Սովետի ժամանակ Ռոբերտ Սեդրակիչը Երեւանի չորս տարբեր գործարաններում բանվոր էր գրանցված, բայց ոչ մի տեղ չէր աշխատում: Ճիշտ է, աշխատավարձերը նա այդ գործարանների կադրերի բաժնի պետերի ու գլխավոր հաշվապահներիի հետ կիսվում էր, բայց մեկ է՝ երկու աշխատավարձի չափով փող օդից նրա գրպանն էր մտնում: Ռոբը չէր սահմանափակվում այդ աշխատավարձերով. նա, ինչպես սովետական շատ ու շատ մարդիկ, զբաղվում էր պետական գույքը սեփականացնելով: Գործարանների գիշերային պահակներին մի երկու շիշ օղով ու ծամելիքով կաշառում էր ու ապրանք է, որ կրում-լցնում էր իր ավտոտնակը: Ճարպիկ անձնավորություն էր Ռոբը. բոլորի հետ լեզու էր գտնում, բոլորին հաջողացնում էր կաշառել ու սիրաշահել: Ամսվա մեջ մի քանի օր, երբ գործարաններում ստուգումներ էին գնում, նա այնուամենայնիվ ստիպված էր լինում գնալ աշխատանքի: Պատահում էր, որ երկու տարբեր գործարաններում նույն օրն էր ստուգում գնում: Այդ օրերին Ռոբը գործարաններից մեկում հիվանդանում էր, կամ նրա մերձավոր ազգականն էր մահանում: Կուտակում էր Ռոբը, անխնա կուտակում էր ու կուտակում: Կուտակած ապրանքը պետական գնից ցածր գնով ծախում էր ու իր համար «իմպրտնի» ապրանք էր առնում՝ չեխական սպասք, ռումինական մեբել, ոսկեղեն, մոխրագույն «Վոլգա» (սեւը «չերեզչուռ» կլիներ): Ուրիշը այդքան բանն աներ, վաղուց ճաղերի ետեւում հայտնված կլիներ, բայց Ռոբերտը միշտ ջրից չոր էր դուրս գալիս:
Բռնվելու ու դատվելու վախը միշտ էլ կար, եւ նա զգույշ էր գործում, աշխատում էր իր ունեցվածքն օտար աչքից թաքցնել, բայց Ռոբի՝ ռուսական դպրոց ավարտած, քաղքենի, ցուցամոլ կինը այդ վտանգը մշտարթուն սպառնալիքի էր վերածել: «Մեռ ամուսնությունից առաջ տի մնե ոսկի սառեռ էիր խոստանում, զաչե՞մ նամ էս ամեն ինչը, եսլի ես չեմ կառող օգտագործյել»,- իր քաղքենի բարբառով հակադարձում էր կինը, երբ Ռոբերտը փորձում էր խելք սովորեցնել նրան: Ի վերջո Ռոբը հաշտվեց կնոջ ցուցամոլության եւ այն մտքի հետ, որ մի գեղեցիկ օր իրեն կազատազրկեն: Միակ մխիթարող բանն այն էր, որ սովեստական ուղղիչ աշխատանքային գաղութներում պետությունից գողություն արածներին լավ աչքով էին նայում:
Թվում է, թե սովետի փլվելուց ու անկախացումից հետո Ռոբերտը գործելու ավելի լայն դաշտ կունենա, բայց՝ չէ, անկախության հենց առաջին օրվանից նրա գործերը թարս գնացին: Գործարանները, որտեղ նա գրանցված էր, փակվեցին, անկախ ու անկոպեկ պետության գույքն էլ սեփականացվեց, իսկ սեփականատերերից գողանալ Ռոբերտը չէր համարձակվում՝ կոկորդը կկրծեին: Ճարպիկ էր, ճկուն էր, աֆերիստ էր Ռոբերտ Սեդրակիչը, բայց՝ սովետի պես լենուբոլ երկրի չափանիշներով: Անկախությունից հետո այնպիսի տղերք հայտնվեցին, որ նրանց մոտ Ռոբն ուղղակի սիրող էր:
Ռոբերտը տոկոսով փող վերցրեց ու ԱՄՆ դեսպանատան աշխատակցի հետ աշխատող ինչ-որ գործ «դզողի» տվեց այդ փողը: Ամերիկա մեկնելը Ռոբի գաղափարն էր, որի հիմքում ընկած էր խարդախությունը: Սովետական աֆերիստի իր կարճ խելքով նա մտածել էր, որ տոկոսով փող կվերցնի, փողը կտա, վիզան կստանա, կթռչի Ամերիկա ու պարտքի մասին կմոռանա, բայց ստացվեց այնպես, որ ոչ թե Ռոբը քցեց պարտատիրոջը, այլ դեսպանատանը գործ դասավորողը շպրտեց նրան: 94-ի ամռանը Ռոբն ու կինը ԱՄՆ դեսպանատանը տվյալներ լրացրեցին: Կինը գրին քարտ շահեց ու չվեց Միացյալ Նահանգներ, իսկ նա մնաց Հայաստանի Հանրապետությունում՝ տոկոսով պարտքը վզին: Վեց ամիս անց Ռոբն իմացավ, որ կինն ամուսնացել է «պամպերսի» բիզնեսով զբաղվող մի սիրիահայի հետ:
Ռոբերտը կյանքի հանդեպ անտարբեր դարձավ: Եթե մինչ այդ նա երբեմն մտքում խարդախության ու գողության ծրագրեր էր մշակում, կնոջ դավաճանությունից հետո լրիվ կոտրվեց, դարձավ ինքնամփոփ ու անկյանք: Նրան կյանքի կոչեց անվանակցի՝ Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի՝ Հայաստանի վարչապետ նշանակվելը: Երբ Կարեն Սերոբիչն ու Ռոբերտ Սեդրակիչը իրենց թեկնածությունն էին առաջադրել 98-ի նախագահական ընտրությունների ժամանակ, մեր Ռոբն ուղղակի չգիտեր ինչ անի: Ի վերջո նա կարողացավ հաղթահարել սովետական կարոտախտը եւ ձայնը տվեց իր ադաշին: Այն չիրականացած երազանքները, որ ուներ Ռոբը, իրականացնում էր Քոչարյանը: Անկախությունից հետո բախտ չունեցավ Ռոբերտը, այնինչ նրա անվանակից Քոչարյանը համ բախտ ուներ, համ թախտ: Ռոբն ապրում էր նրա հաջողություններով, նրա հաջողություններն ինչ-որ իմաստով նաեւ իր հաջողությունն էր համարում ու իր անձնական անհաջողությունը Քոչարյանի հաջողություններով էր բացատրում. «Երկու հատ Ռոբերտ Սեդրակիչ,-ասում էր նա,- էս փոքր, քոսոտ երկիրը չէր կարա պահեր»:
Ռոբերտը դարձել էր Քոչարյանի ֆանատը: Ձայնագրում էր նրա հեռուստատեսային ելույթները եւ մի քանի անգամ նայում էր: Անսահման ուրախանում էր, երբ նրան թվում էր, թե կարդացել է նախագահի խոսքի տակ թաքնված ենթատեքստը: Նրա սիրած մարզաձեւն այլեւս բասկետբոլն էր, սիրած դերասանը՝ Ռոբերտ դե Նիրոն: Հետեւում էր NBA-ի առաջնությանը, դե Նիրոյի սեռական կյանքի մանրամասները պատմող ամսագիր էր գնել, ուներ բոլոր այն ֆիլմերը, որտեղ Քոչարյանին հիշեցնող դե Նիրոն թեկուզ աննշան, էպիզոդիկ դեր է խաղացել:
Ապրում էր Ռոբերտը սովետի ժամանակ կուտակածի հաշվին: Սկզբում նա վաճառեց ավտոտնակում կուտակած ապրանքը, հետո՝ այդպես էլ մի կարգին չքշած մոխրագույն «Վոլգան», ապա նաեւ ավտոտնակը: Վաճառքից ստացված փողով նա ոչ միայն իր կենցաղային հոգսերն էր հոգում, այլեւ պարտքի տոկոսներն էր փակում: Ամսվա ընթացքում նա շենքի տակ գործող խանութից պարտք էր անում, իսկ ամսվա վերջում ինչ-որ բան վաճառելով՝ փակում էր այդ պարտքը: Երբ Ռոբերտ Քոչարյանը սկսեց «Գույք պարտքի դիմաց» ծրագիրը, Ռոբն ուրախացավ, որ էդ մի գործում նախագահից առաջ է անցել. «Ադաշս ուշացել ա,-ասում էր Ռոբերտը,- էդ ծրագիրը արդեն տասը տարի ա՝ ես իրականացնում եմ»:
Երկար չկարողացավ Ռոբը այդ ծրագիրն իրականացնել: Քոչարյանի նախագահության երկրորդ ժամկետն ավարտվելու վրա էր, նրա ամբողջ գույքը պարտքերի ու տոկոսների դիմաց առգրավեցին եւ տնից վտարեցին: Հիմա Ռոբը բոմժ է դարձել, բայց իր անվանակցի հետ դեռ հույսեր է կապում եւ սպասում է նրա վերադարձին: «Էդ գույք պարտքի դիմաց ծրագիրը իմ տունը քանդեց, բայց մենք՝ ես ու ադաշս, դեռ շատ ծրագրեր ունենք»,-հոխորտում ու մի քիչ էլ սպառնում է Ռոբը:
2011 թվական, «Գրողուցավ»