցների
բեռների երկու ուղղություններով
ազատ ու անվտանգ տեղաշարժը

մենք
կոչ ենք անում
առաջին երկրի կառավարությանը
կատարել միջազգային իր պարտավորությունները
հարգել պաշտպանել մարդու իրավունքները
ներառյալ սննդի առողջության
կրթության և կյանքի իրավունքը

մենք
նաև ընդգծում ենք
բոլոր շահագրգիռ կողմերի միջև
համագործակցության և երկխոսության կարևորությունը

մենք
խստորեն դատապարտում ենք
հիվանդանոցների դպրոցների թիրախավորումը

մենք
հայտնում ենք
որ տեղյակ ենք կատարվածի մասին
սակայն մանրամասներից
տեղյակ չենք

մեր փորձագետները նախազգուշացնում են
որ հիվանդանոցները
դժվարությամբ են հաղթահարում ծանրաբեռնվածությունը
շտապօգնության մեքենաների աշխատանքը
դժվարացել է վառելիքի բացակայության պատճառով

մեր փորձագետները տեղյակ են
որ շրջափակման մեջ գտնվող բնակչությանը
անհրաժեշտ են
սննդամթերք դեղորայք
հիգիենայի միջոցներ

մեր փորձագետները տեղյակ են
որ մաքուր ջրի հասանելիությունը սահմանափակված է
փախստականները ստիպված ջուր են խմում ջրհորներից
ինչը չափազանց վտանգավոր է
վարակիչ հիվանդությունների տարածման առումով

մենք
կոչ ենք անում
չթիրախավորել խաղաղ բնակչությանը
այդ թվում կանանց և երեխաներին

մենք
կոչ ենք անում
պատերազմող երկրներին
երկու շաբաթով հրադադար հաստատել

*

Սարուշենցի եմ
հայրս մահացել է
արցախյան առաջին պատերազմում
20 թվականի պատերազմից հետո
սկսեցինք ապրել
սահմանային գյուղում
ամուսինս և եղբայրներս
զոհվեցին սեպտեմբերի 19-ին
մենք փրկվեցինք
թաքնվելով անտառում
ունեմ երեք երեխա

*

հիմա
ապրում ենք Եղվարդում
մեկ տան մեջ
հինգ ընտանիք

*

սեպտեմբերի 26-ին
ընտանիքիս հետ
բռնի տեղահանվել ենք
Արցախի Մարտունի քաղաքից
թողել եմ տունս
ամուսնուս և որդուս գերեզմանները
նրանք զոհվել են
արցախյան առաջին պատերազմում
հիմա
ապրում եմ Ազատամուտում

*

չորս անգամ
տեղահնվել եմ
1988-ին Բաքվից
1992-ին Կիչանից
2020-ին Շուշիից
2023-ին Ստեփանակերտից
Երևանում հիմա
վարձով ենք ապրում
երեք անչափահաս
երեխա ունեմ

*

ամուսինս
սեպտեմբերին
դիպուկահարի կրակոցից է
զոհվել
ռմբակոծված մեքենան
ես եմ Արցախից
քշել բերել Երևան
աշխարհագրության ուսուցչուհի եմ
բայց հիմա
թխվածքներ եմ թխում
շատ համով է փախլավան
չորս անչափահաս
երեխա ունեմ

*

Հադրութի
Մեծ Թաղերից եմ
44-օրյա պատերազմի հետևանքով
կորցրել եմ հայրական տունս
մանկությունս
ամուսնացա
և տեղափոխվեցի Ստեփանակերտ
սեպտեմբերի 26-ին
տեղահանվել ենք Գորիս
գաղթի ճանապարհը տևեց
34 ժամ
ամուսինս զոհվեց
բենզալցակայանի պայթյունից
ապրում ենք վարձով
սկեսրոջս հետ
նա չորս որդի է կորցրել
փնտրում եմ աշխատանք

Եռաբլուր

-ի՞նչ ես բերել Արցախից
-երկու որդիներիս դիակները
-բախտավոր ես
մեզ չհաջողվեց

*

եթե ռմբակոծեն գիշերը
ինձ համար դժվար կլինի
ապաստարանում թաքնվելու համար
վախեցած տնեցիներին
իրար գլուխ հավաքելը
ախր
կարգին կահավորված
ապաստարան էլ չունենք
շենքի մեր նկուղն է
ավանդական փակոցներով
պահածոներով
էն դեպքում իհարկե
եթե առաջին հարվածից
ողջ մնանք

եթե հրետակոծեն ցերեկը
աշխատանքի ժամին
առաջինը վազելու եմ
փոքրիս մոտ
և աշակերտների հետ
փորձելու ենք
թաքնվել ապաստարանում
ախր
կարգին կահավորված
ապաստարան էլ չունենք
դպրոցական սովորական պադվալ է
էն դեպքում իհարկե
եթե առաջին հարվածից
ողջ մնանք

միջնեկիս
հրահանգել եմ
եթե իրեն բան չպատահի
դաշտերով վազի դեպի տուն
կինս դրսում
առաջին անհրաժեշտության պայուսակով
մեզ է սպասում
մեծս
Երևանում է սովորում
թե մեզ ինչպես է գտնելու
գլուխ չեմ հանում
էն դեպքում իհարկե
եթե ողջ մնանք

*

ցնծացեք ազգեր ով ժողովուրդներ
նոր աշխարհակարգն է գալիս
նոր աշխարհակարգն է գալիս

ցնծացեք ազգեր ով ժողովուրդներ
պատմեք դռնե դուռ ընկած
հողագնդի հավաստի լուրը
ավետեք այն ամենուր
նոր աշխարհակարգն է գալիս
նոր աշխարհակարգն է գալիս

նոր աշխարհակարգն է գալիս
արյունով օծուն
ողբով զարդարուն

նոր աշխարհակարգն է գալիս
ցեղասպանություններով թարմ
պատերազմներով աննման

*

միայն մեր մուտքում
Արցախից արդեն
չորս ընտանիք է ապրում

քիչ առաջ
կռվում
վիճաբանում էին
ընտանյոք հանդերձ
մեր ներքևինները

ձեները
իրենց անտառների
թռչունների ծլվլոց էր
ոչ թե
մեր գյումրեցիների պես
կոշտուկոպիտ դղրդոց

էն օրն էլ
վար էի իջնում
մի բաբո
աստիճաններն էր ավլում

հարսին թե
մինչև առաջին հարկ քինա՞մ
ես էլ թե
մինչև Արցախ տատ ջան

ժպտաց
սրտանց ժպտաց

Please follow and like us: