Րաֆֆի / Խամսայի Մելիքությունները III, IV, V,VI

(Սկիզբը՝ այստեղ)

III

Տասնևութերորդ դարու սկզբներում Պարսկաստանում պատահեցան նշանավոր փոփոխություններ, որոնք Ղարաբաղի մելիքների դրության վրա ոչ սակավ ազդեցություն ունեցան։ Շահ-Սուլթան-Հուսեինի թույլ կառավարությունը ամեն կողմից հրավիրեց Պարսկաստանի վրա նրա թշնամիներին։ Աղվանները ապստամբվեցան. Ղանդահարի Միր-Մահմուդ-խանը, արշավանք գործելով, տիրեց պարսից մայրաքաղաքը՝ Սպահանը, և, շահին գահընկեց անելով, ինքը թագավոր դարձավ (1722)։ Կովկասյան լեռնաբնակները, Դաղստանի Ալի-սոլթանի և Սուրխեյ-խանի առաջնորդությամբ, հեղեղի նման թափվեցան, ավերակ դարձրին Վրաստանը և պարսկական այլ նահանգները մինչև Սևանա լիճը, մինչև Երասխ գետը (1721—22—23)։ Միևնույն ժամանակներում, Պետրոս Մեծի կայսրության օրերում (1722—1723) ռուսները տիրեցին Կասպից ծովեզրյա պարսկական գավառները, որպես էին Դերբենդը, Բաքուն, Գիլանը, Մազանդարանը և Աստրապատը։ Հենց այդ միջոցներում (1722—1723) օսմանցիք, տեսնելով ռուսների իրանց սահմաններին մոտենալը և մանավանդ, տեղյակ լինելով Պետրոս Մեծի աշխարհակալական ձգտումներին դեպի արևելք, գրավեցին իրանց սահմանակից բոլոր պարսկական նահագները։ Երկու տարվա մեջ, մինը մյուսից հետո տիրեցին նրանք ամբողջ Ատրպատականը, Նախիջևանը, Երևանը, Թիֆլիսը, Գանձակը և այլ պարսկական երկրներ, մինչև հասան Ղարաբաղի մելիքների իշխանություններին։

Տեսնելով, որ քայքայված Պարսկաստանը բաժան-բաժան է դառնում, Ղարաբաղի մելիքները ևս մտածեցին մի մեծ պատառ իրանց ձեռքը ձգելու։ Մինչև այնօր մելիքները համարվում էին պարսից ավատական իշխաններ, իսկ այժմ կամենում էին բոլորովին թոթափել պարսկական լուծը և հայոց անկախ պետություն հիմնել։ Իրանց դիտավորությունների մասին խորհելու և կարգադրություններ անելու համար նրանք գաղտնի ժողովներ էին կազմում Գանձասարի վանքում, նույն ժամանակվա Եսայի կաթողիկոսի նախագահությամբ։

Այդ ժամանակներում Ղարաբաղի հինգ մելիքները հետևյալ անձինք էին.

1) Գյուլիտանում տիրում էր Մելիք-Բեգլարյան Մելիք-Աբով 2-ը։

2) Ջրաբերդում տիրում էր Մելիք-Իսրայելյան Մելիք-Եսային։

3) Խաչենում տիրում էր Հասան-Ջալալյան Մելիք-Գրիգորը, հետո նրա եղբայր Մելիք-Ալլահվերդին։

4) Վարանդայում տիրում էր Մելիք-Շահնազարյան Մելիք-Հուսեինը։

5) Տիզակում տիրում էր Ղուկաս վարդապետի որդի Մելիք-Եգանը (Ավանը)։

IV

Ղարաբաղի մելիքների ձգտումները, իրանց հայրենիքում մի անկախ հայկական իշխանություն հիմնելու վերաբերմամբ, նոր մտածություններ չէին։ Դեռ 1701 թվին նրանք, ուղարկեցին Պետրոս Մեծի մոտ որպես պատգամավոր Իսրայել Օրի անունով հնդկաստանցի հային Մինաս Վարդապետի և մի քանի այլ անձինքների հետ[17]։ Նրանք ներկայացան կայսրին Սմոլենսկի մեջ։ Այդ դեսպանության նպատակն այն էր, որ նրանք համոզեին կայսրին ընդունելու հայերին իր պաշտպանության ներքո, և հայերը այն ժամանակ իրանց սեփական ուժերով կպատերազմեին պարսիկների հետ և կթոթափեին իրանցից մահմեդական լուծը և կընդունեին իրանց վրա ռուսաց քրիստոնյա պետության հովանավորությունը։ Իրանց հայրենիքի փրկության առաջ տանելու համար, հայտնեց Օրին, հայերը արդեն պատրաստած ունեն Շամախու կողմերում 17 հազար զինվոր, Ղարաբաղում 60 հազար, իսկ Հայաստանի պարսկական 17 նահանգներից կարելի է հավաքել ավելի քան 100 հազար հոգի։ Եվ եթե կայսրի զորքերը այդ կողմերը կգան, հայերը հանձն են առնում իրանց ծախքով պահպանել նրանց։

Որպես արևելքի հետ լավ ծանոթ մարդ, Օրին ցույց տվեց կայսրին Հայաստանի քարտեզը, ծանոթացրեց նրանց հայոց հին պատմության և թագավորների[18] հետ և բացատրեց այն օգուտները, որ կայսրը կարող էր ունենալ Հայաստանը իր հովանավորության ներքո առնելով։ Նա հայտնեց, որ ինքը դիմել է եվրոպական և այլ պետություններին և արդեն ստացել է Ավստրիայի կայսրի ու Բավարիայի կուրֆիրստի հաճությունը, իրանց ուժերը միացնելու ռուսների հետ, Հայաստանի վերականգնման գործը հաջողեցնելու համար։

Մեծ կայսրի արծվի աչքերը իսկույն նախադիտեցին այն մեծ շահերը, որ նա կարող էր քաղել, ձեռք առնելով մի ճարպիկ առևտրական և միևնույն ժամանակ պատերազմող ժողովուրդ, որի հետ ծանոթ էր նա դեռ իր երիտասարդական հասակում[19]։ Նրա աշխարհակալական ցանկությունների համար դեպի արևելք, նրա հեռատես նպատակների համար՝ կապելու Հնդկաստանը Ռուսաստանի հետ առևտրական հարաբերություններով, հարկավոր էին հմուտ միջնորդներ և լավ առաջնորդներ,— այդ գործիչներին նա գտնում էր հայերի մեջ։ Այդ էր պատճառը, որ նա խիստ սիրով ընդունեց հայոց պատգամավորների առաջարկությունը և խոստացավ չխնայել իր օգնությունը հայերի իրանց հայրենիքի վերաբերությամբ ունեցած դիտավորություններն իրագործելու համար։

Բայց արևելքում մի վճռական գործ սկսելու համար Պետրոս Մեծը ժամանակ չուներ, որովհետև նա զբաղված էր շվեդական պատերազմով, որը այդ միջոցներում ավելի սաստիկ կերպով բորբոքված էր։ Բացի դրանից, նա հարկավոր համարեց ավելի լավ ծանոթանալ Պարսկաստանի նույն ժամանակվա դրության և քաղաքական հանգամանքների հետ։ Այդ մտքով Պետրոս Մեծը կազմեց մի դեսպանություն, որի լիազորը կարգվեցավ նույն իսկ Իսրայել Օրին[20] և ճանապարհ դրեց դեպի Պարսկաստան (1707) Շահ-Սուլթան-Հուսեինի մոտ։

Նրա ընկեր Մինաս վարդապետը մնաց Ռուսաստանում և շարունակում էր բանակցությունները Գանձասարի վանքի «հայոց ժողովրդի»> կողմից ռուսաց արքունիքի հետ։

Օրին իր Պարսկաստանի ճանապարհորդությունը կատարեց Հայաստանի վրայով, անցավ Շամախու, Ղարաբաղի, Նախիջևանի կողմերով, որպեսզի ավելի մոտից տեսնե հայոց պատրաստությունները, խրախուսե նրանց և գրգռե պարսից դեմ հօգուտ Ռուսաստանի։

Բայց չնայելով, որ նրա դեսպանախումբը ծածկված էր Հռոմի պապի դեսպանության անմեղ անունով, որը արևելքում որևէ քաղաքական շահեր ունենալ չէր կարող, այսուամենայնիվ, մինչև Օրիի պարսից մայրաքաղաքը հասնելը Շամախու կառավարիչ Մուսաբեկյան Հյուսեին-խանը[21] իմացում տվեց շահին, որ այդ Օրին աշխատում է հայոց թագավորություն հիմնել, պարսիկների իշխանությունը ոչնչացնել և այլն։ Այդ տեղեկությունները ստանալուց հետո շահը այն աստիճան վրդովվեցավ, որ մինչև անգամ չէր կամենում ընդունել պապի պատրվակյալ դեսպանությունը։ Բայց Օրին մի լավ դիպլոմատի հատուկ ճարպկությամբ կարողացավ փարատել շահի տարակուսանքները և Սպահանում փառավոր ընդունելություն գտավ։

Օրին մնաց Սպահանում մի քանի տարի։ Այդ միջոցներում նրան հաջողվեցավ կատարել կայսրի զանազան հանձնարարությունները, հաջողվեցավ հավաքել նրա ցանկացած բոլոր տեղեկությունները և գաղտնի ուղարկել Ռուսաստան իր ընկեր Մինաս վարդապետին, որը իր կողմից ներկայացնում էր կայսրին։

Իր դեսպանության խորհուրդը հաջողությամբ կատարելուց հետո Օրին վերադարձավ Ռուսաստան, տանելով իր հետ 200 000 ռուբլու արժեք ունեցող ընծաներ պարսից շահի կողմից Պետրոս Մեծին։

Կայսրը այնքան գոհ մնաց դեսպանի գործակատարաթյան համար, որ խոստացավ տալ նրան 40 հազար զինվորներ իր հայրենիքը ազատելու համար, իսկ նրա Պարսկաստանից բերած ընծաները հրամայեց գործ դնել պատերազմական ծախքերի վրա։ Բայց Օրին ազնիվ մարդու հատուկ մեծահոգությամբ հրաժարվեցավ կայսրի ընծաներից, հայտնելով, թե հայերը կարոտություն ունեն նրա ողորմածությանը միայն, զորքեր իրանք պատրաստ ունեն և որքան էլ հարկավոր լինի, կարող են պատրաստել։

Բայց Ղարաբաղի մելիքները շուտով զրկվեցան այդ եռանդոտ հայասերից, որովհետև Օրին, կայսրի մի այլ հանձնարարությամբ Հաշտարխանից անցնելու ժամանակ, այնտեղ հիվանդացավ և Հայաստանի վերականգնման բոլոր ցանկությունները իր հետ գերեզման տարավ (1711)[22]։ Բայց նրա սկսած գործը չմեռավ։

V

Օրիի մահից հետո նրա ընկեր Մինաս վարդապետը շարունակեց նրա սկսած գործը։ Նա Ռուսաստանից չհեռացավ և կատարում էր միջնորդի պաշտոն կայսրի և Գանձասարի վանքի «հայոց ժողովի» մեջ, ուր խմբվում էին խորհրդի համար Ղարաբաղի մելիքները։ Այդ եռանդոտ վարդապետը, թեև նշանակված էր այն ժամանակ Ռուսաստանի հայոց արքեպիսկոպոս, բայց ավելի քաղաքական գործերով էր զբաղված, քան թե եկեղեցական։ Նա իր գաղտնի գործակատարները տարածել էր Պարսկաստանի բոլոր նշանավոր տեղերում, որոնք ամեն կողմից նրան տեղեկություններ էին հաղորդում[23][24][25]։ Նրա գործակատարներից ոմանք արժանացան կայսրի առանձին ողորմածությանը[26]։

Այդ ժամանակներում Պարսկաստանում հետզհետե կատարվեցան 1721, 22 և 23 թվերի անցքերը, որ նկարագրեցինք մեր III գլխում։ Շահ-Սուլթան-Հուսեինը գահընկեց եղավ, աղվանները տիրեցին պարսից մայրաքաղաքին, օսմանցիք սկսեցին գրավել իրանց սահմանակից պարսկական նահանգները։ Սեֆեվիների պետությունը իր կատարյալ քայքայման վիճակի մեջն էր գտնվում։ Բայց ռուսները, փոխանակ Հայաստանի վրա ուշադրություն դարձնելու, տիրում էին Կասպից ծովեզրյա պարսկական գավառները։

Մելիքները կրկին սկսեցին դիմել դեպի ռուսաց արքունիքը։ Նրանց պատվիրակները, որպես էին՝ Հովհաննես երեցը, տեր Անտոնը, տեր Պետրոսը, Չելեբի-քյոխվան, Սիմոն Պապովը անդադար դիմում էին դեպի Ռուսաստան և Մինաս վարդապետի միջնորդությամբ հայոց մելիքների, Եսայի և Ներսես կաթողիկոսների խնդիրքները ներկայացնում էին կայսրին։ Պետրոս Մեծը միշտ պատասխանում էր նրանց իր ամենաողորմած խոստմունքներով, խորհուրդ էր տալիս սպասել, հուսադրելով, թե նրանց բոլոր բաղձանքները կատարված կլինեն։ Այդ բանակցությունները տևեցին մի քանի տարի։ Եվ որովհետև Վրաստանն էլ այդ ժամանակ միևնույն դրության մեջն էր՝ ինչպես Հայաստանը, այսինքն՝ օսմանցիք այնտեղ էլ էին տիրել, այդ պատճառով վրացիներն ևս հայերի նման միևնույն խնդիրքներով դիմում էին կայսրին։ Վերջը հայերը պատասխան ստացան, որ իրանց ուժերը միացնեն վրացիների հետ և սպասեն մինչև այն ժամանակ, երբ կայսրը ինքն անձամբ ռուսաց զորքերով կգա պարսկական նոր գրաված երկրները տեսնելու համար,— այն ժամանակ հայերը և վրացիները, միանալով ռուսաց զորքերի հետ, կարող են սկսել ապստամբության գործը։

VI

Վերջին խոստմունքը սաստիկ ուրախություն պատճառեց թե հայերին և թե վրացիներին։ Երկու վիճակակից քրիստոնյա ազգեր, ձեռք ձեռքի տված, քրիստոնյա մեծ կայսրի պաշտպանության ներքո, պիտի պատերազմեին մահմեդական բռնակալության դեմ, պիտի կռվեին իրանց հայրենիքի փրկության համար։

Ղարաբաղի մելիքները այդ ժամանակ դիմեցին վրաց թագավոր Գեորգի-Շահնավազին, խնդրելով, որ տա իրանց մի հմուտ և ընդունակ զորավար հայոց զորքերին առաջնորդելու համար։ Թագավորը ընտրեց հայազգի իշխան Դավիթ Բեկին[27], որը այն ժամանակ վրաց ծառայության մեջ էր պահվում։ Դավիթ Բեկը եկավ Ղարաբաղ (1722) և ժողովեց մինչև 69 հազար զորք, որոնց վրա զորապետներ կարգեց Մելիք-վան-խանին (Մելիք-Եգանին) և Ավան Միրզային (Ավան-յուզբաշուն), իսկ ինքը իր գլխավոր զորաբաժնի հետ գնաց դեպի Ղափանի նահանգը Չավնդուր կոչված տեղում, որը իշխանի հայրենիքն էր։

Պետրոս Մեծի նոր արշավանքի նշանավոր պատրաստությունները դեպի Պարսկաստան մի կողմից, և Դավիթ Բեկի գործողությունները մյուս կողմից, առիթ տվեցին Էրզրումի օսմանցոց փաշային Բեկից բացատրություններ պահանջել Ղարաբաղի հայ զորքերի հավաքման մասին։ Գործը այն աստիճան ակներև ձև էր ստացել, և ռուսների խոստումները այն աստիճան անկասկած էին համարվում, որ Դավիթ Բեկը, որքան էլ ցանկանար, ծածկել չէր կարող։ Նա համարձակ պատասխանեց, թե այդ բոլորը կատարում է թագավոր Պետրոս Մեծի հրամանով։ Այդ ժամանակ օսմանցիները փութապես սկսեցին գրավել իրանց սահմանակից պարսկական երկրները և տիրեցին Երևանից սկսյալ մինչև Թարվեզ, որպեսզի արգելք դնեն մեծ թագավորի արշավանքի հաջողությունների դեմ։

Դավիթ Բեկը և հայոց մյուս մելիքները, տեսնելով օսմանցոց ուժերի մոտենալը, որը իրանց նպատակներին միանգամայն վտանգ էր սպառնում,— շուտով այդ մասին տեղեկություն տվին Պետրոս Մեծին, խնդրելով, որ չուշանա, այլ փութացնե իր արշավանքը։ Կայսրը այս անգամ չուշացավ. նա իսկույն հրամայեց իր զորքերին (թվով 30 000) առաջ խաղալ դեպի պարսից սահմանը, իսկ ինքը, զորքերի ճանապարհ ընկնելուց հետո, անձամբ գնաց Դերբենդ (1722 թ. օգոստոսի 23)։

Մինչև Պետրոս Մեծի Դերբենդ հասնելը, հայերը և վրացիները, առաջուց բանակ դրած Գանձակ քաղաքի մոտ, սպասում էին ընդունելու կայսրին։ Վրաց զորքերը գտնվում էին Շահնավազ-Գեորգիի երկրորդ հաջորդ Վախթանգի հրամանատարության ներքո, իսկ հայոց զորքերը՝ Դավիթ Բեկի հրամանատարության ներքո։ Երկու կողմերի զորքերի թիվը հասնում էր 52 000 հոգու։ Հայոց բանակի մեջ գտնվում էր հայոց շարժման պարագլուխ Գանձասարի Եսայի կաթողիկոսը[28][29]։ Բայց այդ փառավոր պատրաստությունը, թե հայոց և թե վրաց կողմից, մնաց անգործադրելի, որովհետև, հանկարծ մի տխուր լուր ստացվեցավ, որ կայսրը Դերբենդից վերադարձել է Աստրախան և այնտեղից՝ Ռուսաստան։

Կայսրի անակնկալ վերադարձի պատճառները բացատրում էին նրանով, որ մրրիկը Կասպից ծովի վրա մեծ մասամբ ոչնչացրեց նրա նավերը, որոնք զորքերի համար պաշար էին կրում, և կայսրը վախեցավ իր զորքերի սովամահ լինելուց, եթե նրանց դուրս կբերեր Հայաստանի կողմերի ցամաքի վրա։ Բայց այսքանը ճիշտ է, որ նա Աստրախանից ուղարկեց մի քանի գունդեր, որոնք պոլկովնիկ Շիպովի և գեներալ Մատյուշկինի առաջնորդությամբ ոտք կոխեցին Կասպից ծովի հարավային եզերքի վրա և գրավեցին մի քանի պարսկական գավառներ, որպես էին՝ Գիլանը, Մազանդարանը, Աստրաբատը և Բաքուն։

Հայոց և Վրաց զորքերը, տխուր, սրտաբեկ, խաբված իրանց հույսերի մեջ, վերադարձան իրանց տեղերը։ Վախթանգը գնաց Թիֆլիս և աղետալի դեպքերի պատահեց[30], իսկ Դավիթ Բեկը դիմեց դեպի Սյունյաց աշխարհը։

Ծանոթագրություններ

17 Իսրայել Օրի անունով հնդկաստանցի հային… Մինաս վարդապետի հետ։
— Իսրայել Օրի, (1659—1711) քաղաքական գործիչ, որը նպատակ ուներ Ռուսաստանի օգնությամբ կազմակերպեր Հայաստանի ազատագրումը Պարսկաստանի լծից։ 1701 թվականին Օրին հանդիպում է Պետրոս Մեծի հետ և նրան է ներկայացնում Հայաստանի ազատագրության վերաբերյալ իր կազմած ծրագիրը։ 1707 թվականին Պետրոս Մեծի կողմից իբրև դեսպանության ղեկավար մեկնում է Պասկաստան։ 1709 թվականին հանդիպում է պարսից Շահի հետ։ Նույն թվականին վերադառնում է Անդրկովկաս։ 1717 թվականին վախճանվում է Աստրախանում՝ անկատար թողնելով իր նախագծած ծրագրի իրականացումը։
— Մինաս վարդապետ Տագրանյան։— Եղել է Իսրայել Օրու համախոհն ու օգնականը։ Օրին Մինաս վարդապետի հետ է մշակել Պետրոս Մեծին ներկայացրած Հայաստանի ազատագրության ծրագիրը։— Խմբ.

18 Մինչև այսօր Գանձասարի վանքի գրադարանում կարելի է տեսնել հայոց թագավորների ձիթանկար պատկերների մնացորդները, որ պատրաստվեցան այն ժամանակ Եվրոպայի թագավորներին ներկայացնելու համար։

19 Մեծն Պետրոս արտասահմանում գտնված ժամանակ, Հոլանդիայում ծանոթացավ մի Աբրո անունով զմյուռնիացի վաճառականի հետ, որին հետո հրավիրեց Ռուսաստանում առևտուր անելու։

20. Իսրայել Օրին այդ ժամանակ պոլկովնիկի աստիճան էր ստացել կայսրից։

21.Այդ Հյուսեին-խանը ագուլեցի էր, ազգով հայ, Մուսաբեկյանց տնից։ Նրա մի եղբայրը, որ կոչվում էր Մեհմետ-ղուլի-խան, նույն ժամանակ Երևանում պարսից փոխարքա էր։ Այդ վերջինը մեծ տուգանքի ենթարկեց Էջմիածնի վանքը, երբ կասկածեց, որ Աստվածատուր կաթողիկոսը գաղտնի բանակցություններ ունի վրաց իշխանների հետ և կամենում է միանալ նրանց հետ Հայաստանը պարսից լծից ազատելու համար։ Առհասարակ մահմեդականություն ընդունած Մուսաբեկյան եղբայրները մեծ վնաս տվեցին հայոց ապստամբության գործին։

22. Օրիի մահից հետո Հաշտարխանի ռուս աստիճանավորները կողոպտեցին նրա կայքը և սկսեցին զրպարտել նրան զանազան խարդախությունների մեջ։ Մեծ ջանք էր հարկավոր նրա ընկեր, Մինաս վարդապետին, մինչև կարողացավ ձեռք բերել հափշտակված կայքի մի մասը և վերականգնել իր հանգուցյալ ընկերոջ պատիվը։

23. Այդ գործակատարներից մեկն էր Սարգիս դի-Գիլանենց, որի հետաքրքիր օրագրությունը, Պարսկաստանի այն ժամանակվա անցքերի վերարեբությամբ, տպվեցավ «Կռունկ» ամսագրում։ Իսկ 1870 թվին պրոֆեսոր Ք. Պատկանյանը ռուսերեն թարգմանելով, որպես հարուստ պատմական նյութ, ներկայացրեց Ս. Պետերբուրգի կայսերական ակադեմիային։

24. Սարգիս դի-Գիլանյանցը, որի օրագրությունը… տպվեցավ «Կռունկ» ամսագրում։— Րաֆֆու հիշատակած օրագրությանը «Աղբյուր ազգային արդի պատմության ժամանակագրություն» վերնագրով տպագրվել է «Կռունկ Հայոց աշխարհի» ամսագրում, տե՛ս 1863, № 2, էջ 81—112 և № 3, էջ 181—212։— Խմբ.

25. պրոֆեսոր Ք. Պատկանյանը։— Խոսքը անվանի արևելագետ-հայագետ Քերովբե Պատկանյանի (1833—1889) մասին է։ 1850 թվականին ավարտել է Լազարյան ճեմարանը, ապա սովորել Դորպատում։ Ունի հայագիտության ու արևելագիտության վերաբերյալ հետազոտություններ, թարգմանաբար ռուսերեն է հրատարակել հայ մատենագիրների աշխատությունները, որոնց թվում նաև Սարգիս դի Գիլանյանցի օրագրությունը։— Խմբ.

26. Դրանցից մեկն էր Նավասարդ անունով մի հայ, որի մատուցած ծառայությունների համար, երբ կայսրը կամեցավ վարձատրել նրան, Նավասարդին գտան Պարսկաստանում վախճանված, առանց ժառանգ անգամ թողնելու։ Մնացել էր միայն Ղազար անունով մի հայ, որ ծառայում էր հանգուցյալի մոտ և ծանոթ էր նրա գործերի հետ։ Կայսրը կանչել տվեց Ղազարին և արժանացրեց գեներալի աստիճանի։ Դա միևնույն գեներալ Ղազար Խրիստաֆորովիչն էր, որ, հայերից կազմված մի առանձին զորախմբի հրամանատար դառնալով, բավական նշանավոր գործեր կատարեց Պետրոս Մեծի պարսկական արշավանքների ժամանակ։ Հետո (1736) իր զորքով և հայ օֆիցերներով տեղափոխվեցավ Ղզլար։

 27. Դա միևնույն անձնավորությունն է, որ մեր «Դավիթ-բեկ» անունով վեպի մեջ ներկայանում է որպես հերոս։

 28.Այդ երևելի հոգևորականը, որ իր ժամանակի անցքերի ոչ միայն ականատեսը, այլ գլխավոր գործիչն էր, օրագրության ձևով գրեց բոլոր անցքերի մանրամասն և ընդարձակ պատմությունը։ 1839 թվին Բաղդասար մետրոպոլիտը Շուշի քաղաքում տպագրել տվեց այդ պատմությունը, բայց սաստիկ համառոտած և անխնա կերպով կրճատած։ Մենք այժմ ավելորդ ենք համարում բացատրել, թե ի՞նչ նպատակով է կատարել հանգուցյալ միտրոպոլիտը այդ գրականական սպանությունը, միայն այսքանը կասենք, որ Եսայի կաթողիկոսի պատմության իսկականը շատ ընդարձակ է եղել, ինչպես երևում է այդ մեր ձեռքը հասած մի գրչագիր օրինակից, որը դժբախտաբար կիսով չափ փտած է։ Ցանկալի կլիներ, որ գտնվեր այդ աշխատության ամբողջը, և դա առատ նյութ կտար մեր նոր պատմությանը։

29. 1839 թվին Բաղդասար միտրոպոլիտը Շուշի քաղաքում տպագրել տվեց այդ պատմությունը։— Խոսքը Եսայի Հասան-Ջալալյանի «Պատմութիւն կամ յիշատակ ինչ-ինչ անցից՝ դիպելոց յաշխարհին Աղուանից։ Համառօտագրեալ ի սրբազանակատար կաթողիկոսէն Աղուանից ի տեր Եսայեայ Հասան-Ջալալեանց ի թուականին Հայոց ՌՃԿ, իսկ ի թուականիս տեառն մերոյ փրկչին Յիսուսի՝ 1711։ Շուշի տպ. «Բարձր սրբազան ասպետափառ մետրոպօլիտին Բաղդասարայ», 1839, 69 էջ։— Խմբ.

30. Նազար-Ալի-խանի (Հերակլ I) որդի Մահմադ-Ղուլի-խանը (Կոստանդին I), որը իր հոր և եղբոր՝ Իմամ-Ղուլի-խանի (Դավիթ III) նման մահմեդականություն ընդունելով, ստացել էր պարսից շահի Կախեթիայի իշխանությունը,— այդ չարագործը դիմեց Լեզգիների գլխավոր Ալի-սոլթանին, խոստացավ նրա զորքերի յուրաքանչյուրին 3 թուման վարձ տալ, եթե նրանք կօգնեն իրան Թիֆլիսին տիրելու և Վախթանգին սպանելու գործում։ Լեզգիները կատարեցին նրա խնդիրքը, Թիֆլիսը, գրավեցին, և Վախթանգը փախավ դեպի Իմերեթիայի կողմերը։ Բայց Մահմադ-Ղուլի-խանը չկարողացավ վճարել իր խոստացած վարձատրությունը, թույլ տվեց, որ լեզգիները դրա փոխարեն կողոպտեն Թիֆլիսը, ամբողջ քաղաքը բարբարոսների ավարառության զոհ դարձավ։

Please follow and like us: