Վարդան Սմբատյան / Վայրենիք

Վայրենիք

Շինվեց երկինք
ու երկիր,
շինվեց
եվ ծով Սևանիկ
ինչ ունեինք,
ծախեցինք՝
հասանք էն նույն
բլրին:
Մեր բութ հավատն իբրև հենք
առաջնորդում է էլի
Ազգ-հայու գեն ու դուխով
կզացնում ենք բոլորին:
Թավիշի մեջ գոմաղբի
հավը կորեկ է գտել`
նախիրի հետ անոթի
թազա փրկիչ է ծնվել:
Էլի անպարտ կմնա
մեր ազգասեր թշնամին,
անհաղթ է միշտ բեսը մեր՝
Փառք քեզ, հզոր վայրենիք։

Քյառթ- man

Դու տհաս ես ու խև ես,
Մորուքով ճենճոտ
բզես ես,
Քյառթ- man։
Քեզ բոլորը ճանաչում են,
Չէ որ դու մուֆթի աստվածն ես,
քյառթ – man:
Քրտնահոտդ անվճար
թմրաքուն է,
քաղաքով մեկ տարածվում է,
Թքում ես ու մտածում ես `
ախր դու ճշտի պապան ես,
Քյառթ – man:
Չի նեղում քեզ քո ամոթը,
բիսեդկան է քո ամրոցը,
Քեզ սպասում է քո քյառթնոցը`
Վլեն, արաղն ու տփոցը,
Քյառթ – man…

 

Սուպերմարկետների մայրաքաղաք

Բարի գալուստ սուպերմարկետների
մայրաքաղաք,
այստեղ կգտնես այն, ինչ փնտրում ես:
Սպեցիֆիկ իմ քաղաքում
նույնիսկ Աստծուն են վաճառում:
Բարի գալուստ առաջին
քրիստոնյա երկիր, բարեկա՛մս:
Մենք այնքան բարեպաշտ ենք,
այնքան ուղղամիտ,
կասենք՝ ինչ պետք է, ուղիղ ճակատիդ:
Տաքսիստներից զուր մանր մի՛ սպասի,
եկեղեցում էլ կամաց աղոթի՛,
ինչ տեսնես, սուս-փուս անցի՛, մոռացի՛,
քանի չես ստացել քոթակ ու քացի:
“You’re welcome”, բարեկա՛մս, դե՛, մի՛ ամաչի,
զարմանահրաշ էս երկրից սիրուն
սենց շուտ չես փախչի:
Մենք սնանկ ենք,
բայց մեծ սիրտ ունենք,
թե հյուրասիրենք, մի աման քաշի՛…
Փող չունենք, բայց դե
բանկեր կան անթիվ…
Ապառիկ կապրենք մի 60 տարի:
Այստեղ բոլորը տաղանդավոր են,
հա՜, մի՛ զարմացի,
մեղքս ի՞նչ թաքցնեմ,
դե, կեսից շատն էլ աղանդավոր են,
շատ մի՛ խորացի,
ի՞նչ պիտի ասեի, թո՛ւ, ոնց մոռացա…
Հա՜, լա՛վ, հիշեցի,
փող մի՛ ափսոսա,
մեկ է, ինչ անես, թանկ է նստելու,
թե փողդ մսխեն, մի՛ հուսահատվի,
Կարող ես գնել մի կապ կանաչի:
Դե, բազմադարյան քաղաքիս հետ
լավ ծանոթացի՛:
Ես գնացի:
Bye, լավ մնա,
իմ շիկահե՛ր գերմանացի…

Գոյության պանդեմիա

Մեռնելը ախր
շատ թանկ է՝
փող չունեմ այ մա՜րդ,
փող չկա,
ապրելն էլ անօգուտ մի
ակտ  է՝
աշխատիր, շնթռկիր,
կեր,
զռռա։
Թիվիով  ասեցին՝ սթրվեք,
վարակվել է
երկու միլիոն
մարդ,
ինձ խեղդում է լռության
պանդեմիան,
դեղ չկա,
դեղ չկա։
Շատ հոռի՝
անարդար է
ապրելս
անարցունք,
անպատճառ,
առանց  մահ,
գոյը իմ`
Աստծո
անեծքն  է՝
ապրող մահ,
ապրող մահ։
Վերջ, գնում եմ քցվեմ
ջրերի մեջ ,
օձապար վտակին միանամ,
կլինի միշտ ձեր հետ
պանդեմիան,
սինդրոմը ՝անպետք
գոյության:

 

Լուսանկարը՝ Նառա Վարդանյանի

Please follow and like us: