Համբարձում Համբարձումյան/Ապագա կա, ապագա

Նիկոլը մեծ հույսեր էր կապում հեղափոխության հետ և նույնիսկ իր փոքրիկ ներդրումն ունեցավ այդ մեծ գործին։ Մի առավոտ, երբ Փաշինյանն արդեն Երևան էր հասել, հուժկու հարձակումով ռադիոտան դուռը ջարդել և Ֆրանսիայի հրապարակում վրանային ճամբար խփել,  Նիկոլ պապը մի-երկու ժամով փակեց գյուղից քաղաք տանող,  ասֆալտի կարոտ մնացած ճանապարհը։ Ճիշտ է՝ այդ երկու  ժամվա ընթացքում ընդամենը երկու մեքենա անցան ճանապարհով, և երկուսի առաջ էլ Նիկոլը ճանապարհը բացեց, բայց այդ գիշեր, երբ գլուխը բարձին դրեց, Նիկոլի խիղճը հանգիստ էր, որ անմասն չի մնացել  հեղափոխության նվիրական գործին։  Նիկոլն այնքան միամիտ չէր, որ չհասկանար իր ակցիայի երգիծական լինելը, բայց ի՞նչ կարող էր անել,  ո՞նց չբացեր ճանապարհը։ Ախր, մեքենաներից մեկը հարևանի հարսին էր ծննդաբերության տանում, և ճանապարհը փակ պահելը հանցագործություն կլիներ, որովհետև երեխան չի կարող սպասել՝ հեղափոխությունը վերջանա, նոր ծնվի, իսկ երկրորդը գյուղի միակ խանութի մեքենան էր, որով նա վերադարձավ ետ, որովհետև երկու ժամ արևի տակ կանգնած՝ հոգնել ու ծարավել էր։  Այ, եթե մի բարձրաստիճան պաշտոնյա լիներ, տո թեկուզ  մարզպետը կամ դատախազ-մատախազ, երբեք չէր ընկրկի նրանց պաշտոնի բարձրության ու  շնադեմ  ջիպերի առջև, բայց ծննդկանի կամ խանութպանի առջև ճամփա փակելը ի՞նչ մի հերոսություն է (Մեր մեջ ասած, Նիկոլ պապը խանութպանի պարտքերի տետրում չմարված պարտքեր ուներ, և չի բացառվում, որ դա էլ էական ազդեցություն ունեցավ  ճանապարհը բացելու որոշման վրա)։

Հեղափոխությունից հետո կարծես թե ամեն ինչ նույնն էր մնացել,  նույն խարխուլ տունն էր,  կիսաքանդ գոմը, մեջը՝ նույն կովն ու մոզին, նույն տնամերձ հողամասն ու խոտհարքը, և նույնիսկ նույն՝ 40 տարվա, արդեն սմքած, չորացած  կինն ու խոպաններում կորած որդու մանկահասակ էրեխեքին պահելու ծանր պարտականությունը։ Ճիշտ է, թոշակը 3000 դրամով բարձրացավ, բայց ախր ապրուստն էլ թանկացավ։  Չնայած դրան՝  Նիկոլ պապը իր հույսը չէր կորցնում, իսկ  Հանրային հեռուստաընկերության լուրերի դիտումը մշտապես վառ էր պահում այդ հույսը։  Նիկոլը մտածում էր՝ Մոսկվան մի օրում չի կառուցվել, իսկ էն նախկիններն էլ ամեն կերպ խանգարում են, չեն թողնում, որ Փաշինյանը աշխատի։ 

Հետո, երբ  Փաշինյանը խորհրդարանի բարձր ամբիոնից ելույթ ունենալով՝ ասաց, որ աղքատությունը մարդկանց մտքում է և մինչև իրենց մտքում աղքատությունը չհաղթահարեն, ոչինչ չի ստացվի, Նիկոլ պապը վարչապետի ուղերձը  ճիշտ ընկալեց՝ եթե ոչինչ չանես ու  անընդհատ պետության ձեռքին նայես, ո՞ւր կհասնես։  Բա մեղք չի պետությունը, էդքանի դարդը ո՞նց քաշի։  Առանց այդ էլ այդքան գող ու ավազակ տզրուկի պես այնքան են ծծել պետության կենսահյութերը, որ խեղճացել ու թուլացել է։ Մտածեց, որ հիմա հակառակն է պետք անել, որ պետք է ժողովուրդը օրնիբուն աշխատի ու հյուծված պետությանը ուժ տա։  Այդ օրը Նիկոլ պապը որոշեց՝ խոպան հողակտորը, որ որպես խոտհարք էր օգտագործում, պետք է  վարի ու ցորեն ցանի։  

Նիկոլ պապը  լուրերով լսեց «Խելացի անասնագոմերի» ու «Ինտենսիվ այգիների հիմնման» ծրագրերի մասին։   Նույնիսկ խեղճ վիճակում, պետությունը գյուղացուն անտեր չէր թողել։   Իր անջրդի արտում  այգի հիմնելը անիրականալի թվաց Նիկոլին, բայց գոմը խելացի դարձնելը գուցե հնարավոր լիներ։ 

Առավոտյան մոզին ու կովը հանդը ճամփելուց հետո Նիկոլը երկար ուսումնասիրեց իր գոմը, որ դեռ իր պապն էր շարել անտաշ քարերով։  Կտուրի ազբեստե թիթեղները փոխել էր պետք, ցած թափված քարերը նորից պատել, լուսամուտի արև կերած, ճաքած ապակին փոխել։  Բայց արդյո՞ք էդ բոլոր միջոցառումները բավարար էին, որ կովի կաթնատվությունը բարձրանա, իսկ ինքն էլ պետությունից օգնություն ստանա։  Նիկոլ պապի ձեռքին հեռախոս կար, երկար չարչարվեց, բայց ի վերջո գտավ իրեն անհրաժեշտ տեղեկությունը ու հասկացավ, որ  «Խելացի անասնագոմը» իր բանը չէ։   Եթե խելացի անասնագոմը կառուցելու համար անհրաժեշ 11 միլիոնն ունենար, պետությունից փոխհատուցում չէր էլ ակնկալի։  Բայց այն, որ ինքը չէր կարող օգտվել պետական ծրագրից, չչարացրեց Նիկոլ պապի սիրտը ու չթունավորեց միտքը։  Մտածեց, որ երիտասարդները կարող են օգտվել ծրագրից՝ նրանք, ովքեր կարող են պետության ուզած թղթերը հավաքել, ովքեր կուտակած միջոցներ ունեն։ Փորձեց մտաբերել, թե իրենց գյուղի ո՞ր ջահելին խորհուրդ տա, բայց ոչ մեկն էլ այդքան գիտելիք ու փող չուներ։  Մի պահ Նիկոլ պապի սիրտը կասկած ընկավ՝ արդյոք մի բան սխա՞լ չի ծրագրի մեջ, եթե նորից փող ունեցողն ու աչքաբացը պետք է օգտվեն, ախր,  նրանց գործը առանց պետության օգնության էլ է աջ գնում։  Բայց չթողեց, որ կասկածի որդը սրտի մեջ բուն դնի ու բազմանա․ պետությունը իրենցից լավ գիտի, թե ինչ է պետք անել, հիմա էլ հո գող թալանչիներ չէին պետության գլխին, որ մտածեր, թե իրենց շահի համար են անում։

Թեև պետության առաջարկած ոչ մի ծրագիր էլ իր հագով չէր ձևած, բայց աշխատելու, հարստանալու ու հարստացնելու  մղումը ոչ միայն չթուլացավ, այլ դժվարությունների հանդիպելով ավելի սաստկացավ։  Նիկոլ պապը  նույնիսկ հարևան գյուղի տրակտորիստի հետ պայմանավորվել էր, որ գա արտը վարի, բայց քովիդը մեջտեղ եկավ։ 

Փաշինյանի բոլոր ուղիղ եթերները լսած Նիկոլը խստորեն  պահպանում էր հակահամաճարակային բոլորը  հրահանգները։ Օրը մի քանի անգամ ձեռքերը ախտահանում էր 75 աստիճան թնդությամբ հոնի օղիով, անառիթ տանից դուրս չէր գալիս, դուրս եկած ժամանակ էլ պարտադիր դիմակ էր հագնում։  Զարմանում էր՝ ի՞նչ մի դժվար բան է, որ մարդիկ դժգոհում են։   Քսան ընտանիք ունեցող լեռնային գյուղում, որտեղ օրերով եկող-գնացող չէր լինում, գյուղացիները դիմակը ավելորդություն էին համարում, Նիկոլ պապին էլ  հեգնում, բայց  Նիկոլը նրանց ծաղրը արհամարհում էր․ Փաշինյանը մի բան գիտեր, որ դիմակ դնելու կոչ էր անում։

Նիկոլ պապը մտածում էր՝  գարնանը չստացվեց, աշնանը կցանի ցորենը։  Ամեն ինչ պատրաստ էր աշնան ցանքսի համար։ Եվ սերմնացուն էր առել, և տրակտորիստի՝ «կանիստրով» բենզինը կար, նույնիսկ ալրաղացի հետ ցորենը աղալու գինն էր ճշտել։  Բայց քովիդը չավարտված՝ պատերազմը սկսվեց։

Պատերազմի օրերին Նիկոլը վարուցանք անելու սիրտ չուներ։  Կովերին  ու հողամասը աստծու խնամքին թողած՝ նա օրը անց էր կացնում  հեռուստացույցի առջև, ճակատից ստացվող լավ լուրերի ակնկալիքով, բայց ճակատից եկող լուրերը օր օրի ավելի անմխիթար էին դառնում։ Երբ Փաշինյանը կոչ արեց տանը եղած սաղավարտն ու զրահաբաճկոնը վերցնել և զինկոմիսարիատ ներկայանալով կամավորագրվել, Նիկոլ պապը անվարան դուրս եկավ տանից ու ճանապարհ ընկավ։ Ճիշտ է, տանը «զապաս» սաղավարտ ու զրահաբաճկոն չկար, բայց նա մտածում էր, որ ճակատ գնալով ու մահվան դիմաց կանգնելով՝ իր վրա կվերցնի հարվածը, որ գուցե մի ջահելի համար էր նախատեսված։

Նիկոլ պապը մի 10 րոպե ոտքը կախ գցեց գյուղամիջի ճանապարհին, բայց քանի որ գյուղից քաղաք գնացող մեքենա չկար, որոշեց ոտքով գնալ։  Անհանգիստ սիրտը շտապում էր արագ տեղ հասնել, ասես իր զինկոմիսարիատ հասնելուց էր կախված մոտալուտ հաղթանակի գալը։ Ու շտապողականությունը չար կատակ խաղաց նրա հետ։  Ճանապարհի կեսն էլ չէր անցել, շունչը սկսեց կտրվել, սրտի ծակոց զգաց, ոտքերը թուլացան ու գիտակցությունը կորցրեց։

Երբ արթնացավ ու գիտակցության եկավ, արդեն շտապօգնության մեքենայում էր։  Պարտության մասին լուրը նախակաթվածային վիճակով անկողնում պառկած իմացավ Նիկոլ պապը։ Ծանր էր պարտությունը, շատ ծանր։ Որովհետև այդքան երիտասարդ կյանքեր նահատակվեցին, որովհետև հայրենիքը կորցրեցինք ու Շուշին տեսնելու երազանքը մշուշվեց։  Եվ որովհետև հեղափոխության մեջքը ու իր հավատը ջարդվեց։  Նայում էր Նիկոլ պապը Փաշինյանի «լայվերը», լսում էր արդարացումները, բայց միևնույնն է, նախկին վստահությունը չէր վերականգնվում։  Դավաճաններ են եղել, դասալիքներ, նախկիններն են թալանել, բանակի փայը կերել, ռուսներն են մեզ գցել, բայց ինչո՞ւ, ինչո՞ւ այդ ամենը հաշվի առնելով՝ չկանխվեց պատերազմը։  

Պարտությունից հետո Նիկոլ պապը մղձավանջներ էր տեսնում։  Այդ մղձավանջներում հաճախ իրենց գյուղացի  Սուրենի թոռանն էր տեսնում, որ մահացել էր պատերազմի վերջին օրերին։  Նրան տեսնում էր զինվորականի շորերով, բայց դեմքը դեռ դպրոցականի էր՝ երեխայի։ Երբեմն էլ երազում տեսնում էր, որ թշնամին եկել, մտել է իր տուն ու գրավել իր «Խելացի անասնագոմը»։  Քնից վեր էր թռչում Նիկոլ պապը ու միտք անում իր երազների շուրջ։ Մտածում էր՝ մի՞թե Փաշինյանի մեղքը չկա սրա մեջ, և մի՞թե ինքն էլ չի մեղավոր, որ գնաց, գյուղից քաղաք տանող ճանապարհը փակեց։  Մինչև առավոտ այդպես անսփոփ տանջվում էր Նիկոլ պապը և միայն արդար արևի հետ էր միտքը խաղաղվում։

Երբ նոր ընտրության քարոզարշավը սկսվեց, Նիկոլն արդեն ոտքի վրա էր։ Սիրտն այնքան կոտրված էր, որ սկզբում անտարբերությամբ էր հետևում քարոզարշավին, բայց երբ վտանգ զգաց, որ նախկին թալանչի ռևանշիստները գուցե նորից իշխանության գան, նորից վստահեց մուրճը ձեռքն առած Փաշինյանին ու նրա մուրճի զորությանը։

«Ապագա կա, կա ապագա»,- մուրճը գլխավերևում թափահարելով՝ ամբիոններից գոռում էր Փաշինյանը, ու հավատում էր Նիկոլը։  Էս անգամ ցույցի չգնաց ու ճանապարհ էլ չփակեց, նույնիսկ քաղաք չիջավ նախընտրական հանրահավաքին մասնակցելու համար, բայց ընտրության օրը այնուամենայնիվ գնաց ու քվեարկեց «ապագայի» համար։

Թեև Նիկոլի առողջական վիճակը լիովին չէր վերականգնվել և տան գործերն անելը ավելի ու ավելի ծանր էր դառնում, բայց աղքատությունը հաղթահարելու,  հարստանալու ու հարստացնելու հրամայականը ավելի հրատապ էր դարձել, քան երբևէ․ բանակի ներուժը վերականգնել էր պետք, պետության ծուռ ողնաշարը շտկել էր պետք։ Նիկոլը գյուղից իջավ քաղաք, գյուղատնտեսական վարկ վերցրեց և վերջապես հարևան գյուղից կոմբայնը բերեց, վարեց արտը,  ցորենը ցանեց։  Հարևան կանաչող խոտհարքների մեջ իր սև արտի պատկերը հպարտությամբ ու ուրախությամբ լցրեց նրա սիրտը։ Պատերազմից հետո առաջին անգամ էր, որ  լիաթոք շնչեց, ուրախացավ, առաջին անգամ էր, որ ամբողջ հոգով հավատաց՝ ապագա կա։

Ամեն շաբաթ Նիկոլը երկար ճանապարհ էր կտրում, գնում էր հանդը ու ստուգում, թե ինչ վիճակում է արտը։ Բարեբախտաբար նպաստավոր եղանակ էր եղել, ոչ կարկուտն էր արտը ջարդել, ոչ էլ երաշտն էր չորացրել։

Ցորենը քաղելու ժամանակն էր։ Նիկոլ պապը հարևան գյուղից բերած կոմբայնի մեջ նստած գնում էր և փորձում գուշակել, թե ինչքան բերք դուրս կգա, բերքը ծախելուց ու բանկի վարկը մարելուց հետո  տակն ինչքան եկամուտ կմնա և ամենակարևորը՝ ինչպես պիտի ծախսի փողը։  Նիկոլ պապը մտքում որոշեց, որ փողը քոռուփուչ չի անի, գյուղը վաղուց լքած, որը Ռուսաստան, որը Երևան գնացած համագյուղացիների համաձայնությունը կստանա ու հաջորդ տարի նրանց արտերն էլ կվարի։

Երբ զառիվերը բարձրացան,  Նիկոլ պապը զարմանքով նկատեց, որ իր արտի մոտ ինչ-որ տեխնիկա է աշխատում։  Դեղնած ցորենի դաշտում սևին էր տալիս փորված խրամը։  Սկզբում չհասկացավ թե ինչ է կատարվում, բայց երբ  մի քիչ էլ մոտեցան, տեսավ իր արտի մեջտեղում տնկված թշնամու դրոշը ու գլխի ընկավ՝ իր արտը հիմա թշնամու հենակետ էր դարձել։

– Վայ, քունեմ ես սեց ապագան,- գլուխը բռնեց ու ակամա հայհոյեց Նիկոլը։

Please follow and like us: