Ես զզվում եմ, որ ինձ դրսում պաչիկով բարեւում են։ Կապ չունի վարակը։ Ես զզվում եմ, որ ինձնից առաջ քայլող մարդը թքում է գետնին։ Միանգամից մարմնիս վրա ցան է դուրս տալիս։ Ես զզվում եմ, որ փողոցում մարդիկ այս օրերին խմբերով քայլում են ու առանց անվտանգության կանոնները պահպանելու։ Զույգով քայլում են։ Կինը դիմակ է դրել, ամուսինը` ոչ։ Բայց ամուսինը ձեռնոց է հագել։ Ձեռքը տանում է հետեւը, հետո տանում քիթը։ Կինը հեռացնում է դիմակը ու փռշտում։ Կողքից մանկասայլակով անցորդ։ Զզվում եմ։ Բայց արի ու լվացվել չսիրող մարդկանց բացատրի, որ երկրում վարակ կա, որի պատճառով աշխարհում մարդիկ են մահանում։ Դուռը ծեծում են։ Նամակ են բերել։ Դռան ետեւից ասում եմ, որ դուք գրանացեք, ես կվերցնեմ։ Բացում եմ դուռը, Եհովայի վկաներն են։ Ասում են` Հիսուսին ապավինեք, ու կանցնի։ Ասում եմ` ի՞նչը։ Թե բա՝ վարակը։ Միանգամից դուռը փակում եմ ու վախվորած ջերմություն ստուգում։ Ջերմություն չունեմ։ Բայց Եհովայի վկաները ինձ ասացին, որ..․ տալիս առնում եմ։ Ես վարակված եմ.. Լիմոն չունեմ, վիտամիններ չունեմ, փող չունեմ։ Տանից մի քանի հատ հատ կոպեկ եմ գտնում։ Գնում եմ խանութ։ Խանութի դիմաց ոստիկանները կանգնեցնում են։ Հարցնում, թե ինչու դիմակ չեմ կրում։ Ասում եմ` հղի եմ։ Ապուշ կտրած նայում են դեմքիս։ Ասում եմ` հա, ի՞նչ։ Չի ազդում։ Մենք ձեզ բաժին կտանենք։ Տանում են բաժին։ Մի խումբ ոստիկաններ անդիմակ ասում են՝ ի՞նչ ասում էիր դրսում, հիմա ասա։ Ասում եմ` հղի եմ։ Սրանք իրար նայում են ու փռթկում։ Մեկը ձվերը քորելով մոտենում է ինձ։ Ասում եմ՝ մի մոտեցիր։ Պահպանիր հեռավորության կանոնը։ Կանգնում է։ Ոստիկանները հասկանում են, որ ինձ մոտ ինչ-որ բան այն չի, բաց են թողնում։ Խնդրում եմ ուղեկցեն։ Ոստիկանը սիրով համաձայնվում է։ Բանից պարզվում է՝ ոստիկանն էլ է հղի։ Իրար ժպտում ենք։ Ճանապարհին մի քանի անգամ աչքով տալիս, որովհետեւ չենք կարող իրար կպչել։ Մեքենայից մեկը թքում է դուրս։ Ոստիկանը նայում է դեմքիս, թե՝ վիժեցի։ Զզվանքը հղիությունը կանգնեցրեց։ Ես աչքերս փակել եմ,որ էլ չզզվեմ։ Ապահով տուն եմ հասնում։ Գիշերը դուռը ծեծում են։ Բացում եմ։ Ոստիկանն է, որ ինձ տուն էր ուղեկցել։ Ձեռքին տոպրակ։ Բարեւում է։ Ասում է, որ ուտելու բան է բերել։ Մենք կրկին ժպտում ենք իրար։ Ու կրկին ոստիկանը հղի է։ Մենք այժմ երկուսով մեկուսացված ենք։
Արթուր Հայրապետյան / Ես հղի եմ
Please follow and like us: