ԲԵԼԱ ՀԱՄՎԱՇ/ՋՐՀՈՍԻ ԴԱՐԱՇՐՋԱՆ(1962, փետրվարի 4)

 Ծնվել է 1897 թ.: Հասունության քննությունները հանձնելուց անմիջապես հետո, 1915-17 թթ. որպես ավստրո-հունգարական բանակի կամավոր կռվել է ռուս-ուկրաինական ճակատում, երկու անգամ վիրավորվել: 1919-23 թթ. Բուդապեշտում հունգարա-գերմանական բաժնի համալսարանական դասընթացների ունկնդիր էր: Երեք տարի աշխատել է որպես լրագրող: Շուրջ 20 տարի` 1927-48 թթ.-ին, գրադարանավար  է եղել Մայրաքաղաքային գրադարանում։Երկրորդ կինը, 1937-ից մինչև մահ՝ Կատալին Կեմենյը, հունգարական մշակույթի հայտնի դեմքերից է: Երկրորդ աշխարհամարտի ընթացքում ևս Համվաշը ծառայել է բանակում,- այս անգամ` ծանուցագրով,- բայց` ընդամենը հինգ ամիս: 1945-48 թթ. խմբագրել է «Համալսարանի տպարանի փոքր տետրեր» շարքը:  1946-ին հրատարակել է «Anthologia humana – Իմաստության հինգ հազար տարի» գիրքը, որ կարճ ժամանակում վերահրատարակվել է երեք անգամ: 1948-ին, ՍՍՀՄ կողմից նշանակված վարչակարգի օրոք, ըստ քաղաքական անբարեհույսների համար նախատեսված այսպես կոչված «Բ» ցուցակի՝ հարկադրված է եղել թոշակի անցնել: 1951-ից պահեստապետի աշխատանք է կատարում էլեկտրականություն արտադրող մեծ ձեռնարկության՝ Հունգարիայի տարբեր ծայրերում գտնվող մասնաճյուղերում: 1964 թ. երկրորդ անգամ են թոշակի ուղարկում, որից չորս տարի անց մահանում է ուղեղի արնազեղումից: 

Համվաշ Բելայի գլխավոր ժանրը էսսեն է, բայց ունի նաև բազմաթիվ պատմվածքներ, վիպակներ ու վեպեր, որոնցից նույնպես անպակաս են փիլիսոփայական մտորումը, շրջադարձը: Նրա ստեղծագործական ճանապարհը ժամանակակից աշխարհի համընդհանուր ճանաչումից ձգվում է մինչեւ սուրբ գրքերի գերակայություն: Միայն թե դաոյական եւ բուդդայական բնագրերը, եգիպտական ու տիբեթյան ավանդությունները, ավետարանները, կաբալան, սուֆիզմը, Յակոբ Բյոհմեի հանգույն հերմետիկական եւ ալքիմիական ավանդույթները, որ հառնում են Բելայի ստեղծագործություններում, ընթերցողի համար երբեմն այնպես են բացում ներկան, որ թվում է անիմաստ է եղել առանց այդ բանալիների ապրած կյանքը:

1962, ՓԵՏՐՎԱՐԻ 4

(Հատված էսսեից)

Հազար ինը հարյուր վաթսուներկու թվականի փետրվարի չորսին առավոտյան ժամը յոթին, ասում են, մոլորակները երկնքում բացառիկ դիրք կընդունեն: Արեւածագին Ջրհոսի նշանում Արեգակի կողքին կլինեն Լուսինը, Մերկուրին, Վեներան, Մարսը, Յուպիտերը, Սատուրնը: Ավանդական յոթ մոլորակը` մեն-մի համաստեղության մեջ: Սույն վիթխարի հանդիպավայրի ուղիղ դիմացը կշարվեն Ուրանն ու Պլուտոնը եւ, ճիշտ իննսուն աստիճանի անկյունով՝ Նեպտունը: Աստղաբաշխերն այս դիրքի հետ կապված զանազան գուշակություններ են անում, որոնցից ոչ մեկն էլ հաճելի չէ: Ջրհոսը կենդանակերպի այն նշանն է, որով այժմ անցնում է աշխարհի առանցքը: Հիսուսի ծննդից մինչեւ քսաներորդ դարի չորրորդ տասնամյակը Երկրագունդը մթնեցնում էր օրը Ձկան համաստեղությունում: Հիմա` տասնիննուկես հարյուրամյակ հետո, նոր համաշխարհային ամիս ենք մտնում: Նման անցումը միշտ էլ ճգնաժամային է եղել: Այսօր էլ նույնն է: Վաթսուներկու թվականին հաստատվող համաստեղությունը, ասում են, ճգնաժամն ավելի կշեշտի: Ոմանք սպասվող իրադարձությունը ատոմային ռումբի հետ են կապում: Այլք այս վիճակին փրկչական նշանակություն են վերագրում: Դարիս մեծ գերազանցություններից մեկն է, որ այնքան լիքն է թաքուն սարսափներով, որ մարդ ուր էլ նայի, մի-մի հայտնութենական մահտարաժամի դեմքն է տեսնում՝ իրեն հառած: Գուշակություններն էլ բավարար են, որպես աներկբայելի վկայություն, որ մինչ մարդկանց մեծամասնությունը, թվում է, սոսկ այն բանի համար է կյանքի մակերեւույթին աճապարում, որ սովից չմեռնի ու չսառչի, ներքուստ նույնքան դողում է ինչ-որ ուրիշ բանից, որի ողջամտությանը վստահելու առիթ չի ունեցել:

Մարդը ի վիճակը չէ հարկ եղածին պես զգուշանալ Աստղերի տեղաբաշխության հստակ ժամկետներին առնչվող գուշակություններից: 1962-ը, 64-ը կամ ուրիշ ակնկալվող ահեղ ժամկետ, ամենայն հավանականությամբ, հօդս են ցնդելու: Միշտ ափսոսանքի արժանի պարզամտություն կա այն բանում, որ ոմն մեկը եղելությունը կարող է ըմբռնել միայն որպես տեսանելի ու դիտելի իրադարձությունների հետեւանք: Խոսքը անգիտակից chiliazmus-ի1 այնպիսի ժամանակակից տարատեսակի մասին է, որը հրաշալի հակադրության մեջ է բացահայտ օգտապաշտ աստվածաբանական ռացիոնալիզմի հետ: Մինչ պաշտոնական գիտությունը մարդու ամբողջ կենսագործունեությունը դարձյալ մի կենդանական ցեղատեսակի յուրահատկությունների է վերածում եւ դրանով ամբողջ գոյությունն է ցանկանում հաշվարկելի դարձնել, մարդկությունը ավելի սնահավատ է, քան` երբեւէ, եւ աշխարհի վերջի երեւակայական հնարավորությունը լուրջի է առնում:

Շատ էլ զարմանահրաշ չէ: Ինչքան քիչ պետք է ապրած լինի մարդը, որ չզգա փորձանքները դարմանելու կատարյալ ժամանակավրեպությունը: Երեւի այսպիսի ժամանակների յուրահատկությունն է, որ ոչ թե նրանց են ներս թողնում, ովքեր բարելավել են ցանկանում, այլ` նրանց, որոնց միտքը տակը փորելն է: Ժամանակակից քաղաքակրթության մեքենայական ոստայնը հոյակապ է աշխատում, քանի դեռ եղանակը լավ է: Հենց երաշտն է մեջ ընկնում կամ ջրհեղեղը, ձյուն է շատ գալիս կամ անձրեւ, պարզվում է, որ այդ ամբողջը անպատկերացնելիորեն խախուտ է: Սկսում է կաղալ, բայց ոչ մեկ ոտքով կամ` մյուս: Միանգամից երկու ոտքով: Պետության հաստատությունն էլ միայն լավ եղանակի դեպքում է գործում: Իսկ երբ հասարակական խառնաշփոթ, դժգոհություն, անհանգստություն է ի հայտ գալիս, ճգնաժամի մեջ է ընկնում: Ողջ քաղաքակրթությունը նորմալ եղանակին ապահով է զգում իրեն: Հաշվի չառնելով, սակայն, հանկարծափոխությունները (մուտացիաները – թարգմ.) ու աղետները: Իսկ ինչ Ջրհոսին անցնելու շրջանում կամ, առավել եւս, արդեն այդ համաստեղության մեջ է սպառնալու, հենց այդպիսի մի հանկարծափոխություն կամ աղետ է: Նույնքան անհաշվարկելի են երաշտը, ջրհեղեղը կամ ուրիշ նման բաներ, որ քաղաքակրթությունը չէր չափակշռել եւ, այդու, հիմա իր ողջ գոյությունն է վտանգում:

Երբ որեւէ մեկը մինչեւ այստեղ հասել է, աստղաբաշխության կարիքն արդեն չունի: Մասամբ այն պատճառով, որ այդպիսի իմացության իսկական բանալիներին այսօր քչերն են տիրապետում, եւ այդպիսով մարդը գուշակությունների հանդեպ չի կարող լինել բավարար չափով կասկածամիտ, բայց մասամբ էլ` որովհետեւ առանց աստղաբաշխության էլ ամեն ինչ պարզ է: Անհրաժեշտությունը չկա եւ հինդուիստական կալի-յուգայի տեսության, որն ուսուցանում է, թե խավարչտին շրջափուլի վերջին հատվածն ենք ապրում, որի հայտանշաններն են պետությունների ու հասարակությունների կործանումը, աշխարհամարտերը, հանրային հեղաշրջումները, բարոյական dibucle-ները2, անծանոթ հիվանդությունները եւ այն փաստը, որ հասարակության մեջ հազիվ մարդ գտնվի, որն իր տեղում է. մի կողմում` կուտակված հարստությունն ու իշխանություն են, մյուսում` անկարելի աղքատություն, կրոնանմանություն, կեղծ մարգարեներ ու շատ ուրիշ բաներ: Աստղաբաշխությունը, կալի-յուգան եւ նման տեսություններն ավանդականի՛ բացատրությունն են, իսկ այսօր դրանք ազդեցիկ չեն, եւ այս միջոցներով անլուծելի են մեր գոյության խնդիրները: Մեր պատմության սույն աստիճանին` քրիստոնեական ոլորտում, գիտության, ազատության եւ անհատականության դարափուլում ավանդությունն արդեն անվավեր է:

 Առաջներում էվոլյուցիայի տեսությունն այնպես չէին ուսուցանում, ինչպես` այսօր: Շարունակական զարգացումը չէին կռահել: Կարծում էին, որ սահուն անցում բնության մեջ չկա ոչ մի տեղ: Որ ակնհայտ խնդրահարույց բացեր կան առանձին տեսակների միջեւ: Այսօր դա բացատրում են այն բանով, որ միջանկյալ տեսակները կորսվել են: Բան չեմ ասում, սա էլ հարմար մեկնակետ է: Առաջներում քիչ ավելի մտավորական եղանակով գրում էին, որ ամեն մի տեսակի առաջացումը երկար-բարակ կուտակված ուժերի եւ տեւական նախապատրաստության թռիչքաձեւ արտահայտությունն է: Այսպես կոչված` հանկարծափոխությունը: Սրա համեմատ էլ` կենդանի արարածների ընտանիքը միաբջջից մինչեւ մարդ որպես միասնական, փոխկապակցված բարձրացող համակարգ չէին դիտում: Դա շատ վերացական ու կուրադավան պիտի համարեին: Հները մտածում էին, որ եղե՛լ են հանկարծակի ոստյուններ, վազանցներ եւս, եղել են ժամանակավոր լուծումներ, նույնիսկ` փորձարարություններ, եղել են սխալներ եւ գայթումներ, ձախողումներ ու մեծաթիվ հետընթացներ: Տեսակների մի ամբողջ շարքի մասին ուսուցանում էին, թե սրանք մարդու հետընթաց զարգացումն են: Այն պատկերացումն ունեին, որ մարդկության մի մասը ինչ-որ հանկարծափոխության հետեւանքով մնացյալից պոկվել ու հետ է ընկել եւ ապա, զարգացման պակասը հատուցելու փոխարեն` էլ ավելի հետ մնացել: Այսպե՛ս ասենք. հետադարձ է կատարել եւ կրկին ուղղություն վերցրել դեպի պարզունակություն: Եգիպտոսում ասում էին` շնակապիկը, Իրանում` օձն ու մրջյունը, հետ մնացած մարդախմբեր են, որ այսպիսի choc en retour-ի3 տարօրինակ գլխապտույտի մեջ շրջվել եւ ներկայումս հետընթաց ուղղությամբ են շարժվում:

Այս պատկերը ժամանակակից, մանկաբար պարզունակ, շատ առումներով բութ ու տաղտկալի էվոլյուցիայի տեսության կողքին շատ ավելի սրամիտ ու հետաքրքիր է: Էլ չասած, թե ինչքան է արժանահավատ: Տեսակը մշտական գործոն չէ, այլ որեւէ ուղղությամբ շարժման մեջ եղող ուժերի մշտական լարում: Դարվինը սրանից որոշ բան գլխի ընկավ: Միայն թե յուրաքանչյուր տեսակ չէ, որ առաջ է շարժվում, եւ ոչ ամեն մեկն է շարժվում նույն ուղղությամբ եւ` ոչ միատարր ժամանակի մեջ: Կա այնպիսին, որ դանդաղ է շարժվում, կա, որ` կտրուկ, նույնիսկ` ոստնում է: Կան քայքայվող տեսակներ: Կան էլ` որ հետընթաց շարժման մեջ են: Այս բազմաթիվ զուգահեռ ժամանակները եւ ուղղությունները եւ նպատակները եւ շարժումները ավելի լուրջ ու իրական են թվում այսօրվա միալար, մեկ ուղղությամբ դոփող ահաբեկչա-կայսերապաշտական պետությանը հար և նման զարգացման տեսության կողքին:

Հներին չի կարելի թերագնահատել: Անչափ խելացի մարդիկ էին, շատ առումներով` ավելի խելոք, քան` մենք: Մեծ առավելություն ունեին մեր հանդեպ, որ այնպիսի պարագաների մասին էլ են մտածել, երբ ժամանակը անթերի չէ: Հաշվի են առել հանկարծափոխություններն ու աղետները: Իմացել են, որ միջակ ժամանակներին միջակ տեսություններն են համապատասխանում: Ճգնաժամերին, սակայն, այլ դրույթներ են հարկավոր: Այդպիսի պահերին պետք է ավելի խորը սուզվել եւ ավելի շատ կռճել: Փորձանքը վզներիս է նստած: Թող լինի, ինչ լինում է:

Եթե տիեզերական վիճակի հետ կապված հանկարծափոխության կամ աղետի մասին է խոսքը, սովորաբար բարեխղճորեն այն Ատլանտիդան են վկայակոչում, որը հավանաբար տասներկու հազար տարի առաջ օրըստօրե ջրասույզ եղավ օվկիանոսում: Ատլանտիդան սակայն երեկ էր, իսկ աշխարհը երեկ չէ առաջին օրն է առաջացել: Եվ ինչում նույնպես հները նորից բարձր էին` համընդհանրացումն էր, որով իրենց պատմությունն էին չափում: Ո՛չ այնպես, ինչպես մենք` սերունդներով, առավելագույնը` հարյուրամյակներով, այսինքն` ժամանակային միլիմետրերով, այլ` լայնարձակ եւ օդառատ հեռանկարներով: Երբ բանը պատմությանն էր վերաբերում, եգիպտացի, հնդիկ եւ չինացի կրոնավորները սիրտ էին անում հարյուր հազարավոր տարիներից խոսել:

Եթե մարդը ցանկանում է հանկարծափոխությունն ու նրա հնարավորություններն ըմբռնել, պետք է համենայն դեպս բրահմանների պատմական հեռապատկերները յուրացնի: Միայն այսպես կարող է հասկանալ հաջորդները:

Իրանում եթե որեւէ մեկը անհատականության դեմ ոճիր էր գործում, որպես պատիժ պետք է օձեր սպաներ: Եթե որեւէ մեկը հանրույթի դեմ էր մեղանչում, պիտի մրջնանոցներ ոչնչացներ: Սա քավությունն էր: Ծեսը փոխկապակցված է այն բանի հետ, որ օձը երբեւէ մարդ է եղել, բայց` ինքնակալ, ինքնահավան ու եսասեր, գոռոզ, սնապարծ, անդրդվելի ու անկարեկից, քարսիրտ, դաժան, եսակենտրոն մարդ: Եսի մասին հները հենց այն գիտեին, ինչ` այսօր մենք. որ, ըստ էության, մաթեկատիկական կետ է, կեղծիք, ունայնություն, ոչինչն է: Եսը մակերեւույթ է, տեսք, հագուստ, շղարշ, դիմակ: Ով տեւականորեն եսի աշխարհում է ապրում, մակերեսի է վերածվում: Ուստի եսասերը սնապարծ է, իսկ սնապարծությունը զուտ ձեւական արտաքին է: Մնացյալներից կտրվում է, անզգա դառնում, ուստի` գոռոզ ու հաստակող: Ներաշխարհը կամաց-կամաց պարպվում է, եւ նրանից մնում է սոսկ այն, ինչ արտաքին տեսք է: Եղած-չեղածը` քող: Մեն-մի գիծ: Օձը: Ով իր միջնակետում եսն է տեղադրում, նրա միջնակետը պարապ է: Դիմակ է եւ գիծ: Օձը, եթե դիմացից նայես, կետ է, կիսադեմից` գիծ: Այս կետն ու այս գիծը եսի ճշմարիտ պատկերն են:

Ինչ-որ մի հանկարծափոխության հետեւանքով ես-մարդը` այդ ինքնակալ անսիրտ դիմակը, մարդկությունից պոկվեց – հետ գնաց: Դա դժվար չէր: Մեկ է, նրան բան չէր կապում հանրությանը: Հիմա լրիվ ինքն իր գլխին մնաց: Այս ամենը հավանաբար հարյուր հազար տարում է կատարվել, բայց մեն-մի հարվածով` դարձել իրականություն: Նա ոսկրացել է իր սեփական դիմակի մեջ, ավելի ու ավելի կորցրել մարդկային կերպարանքն եւ այնպիսի տեսք առել, որը համապատասխանում է իր գոյությանը: Այդ տեսքը օձն է: Օձը, որն այլ բան չէ, քան` մակեւույթ, անկենտրոն դատարկություն: Դիմակն է եւ միջնակետում գոյություն չունեցող մի կեղծիք: Մի զգեստի ծվեն, թել, շղարշ մակերեւույթ, գիծ:

1947, դեկտեմբեր

Հունգարերենից թարգմանեց Վահրամ Մարտիրոսյանը

 

  1. Քրիստոսի հազարամյա երկրային տիրակալությունը դավանող վաղ քրիստոնեական ուսմունք, որն այսօր էլ դեռ քարոզվում է որոշ կրոնական աղանդներում: ↩︎
  2. Տապալում (ֆր.): ↩︎
  3. Անդրադարձ թռիչք (ֆր.): ↩︎
Please follow and like us: