Գիլանցը մարտահրավեր է նետել ինձ, իսկ ես նահանջողներից չեմ: Ասենք՝ լորտու տեսնեմ, կնահանջեմ, շուն գա վրաս՝ ես չեմ հարձակվի, առնետից կփախչեմ… Բայց գրող ընկերս գրողուցավով ինձ գրող …էէէէէ, ի՞նչ եմ ասում… ձեռնոց նետի ու ես չբարձրացնե՞մ…
Հանգիստ հագա էն կապույտ ռետինե ձեռնոցները, դիմակը դրեցի, դանդաղ մոտեցա իր նետած էդ ձեռնոցին ու հա՛փ, թռցրի…
Դե, Գիլանցը չի նեղանա՝ կարանտին է, բա ո՞նց վերցնեի:
Հիմա ստացվում է, որ մենք չելենջ են ասում, ինչ են ասում՝ դրանից ենք անում, պարզապես երրորդ անձանց չենք կանչում, այլ իրար «պաս» տալով պատմություններ ենք գրում, որ Արփին ոչ միայն հրապարակի, այլեւ հետո դրանք մեկտեղելով գիրք հրատարակի:
Բայց կայֆ կլինի, չէ՞: Հալա պատկերացրեք՝ անպայման կոշտ կազմով, Ավոյի ձեւավորմամբ ժողովածու՝
Գեւորգ Գիլանց, Մեսրոպ Հարությունյան. «Վիրուսամերձ (կամ՝ վիրուսազերծ) պատմություններ»:
Ստո՛պ: Ինչո՞ւ պիտի առաջ Գիլանցի անունը լինի, հո այբբենական կարգով չե՞նք գրելու:Ես եմ սկսել, ուրեմն առաջինը իմը պիտի լինի: Լսո՞ւմ ես, խմբագիր աղջիկ: Այ սենց.
Մեսրոպ Հարությունյան,Գեւորգ Գիլանց. «Վիրուսամերձ (կամ՝ վիրուսազերծ) պատմություններ»:
Դե, քանի որ մարտահրավերը ընդունել էի, «սաղ քըշեր» քնիս մեջ պատմվածք էի գրում:
Հիմա էդ պատմվածքից համարյա ոչ մի բան չեմ հիշում, հիմա հաստատ մի նոր բան է դառնալու: Բայց մի միտք, համենայն դեպս, քանի չեմ մոռացել՝ գրեմ:
Ուրեմն սա է. երեկ ամբողջ օրը մտորելով էս թագաժահրի (դե վիրուսի, էլի) վերաբերյալ հայ ժողովրդի պատկերացումների մասին, հասկացա, որ այն խտացված է Թումանյանի մի հայտնի խոսքի վերափոխված տարբերակում.
Ի՞նչը կհաղթի կյանքում վիրուսին,
Թե չլինեին
Սխտորն ու օղին:
Ափսոս կաղ հանգ կստացվեր, թե չէ օղի բառի տեղ արաղ կգրեի, մանավանդ էս օրերին հայ ժողովուրդը օղի ասելով հենց արաղը նկատի ունի: Այսինքն՝ ոչ թե հայտնի օլիգարխի շշալցրածը կամ ուկրաինական, ֆիննական, ռուսական օղին, այլ հենց արաղը՝ իսկական, տնական…
Հենց որ սա հասկացա, ճաշիս մեջ սխտոր գցեցի, Վաչ ախպորս քաշած մաքուր խաղողի արաղից մի մեծ բաժակ լցրեցի ու խմեցի վիրուսի օղորմաթասը:
Հիմա մտածում եմ՝ էս տողերը սենց արխային գրեցի, բա որ պարեկի… թե՞ պարետի, մի խոսքով հասկացաք ում մասին եմ ասում, այ, դրա գրաքննիչները սրա մեջ խուճապ առաջացնող տրամադրություններ տեսնեն, ես ո՞նց եմ անելու: Արա, դրանք չսովորեցին մի կարգին հայերեն տեքստ գրեն, որ համ իրենք իրենց գրածից բան հասկանան, համ էլ մենք: Ախր, էս իրավիճակում իրենց գրածը պետք է ոչ թե Սահմանադրական դատարանի անհասկանալի որոշում լինի, որը հասկանալու համար հարկ է հայերենից թարգմանել հայերեն, այլ պարզ, մարդկային լեզվով գրված ուղեցույց…
Տո, լավ է: Մի երկու բառ էլ գրեմ ինձ «խուճապիստի» անուն կկպցնեն: Ավելի լավ է կարգին բաներից խոսեմ:
Օրինակ՝ շտապեմ ուրախացնել, որ եւս մի հիվանդ դուրս գրվեց: Պատկերացրեք, որ նա ծնող է ու դուրս գրվելուց անմիջապես հետո վազելու է ծնողական ժողովի…
Ո՞նց թե ինչ ծնողական ժողով: Բա չե՞ք իմացել էն… Արա, ո՞նց էր էդ նախարարության անունը. ԿՄՍԳ, թե՞ ԿՍՄԱԳ, չէ, սպասիր՝ կարծեմ՝ ՄԿԿՍ… մարդու լեզուն կկոտրվի մինչեւ արտասանի…
Պահոոոո, հիմա ուսանողներս ինձ դիտողություն կանեն. «Բա առաջին դասից սկսած մեզ ասում եք «մի գրեք անհասկանալի հապավումներ, մի տանջեք ընթերցողին, որ նա ձեզ չհայհոյի», հիմա դուք եք, հա՞, տենց գրում…»: Դե, արի սրանց բան սովորացրու: Երախտամոռներ:
Ա, բայց սա էն նույն նախարարությունը չի՞ հիմա, որ ինձ ու Գիլանցին տենց էլ չի կանչում պայմանագիր կնքելու: Վայ թե նույնն է:
Հա, ի՞նչ էի ասում. ուրեմն էս… Մի խոսքով նախարար Արայիկ Հարությունյանը համազգային ծնողական ժողով է հրավիրել՝ էսօր ժամը 17:00-ին: Ու ես հիմա պատկերացնում եմ, թե ինչ է կատարվում իսկական հայ օջախներում:
Դե, կիրակի է, դաս չկա, երեխաները ազատ են, իսկ ծնողները պատրաստվում են ժողովի: Քանի որ, ինչպես տարածված է, ժողովի գնում են հիմնականում մայրերը, ապա իրարանցումից, հաստատ, չեն խուսափի: Համարյա հարսանքի պատրաստվելու նման մի բան: Հատուկ Ավինյանի գրաքննիչների համար ճշտեմ, որ իրարանցումը խուճապը չի:
– Հո էս քրչերը չեմ հագնի՝ գնամ ժողովի, հազար ու մի մարդ ա լինելու: Միլիոն անգամ ասացի, այ մարդ, քանի մոլերը չեն փակել, գնանք մի կարգին շոր առնենք:
– Էրեխեեեեեք, մազերս ո՞վ կֆենի…
– Տղա ջան, շուտ արա, էդ բաղնիքը ազատի, հասցնեմ լողանամ, քսվեմ. ժողովի եմ, վաաաայ:
– Բա որ եղունգներս չհասցնեմ ներկեմ: Չի երեւա, չէ՞,Աշոտիկ…
– Դե հերիք եղավ էլի, դու ժողովի պիտի գնաս սաղ տունը խառնել ես իրար…
– Էդ բարձրակրունկներով ե՞ս գնում…
Սենց գրեցի ու հիշեցի, որ իմ երջանկահիշատակ դասղեկը՝ Լաուրա Խաչատրյանը, մի օր հայտարարեց, թե վաղը ծնողական ժողով է, ապա ճշտեց՝ հայր ծնողների ժողով՝ աշակերտների մասնակցությամբ:
Վայ, էդ ինչ ժողով էր, էդ ինչ ժողով էր. քսաներկու տղամարդ Խաչատրյանի առաջ՝ իրենց երեխեքի չարությունների պատճառով, նույն երեխեքի աչքի դեմը խեղճացած, գլուխները ամոթից կախ… Հա, բայց մենք՝ երեխեքս, մեկ է, էլի հանգիստ չէինք սթրվում տեղներս ու անընդհատ ինչ-որ բանի վրա ցածրաձայն ծիծաղում էինք: Իսկ երբ իմ Զարիկ հորքուրի ամուսինը, Հրաչի պապան՝ Հովհաննեսը, դիմելով ռուսերենի ուսուցչուհի Անուշ Ղեւոնդովնային (որի դասերը խանգարելու պատճառով էլ էդ ժողովը կազմակերպվել էր), ասաց. «Այ, ընկեր Անուշիկ Ղեւոնդովնա ջան», էլ չկարողացանք մեզ զսպենք, ու ծիծաղը պայթեց…
– Ըհը, – հայր ծնողներին դիմեց մեր դասղեկը,- նույնիսկ ձեզնից չեն քաշվում…
Հիմա կանայք մտքներում ասացին՝ տեղն է դրանց, թող իմանան մեր ղադրը, որ ամեն անգամ գնում ենք ժողովի:
Սպասիր, բայց Արփին էլ է, փաստորեն, էսօր համազգային ծնողական ժողովի, բա որ չհասցնի՞ էս պատմվածքը հրապարակել, երեւի ինքն էլ է պատրաստվում, չէ՞, էդ ժողովին:
Իսկ պատրաստվելն էս օրերին խնդիր է: Վարսավիրանոցները չեն աշխատում: Ո՞վ ռիսկ կանի վարսավիրանոց բացի: Կամ որ բացած լինի, ո՞վ ռիսկ կանի գնա:
Էն օրը որ Ռազոյի խանութ էի գնում բանջարեղեն առնելու, տեսա վարսավիրիս.
– Բարլուս: Ո՞նց ես:
– Ո՞նց պիտի լինեմ: Գործ չկա: Ոչ մեկը չի գալիս վարսավիրանոց: Տեսա՞ ր էս Ամերիկան ինչ բերեց գլուխներս:
– Ամերիկան ի՞նչ կապ ունի, այ ախպեր, Չինաստանից է սկսվել:
– Ի՞նչ ես ասում՝ Ֆեյսբուքը գրել էր, որ ամերիկացիներն են էդ վիրուսը սարքել ու տարել Չինաստանում բաց թողել…
Ստոպ: Միֆոլոգիան թողնում ենք: Պարետ կա, բան կա:
Ու ես հիշեցի, որ համարյա նույն վիճակն էր, երբ ՍՊԻԴ-ը հայտնագործեցին: Վարսավիրանոցները դադարեցրին թրաշ անելը, մենակ մազ էին կտրում: Գործները կիսով չափ կանգնեց, ես էլ ստիպված սկսեցի մորուք պահել, որովհետեւ զահլաս գնում էր ինքնուրույն թրաշվելուց:
Հիմա աշխարհի բոլոր վարսավիրներն անհամբեր սպասում են, թե էս վիրուսը երբ է անցնելու:
Վայ քու, ես գրեցի՝ անհամբեր սպասում են ու մի անկդոտ հիշեցի:
Պատմե՞մ, թե՞ չպատմեմ: Պատմեմ, չպատմեմ, պատմեմ, չպատմեմ…թզբեհ եմ գցում, էլի, իբր թե… Լավ, պատմեմ, ուրախանաք:
Ուրեմն, ընկերուհին զանգում է ընկերուհուն ու ասում.
– Արի կոֆե խմենք, համ էլ կբամբասենք:
– Չեմ կարող, էսօր ինձ ռոմանտիկ երեկո է սպասվում:
– Աղջի, ընդամենը երեք ամիս է պսակված ես, քո ամեն երեկոն էլ պիտի ռոմանտիկ լինի:
– Չէ, էս մեկը ուրիշ է: Համ էլ քեզնից ի՞նչ թաքցնեմ՝ երեք ամսում մի կարգին ռոմանտիկ բան-ման էլ չի եղել: Բայց լսիր շարունակությունը: Ուրեմն երեկ մարդս որ գործից տուն եկավ՝ էլի քիթմռութ արած կերավ սարքածս մակարոնով փլավը: Երեւի սաղ գիշեր էդ մասին էր մտածել, էսօր առավոտ ասում է. «Աղջի, դու ուրիշ բան եփել չգիտե՞ս, մեռա էդ մակարոնով փլավը ուտելով: Կառոչի,-ասում է,- եթե մի անգամ էլ մակարոնով փլավ ես եփել, քեզ ամենակոշտ ձեւով էն բանից եմ անելու…»: Հիմա ջուրը եռացրել եմ, մակարոնը պատրաստ պահած անհամբեր իրեն եմ սպասում…
Չբռնեն որոշ ծայրահեղական ֆեմինիստներ հիմա էլ ինձ սեքսիզմի մեջ մեղադրեն…
Այ, սենց պատմվածք ստացվեց գիշերվա անքնությունից հետո:
Գիլու ձագ, չթողեցիր, էլի, տեղս հանգիստ սթրվեմ:
Դե, հիմա, ոնց որ ասում են կարկառուն ու կլասիկ քաղաքական գործիչները՝ գնդակը քո դաշտում է:
Գնացինք՝ «պասերոոո՛վ, պասերոոո՛վ, պասերոոո՛վ»…
Հավե-սոո՛վ…
Հաջորդը՝ այստեղ
Նախորդը՝ այստեղ
Սկիզբը՝ այստեղ
2 thoughts on “ԿՈՐՈՆԱՖՈՒՏԲՈԼ 3 / Ի՞նչը կհաղթի կյանքում վիրուսին / Մեսրոպ Հարությունյան”
Comments are closed.