Արփի Ոսկանյան/Աշխարհի կենտրոնը

(«Մեղրամիս» բլոգասերիալից)

Ավստրիական հեռուստաընկերությունը հետաքրքրվել էր անթոլոգիայով ու, ռեպորտաժի առիթը բաց չթողնելով, Հայաստան էր գործուղել իր լրագրողին՝ Հիմոգենային։ Ես չգիտեմ՝ ինչի Հիմոգենան սիրեց մեզ. անթոլոգիայում տպված մեր պատմվածքնե՞րն էին դուր եկել նրան, թե՞ հարցազրույցի ընթացքում արտահայտած մեր մտքերը։ Միգուցե ազդել էր Հ1-ից վարձած նկարահանող խմբի անդամների զայրույթը, որ նրանք չէին կարողացել զսպել մոնտաժի ժամանակ, ու ասել էին, որ երկրի վիճակի մասին խոսելիս մենք խիստ խտացրել ենք գույները։ Այդ մասին ասաց Հիմոգենան հաջորդ օրը Գեղարդի ճանապարհին։ Մինչև ուղնուծուծը ընդդիմադիր Ռուզան Մարգունին թարգմանեց Հիմոգենայի մտահոգությունը. «Հիմա ձեզ էլ ավելի բարդ կլինի աշխատանք ճարելը»։  

Հիմոգենան ուզում էր սովետական, տիպային բարձրահարկեր նկարել, և մենք հասկացանք, որ նրան Բանգլադեշի շենքերն են պետք։ Այդտեղ վարորդը, որ մեր օպերատորն էր,  պայթեց. «Ինչի՞ եք ուզում մեր երկիրն այդպես վատ ներկայացնել, ինչի՞ Բանգլադեշ, ախր ինչի՞։ Ինչո՞վ ա վատ էս շենքը, թող սիրուն շենք նկարի»,- ու կանգնեցրեց մեքենան հատուկ նախագծով կառուցված, սովետի ժամանակվա էլիտար շենքի մոտ։

– Դուք գիտե՞ք՝ ես ով եմ,- ասաց օպերատորը՝ նայելով ինձ, Համբոյին ու Ռուզան Մարտունուն և, արձագանք չստանալով, ավելացրեց հպարտությամբ,- ես Արթուր Ապրեսովն եմ։

Ծանր լռություն տիրեց, ու մենք մեզ շատ անհարմար զգացինք, որովհետև չգիտեինք՝ ով է Արթուր Ապրեսովը։

– Ես «Աննա» սերիալի գլխավոր պրոդյուսերն եմ,- հաղթական ասաց օպերատորը։

Շատ զվարճալի տղա էր այդ Ապրեսովը և արժանի, որպեսզի նրա մասին մի առանձին պատմվածք գրվի։ Նա մի շարք նախադասություններ արտասանեց, որոնք մեխվեցին մեր հիշողության մեջ, ինչպես օրինակ՝« էս սարն էսօր սատկել ա»՝ հասցեագրված Արարատին։ Կամ՝ «էսա մի հատ հայկական կոլորիտ առնեմ, թող սա սխմի», որ վերաբերվում էր ճամփեզրին վաճառվող գաթաներին ու Հիմոգենային։ Եվ վերջապես.

– Ես շատ երկրներում եմ եղել, ոչ մի տեղ էսքան ազատություն չկա, ինչքան Հայաստանում ու վաբշե պոստսովետական երկրներում։ Աշխարհի ամենաազատ տարածքն ա էս։

Ապրեսովի համար ազատությունը բարդակն էր ու բեսպրեդելը։ Հիմոգենան լուռ հետևում էր զրույցին ու դրա մանրամասներին տեղեկանում Ռուզան Մարգունու շնորհիվ, ով ջանում էր թարգմանել Ապրեսովի անթարգմանելի արտահայտությունները։ Բայց նրան չհամոզեց ինքնավստահ, օպտիմիստ, առողջություն ճառավող օպերատորը։ Հայացքներով սոցիալիստ, անկուսակցական Հիմոգենան շատ սիրեց մեզ՝ ինձ ու Համբոյին, ու այդ սերը երևի արտահայտեց նաև իր ռեպորտաժում։ Ես չգիտեմ՝ ինչպես էր նա կառուցել իր նյութը, բայց ավստրիական Գրաց քաղաքի քաղաքապետարանի աշխատակիցն այն դիտելով որոշել էր, որ Ավստրիային մենք պետք ենք։  Ու մի օր նամակ ստացանք Լուիսից։ Ամիսներ անց Գրացում, սրճարանում նստած, Լուիսը ինձ հարցրեց, թե ինչ ապրեցի հրավերով նամակը կարդալիս։ Նա շատ զարմացավ, երբ ես չկարողացա մտաբերել, որ մեծ ոգևորություն ապրած լինեմ։

Ես ճամփորդությունների սիրահար չեմ, երբեք չեմ երազել տեսնել Եվրոպան, Ամերիկան կամ մեկ այլ մայրցամաք ու նոր մեռնել։ Արվեստի պատմությունն ինստիտուտում մանրամասն սերտել եմ, գիտեմ՝ որտեղ որ դարում ինչ է ստեղծվել, ինչն է էդ ստեղծվածից պահպանվել,  և զգացողություն ունեմ՝ ասես մի անգամ շուրջերկրյա ճամփորդություն կատարած լինեմ։ Նույնիսկ Հայաստանով չեմ շրջել ու հայերի ստեղծածն էլ գիտեմ գրքերից։ Էդպես է ստացվել, և ինձ համար ավելի կարևոր է իրերի բովանդակությունը, քան դրանց արտաքին տեսքից ստացվող տպավորությունը։  

Բայց եթե ճամփորդելու, նոր աշխարհներ տեսնելու միանգամայն մարդկային ցանկությունը կարող եմ հասկանալ, երբեք չեմ հասկացել հայերի՝ արտասահման քոչելու մոլուցքը։ Իմ յոթ հոգանոց հայրական ընտանիքից միայն ես եմ մնացել Հայաստանում՝ էն էլ մեծ դիմադրության գնով։ Սրանով չեմ ուզում ասել, թե հայրենասեր եմ։ Ես զզվում եմ հայրենասիրությունից և գուցե մնում եմ Հայաստանում, որ հայրենասեր չլինեմ։ Հայրենասիրության կրակը բոցավառվում է սփյուռքահայի հոգում, մեկ էլ հայաստանցու սրտում, որ այս երկրին Քաղաքացի չի դառնում։ Նրա մեջ էլ է ապրում սփյուռքահայը։ Խոսքս հիմնականում այդ սփյուռքահայի մասին է լինելու, որ մեզնից յուրաքանչյուրի մեջ գոյություն ունի այս կամ այն չափով։ Այն սփյուռքահայը, որ հայրենիքից հեռանալն էլ է հայրենասիրություն համարում։ Այն սփյուռքահայը, որ շնորհ է անում հայրենիքին, երբ այցելում է Հայաստան։ Նա գալիս է որպես աստղ, որպես հաջողության հասած մարդ, ու որ քչփորես հոգու խորքերը, կտեսնես, որ իր ամենամեծ հաջողությունը սփյուռքահայ լինելն է, ու հենց ինքն է դա հաջողություն համարում։ Սփյուռքահայը միշտ նեղացած է հայրենիքից։ Բայց ամենաանտանելին սփյուռքահայի՝ հայրենիքը դատարկված տեսնելու ցանկությունն է։ Ես նույնիսկ մտածում եմ, որ Հայաստանն առանց հայերի ծրագիրը թուրքի կամ ռուսի գլխում չի ծագել։  Իրականում սփյուռքահայն իրեն մեղավոր է զգում, ինչպես մարդը, որ ծերանոց է հանձնել իր ծնողին։ Սփյուռքահային ձեռնտու է, որ Հայաստանում վիճակը գնալով վատանա. յուրաքանչյուր արտագաղթողի հետ նա իրեն թեթևացած է զգում և արդարացված, կարծես թե ինչ-որ մեկը նրան մեղադրում է։ Սփյուռքահայ մեզ սոցիալական վիճակն ու անարդարությունը չի դարձնում, ոչ էլ Եղեռնը, այլ այն, որ Հայաստանը մեզ համար հայրենիք է, ոչ թե երկիր, որտեղ ապրում ենք։

Ընտանիքիս՝ ինձ արտագաղթեցնելու ջանքերին դիմակայելով՝ բերեցի վերջին, հուսահատ, բայց անառարկելի փաստարկը. «Ես հայ եմ, ու նորմալ ա, որ Հայաստանում ապրեմ»։  Եվ ուշուի մարզիչ, հոգևոր ուսուցիչ, ուղղափառ եկեղեցում մկրտված եղբայրս ասաց. «Դա էդքան էլ միանշանակ չի, որովհետև հայի ծրագրի մեջ դրված ա հեռանալու գենը, ու եթե դու չես հեռանում, նշանակում ա՝ քո գեներն էնքան էլ հայկական չեն։

Ձմեռային արձակուրդներին այնուամենայնիվ գնում եմ ընտանիքիս տեսության, թեպետ՝ տարեցտարի նվազող հաճախականությամբ։ Մյուս եղբայրս, որ շատ էր ուզում՝ ես սիրեմ Մոսկվան, ջղայինանում էր, թե ինչու ամռանը չեմ գնում։ Բայց ես նույնիսկ ձմեռներս էի ափսոսում, որովհետև նույնիսկ մոսկովյան թատրոններն ու ցուցահանդեսներն այցելելով, ինձ թվում էր, թե հետ եմ ընկնում իմ կյանքից։

Օրհան Փամուկն իր նոբելյան ճառում այսպիսի մի վիջակագրություն է բերում, թե երկրագնդի բնակչության իննսունքանի տոկոսը համարում է, որ ապրում է ոչ աշխարհի կենտրոնում։  Այդ վիճակագրությունն ինձ ցնցեց, որովհետև պարզվեց՝ ես մտնում եմ մեկ տասնյակի չհասնող այն տոկոսի մեջ, որին կարելի է երջանիկ համարել։ Ու հիմա պատկերացրեք ինձ՝ հաբռգած կենտրոնաբնակիս, ու Լուիսի նամակը, որի մեջ հանգամանորեն բացատրում էր, թե որ թուղթը ոնց լրացնեմ հարցազրույցն անցնելու համար, ու ձեռի հետ ասում՝ այս բոլոր միջոցառումներն արվում են, որովհետև «Նրանք» կարծում են, թե դուք կարող եք գալ ու չգնալ։ Այդպես էլ գրել էր Լուիսը՝ «Նրանք»-ը մեծատառով ու չակերտների մեջ։ Այ քեզ Լուիս։ Ուրեմն սրանք կարծում են, թե մենք պիտի թողնենք մեր էս հետաքրքիր երկիրը՝ իր բազազով, իր վարչապետով, իր Կլառա Խաչիկովնայով ու ժողովրդական պայքարի այլ հերոսներով, ու գնանք, ծվարենք իրենց ձանձրալի երկրներում, որտեղ ոչինչ տեղի չի ունենում, ու մարդիկ արհեստական պրոբլեմներ են մոգոնում ինքնասպան չլինելու համար… Իմ պատասխանը Լուիսին ապրեսովյան ոգով էր.

«Սիրելի Լուիս,

«Նրանք» մեր հաշվով կարող են միանգամայն հանգիստ լինել, մենք չենք պատրաստվում հեռանալ մեր երկրից, և շնորհիվ ձեր գրողների ու ռեժիսորների գիտենք, որ մարդը Եվրոպայում ավելի երջանիկ չէ, քան մյուս աշխարհամասերում։ Ինչ վերաբերում է կոնկրետ Հայաստանին, սա լավագույն տեղն է գրողի համար, այստեղ ամեն պահ ու ամեն քայլափոխի այնպիսի բաներ են կատարվում, որ հորինելու համար մեծ գրողների երևակայության ուժը չէր պատի։ Իրականությունն այստեղ տասով զրո կրած ունի ամեն տեսակ գեղարվեստին, ու գրողին այլ բան չի մնում, քան պարզապես նկարագրել։

Մենք ապրում ենք աշխարհի կենտրոնում, սիրելի Լուիս»։

Հաջորդ սերիայում՝ կստանա՞ն արդյոք մեր հերոսները շենգենյան բաղձալի վիզան։

Նախորդը՝ այստեղ

Հաջորդը՝ այստեղ

Please follow and like us: