«Հայերի` 1949 թվականի հունիսի 13-14-ի զանգվածային աքսորը Ալթայի երկրամաս` իր կազմակերպվածությամբ, ծավալով, իրականացման ձեւով զիջում է թերեւս միայն երիտթուրքերի նախաձեռնած ցեղասպանությանը: Մինչեւ 1949-ի այդ օրը Խորհրդային Միության ժամանակային տարածքում, ի թիվս այլ ժողովուրդների` հայերի հանդեպ եւս եղել էին բռնաճնշումներ, հալածանքի այլ դրսեւորումներ, սակայն Ալթայան աքսորն առանձնահատուկ էր»,- հիշեցնում է գրող, հրապարակախոս, վավերագրող Տիգրան Պասկեւիչյանի հեղինակած «Ցուրտ հայրենիք. 1949 վկայություններ աքսորից» գրքի առաջաբանը: Գիրքը ներկայացվեց Գրքի երեւանյան 5-րդ փառատոնում:
Տարիներ առաջ Պասկեւիչյանի հեղինակած «Օ՜, հայրենիք, սառն ու անուշ » ֆիլմը, այնուհետեւ` «Հետք » ինտերնետային պարբերականում տպագրված նրա հոդվածները հայրենադարձների մասին, նրանց պատմությունները գրեթե ամբողջական պատկերացում են տալիս խորհրդային իրականության մասին:
Այդ շրջանում աքսորի պատմությունն ուսումնասիրելուց հետո հեղինակն արձանագրում է, որ` 1949-ի հունիսին աքսորվող հայերը («դաշնակները ») կազմված էին երեք խմբից`
1. Համաշխարհային երկրորդ պատերազմում գերի ընկած եւ Դրոյի գործուն մասնակցությամբ կազմավորված հայկական լեգիոններին միացած նախկին զինվորականներ,
2.Կենսագրության մեջ դաշնակցական հետք ունեցող անձինք (առաջին հանրապետության տարիների, կոլեկտիվացման եւ այլ դիպվածներով),
3. 1946-49 թվականների Մեծ հայրենադարձության հունով ներգաղթած հայեր, որոնք մինչ այդ անդամակցել, հարել կամ առնչվել էին ՀՅԴ-ին:
Ըստ հեղինակի` եթե առաջին խմբին պատժելը բխում էր Համաշխարհային պատերազմի մեջ ԽՍՀՄ-ի ներքաշման սկզբնական շրջանում Ստալինի հնչեցրած «գերվելը դավաճանություն է» սկզբունքից, ապա երկրորդ խմբի նկատմամբ վրեժխնդրությունը կարելի է վերագրել ժողովուրդների հոր եւ նրա բռնարար շրջապատի հիվանդագին սովորույթին: Ինչ վերաբերում է ներգաղթողներին, ապա նրանց` այդ խմբակազմում հայտնվելը դեռեւս պատճառաբանված չէ եւ կարիք ունի լուրջ հետազոտության:
Գրքում ամփոփված պատմությունները եւ՛ նման են, եւ՛ տարբեր:
1947-ին Լիբանանից ներգաղթած Նորա Պայտարյանը պատմում է. «Ուր գնացել եմ, թաքցրել եմ, որ աքսորված եմ եղել: Նույնիսկ իմ մտերիմ ընկերուհիներին չեմ ասել, որովհետեւ նրանք խորթ էին նայում»:
1946-ին Լիբանանից ներգաղթած Էլիզաբեթ Բելինջյանն էլ հիշում է. «Հիշում եմ`սկզբից Սիբիրից եկանք, թաղի երեխաները մեզ հետ չէին խաղում, մենք հայերեն չգիտեինք, ասում էին`սրանք ռուս են »:
Իսկ ահա 2016-ին ՌԴ Ալթայի երկրամասում անցկացրած հարցումների ժամանակ էլ գրքի հեղինակը ոչ պակաս հետաքրքիր պատմություններ է գրառել:
Սորոկինոյի քաղաքացի Նադեժդա Նեկրասովան, օրինակ, հիշում է. «Աքսորյալների մեջ բժիշկների, դերձակների, լուսանկարիչների, կոշկակարների ընտանիքներ կային: Մարդիկ, որ Ստալինի հրամանով քշվել էին այստեղ` Սիբիր, Ալթայ: Հետպատերազմյան ծանր պայմաններում պահանջված մարդիկ էին, բայց գրեթե բոլորին ուղարկում էին ծառ կտրելու: 1953-ին ես երրորդ դասարանում էի սովորում: Առաջին հայ երեխաներն այդ ժամանակ եկան մեզ մոտ: Իմ համադասարանցիներն էին Ժենեչկան (Եվգենիա Կակաչյան), Լյովկա Մնացականյանը, նրանք էին մեզ հետ սովորում »:
Ու այսպիսի բազում այլ պատմություններ…
Թագուհի Հակոբյան