Գիլանց

ԿՈՐՈՆԱՖՈՒՏԲՈԼ6 / Առաջարկներ ՀՀ հպարտ խադավիկներից ու հողագործներից / Գևորգ Գիլանց

Մեղքս ինչ թաքցնեմ, մինչև հիմա էլ խղճի խայթ ունեմ, որ ցանկացա Մեսրոպին էլ հետս տանել Իտալիա, թեկուզ երազում։ Բայց պարզվեց, որ երազն այնքան էլ երազ չէր։ Նաև պարզվեց, որ ցածից դեպի վեր սողացող վիրուսն էնքան վտանգավոր չէր, որքան տասնապատիկ ավելի արագ տարածվող, ապուշության հասնող հիստերիկ վախի համաճարակը։ Բայց ի պատիվ և ի արդարացում Մեսրոպի պիտի ասեմ, որ ինքը փակված տարածքում ոչ թե հիստերիայի գիրկն ընկավ, այլ բանակային հուշերի, բայց էդ անտեր վիրուսն իր ներկայության մասին անընդհատ հիշեցնում էր, երևի արդեն կպել էր ոտքերին, դե ոտքերն էլ հայտնի է, թե որտեղ են միանում… Ու Մեսրոպս անալիզների ու բաց հետույքների մասին հուշերի գիրկն էր ընկել, ու հետևից հետույքներին նայող մայորի, բայց կարգին դիմացկուն տղա է, չնայած հազար մարդ հետևից հազար բան է ասում… Մի խոսքով, երբ պարզեցինք, որ խցից մեզ դուրսբերողների պակաս չունենք, Արքոն էլ կամավոր առաջարկեց իր օգնությունը, խցի պատերն անմիջապես անհայտացան։ Հայտնվեցինք մեր սեփական մեկուսա-բնակարաններում։

Հանգիստ շունչ քաշեցի, մեղքի զգացումն էլ անցավ։ Մեկ էլ Մեսրոպը գրեց, թե՝ «Գիլու ձագ, մի խանգարի, դասի եմ»։ Մեկ ուզում էի միանալ ու դասը խանգարել, բայց հետո փոշմանեցի։ Ի տարբերություն իրեն ես մեկուսա-ավտոմեքենա էլ ունեմ, դրա համար էլ մեկուսացումն ավելի թեթև եմ տանում, և իսկապես ո՛չ տանձիս է, ո՛չ էլ մանդարինիս։

Բայց վիրուսը վիրուս չէր լինի, եթե աբսուրդային բեմադրություններ չսարքեր։ Վերջին 20 տարիներին մենք սովորել էինք, որ մեքենայի գլխին ամրացրած բարձրախոսներով կամ ՃՈ ոստիկաններն են անհասկանալի ինչ-որ ձայներ հանում, ու պիտի գուշակես, թե որ մեքենային է ուզում ինչ-որ բան ասել, կամ էլ մեքենայի գլխին ամրացված բարձրախոսները շատ հստակ, այսօրվա վարչապետի ձայնով կոչ էին անում՝ «ոչ Ռոբոտացմանը, ո՛չ Դոդացմանը»։ Հիմա երազիս միջի ՕԶԿ-ով ոստիկաններն ինչ-որ անհասկանալի բաներ էին գոչում։ Մեծ դժվարությամբ ականջս որսաց «ՀՀ պարետ» արտահայտությունը։ Եվ ես, հաշվի առնելով անցյալ տարիների փորձս, ենթադրեցի, որ ՕԶԿ-ով ոստիկաններն ընդդիմադիր են դարձել ու ամենայն հավանականությամբ կոչ են անում. «Ո՛չ պարետացմանը»։

Հետո երբ տուն հասա, պարզեցի, որ հիմա արդեն սեփական ձեռքով ինքդ քեզ համար պիտի ուղեգիր գրես (վարորդ հայրս դրան ասում էր «պուտյովկա»)։ Ես վաղվանից մոտս մի թուղթ եմ պահելու, որի վրա գրելու եմ. «Ապե, հորս արև ոչ մեկի տուն չեմ էթում, պռոստը ավտո քշելու հավես ունեմ…»։ Չեմ հասկանում, ազնիվ խոսք, չեմ հասկանում, թե Պարետը խուճապ պիտի տարածի՞, թե՞ խուճապի դեմն առնի, ախր ամեն նոր «բարաթի» պահանջը մթին կասկածների տեղիք է տալիս… Բայց այստեղ ՀՀ պարետը նորից հիշեցրեց իր մասին. «Ամեն առավոտ 10։00-12։00 տատիկ-պապիկների առևտրի ժամն է. մնա տանը, պահպանիր նրանց առողջությունը։ ՀՀ պարետ Տիգրան Ավինյան»։ Հետաքրքիր է ՀՀ պարետը հակառակ բովանդակությամբ SMS-ներ ուղարկո՞ւմ է տատիկ-պապկներին, թե՝ «Հերի՛ք է քնեք, տանից որ դուրս չեք գալիս՝ գիշեր-ցերեկը կարող է խառնած լինեք, գնացեք խանութ, ՀՀ ավելի ջահել ու ավելի հպարտ քաղաքցիները սպասում են մեկուսացումից դուրս պրծնելու և խանութ գնալու իրենց երջանիկ ակնթարթին. պահպանեք նրանց նյարդերը»։ Բայց հանուն արդարության պիտի ասել, որ մեր պարետն այնքան էլ մեղավոր չէ, ինքը հետևում է համաշխարհային թրենդին... Բայց ես ավելի գործուն լուծումներ եմ առաջարկում, և ոչ միայն իմ կողմից։ Միասնականորեն մարտահարավերն ընդունելու և հաղթելու կոչերն ամեն օր հնչում են, չէ՞… Ես էլ հավաքել և ի մի եմ բերել իմ և մոտակայքում ապրող ու աշատողների առաջարկները։ Ի դեպ, ի տարբերություն ՀՀ պարետի «գրուպպա պադդերժկի» անդամ, անգրագետ Պողոսի հարևան դեպուտատի պնդման, մեր տղերքը լավ էլ ամեն ինչ ջոկում են, թեև նույնպես անգրագետ են (ես նաև խիստ կասկածում եմ, որ Պողոսը ոչ մի բան չի հասկանում ու չի ջոկում)։

Մեր կողքի խադավիկ Գագոն.

– Այ ախպեր, բայց էս ցիրկը ե՞րբ ա վերջանալու։

– Ի՞նչ ցիրկ, Գագ ջան։

– Գործից հետո Թորոսյանի ցույց տվածի նման որ լվացվենք, մեր ձեռների վրայի մազութը կյանքում չի իջնի։ Մի երկու ամսով բերեն մոտս ուչենիկ աշխատի, որ լվացվելու ղադրն իմանա։

Էստեղ Գագոյի երիտասարդ ու հավանաբար սեռաքաղց ուչենիկը գլուխը հանեց բոքսի վրա կանգնած մեքենայի տակից.

– Ախպեր, էդ վարակը կնանիքի մոտ է՜ն մյուս ճամփով չի փոխանցվո՞ւմ։ Ինչ կայֆ կըլներ, որ մի հատ էլ վիդեո նկարել տային, թե ոնց պըտի աղջիկները տրուսիկը ճիշտ փոխեն։

– Վայ թե էդ վիդեոն կանսերվի Անժոն ավելի ճիշտ նկարի,- ասաց մեքենայի տերը, որը հողի հետ կռիվ տվող գյուղացի տղա էր,- իրանք որ նկարեն՝ էլի կիսատ-պռատ է ստացվելու։ Որ Թորոսյանի ցույց տվածով լվացվեմ՝ մենակ մատներիս ծերերը կմաքրվեն, մինչև ուսերս կորում եմ հողի մեջ։

Բան չունեի ասելու։ Ասացի.

– Տղերք, նման վիդեոներ որ նկարեն, լիքը խնդիրներ կլինեն. ռիսկի գոտում գտնվող պապկների սեռական օրգաններից միայն աչքերն են մնացել, իսկ տատիկները կատաղելու են… Ինֆարկտների քանակը կշատանա, կգումարվի վիրուսին։ Դուք ՀՀ պարետից sms չե՞ք ստացել, որ հարկավոր է խնայել նրանց առողջությունը։ Համ էլ խի՞ եք ձեր գործն ու Թորոսյանի գործն իրար հետ համեմատում…

Մի խոսքով, որոշեցինք քննարկել տղերքի առաջարկությունն ու ի մի բերած՝ առաջարկել պարետատանը։ Եվ այսպես.

1. նկարել թե ոնց է խադավիկ Գագոն լվացվում ծանր օրվա ավարտին, և ոնց հանել ձեռքերի մազութը, քանի որ նման «պրոցեդուրայից» հետո ոչ միայն կորոնա և մնացած վիրուսներն են վերանում, այլև բոլոր օգտակար բակտերիաները և տեղ-տեղ անգամ մաշկը.

2. Անժոյին գումար հատկացնել, որ առանց քցված լինելու զգացողության (իրենք վիրտուալ սեքսն ու մերկացումն էլ են փող հաշվում, հայրենի կառավարութունն էլ հեղափոխական է, քցող չի) նկարահանի, թե ոնց պետք է ճիշտ և արագ տրուսիկ ու պակետ փոխել.

3. այդ տեսանյութերը պտտել ոստիկանական մեքենաների վերևում ամրացված էկրաններին, բացառությամբ տատիկ-պապիկների խանութ գնալու ժամերի՝ 10։00-ից 12։00։ Կարելի է նաև առանձնացնել հատուկ խմբեր, ասենք երեք-չորս հոգի, որ տնե-տուն շրջեն (քանի որ հիմա տանից միայն Զիմզիմովի բարաթով կարող ես դուրս գալ) ու երկուսը էկրանը բռնեն, մեկը տեսանյութերը միացնի, բայց պայմանով, որ երեխաներն այդ ժամին օնլայն դաս սովորելիս լինեն ու չծիկրակեն։

Քննարկեցինք մի-մի հատ ծխելով։ Էստեղ տղերքից մեկը թե.

– Հա ախպեր, բա ասում էիր ուսումնասիրություն ես կարդացել, որ ծխողներն ավելի քիչ են վարակվում… Թորոսյանը հերքեց, ասեց՝ չկա նման բան։

Ես, իհարկե, չասացի, որ Չինաստանի տրամադրած տվյալները (վարակվածների մահերի և այլն) հեղինակավոր գիտական մի ամսագիր՝ իմունոլոգիայի և ալերգիայի կլինիկական ամսագիրը, որտեղ գիտական մի հոդված տպագրելու համար նախարար Թորոսյանը հավանաբար շատ բան կտար, լրջագույն վերլուծության է ենթարկել և ստացել այդ տվյալները, որոնց մասին ես պատմել էի տղաներին և նյութը տեղադրել էի ՖԲ իմ իջում։ Էդ խուճուճ-մուճուճ բառերը տղերքին չեն հետաքրքրում, բաց այ ինձ համար նախարարը պարզունակ մանիպուլյատորի կարգավիճակ ձեռք բերեց, քանի որ նույնիսկ ԱՀԿ-ն չի պնդել, որ նման փաստեր չկան, այլ խնդրել է ամսագրին այդ ուղղությամբ հետազոտությունններ այլևս չանել… Իսկ Թորոսյանն իր «լայվում» ասում էր, որ ամսագիրը հավատ չի ներշնչում, որ տվյալները գիտական ուսումնասիրության ենթարկված չեն, որ ընդհակառակը… Ես իհարկե չեմ ուզում, որ նախարարը ծխելու քարոզ անի, բայց կարող էր չէ՞ նրբանկատորեն լռել, քանի որ բազաթիվ ծխող տարեցներ միգուցե հենց միայն իրենց ծխելու շնորհիվ չվարակվեն, քանի որ թոքերին խփելու այս վիրուսի առանձնահատկությունը հաստատ կստիպի վիդեոներից կատաղած տատիկներին թթվել պապիկների ականջին, թե՝ թարկի, թարկի…

Մի խոսքով, ես գնացի մեր առաջարկությունները ՀՀ պարետին ուղարկելու և բարաթս տպելու (ես տպիչ ունեմ)… Աստծո հաջողությամբ Մեսրոպն էլ հուշերի գրկից կվերադառնա խաղադաշտ ու գլխով գոլ կխփի, ոնց որ խոստացել է, թե չէ զամե՜ն, զամե՜ն… Այ տա, բա ես քո մեղքը չե՞մ գալիս, էն Համբոն իր երկու մետր բոյով որ խաղադաշտ մտնի որպես պաշտպան, ամբողջ էներգիան խուճապի տված Արփին՝ կիսապաշտպան, և երկար ժամանակ ինքնամեկուսացած Ամի Չիչակյանն էլ դարպասին կանգնի, դու ո՞նց ես գլխով գոլ խփելու, հը՞։ Ինչքան ուզում է լավ պաս տամ (ՈւԵՖԱ-ի ականջը խուլ, թե չէ նորից «նոտա» կուղարկեն Արայիկին)…

Բայց չմտածես, թե ես դեմ եմ, կողմ եմ, քանի որ խաղն ավելի հետաքրքիր կդառնա։

Please follow and like us: