Հատված Ռյուդիգեր Սաֆրանսկու «Կաֆկա։ Հանուն կյանքի գրողը» գրքից
1912 թվականի սեպտեմբերի 20-ին՝ երկու օր առաջ այն գիշերվանից, երբ ավարտվց «Դատավարությունը», Կաֆկան գրեց իր առաջին նամակը Ֆելիցիային։ Այդ նամակը դեռ զգուշավոր էր, զննող։ Բայց արդեն երկրորդ նամակում՝ մեկ շաբաթ անց, նա հարցնում է Ֆելիցիային՝ երբ է նա նախաճաշել, երբ է մեկնել աշխատանքի, ինչպիսի տեսարան է բացվում նրա սենյակից, ինչով է զբաղվել աշխատանքի ավարտից հետո, ում է հանդիպել, ինչ եղանակ է եղել, ինչպես է քնել։ Զարմանալի է, Կաֆկան, որն արդեն երրորդ նամակում բացում է իր հոգին Ֆելիցիային, սկզբում այնքան էլ չի հետաքրքրվում նրա մտքերով ու զգացմունքներով։ Ինչ վերաբերում է իրեն՝ նա վստահեցնում է, որ արտաքին իրականությունը չի կարող արտահայտել իր ներաշխարհը։ Փոխարենը՝ Ֆելիցիայից նա փորձում է քաղել ամենայն մանրամասնությամբ արձանագրված արտաքին իրականության նկարագրություններ։
Ֆելիցիայի պատասխան նամակները չեն պահպանվել։ Անկասկած, երբ նամակագրությունը սկսել է հաճախակիանալ, նա նույնպես սկսել է կիսվել իր ներքին ապրումներով, բայց Կաֆկան այնքան քիչ է անդրադառնում դրանց, որ նրա նամակներից մենք կարող ենք Ֆելիցիայի կերպարը պատկերացնել միայն խամրած ու անհստակ գծերով։ Ինքնավստահ, տոկուն, վճռական, գործի մեջ հաջողակ, հավակնոտ՝ այսպիսին է նա Կաֆկայի պատկերացմամբ, կամ էլ՝ այսպիսին է Կաֆկան ցանկանում նրան տեսնել։
Սկզբում, հավանաբար, Ֆելիցիան սարսափեց նրա նամակների հեղեղից։ Նա որոշ սեթևեթանքով նշում է, թե այդ երեկո Կաֆկան առանձնապես ուշադրություն չէր դարձնում իրեն։ Դրան Կաֆկան պատասխանում է մի հսկայական նամակով, որտեղ մանրամասնորեն նկարագրում է իրենց առաջին հանդիպման երեկոն. ինչպես էր նա հագնված, ինչպես էր ուղղում մազերը, ինչի մասին էր խոսում՝ մոռանալով անգամ ճաշի մասին, ինչպես էր նայում նրա Վայմարի ճանապարհորդության լուսանկարները և ինչ հիացմունքով էր մեկնաբանում Գյոթեի տուն-թանգարանի նկարները, ինչպես էր «սահուն դուրս եկել» սենյակից ու մի փոքր անց վերադարձել՝ պատրաստ դուրս գալու, ինչպես էր ինքը՝ Կաֆկան, անխոս և ամաչկոտ ուղեկցում նրան, մինչդեռ նա փորձում էր վերսկսել զրույցը, ինչպես էր հրաժեշտի պահին Կաֆկան նորից հիշեցնում Պաղեստին մեկնելու գաղափարի մասին, «որը, կարծես, ոչ ոք՝ բացի ինձանից, լուրջ չէր ընդունում»։
Այդ երկար նամակից հետո նա նրան ուղարկում է կարճ մեկը՝ ներողություն խնդրելով. «Չպետք է կարծեք, որ նման անվերջանալի ուղերձներով, ինչպիսին երեկվանն էր (որի համար ես ինքս ինձ արդեն նախատում եմ), ցանկանում եմ զրկել Ձեզ ոչ միայն ընթերցանության, այլև հանգստի և քնի ժամերից ու սպասում եմ մանրամասն ու ճշգրիտ պատասխանների։» Բայց հենց դա էլ անում է։ Նա խնդրում է նրան պատասխանել որքան հնարավոր է շուտ և մանրամասն։ Շուտով սկսում է հանդիմանել նրան այն բանի համար, որ որոշ նամակներ չեն հասել կամ չափազանց կարճ են։ Նա հեռագրեր է ուղարկում՝ հայտնելու, որ իր նամակը շուտով կգա, կամ հիշեցնելու, որ սպասում է պատասխանին։ Նա մանրակրկիտ նկարագրում է իր հոգեվիճակը՝ նամակների սպասման պահին։ Քանի որ նրանք դեռ շատ բան միասին չեն ապրել, նա հիմնականում գրում է այն մասին, թե ինչպես է գրում նամակներ և ինչպես է սպասում դրանց։
Ապա սկսում է նրան խորհուրդներ տալ։ Եթե նա բողոքել է գլխացավից՝ «Դադարեք ընդունել պիրամիդոն և նմանատիպ միջոցներ։ — պատասխանում է նա։ — Պետք է գնալ գլխացավերի պատճառներին, ոչ թե դեղատուն»։ Նա պետք է չմոռանա, որ միայն «մարդը մարդուն» կարող է բուժել։ Իսկ Կաֆկայի համար բուժումը միայն գրելը կարող է լինել. «Իրականում, իմ ամբողջ կյանքը վաղուց կազմված է գրելու փորձերից, որոնց մեծ մասը ձախողված են։ Բայց եթե այդ փորձերը չլինեին, ես վաղուց կփլվեի ու կդառնայի աղբ՝ հարմար միայն ցախավելի ու բահի համար»։
Մի փոքր անց՝ նոյեմբերի 17-ին, նա սկսում է գրել «Կերպարանափոխությունը»՝ պատմություն այն մասին, թե ինչպես է հերոս Գրեգոր Զամզային, որը վերածվել է միջատի, իսկապես ավլում ցախավելով ու բահով։ Նամակում նշված մետաֆորան անցնում է պատմվածքի։
Պատմվածքն ավարտելուց հետո նա գրում է Ֆելիցիային, որ իրեն անհրաժեշտ էր գրել այն միանգամից՝ քսան ժամվա ընթացքում։ Աշխատանքում ընդմիջումները, որոնք, ի վերջո, տևեցին երեք շաբաթ, կարող էին վնասել տեքստին։ Նա կիսվում է՝ պատմելով, թե ինչպես է առաջ գնում գործը։ Միայն լիովին թաթախվելով պատմության մեջ՝ չնչին ընդմիջումներով, միայն վստահելով անկանխատեսելիությանը, կարող է նա զգալ ստեղծագործելու հաճույքը։ Առաջ շարժվել հնարավոր է միայն այն դեպքում, երբ ամբողջությամբ ընկղմված ես։ Ավարտը կարող է լինել ինչպիսին ասես, բայց սկիզբը պետք է ուժեղ լինի։
«Կերպարանափոխության» համար Կաֆկային հաջողվում է գտնել բացառիկ ուժեղ սկիզբ. ամուրի Գրեգոր Զամզան մի առավոտ արթնանում է ու հայտնաբերում, որ վերածվել է «սարսափելի միջատի»։ Արտաքուստ նա խոշոր բզեզի է նման, բայց ներսում դեռևս նույն Գրեգորն է՝ ընտանիքի միջավայրում։
Այս պատմությունը կարելի է կարդալ որպես յուրօրինակ փորձ. ինչպե՞ս կփոխվեն ընտանիքում հարաբերությունները, եթե տեղի ունենա նման դժբախտություն։ Հնարավոր է՞, որ այս իրավիճակում Գրեգորի և նրա ընտանիքի իրականությունը աղավաղվի անճանաչելիորեն։
Այսպիսով, ինչպես «Դատավարությունում», այստեղ էլ մենք գործ ունենք ընտանիքի խնդիրների հետ, որոնք նոր ուժով կանգնեցին Կաֆկայի առջև այդ մի քանի շաբաթների ընթացքում։ Դեռ նախորդ գրվածքներում նա արդեն բողոքել էր ծնողական տան դժնդակ աղմուկից։
Կաֆկայի համար իրավիճակն ավելի սրվեց, երբ, ինչպես արդեն նշվեց, 1911 թվականի վերջում հայրը և փեսան հիմնեցին ասբեստի գործարան, իսկ Կաֆկայից՝ որպես գործընկեր, ակնկալում էին ակտիվ մասնակցություն։ Եթե ապահովագրական ընկերությունում նա ներկայացնում էր աշխատողների շահերը, ապա սեփական գործարանում նրան սպասվում էր գործարարների շահերի պաշտպանություն։ Դերի այդ փոփոխությունը դժվարությամբ էր տրվում, բայց ամենատհաճն այն էր, որ նա կորցնում էր թանկարժեք ժամանակը, որը կարող էր հատկացնել գրելու։ Այդ հակասությունը Կաֆկայի համար այնքան ցավոտ դարձավ, որ նա սկսեց մտածել ինքնասպանության մասին ու հրաժարվեց այդ մտքից միայն այն պատճառով, որ, ինչպես հեգնանքով գրում է, «կյանքը իմ գրելու ցանկությանը <…> ավելի քիչ է խանգարում, քան մահը»։
1912 թվականի նոյեմբերի կեսին, երբ Կաֆկան սկսեց «Կերպարանափոխությունը», ընտանեկան խնդիրները դեռ հեռու էին լուծումից։ «Մի անգամ՝ անհանգիստ քնից արթնանալուց հետո, Գրեգոր Զամզան հայտնաբերեց, որ իր անկողնում վերածվել է սարսափելի միջատի» — այսպես է սկսվում պատմվածքը։ Սա հիշեցնում է «Դատավարության» սկիզբը. այնտեղ Յոզեֆ Կ.-ն, մի առավոտ արթնանալով, հայտնաբերում է, որ ձերբակալված է։ Ո՛չ Գրեգորը, ո՛չ Յոզեֆ Կ.-ն չգիտեն, թե ինչու է այդպես պատահել։ Ամեն ինչ սկսվում է անբացատրելի փաստից, որն անմիջապես առաջ է բերում հարց՝ պատճառի, մեղքի մասին, բայց պատասխան չի տալիս։
Բայց Գրեգորը, ի տարբերություն Յոզեֆ Կ.-ի, չի ջանում հասկանալ, թե ինչով է մեղավոր։ Այդ հարցը կփորձեն պարզել պատմության առաջին մեկնաբանները։ Սկզբում նա փորձում է գիտակցել՝ ինչ է տեղի ունեցել, ինչ մարմնի մեջ է հայտնվել։ Նա հայտնաբերում է «պատյանման կարծր մեջք», ուռած փոր, որից սահում է ծածկոցը, բազում բարակ ոտքեր, որոնք «շարժվում են» իր աչքերի առջև, կարծես չհնազանդվելով կամքին։ Նա ուրախ կլիներ, եթե պարզվեր, որ սա ընդամենը երազ է։ Բայց սա երազ չէ։ Քանի որ սենյակը, որտեղ նա արթնացել է, անշուշտ իր սենյակն է, ամեն ինչ այնտեղ ծանոթ է և իր տեղում՝ իր սիրելի նկարը՝ մորթե գլխարկով տիկնոջ պատկերով՝ պատից կախված. նա, որպես չամուսնացած տղամարդ, ինքն էր պատրաստել այն՝ կտրելով պատկերազարդ ամսագրից։
Քանի որ ամեն ինչ շրջապատում անփոփոխ է, նա մի պահ մոռանում է իր մարմնական փոփոխության մասին։ Եթե դրսում ոչինչ չի փոխվել, ինչու՞ պետք է ներսում ինչ-որ բան փոխված լիներ։ Ժամանակ կանցնի, մինչև աղետը իսկապես հասնի նրա գիտակցությանը։ Պատմվածքը վարպետորեն ձգձգում է այդ սարսափելի պահը։ «Լավ կլիներ մի փոքր էլ քնել ու մոռանալ այս հիմարությունը», — մտածում է Գրեգորը, բայց անմիջապես նկատում է, որ չի կարող շուռ գալ աջ կողի վրա, որի վրա սովորաբար քնում էր։ Փոխված մարմինը հիշեցնում է իր գոյությունը ցավով։