Կարինե Հարությունյան

Կարինե Հարությունյան / Ես կուրթանեցի տղան եմ

Ես կուրթանեցի տղան եմ. չարացած չեմ, ուղղակի նեղված, խեղճացած եմ։

Ես կուրթանեցի տղան եմ. հարևաններիս մոտ գլխահակ եմ այս երկու օրը քայլում։

Ես կուրթանեցի տղան եմ. ինձ մի կերպ էի հավաքել վարչապետին մոտենալու ու օգնություն խնդրելու համար՝ տղամարդու համար առավել ևս հեշտ չէ այդ քայլն անել։

Ես կուրթանեցի տղան եմ. ամբողջ կյանքս պայքարել եմ, որ լավ ապրեմ, բայց ունեմ այն, ինչ ունեմ։

Ես կուրթանեցի տղան եմ. անչափահաս երեխա ունեցողի համար դժվար է մարդկանց մոտ վիզ ծռելն ու օգնություն խնդրելը։

Ես կուրթանեցի տղան եմ. ես պարտված եմ, բայց ինձ պարտության մատնելը քիչ է հաղթող կոչվելու համար։

Ես կուրթանեցի տղան եմ. որոշ ժամանակ ինձ մատնացույց կանեն, կհայհոյեն, կգովեն, հետո կանցնեն ուրիշներին՝ ես իմ խնդիրների հետ մենակ կմնամ։

Ես կուրթանեցի տղան եմ. գիտեմ՝ աշխատելն ինչ բան է, գիտեմ՝ ինչպես են տուն-տեղ դնում… Փորձել եմ, բայց չի ստացվել։

Ես կուրթանեցի տղան եմ. եղել են դժվար օրեր, անելանելի վիճակներ, բայց գլխահակ չեմ քայլել, մտածել եմ՝ ելք կա։

Ես կուրթանեցի տղան եմ. ամաչելու ոչինչ չեմ արել։

Ես կուրթանեցի տղան եմ. ժամանակին մի լոզունգ կար, է՝ դու մենակ չես, մենակ չես, մենակ չես…  Տեսնես ո՞ւմ մասին էր դա։

Please follow and like us: