*
Ես հաղթանակիդ լուրը պիտի լինեի
ու սփռվեի աշխարհով…
Ու կփարատվեին
ցավերը ամիս ու կես մխացող,
կսպիանային վերքերը՝ հողի ու մարմնի,
բայց հիմա
ամեն օր անցնում եմ
հինգկիլոմետրանոց քավարանով,
ու աչքերիցս ճաքած նռներ են գլորվում
Արաքսի հովիտով,
աչքերիցս,
որ ո՛չ երկինք են համարձակվում նայել, ո՛չ հայելուն…
*
Այս աշունը տխուրն է տխուրներից.
տանում է ու տանում մեզնից,
կորսվածի տեղը փոսեր են անլցնելի.
սիրտ է պետք, որ դիմանա։
Հետհաշվարկով ՝ գնա, գնա, գնա․․․
Ամենասիրուն ձյունը դնի օրերին,
մանր փաթիլները
հեքիաթի հավատը պիտի ներկեն ճերմակ,
Սովոր սիրտ ենք՝
փորձության դասերը սերտած,
կհամոզենք բոլոր հայելիներին՝
մեզ ուժեղ ցույց տալ,
Ու աշունը, որ տխուրն էր տխուրներից,
հեռվում մնացած՝
մի քիչ կամաչի…
*
Այս անձրեւը
Տիրամոր արցունքն է…
Նա անցել է մայրամուտի երկնքով
ու շոյել,
օրորել աստղերը հատ-հատ
կռիվներում ընկած
քաջերի…
Ու նիմբը Աստծո փեշի մոտ թողած՝
շշնջում է հիմա՝ օրրի՜մ, օրրի՜մ…
այս անձրեւը Նրա արցունքն է։
*
Սիրտս բաց աչք է
խրամատում չպարտվող բազեի,
ես բերում եմ ցավիս անմոռուկները
ու քամուն տալիս Եռաբլուրում,
գրկիցդ չգնալը այսօր կամքի նշան,
ու սեր պատմելն է մեծ-մեծ հերոսություն։
Արագածի հովերից թև առածն եմ,
իմ մեջ չի հանգում արդարության
հրաբուխը,
Միշտ նույն տեղում եմ ծաղկում,
նռնենի, որ սիրոններով բուրում է,
պտղակալում,
ու քեզ երկրպագելու
օրացույցս՝ ճաքող նուռ,
որ տարեմուտին օրհնում են,
պոկել եմ իմ ճյուղից զույգը,
գնում եմ նռօրհնեք․
Երանի՜ քեզ սիրեն իմ սիրով,
Հայրենի՛ք։
*
Մեզ խաբեցին հեշթեգով հաղթանակի,
և ավտոբուսները սահման էին տանում
քաջերին՝ առավոտ, ցերեկը, գիշերով․
գնում էին, գնում էին, գնում էին
Տղերքը՝ յարխուշտա ու երգով․․․
վանդակ՝ կապույտ սուտ,
վանդակ՝ կապույտ փոշի աչքերիս․․․
ավտոբուսները ետ են դառնում թափուր,
մի բուռ հող են հիմա բառերը բոլոր՝
անվանդակ,անգույն մոխիր․․․
Եվ սակայն մեր բակի բարդիներին,
շունչը պահած օրվա ուսերին,
տղուկիս խաղալիք հրազենին
միշտ իջնելու են արծիվներ՝
Չպարտվածների երգը թևերին…
*
Մի նամակ ունեմ.
դեկտեմբերի աչքի առաջ
մեկ էլ կարդամ,
այրեմ.
վերջ։
Նեղլիկ լուսամուտից՝ արեւը տեսնող,
ճամփել եմ մոխիրը,
մատներովս գալիս, լցվում,
արտահոսում է ներս…
Թափանցիկ բիբերը ձմեռ-ժամանակի
շրջված բաժակ՝ համբերության ծաղկաթեյի,
ու հուշը կարմիր տոպրակ է նետել ափ…
Երկու կոնֆետ- խոստում
բացում- բաժանում եմ,
բաժանում եմ- տիրում՝
1.ուժեղ լինել, ուժեղ լինել, լինե’լ,
2.չմոռանալ մի տող վերինը։
Երնեկ մեր աչքերը լինեն վերջինը,որ
երկրաշարժվող հիշողության
դառնահամ են տանում աշխարհով…
Նամակ չունեմ էլ.
դեկտեմբերի պատուհանից՝ արեւը տեսնող.
Սկիզբ։