Ինչպես գրել դետեկտիվ

Առաջին մաս. պատրաստվում ենք գրել

1
Հասկացեք դետեկտիվի և թրիլլերի տարբերությունը

Դետեկտիվները սովորաբար սկսվում են սպանությունից։ Դետեկտիվ պատմության կամ վեպի գլխավոր հարցն է՝ ո՞վ է կատարել հանցագործությունը։ Թրիլլերները, որպես կանոն, սկսվում են մի իրավիճակից, որը հանգեցնում է որևէ մեծ աղետի, օրինակ՝ ահաբեկչական գործողության, բանկի կողոպուտի, միջուկային պայթյունի և այլն։ Թրիլլերի հիմնական հարցն է՝ կկարողանա՞ արդյոք գլխավոր հերոսը կանխել աղետը։

Դետեկտիվում ընթերցողը մինչև վեպի վերջը չգիտի, թե ով է կատարել սպանությունը։ Դետեկտիվը կառուցվում է հանցագործության շարժառիթների բացահայտման տրամաբանական շղթայի կամ հանելուկի շուրջ։
Դետեկտիվները հաճախ գրվում են առաջին դեմքով, մինչդեռ թրիլլերները սովորաբար գրվում են երրորդ դեմքով և ներկայացնում են մի քանի տարբեր տեսանկյուններ։ Դետեկտիվներում ժամանակի ընթացքը սովորաբար ավելի դանդաղ է, քանի որ գլխավոր հերոսը՝ հետաքննողը, փորձում է բացահայտել հանցագործությունը։ Բացի այդ, դետեկտիվներում գործողությունների հաջորդականությունը սովորաբար ավելի քիչ է, քան թրիլլերներում։
Դետեկտիվում ժամանակի ավելի դանդաղ ընթացքի շնորհիվ կերպարները սովորաբար ավելի խորությամբ և բազմակողմանի են ներկայացվում, քան թրիլլերում։

Կարդացեք դետեկտիվի օրինակներ

Կան բազմաթիվ հիանալի դետեկտիվ պատմվածքներ և վեպեր, որոնցից կարելի է սովորել, թե ինչպես գրել լավ կառուցված սյուժեով և խորապես մշակված կերպարներով դետեկտիվ։

«Սպիտակազգեստ կինը» — Ուիլքի Քոլինզ։ XIX դարի այս դետեկտիվ վեպը հրատարակվել է մասերով, ուստի պատմությունը զարգանում է բավական դանդաղ ու մանրամասն։ Այն, ինչ հետագայում դարձավ դետեկտիվի ժանրի բազմաթիվ չափանիշների հիմքը, Քոլինզն արդեն ներկայացրել էր այս վեպում։ Այդ պատճառով այն կարող է հետաքրքիր և ուսանելի ծանոթություն լինել ժանրին։

«Խոր քուն» — Ռեյմոնդ Չանդլեր։ Չանդլերը այս ժանրի ամենանշանավոր գրողներից է։ Նա ստեղծել է մասնավոր հետաքննիչ Ֆիլիպ Մարլոյի հետաքննությունների ու փորձությունների մասին գրավիչ պատմություններ։ Մարլոն կոշտ, ցինիկ, բայց ազնիվ մասնավոր հետաքննիչ է, որն անսպասելիորեն հայտնվում է մի պատմության կենտրոնում, որտեղ ներգրավված են գեներալը, նրա դուստրը և շանտաժով զբաղվող լուսանկարիչը։ Չանդլերի ստեղծագործությունները հայտնի են սուր երկխոսություններով, հիանալի տեմպով և ընթերցողի ուշադրությունը գրավող Մարլոյի կերպարով։

«Շերլոք Հոլմսի արկածները» — սըր Արթուր Քոնան Դոյլ։ Ամենահայտնի դետեկտիվներից մեկը՝ Շերլոք Հոլմսը, իր գործընկեր և պատմող բժիշկ Վաթսոնի հետ այս պատմվածքների ժողովածուում բացահայտում է մի շարք հանելուկային դեպքեր և հանցագործություններ։ Հոլմսն ու Վաթսոնը պատմվածքներին հաղորդում են իրենց յուրահատուկ բնավորությունն ու անհատականությունը։

«Նենսի Դրյու» — Քերոլայն Քին։ Պատմությունը տեղի է ունենում Միացյալ Նահանգներում։ Նենսի Դրյուն հետաքննիչ է։ Նրա մտերիմ ընկերուհիները՝ Հելեն Քորնինգը, Բես Մարվինը և Ջորջ Ֆեյնը, հանդես են գալիս դետեկտիվ պատմություններից մի քանիսում։ Նենսին Քարսոն Դրյուի դուստրն է։ Քարսոն Դրյուն Ռիվեր Հայթս քաղաքի ամենահայտնի փաստաբանն է, որտեղ նրանք ապրում են։

«Հարդի եղբայրները» — Ֆրանկլին Ու. Դիքսոն։ Այս գիրքը նման է «Նենսի Դրյուին»։ Այն երկու եղբայրների՝ Ֆրենկի և Ջո Հարդիների մասին է, որոնք տաղանդավոր երիտասարդ հետաքննիչներ են։ Նրանք հայտնի դետեկտիվի որդիներն են և երբեմն օգնում են հորը նրա գործերում։

«Սպանություն հարևանությամբ» — Սյուզան Բերն։ Այս համեմատաբար նոր դետեկտիվ վեպի գործողությունները տեղի են ունենում 1970-ականներին՝ Վաշինգտոնի արվարձանում։ Վեպի կենտրոնական իրադարձությունը մի երիտասարդի սպանությունն է։ Բերնը պատմում է ձանձրալի ու ոչնչով աչքի չընկնող արվարձանում երիտասարդի խորհրդավոր մահվան մասին, բայց ստեղծում է մի պատմություն, որը հեռու է ձանձրալի ու անհետաքրքիր լինելուց։

3
Որոշեք ստեղծավործության գլխավոր հերոսին

Ուշադրություն դարձրեք, թե ինչպես է հեղինակը ներկայացնում գլխավոր հերոսին և ինչ կերպ է նրան բնութագրում։ Օրինակ՝ «Խոր քուն» վեպում առաջին դեմքով պատմողը հենց սկզբից ինքն է ներկայացնում իրեն՝ նախ նկարագրելով իր հագուստը․ «Ես հագել էի փոշեգույն կապույտ կոստյում, մուգ կապույտ վերնաշապիկ, փողկապ, արտաքին գրպանում՝ թաշկինակ, սև կոշիկներ, սև բրդե գուլպաներ՝ վրան մուգ կապույտ փոքրիկ ժամացույցների պատկերներով։ Կոկիկ էի, մաքուր, սափրված ու սթափ և թքած ունեի, թե ով գիտեր այդ մասին։ Ես այնպիսին էի, ինչպիսին պետք է լիներ լավ հագնված մասնավոր հետախույզը»։

Այս առաջին իսկ նախադասություններով Չանդլերը ընթերցողին ներկայացնում է պատմողին՝ Ֆիլիպ Մարլոյին։ Մարլոուն ինքն է նկարագրում իր արտաքինը, հագուստը և մասնագիտությունը՝ դրանով իսկ միանգամից ուրվագծելով իր կերպարը՝ որպես մասնավոր դեհետախույզ։

4
Որոշեք պատմության ժամանակը, վայրն ու միջավայրը

Ուշադրություն դարձրեք, թե ինչպես է հեղինակը ներկայացնում պատմության վայրը, ժամանակը և ընդհանուր միջավայրը։

Օրինակ՝ «Խոր քուն» վեպի առաջին էջի երկրորդ պարբերությունում Մարլոուն ընթերցողին տեղափոխում է Սթերնումների առանձնատուն և միաժամանակ սկսում է ձևավորել պատմության միջավայրը․ «Սթերնումների տան գլխավոր նախասրահը երկու հարկ բարձրություն ուներ»։ Ընթերցողը հասկանում է, որ Մարլոուն գտնվում է Սթերնումների տան ներսում, և որ դա մեծ ու, ամենայն հավանականությամբ, հարուստ ընտանիքի առանձնատուն է։ Հետագա նկարագրությունը՝ վիտրաժը, ընդարձակ մարգագետինը, ավտոտնակը, շքեղ այգին ու ջերմոցը, ավելի ամբողջական է դարձնում այդ միջավայրը։

5
Մտածեք այն հանցագործության կամ հանելուկի մասին, որը պետք է լուծի գլխավոր հերոսը

Ի՞նչ հանցագործության կամ հանելուկի հետ է բախվելու գլխավոր հերոսը։ Դա կարող է լինել սպանություն, մարդու անհետացում կամ կասկածելի ինքնասպանություն։

«Խոր քուն» վեպում գեներալ Սթերնումը Մարլոյին վարձում է, որպեսզի «զբաղվի» մի լուսանկարչով, որը շանտաժի է ենթարկում գեներալին՝ նրա դստեր սկանդալային լուսանկարներով։

6
Որոշեք այն խոչընդոտներն ու դժվարությունները, որոնց կարող է բախվել գլխավոր հերոսը

Լավ դետեկտիվը ընթերցողին գրավում է այն դժվարություններով, որոնց գլխավոր հերոսը բախվում է իր առաքելությունն իրականացնելիս՝ հանցագործությունը բացահայտելիս։

«Մեծ քուն» վեպում Չանդլերը բարդացնում է դետեկտիվ Մարլոյի կողմից լուսանկարչին հետապնդելու ընթացքը՝ վեպի սկզբնական գլուխներում կազմակերպելով այդ լուսանկարչի սպանությունը, ինչպես նաև գեներալի վարորդի կասկածելի ինքնասպանությունը։ Այսպիսով, Չանդլերը պատմության մեջ ներմուծում է երկու սպանություն, որոնք Մարլոուն պետք է բացահայտի։

7
Մտածեք հանցագործության բացահայտման մասին

Մտածեք, թե ինչպես է հանցագործությունը բացահայտվելու դետեկտիվի վերջում։ Հանցագործության բացահայտումը չպիտի լինի չափազանց ակնհայտ կամ արհեստական, բայց միևնույն ժամանակ չպիտի լինի անհավանական կամ հանկարծահայտ՝ առանց նախապես ներկայացված որևէ հիմքի։ Հանցագործության բացահայտումը պետք է զարմացնի ընթերցողին՝ միաժամանակ չշփոթեցնելով նրան։ Դետեկտիվի ժանրի առավելություններից մեկն այն է, որ կարելի է պատմության ընթացքն այնպես կառուցել, որ բացահայտումը տեղի ունենա աստիճանաբար, այլ ոչ թե հապճեպ ձևով։

Երկրորդ մաս. մշակում ենք գլխավոր հերոսի կերպարը և պլանավորում պատմությունը

1
Մշակենք հետախույզի կերպարը

Ձեր գլխավոր հերոսը կարող է լինել նաև մասնավոր անձ, սովորական քաղաքացի կամ հանցագործության ականատես, որն անսպասելիորեն ներգրավվում է հանցագործության հետաքննության մեջ։ Մանրամասն մտածեք ձեր գլխավոր հերոսի առանձնահատկությունների մասին, այդ թվում՝

  • Կազմվածքը, մազերի ու աչքերի գույնը և ֆիզիկական այլ հատկանիշները։ Օրինակ՝ ձեր գլխավոր հերոսը կարող է լինել կարճահասակ կին՝ մուգ մազերով, կանաչ աչքերով և ակնոցով։ Կամ կարող եք ընտրել ավելի տիպիկ դետեկտիվի կերպար՝ բարձրահասակ տղամարդ՝ հետ սանրված մազերով և դեմքին թեթև խոզանակով։
  • Հագուստը։ Ձեր հերոսի հագուստը ոչ միայն կօգնի ավելի մանրամասն ձևավորել նրա կերպարը, այլև կհուշի, թե որ դարաշրջանում է տեղի ունենում պատմությունը։ Օրինակ՝ եթե ձեր հերոսը ծանր զրահ և կատարավոր սաղավարտ է կրում, ընթերցողը կհասկանա, որ պատմության գործողությունները տեղի են ունենում միջնադարում։ Եթե հերոսը հագել է գլխարկով սպորտային բաճկոն, ջինս և ուսապարկ է կրում, դա ընթերցողին կհուշի, որ պատմությունը տեղի է ունենում մեր օրերում։
  • Ինչն է ձեր գլխավոր հերոսին յուրահատուկ դարձնում։ Կարևոր է ստեղծել այնպիսի գլխավոր հերոս, որը կառանձնանա իր ժանրի մյուս հերոսներից և բավականաչափ հետաքրքրաշարժ կլինի, որպեսզի ընթերցողը ցանկանա հետևել նրան ու նրա շուրջ ծավալվող իրադարձություններին բազմաթիվ էջերի ընթացքում։ Մտածեք, թե ինչ է ձեր հերոսը սիրում և ինչ չի սիրում։ Գուցե ձեր կին-դետեկտիվը ամաչկոտ է, իրեն անհարմար է զգում երեկույթների ժամանակ և գաղտնի տարված է սողուններով։ Կամ, գուցե, ձեր դետեկտիվը միանգամայն միամիտ մարդ է և իրեն ոչ ուժեղ է համարում, ոչ էլ խելացի։

Կենտրոնացեք այն մանրամասների վրա, որոնք կօգնեն ստեղծել գլխավոր հերոսի յուրահատուկ կերպարը, և մի վախեցեք օգտագործել ձեր սեփական առանձնահատկությունները, անձնական նախասիրություններն ու ճաշակը։

2
Որոշեք պատմության վայրն ու միջավայրը

Տեղադրեք պատմության բոլոր իրադարձությունները այնպիսի վայրում, որը լավ եք ճանաչում․ օրինակ՝ թող գործողությունները զարգանան ձեր հայրենի քաղաքում կամ դպրոցում։ Կամ ուսումնասիրեք մի վայր, որին այնքան էլ ծանոթ չեք, օրինակ՝ 1970-ականների Կալիֆոռնիան կամ 1940-ականների Բրիտանիան։ Եթե ընտրում եք ձեզ անծանոթ վայր, ուսումնասիրեք այդ վայրին բնորոշ առանձնահատկությունները, օրինակ՝ 1970-ականների Կալիֆոռնիայի առանձնատները կամ 1940-ականների Բրիտանիայի պանսիոնատները։

Եթե որոշեք, որ ձեր պատմությունը պետք է զարգանա այնպիսի վայրում և ժամանակաշրջանում, որոնց այնքան էլ ծանոթ չեք, մի փոքր ուսումնասիրություն կատարեք և տեղեկություններ հավաքեք այդ վայրի ու ժամանակաշրջանի մասին՝ տեղական գրադարանում, համացանցում կամ համապատասխան ոլորտի մասնագետների հետ հարցազրույցների միջոցով։ Հարցազրույցների և ուսումնասիրությունների ընթացքում ուշադրություն դարձրեք մանրամասներին, որպեսզի կարողանաք ճշգրիտ և հստակ ներկայացնել ձեր պատմության ժամանակաշրջանն ու իրադարձությունների վայրը բնորոշող բոլոր նրբությունները։

3
Հորինեք հանելուկ կամ առեղծված

Ամեն դետեկտիվում պարտադիր չէ, որ սպանություն կամ մեկ այլ ծանր հանցագործություն լինի։ Սակայն որքան ավելի լուրջ է հանցագործությունը, այնքան մեծ են պատմվածքի կամ վեպի նկատմամբ ընթերցողի սպասելիքները։ Բարձր սպասելիքները կարևոր են, քանի որ ստիպում են ընթերցողին շարունակել կարդալ։

Հանելուկի հնարավոր աղբյուրները կարող են լինել այսպիսիք․

  • Ձեր գլխավոր հերոսից կամ նրա մտերիմ ընկերոջից ինչ-որ բան գողանում են։
  • Գլխավոր հերոսին մտերիմ մարդն անհետանում է։
  • Գլխավոր հերոսը սպառնալիքներով գրություններ է ստանում։
  • Գլխավոր հերոսը դառնում է հանցագործության ականատես։
  • Գլխավոր հերոսին խնդրում են օգնել բացահայտելու հանցագործությունը։
  • Գլխավոր հերոսը պատահաբար բախվում է որևէ հանելուկի։

Կարող եք նաև համադրել վերոնշյալ սցենարներից մի քանիսը՝ պատմության մի քանի գիծ ստեղծելու համար։ Օրինակ՝ գլխավոր հերոսից կարող է գողացվել որևէ իր, անհետանալ նրան մտերիմ մարդը, այնուհետև հերոսը կարող է ականատես դառնալ մի հանցագործության, որի բացահայտմանը նրան հետո խնդրում են օգնել։

4
Որոշեք, թե ինչպես եք բարդացնելու ձեր հանելուկը

Պատմության լարվածությունն ուժեղացնելու համար բարդացրեք հանելուկի լուծումը՝ գլխավոր հերոսի ճանապարհին խոչընդոտներ ստեղծելով։ Կարող եք օգտագործել այնպիսի խոչընդոտներ, ինչպիսիք են այլ կերպարները, կասկածյալները, կեղծ հետքերը և ապացույցները կամ մեկ այլ հանցագործություն։

Կազմեք հնարավոր կասկածյալների ցանկ, որոնց ձեր հերոսը կարող է հանդիպել պատմության ընթացքում։ Կարող եք ներկայացնել մի քանի կասկածյալի, որպեսզի գլխավոր հերոսին և/կամ ընթերցողին տանեք սխալ ուղղությամբ՝ ստեղծելով անհանգիստ սպասման և անակնկալի մթնոլորտ։ Կազմեք ապացույցների ցանկ։ Կեղծ հետքերը այն հետքերն են, որոնք շեղում են ճիշտ ուղղությունից։ Ձեր սյուժեն ավելի գրավիչ կդառնա, եթե պատմության մեջ ներառեք մի քանի կեղծ հետք։ Օրինակ՝ ձեր գլխավոր հերոսը կարող է գտնել մի հետք, որը մատնանշում է կասկածյալներից մեկին, սակայն հետագայում պարզվի, որ այդ հետքն իրականում կապված է մեկ ուրիշի հետ։ Կամ հերոսը կարող է գտնել որևէ հետք և չհասկանալ, որ այն ամբողջ առեղծվածի բացահայտման համար առանցքային նշանակություն ունի։

5
Օգտագործեք անկանխատեսելի հանգուցալուծմամբ դրվագներ՝ պատմությունը գրավիչ դարձնելու համար

Անկանխատեսելի հանգուցալուծմամբ դրվագները սովորաբար դրվագի կամ գլխի վերջում տեղի ունեցող պահերն են, երբ գլխավոր հերոսը հայտնվում է ծուղակային իրավիճակում և վտանգի մեջ է։

Այսպիսի դրվագները կարևոր են դետեկտիվներում, քանի որ դրանք պահում են ընթերցողի ուշադրությունը և ստիպում պատմությանը շարժվել առաջ։

Անկանխատեսելի հանգուցալուծմամբ դրվագների հնարավոր օրինակներ՝

  • Գլխավոր հերոսը միայնակ հետաքննում է հնարավոր հետքը և հանկարծ բախվում հանցագործին կամ մարդասպանին։
  • Գլխավոր հերոսը սկսում է կասկածել իր սեփական կարողություններին և թուլացնում է հետաքննությունը, ինչի հետևանքով մարդասպանին հաջողվում է կրկին հանցագործություն կատարել։
  • Ոչ ոք չի հավատում գլխավոր հերոսին, և նա սկսում է միայնակ հետաքննել հանցագործությունը, ինչի հետևանքով նրան առևանգում են։
  • Գլխավոր հերոսը վիրավորվում է և հայտնվում վտանգավոր վայրում։
  • Գլխավոր հերոսը կարող է կորցնել կարևոր հետքը, եթե չկարողանա դուրս գալ որևէ վայրից կամ իրավիճակից։

6
Ստեղծեք հանգուցալուծումը կամ ավարտը

Ավարտեք պատմությունը՝ լուծելով հանելուկը։ Դետեկտիվների մեծ մասի վերջում գլխավոր հերոսը իր որոնումներում հասնում է դրական արդյունքի կամ կարևոր շրջադարձի։

Հնարավոր ավարտներ՝

  • Գլխավոր հերոսը փրկում է իր մտերիմ կամ պարզապես անմեղ մի մարդու, որը ներգրավվել էր պատմության մեջ։
  • Գլխավոր հերոսն ինքն է փրկվում և իր քաջության ու հնարամտության ազդեցությամբ փոխվում։
  • Գլխավոր հերոսը բացահայտում է չարագործի կամ հանցավոր կազմակերպության գործունեությունը։
  • Գլխավոր հերոսը բացահայտում և մերկացնում է մարդասպանին կամ հանցագործին։

7
Գրեք պատմության պլանը

Այժմ, երբ մտածել եք ձեր պատմության բոլոր կողմերի մասին, կազմեք սյուժեի հստակ պլան։ Կարևոր է նախապես պլանավորել, թե հատկապես ինչպես է զարգանալու դետեկտիվը, և միայն դրանից հետո անցնել բուն դետեկտիվը գրելուն։ Այդպես կկարողանաք համոզվել, որ պատմության մեջ չկան չմշակված կամ թերի հատվածներ։

Ձեր պլանը պետք է համապատասխանի հենց դետեկտիվում տեղի ունեցող իրադարձությունների հաջորդականությանը։ Այն պետք է ներառի՝

  • Գլխավոր հերոսի և միջավայրի ներկայացումը։
  • Միջադեպը կամ հանցագործությունը։
  • Գործողության մղող իրադարձությունը․ գլխավոր հերոսը ներգրավվում է հանցագործության հետաքննության մեջ։
  • Փորձությունները․ գլխավոր հերոսը գտնում է հետքեր, բախվում հնարավոր կասկածյալների և փորձում է ողջ մնալ ճշմարտությունը բացահայտելու ընթացքում։ Նրան սպառնալու համար կարող են առևանգել նրա մտերիմ մարդկանց։
  • Մոլորեցումը․ գլխավոր հերոսին թվում է, թե գտել է այն առանցքային հետքը, որը նրան կհասցնի կասկածյալին, և հավատում է, որ բացահայտել է հանցագործությունը։ Սակայն այդ եզրակացությունը սխալ է։ Սա նաև ընթերցողին զարմացնելու հիանալի միջոց է, երբ պարզվում է, որ գլխավոր հերոսը սխալվել է։
  • Գլխավոր ձախողումը․ գլխավոր հերոսին թվում է, թե ամեն ինչ ապարդյուն է։ Նա սխալ կասկածյալի կամ սխալ հետքի հետևից է գնացել, մեկ ուրիշին վնաս են հասցրել կամ մեկ ուրիշն է սպանվել, իսկ նրա բոլոր համախոհները հրաժարվել են նրանից։ Գլխավոր ձախողումը ուժեղացնում է պատմության լարվածությունը և ստիպում ընթերցողին շարունակել իր վարկածները կառուցել։
  • Բացահայտումը․ գլխավոր հերոսը հավաքում է բոլորին, ներկայացնում ապացույցները, բացատրում մոլորեցնող հանգամանքները և մերկացնում մարդասպանին կամ հանցագործության մեղավորին։

Երրորդ մաս. գրում ենք

1
Օգտագործեք զգայարանները՝ միջավայրը նկարագրելու համար

Ստեղծագործության վայրն ու մթնոլորտը նկարագրելու լավագույն եղանակներից մեկը հինգ զգայարանների օգնությանը դիմելն է՝ տեսողություն, լսողություն, հոտառություն, շոշափելիք և համ։ Զգայական ընկալումների նկարագրությունը կարող է նաև օգնել ներկայացնելու ձեր հերոսի նախապատմությունը։

Օրինակ՝ ընթերցողին ուղղակիորեն ասելու փոխարեն, որ ձեր հերոսը նախաճաշին վարսակի շիլա է կերել, կարող եք նկարագրել, թե ինչպես է շիլայի համը դեռ մնացել նրա լեզվին։ Կամ նա կարող է զգալ ձեռքին թափված վարսակի շիլայի հոտը։

Մտածեք, թե ինչ կարող է տեսնել ձեր հերոսը տվյալ միջավայրում։ Օրինակ՝ եթե ձեր հերոսն ապրում է ձեր տան նման մի տան՝ փոքր քաղաքում, կարող եք նկարագրել նրա ննջասենյակը կամ դպրոց տանող ճանապարհը։ Եթե գործողությունները տեղափոխում եք որոշակի պատմական վայր և ժամանակաշրջան, օրինակ՝ 1970-ականների Կալիֆոռնիա, կարող եք հերոսի նկարագրությունը սկսել նրանից, որ նա կանգնած է խաչմերուկում և նայում է յուրահատուկ ճարտարապետությանը և կողքով անցնող մեքենաներին։

Մտածեք, թե ինչ կարող է լսել ձեր հերոսը տվյալ միջավայրում։ Դպրոց գնալիս ձեր հերոսը կարող է լսել թռչունների երգը և փողոցը ջրող մեքենայի ձայնը։ Կամ ձեր դետեկտիվին կարող են հասնել մեքենաների ձայներն ու ծովի ալիքների՝ ափին բախվելու ձայնը։

Նկարագրեք, թե ինչ հոտեր կարող է զգալ ձեր հերոսը տվյալ միջավայրում։ Ձեր հերոսը կարող է արթնանալ ծնողների՝ խոհանոցում եփած սուրճի բույրից։ Կամ քաղաքի հոտերը կարող են տհաճ ազդեցություն թողնել նրա վրա՝ փտած աղբի, չլվացած մարմնի հոտը։

Նկարագրեք, թե ինչ կարող է զգալ հերոսը շոշափելիքի միջոցով։ Դա կարող է լինել թեթև քամի, սուր ցավ, հանկարծակի հարված կամ մեջքով անցնող սարսուռ։ Կենտրոնացեք այն բանի վրա, թե ինչպես է ձեր հերոսի մարմինը արձագանքում կոնկրետ զգացողությանը։

Մտածեք, թե ինչ կարող է զգալ ձեր հերոսը համի միջոցով։ Նրա բերանում դեռ կարող է մնացած լինել նախաճաշին կերած վարսակի շիլայի համը կամ նախորդ երեկոյան խմած ըմպելիքի համը։

2
Անմիջապես անցեք բուն գործողությանը

Խուսափեք միջավայրի կամ գլխավոր հերոսի երկար նկարագրություններից, հատկապես սկզբնական էջերում։ Ընթերցողին պետք է գրավել՝ անմիջապես սկսելով գործողությունից և ցույց տալով, թե ուր է շարժվում ձեր հերոսը և ինչի մասին է մտածում։

Օգտագործեք ճշգրիտ նկարագրություններ և հստակ ձևակերպումներ։ Ընթերցողների մեծ մասը շարունակում է կարդալ դետեկտիվը, որովհետև արդեն ժամանակ է հատկացրել գլխավոր հերոսին ճանաչելուն և ցանկանում է տեսնել նրա հաջողությունը։ Գլխավոր հերոսին և աշխարհը նրա աչքերով ներկայացրեք կարճ, բայց կոնկրետ նկարագրություններով։

Օրինակ՝ Չանդլերի «Խոր քուն» վեպը սկսվում է ընթերցողին անմիջապես պատմության միջավայր տեղափոխելով և գլխավոր հերոսի աշխարհընկալումը ներկայացնելով․ «Ժամը մոտավորապես տասնմեկն էր, հոկտեմբերի կեսերն էին, արևը չէր երևում, իսկ լեռների վերին լեռնաշղթաների վրա ծանր անձրև էր կախված։ Ես հագել էի փոշեգույն կապույտ կոստյում, մուգ կապույտ վերնաշապիկ, փողկապ, արտաքին գրպանում՝ թաշկինակ, սև կոշիկներ, սև բրդե գուլպաներ՝ վրան մուգ կապույտ փոքրիկ ժամացույցների պատկերներով։ Կոկիկ ու մաքուր էի հագնված, սափրված ու հանգիստ, և թքած ունեի, թե ով գիտեր այդ մասին։ Ես հենց այնպիսին էի, ինչպիսին պետք է լիներ լավ հագնված մասնավոր դետեկտիվը։ Ես գնում էի այցելության՝ չորս միլիոն դոլարին»։

Ինչպես տեսնում եք, պատմությունը սկսվում է գործողությամբ՝ նշելով կոնկրետ ժամը, ամսաթիվը և նկարագրելով միջավայրը։ Միաժամանակ ընթերցողը ստանում է հերոսի արտաքինի և զբաղմունքի մասին տեղեկություններ։ Հատվածն ավարտվում է հերոսի շարժառիթով՝ չորս միլիոն դոլարով։ Չանդլերը երեք տողում տեղավորել է գլխավոր հերոսին, միջավայրին և պատմությանը վերաբերող բազմաթիվ էական տեղեկություններ։

3
Ցույց տվեք, ոչ թե պատմեք

Եթե ընթերցողին պարզապես ասեք՝ «նա առաջին կարգի դետեկտիվ էր», ընթերցողը ստիպված կլինի հավատալ ձեր խոսքին։ Բայց եթե ցույց տաք, որ դետեկտիվն իսկապես առաջին կարգի է՝ նկարագրելով նրա հագուստը և այն, թե ինչպես է նա մտնում սենյակ, ընթերցողն ինքնուրույն կտեսնի, թե որքան տպավորիչ է այդ հերոսը։ Կոնկրետ մանրամասներ ցույց տալու ազդեցությունը ընթերցողի վրա շատ ավելի մեծ է, քան այդ մասին ուղղակիորեն հայտարարելը։

Մտածեք, թե ինչպես կարձագանքեիք որևէ իրավիճակի, եթե վախեցած կամ զայրացած լինեիք։ Թող ձեր հերոսն արձագանքի այնպես, ինչպես կարձագանքեր վախեցած կամ զայրացած մարդը, բայց ընթերցողին ուղղակիորեն մի ասեք, թե ինչ է զգում գլխավոր հերոսը։ Օրինակ՝ «Ստեֆանին զայրացած էր» գրելու փոխարեն կարող եք գրել․ «Ստեֆանին ջրի բաժակն այնքան կտրուկ դրեց սեղանին, որ ափսեն դողաց։ Նա ծանր հայացք նետեց նրա կողմը և սկսեց բարակ սպիտակ անձեռոցիկը փոքրիկ կտորների մասնատելլ»։

«Ցույց տվեք, ոչ թե պատմեք» սկզբունքը հիանալի աշխատում է նաև միջավայրը նկարագրելիս։ Օրինակ՝ «Խոր քուն» վեպում Չանդլերը, ընթերցողին ուղղակիորեն չասելով, որ Սթերնումները հարուստ են, նկարագրում է նրանց առանձնատան շքեղ մանրամասները․ «Սրահի խորքում ֆրանսիական դուռ կար, որի հետևում զմրուխտե խոտի մի շերտ էր ձգվում դեպի սպիտակ ավտոտնակը։ Դրա առջև նիհարավուն մի երիտասարդ վարորդ՝ փայլուն սև տաբատով, մաքրում էր բորդո գույնի, բացվող տանիքով «Փաքարդը»։ Ավտոտնակի հետևում մի քանի դեկորատիվ ծառեր կային՝ պուդելների պես խնամքով հարդարված։ Դրանց հետևում երևում էր գմբեթաձև տանիքով մեծ ջերմոցը։ Ավելի հեռվում կրկին ծառեր էին երևում, իսկ այդ ամենի հետևում՝ նախալեռների զանգվածային, անձև ուրվագծերը»։

4
Զարմացրեք ընթերցողին, բայց մի շփոթեցրեք նրան

Դետեկտիվ ստեղծելիս կարևոր է հիշել, որ հանգուցալուծումը չպետք է լինի չափազանց հանկարծակի կամ պարզունակ։ Միշտ ազնիվ եղեք ընթերցողի նկատմամբ և նպատակ դրեք զարմացնել նրան, ոչ թե շփոթեցնել։ Պատմության մեջ ներառված հետքերը, նույնիսկ կեղծ ու մոլորեցնող հետքերը, պետք է տրամաբանորեն տանեն դեպի բացահայտումը։ Ընթերցողին պետք է հնարավորություն տրվի, գոնե տեսականորեն, ինքնուրույն հասնելու լուծմանը։

Ձեր ընթերցողին դուր կգա ավարտը, եթե նրան հասցնեք այն զգացողությանը, որ ուզում է ասել․ «Ախր ակնհայտ էր։ Ես ինքս պետք է գլխի ընկնեի»։

5
Վերանայեք առաջին սևագիրը

Երբ ավարտեք ձեր դետեկտիվի առաջին սևագիրը, կրկին անցեք ամբողջ պատմության վրայով՝ ուշադրություն դարձնելով այնպիսի կարևոր կողմերի, ինչպիսիք են՝

  • Սյուժեն։ Համոզվեք, որ պատմությունը զարգանում է նախապես կազմած պլանի համաձայն և ունի հստակ սկիզբ, միջնամաս և ավարտ։ Ուշադրություն դարձրեք նաև գլխավոր հերոսի փոփոխություններին պատմության վերջում։
  • Հերոսները։ Արդյո՞ք ձեր հերոսները, այդ թվում՝ գլխավոր հերոսը, յուրահատուկ և վառ են։ Արդյո՞ք բոլոր հերոսները նույն կերպ են իրենց պահում, թե՞ տարբեր են միմյանցից։ Արդյո՞ք ձեր հերոսները ինքնատիպ և հետաքրքրաշարժ են։
  • Պատմության տեմպը։ Տեմպը այն է, թե որքան արագ կամ դանդաղ են զարգանում իրադարձությունները ձեր պատմության մեջ։ Լավ տեմպը ընթերցողի համար գրեթե աննկատ է։ Եթե թվում է, թե ամեն ինչ չափազանց արագ է զարգանում, ավելի մեծ ուշադրություն դարձրեք հերոսների զգացողություններին՝ նրանց հույզերն ընդգծելու համար։ Եթե թվում է, թե խճճվել եք մանրամասների մեջ, կրճատեք տեսարանները՝ թողնելով միայն էական տեղեկությունը։ Լավ կանոն է դրվագը միշտ ավարտել մի փոքր ավելի շուտ, քան ձեզ թվում է, որ պետք է ավարտել։ Դա կօգնի պահպանել լարվածությունը դրվագից դրվագ և թույլ կտա պատմությանը զարգանալ անհրաժեշտ տեմպով։
  • Սյուժետային շրջադարձը։ Սյուժետային շրջադարձը կարող է կա՛մ ձախողել, կա՛մ փրկել ամբողջ դետեկտիվը։ Սա, իհարկե, կախված է գրողից, սակայն շատ լավ դետեկտիվներ վերջում ունենում են որևէ շրջադարձ։ Համոզվեք, որ ձեր շրջադարձը չափազանց պարզունակ կամ էժան հնարք չէ։ Որքան ավելի ինքնատիպ լինի շրջադարձը, այնքան ավելի հեշտ կլինի այն համոզիչ կերպով ներկայացնել։ Եթե օգտագործում եք ծեծված շրջադարձ, օրինակ՝ «և այդ պահին նրանք արթնացան», ապա այն համոզիչ դարձնելու համար պետք է չափազանց վարպետ գրող լինեք։ Լավ սյուժետային շրջադարձը կարող է հիմար վիճակի մեջ դնել ոչ միայն ընթերցողին, այլև հենց գլխավոր հերոսին։ Շրջադարձի մասին ակնարկներ ցանեք պատմության տարբեր դրվագների ընթացքում, որպեսզի երբ ընթերցողը հետադարձ հայացքով հիշի նախորդ հատվածները, զարմանա, թե ինչպես էր կարողացել չնկատել այդ ակնարկները։ Սակայն աշխատեք այնպես անել, որ շրջադարձը չափազանց վաղ չբացահայտվի։

Թարգմանեց Գայանե Պողոսյանը

Աղբյուրը՝ այստեղ

Please follow and like us:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *