Արփի Ոսկանյան/Ֆակ չըրչ

– Դուք պետք ա տեսնեք դա,- ասաց Իվանան,- դա խելագար վայր ա, սրանք այդ ոճն անվանում են «Ֆանտաստիկ ռեալիզմ», բայց դա ավելի ֆանտաստիկ է, քան հնարավոր է պատկերացնել։

Իվանան մի քանի անգամ գայթակղիչ նամակներ ուղարկեց՝ fucks church վերնագրով, որտեղ մեզ նորից ու նորից հորդորում էր այցելել այդ վայր։ Դուք պետք է դա անպայման տեսնեք՝ ասում էր, դա նման չի ոչ մի բանի։

Լուիսը խոստացել էր մեզ տանել այդտեղ իր մեքենայով։ Առավոտյան կողմ, փչելով դիխլաֆոսը, դուրս եկանք ու նստեցինք Լուիսի մեքենան։

– Զգացի՞ր՝ ինչ սառն ա,- ասաց Համբոն։ Նա անընդհատ լվերի տարածքային նվաճումների նշաններ էր որոնում։

Ես չզգացի, որ Լուիսը սառն է, և ընդհանրապես չէր խանգարի նրան մի քիչ սառը լինել, բայց հազիվ թե, Լուիսը՝ տեղով կրակ, ու նրա սառնությունը գիտաֆանտաստիկայի ոլորտից է։ 

Իսկ հիմա այն Թալ անունով գյուղի ու այն եկեղեցու մասին, որ այդպես ցնցել էր Իվանային և ուր մենք ուղևորվում էինք նրա խորհրդով։

 
 

Ուրեմն, դու մի ասա, մեր լոսցի ամերիկահայերի սիրելի Առնոլդ Շվարցենեգերը ծնունդով Գրացից է ու հենց այս Թալ անունով գյուղից։  Թալում ամեն բան հիշեցնում է Շվարցենեգերին։ Այն ասես Շվարցենեգերի թանգարանը լինի։ Դպրոցի վրա, որտեղ սովորել է մանուկ Առնոլդը, փակցված է նրա նկարը։ Տունը, որը քաղաքի իշխանությունները քառասնական թվականներին տվել են Առնոլդի ոստիկան հորը, այն ժամանակ չի ունեցել ոչ ջուր, ոչ զուգարան, ոչ կոյուղի, և կա մի հուզիչ պատմություն, որ Առնոլդն իր եղբոր հետ ստիպված է եղել ջուր կրել։ 

 
 

Թալում կա լիճ՝ ինքնին շատ գեղեցիկ, բայց նշանավոր նրանով, որ նրա ափին սիրել է հանգստանալ դերասանը։ Տասնմեկերորդ դարի ամրոցն էլ նշանավոր է նրանով, որ այն երևում է Շվարցենեգերի ննջարանի պատուհանից։  Բայց ամենաշշմելուն՝ այստեղ կա տասնութերորդ դարի մի եկեղեցի, որ վերանորոգվել է քսաներորդ դարի վերջերին, ու թեպետ այն կոչվում է Սուրբ Հակոբի եկեղեցի, ասես նվիրված լինի հենց Շվացենեգերին։ Սա մի էկլեկտիկ եկեղեցի էր, որտեղ, ինչպես հոլիվուդյան միստիկայում համագոյակցում էին ոչ միայն տարբեր ժողովուրդների և տարբեր ժամանակների ոճական էլեմենտները, այլև տարբեր կրոններից վերցված մոտիվներ։

Ինձ ամենից շատ զարմացրեցին նստարանները՝ դրանք պլասմասից էին։ Եկեղեցին ասես դեկորացիա լիներ «Հարրի Փոթերի» ինչ-որ մի դրվագի նկարահանման համար։ Այս հոլիվուդյան դեկորացիայի հեղինակը Էռնստ Ֆուչսն է, որի ազգանունը սխալ գրելով՝ Իվանան տվել էր թեպետև գռեհիկ, բայց ճշգրիտ բնութագիր այդ եկեղեցուն։ Ճշգիտ՝ իր կարծիքով, որովհետև մեզ վրա այս եկեղեցին այն ազդեցությունը չթողեց։ Մեր աչքում այն առավել «անճաշակ» չէր, քան մյուս կաթոլիկ եկեղեցիները, որ մտել էինք մինչ այդ։ Անճաշակ-ը գրում եմ չակերտների մեջ, որպեսզի ցույց տամ, որ որևէ մեկի ճաշակը վիրավորելու ցանկություն չունեմ։ Համենայնդեպս մեզ համար անհասկանալի էր, թե ոնց կարելի է աղոթել այդ բուտափորիկ ոսկով հարուստ, պսպղուն սրահներում։ Ֆուչսի եկեղեցին նույնիսկ ավելի ժուժկալ էր ձևավորված, քան մի քանի կաթոլիկ եկեղեցիները, որ հասցրել էինք մտնել Գրացում։ Ես նույնիսկ հարցրեցի Լուիսին՝ սա կաթոլի՞կ եկեղեցի է, թե՞ բողոքական։ Լուիսը զարմացած էր, որ մենք զարմացած չէինք, և իր երկրում հնարավոր անճաշակության մեծագույն դրսևորումը ցույց տալուց հետո որոշեց ցույց տալ մեզ նաև «իսկական» ճարտարապետական գլուխգործոցներ։ Ես չեմ թվարկի այդ եկեղեցիները ու չեմ նկարագրի դրանք, դրանք մեր աչքում նույնքան «ֆանտաստիկ ռեալիզմ» էին, որքան Շվարցենեգերի եկեղեցին։   

Ես կնկարագրեմ Պահապան Հրեշտակների ծխական եկեղեցին, որ կառուցվել էր քսաներորդ դարի վերջերին։ Մի ամբողջ դար էր տևել նրա ճարտարապետական հորինվածքի մշակումը, և ի վերջո ժամանակավոր կառույցին եկել էր փոխարինելու հիմնականը, որի նախագծումն ու կառուցումը իրականացրել էր ճարտարապես Վերներ Հոլոմեյը, իսկ որպես նկարիչներ հրավիրվել էին Էդիտ Թեմելը, Ժոզեֆ Ֆինկը, Կուրտ Զիսլերը և Մանֆրեդ Գոլովիչը։

Ինձ չցնցեց Ֆուչսի եկեղեցին, բայց ցնցեց Հոլոմեյինը, քանի որ ստիպեց ինձ մտածել։ Դա ժամանակակից եկեղեցի էր՝ ապակու, այլումինի, փայտի և երկաթբետոնի օգտագործմամբ, որի խորանում աբստրակտ պատկեր էր, աղոթարանում Հիսուսը պատկերված էր պոպ-արտի մեջ, և չափազանց հետաքրքիր մեկնաբանության էր ենթարկված դեիսուսը՝ մի կողմից աբստակտ, մյուս կողմից՝ ժողովրդական արվեստի և պրիմիտիվիզմի ոճով։  

Չկար այստեղ կաթոլիկ եկեղեցուն բնորոշ ոսկին, բոլոր լուծումները մինիմալիստական էին, այդ պատճառով էլ եկեղեցին ավելի բողոքական եկեղեցու էր նման։ Սակայն այն կաթոլիկ եկեղեցի էր, որտեղ տեղի էր ունենում ժամերգություն։ Ու քանի որ ձևը չի կարող գոյություն ունենալ առանց բովանդակության, այն բովանդակության արտահայտիչն է, ես չէի դադարում մտածել, թե ինչ բովանդակություն կարող է ունենալ այս ձևը՝ այսինքն ինչ հավատ ու հավատացյալ կարող է ունենալ այս եկեղեցին։Անմիջապես զուգահեռ տարա մեր Գր. Լուսավորիչ եկեղեցու հետ, որն ամենանորարարականն է իր ճարտարապետական լուծման առումով։ Սակայն եթե մոռանանք, որ դա եկեղեցի է, կտեսնենք սովետական մի կառույց։ Սա այն դեպքում, որ եկեցեղին կառուցվել է հետսովետական տարիներին։ Կաթոլիկ եկեղեցին առաջադիմական է, ինքն է նախաձեռնում տիեզերական ժողովները ու նոր կոնդակներ ընդունում՝ համապատասխանեցնելով եկեղեցին ժամանակակից կյանքի պահանջներին։ Հայկական առաքելականը հինգերոր դարից այս կողմ չի փոխվել, և որքանո՞վ է ճիշտ, երբ փորձ է արվում փոխելու նրա ճարտարապետությունը։ Միևնույն ժամանակ ճարտարապետությունը չի կարող այդչափ անտեսել ժամանակը, որքան կարող է իրեն թույլ տալ եկեղեցին։ Արդյո՞ք դա նշանակում է, որ նոր եկեղեցիներ ընդհանրապես չպիտի կառուցվեն։ Թե՞ նորերը պիտի լինեն հների կրկնօրինակը։ Թե՞ այնուամենայնիվ նրանք պիտի արտահայտեն այն փոփոխությունը, որ տեղի է ունենում հավատի ներսում։ Եվ արդյո՞ք կարող են չարտահայտել։ Արդյո՞ք սբ. Գիգոր Լուսավորիչն առավել անհոգի է, քան մեկ այլ եկեղեցի, որ կրկնում է որևէ հին եկեղեցու հորինվածքը։ Ինչո՞ւ մեկում հոգի կա, իսկ մյուսը, որ նույնի կրկնօրինակն է, բացարձակ անհոգի է ու անաստված։  

Պահապան հրեշտակների ծխական եկեղեցին էլ անհոգի էր։ Բայց այն չափազանց ազնիվ էր, քանի որ արտահայտում էր հավատի մեջ տեղի ունեցած փոփոխությունը։ Վերոհիշյալ նկարիչները չէին զբաղվել պատճենահանմամբ ու խաբեությամբ, նրանցից յուրաքանչյուրը մտորել էր, թե ինչ է հավատը ժամանակակից եվրոպացու համար։ Սա ծխական եկեղեցի չէր, այլ սեկուլյարիզացիայի տաճար։ 

Ես նախանձում էի, ինձ պատել էր մի անհուն նախանձ, որովհետև իմ հայրենիքում ազնիվ արվեստագետների պակաս կա, ու եթե այդպիսիք ճարվեն էլ, այս թեմային երբեք չեն կարողանա այսչափ ազնվորեն մոտենալ, միգուցե որովհետև ազնվության արգելքը դրված է հենց մեր հավատքի մեջ։

 http://kurt.zisler.at/

http://kurt.zisler.at/

http://www.edith-temmel.at/

http://www.joseffink.at/

http://www.xn--gssendorf-07a.com/volksschule/index.php?option=com_content&view=article&id=41&Itemid=46

http://www.kath-kirche-graz.org/cms/pfarren_seelsorgestellen/graz_hl_schutzengel/geschichte

Նախորդը՝ այստեղ

Հաջորդը՝ այստեղ

Please follow and like us: