Խարխլելով գերիշխանության ապարատը/Արփի Ոսկանյան

    «Մենք ձեզ կզանգահարենք»՝ այսպես է վերնագրել Արփինե Վարդանյանը իր անդրանիկ գիրքը՝ պատմվածքների ժողովածուն, որի նախաբանը գրելու պատիվը վերապահված է ինձ։ Առիթը ինձ համար պակաս ուրախալի չէ, քան հենց հեղինակի համար։ Ես այն մարդկանցից եմ, որ անհամբեր ու մեծ հետաքրքրությամբ եմ սպասել Վարդանյանի ամեն մի նոր պատմվածքին, իմ աչքի առջեւ է ձեւավորվել հեղինակի ձեռագիրը, իմ աչքի առաջ է նա շարժվել առաջ գրականության իր ճանապարհով՝ երբեմն փոքրիկ, երբեմն մեծ քայլերով, երբեմն էլ անսպասելի ցատկերով ու թռիչքներով։ Ես հպարտություն եմ զգում, որ տեսել եմ նրա անվստահ քայլերում այդ համարձակ թռիչքների հնարավորությունը, դրանց անխուսափելիությունը հեռանկարում։   Արփինե Վարդանյանի ձեռագրի ձեւավորման, նրա նախընտրած թեմաների շրջանակի հարցում որոշակի ու էական դեր է կատարել «Գրողուցավ» գրական կայքը։ Կայքի ձեւավորած հոսանքը  իր որդեգրած սկզբունքներով՝  քաղաքական ու սոցիալական խնդիրների հաճախ ճակատային անդրադարձերով, քննադատական իրապաշտության թարմացված ու արդիականացված մոտեցումներով, դարձել է այն բարենպաստ միջավայրը, որում Արփինե Վարդանյանը գտել է իր ուրույն ձայնը, միացրել այն կայքի հեղինակների բազմաձայնությանը։

    Ինչի՞ մասին է գրում Արփինե Վարդանյանը։ Նա գրում է մեր կյանքի մասին, գրում է հենց մեր մասին՝ աշխատանք փնտրող եւ չգտնող մարդկանց,  նոր ու հին ժամանակների սահմանագծին իր գոյության իմաստը, իր լինելիության կերպը ու արդիականացման հնարավորությունը փնտրող ու չգտնող հայկական ընտանիքի, ընտանիքում հոգեբանական ու ֆիզիկական բռնության ենթարկվող կանանց ու ու պակաս կարեւոր չէ՝ տղամարդկանց մասին։ Նա գրում է՝  ի ցույց դնելով հայկական ընտանիքի փորոտիքը՝ այն, ինչ հաճախ պատված է սրբության գեղեցիկ շղարշով, որի տակ դժվար է երեւակայել գարշանքի առկայությունը։ Նա գրում է այն թեմաներով, որոնց մասին ընդունված չէ գրել, այլ միայն բամբասել սուրճի սեղանի շուրջ կամ ֆեյսբուքյան կանացի խմբերում։ Թեմաներով, որոնցով չի ստեղծվում «բարձր գրականություն», քանի որ «բարձր գրականության» տեսանկյունից դրանք  արհամարհված են որպես ցածրակարգ թեմաներ։ Բայց դրանք, հենց դրանք են մեր կյանքը։

    Սակայն որքան էլ թեմաները լինեն արդիական ու հրատապ, շարադրանքը գրականության հավակնություն ներկայացնելու համար պիտի երկխոսության մեջ մտնի գրական համատեքստի հետ, պիտի գտնի իրենից առաջ ստեղծված գրականության հետ հարաբերվելու կերպը, երկխոսի այդ գրականության հետ, եւ նույնիսկ երկխոսությունը մերժելու պարագայում այդ մերժումը պիտի լինի գիտակցված ու իմաստավորված։ Լինելով նաեւ գրականագետ՝ Արփինե Վարդանյանը հրաշալի է տիրապետում այս համատեքստին, նա գիտի՝ ինչպես շարունակել ավանդույթն ավանդապահության թակարդում չհայտնվելով, նա տիրապետում է ավանդույթը թարմացնելու ու նորոգելու, այն վերանայելու ու վերաիմաստավորելու գործիքներին։ Այն, ինչ հատկապես սիրելի է նրա գրի եւ գրողական կերպարի մեջ, էլիտիզմի ու սնոբիզմի որեւէ դրսեւորման  մերժումն է։ Նա թե՛ գրական ավանդույթին, թե՛ իր կերպարներին, թե՛ տեքստային հումքին մոտենում է հետազոտողի դիրքերից՝ ինչպես հավասարը հավասարին, ապրումակցողի հոգատարությամբ։ 

   Արփինե Վարդանյանի մոտեցման յուրահատկությունն այն է, որ առերեույթ ճակատայնության, ասելիքի պարզության ու նպատակադրվածության հետ զուգահեռ առկա են քաղաքացիական հասարակության օրակարգերի պատումներից դուրս սպրդող եւ ուղղորդման չենթարկվող շերտեր։ Հեղինակը կարող է խոսել բռնությունից, ընթերցողը կարիք չունի կռահելու նրա միանշանակ դատապարտումը, նրա տեղն ու դիտանկյունը, որից նա նայում է խնդրին, սակայն այս վերահսկվող տարածքից երբեմն դուրս են սպրդում մարդկային հոգու մութ ու անբացատրելի մղումները։ Նա դատապարտում է բռնությունը, բայց կարող է նաեւ թույլ տալ իր հերոսներին երանությամբ վերհիշել ընտանեկան բռնության դրվագները, ինչպես, օրինակ, «Ցուրտը» պատմվածքում։  Այս բազմաշերտությունն է, որ նրա պատմվածքները դարձնում է հետաքրքիր ու խորություն է հաղորդոմ կերպարներին։ Որ հեղինակին գաղափարների տարածողից ու ուղերձներ հղողից վեր է ածում մարդկային հոգու հակասական մղումները ուսումնասիրող հետազոտողի։

   Մեկ այլ՝ «Ուժը»  պատմվածքը անսպասելի, շոկային հանգուցալուծմամբ է նկարագրում գավառական ընտանիքում մշտապես ընթացող եւ իր այդ ընթացքի պատճառով արդեն աննկատ  ու սովորական դարձած դրաման, հերոսների կյանքի անդուլ կրկնվող սցենարը, որից թվում է՝ ոչ մի ելք չկա։ «Ասում են՝ օջախը վառ պահելու համար սեր է պետք: Ծիծաղում եմ ու դառը հոգոց հանում: Մենք այդպես էլ ոչինչ չունեցանք՝ ո՛չ սեր, ո՛չ համերաշխություն: Ոչ մի բան: Իսկ ներսս մի բան այրում է, սեղմում է, ցավում է»,- այսպես է սկսվում Վարդանյանի «Ուժը» պատմվածքը, որի հերոսուհին գավառական քաղաքում իր հասուն կյանքը կառուցելու սահմանափակ ձեւերից մեկը ընտրած կին է։ Երիտասարդ տարիքում կարծելով, որ իր հետ կատարվածը սեր է, ծնողներին կամքին հակառակ հերոսուհին փախչում է սիրած տղայի հետ ու հայտնվում սկեսուրի ընտանիքում։ «Կիսուրս այն ժամանակ ջահել, շերեփը ձեռքը ուժեղ կնիկ էր, կասկածանքով նայեց ինձ ու հոգոց հանելով ասաց.  «Հորդ ու մորդ չլսեցիր՝ տղիս առար, դու ինձ լսող հարս կլինե՞ս, օղո՛ւլ»»: 

   Չնայած հերոսուհին արագ է հասկանում, որ ամոսնու հետ սեր չի եղել, բայց երեխաները շարունակում են ծնվել։ Նա ընդունում է իր ճակատագիրը՝ ապրել առանց սիրո, հասկանալով, որ ինքն էլ քիչ-քիչ վերածվելու է նրան, ինչը ատում է ու արհամարհում։ Երեք երեխան էլ փախչում են ընտանիքից։  Առաջին երկուսը փախչում են սիրած մարդու հետ՝  հավանաբար կրկնելու կյանքի նույն սցենարը։ Սակայն երրորդը փորձում է դուրս գալ կանխորոշված ճակատագրի շրջանակից՝ նա գնում է քաղաք, մազերը ներկում է «ռիժի»։ Մազերի գույնը դառնում է մոր հետ բախման խորհրդանիշը։  Աղջիկը միայն հայրական տնից չի փախել, ինչպես արել են նրա քույրն ու եղբայրը։ Նա անսեր կյանքից չի փախել դեպի թվացյալ սերը՝ մեկ այլ ընտանիք, որ շուտով հայտնաբերելու է իր նմանությունը նախորդին։ Նա մերժել է կյանքի կազմակերպման այդ ձեւը։ Նա մերժել է իր ծնողների արժեքները։ Նա մերժել է կյանքը իներցիայի վերածելու պարտադրանքը։ Նա մերժել է անսեր կյանքը, որին դատապարտվում են նրանք, ում թվում է, թե սեր են գտել։ Այս արմատական մերժման հանգուցալուծումը մահն է։ Չկա կյանք ընդունված դժոխքից դուրս։ Աղջիկը պատահարի զոհ է դառնում։ Նրա դեմքը անճանաչելիորեն փոխված է, մայրը նրան ճանաչում է «ռիժի» մազերով։ Դիահերձարանում նրան հավաստիացնում են, որ աղջկա դեմքը այդպես չեն թողնի, կուղղեն, կգեղեցկացնեն։ Մայրը ընդունում է հրեշավոր որոշում, նա ասում է՝ մազերը ներկեք շագանակագույն։ Սա նրա հաղթանակն է՝ ապրողի հաղթանակը մեռածի հանդեպ, հարմարվածի հաղթանակը չհարմարվածի հանդեպ, կյանքի կանոններն ընդունածի հաղթանակը դրանք մերժածի հանդեպ։ Սակայն հերոսուհին էլ է հասկանում, որ սա իրական հաղթանակ չէ, գուցե բոլորովին հաղթանակ չէ, գուցե հենց պարտությունն է, որ կա։ Աղջիկն իր մահով զրկել է նրան իր հանդեպ իրական հաղթանակ տանելու հնարավորությունից։ Նա դուրս է դրել իրեն այդ համակարգից, որտեղ սեր փնտրողները դատապարտվում են անսեր կյանքի,  պայքարողները վերածվում են նրան, ինչի դեմ պայքարել են եւ այլն։ Նա այն փորձաքարն է, որի վրա ջարդվում է մոր ուժը։ Մոր տիրապետության տակ միայն նրա այլանդակված ու անկյանք մարմինն է, բայց երբեք ոչ ազատ հոգին։

   Վարդան Ջալոյանը իր «Երկու հայրիշխանական պատմվածք» հոդվածում Վարդանյանի «Ուժը» պատմվածքի մասին գրում է․ «Պատմվածքը վերաիմաստավորում է «թույլերի» մասին պատկերացումը՝ ներկայացնելով «թույլերին» որպես ստեղծագործական վերահամադրողներ և գյուտարարներ, նուրբ մանիպուլյատորներ և ձևացնողներ, հաջողությամբ, բայց աննկատ և  ակամա խարխլելով գերիշխանության ապարատը»։

    Մեր ժամանակներում, երբ համացանցը դարձել է գրականության տարածման հիմնական միջավայրը, գրքի տպագրությունը կարող է փոքր-ինչ ավելորդ թվալ։ Սակայն գրքի տպագրության իմաստը միայն գրական գործերը ընթերցողին հասցնելը չէ, այն կարեւոր է նաեւ գրողի համար, քանի որ նշանավորում է նրա ստեղծագործական կյանքում որոշակի շրջափուլի ավարտը։ «Մենք ձեզ կզանգահարենք»-ը նույնպես որոշակի շրջափուլի ավարտի մասին է խոսում Արփինե Վարդանյանի կյանքում։ Եվ մեզ մնում է միայն հուսալ ու մաղթել, որ նրա ստեղծագործական ուղու նոր շրջադարձերը ու նոր հանգրվանները լինեն ոչ պակաս եւ էլ ավելի տպավորիչ։ 

                                                                                                                                          Արփի Ոսկանյան

Please follow and like us:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *