5 հայտնի գիրք, որ հրատարակիչները մերժել են

Հեշտ է մարել հեղինակի ստեղծագործական եռանդը նրան անվերջ քննադատելով եւ մերժելով։ Սկսնակ հեղինակներին, որոնց գործերը խմբագիրները մերժում են հրապարակել, իսկ հատարակիչները՝ հրատարակել, պետք չէ հուսահատվել։ Պետք է հիշել, որ մերժումից չեն խուսափել նաեւ հետագայում համաշխարհային համբավ ձեռք բերած դասականները։ Ահա նրանցից մի քանիսը իրենց մեծահամբավ երկերով։

Ջեյմս Ջոյսի «Ուլիսեսը»

20-րդ դարի գլխավոր վեպերից մեկի ճակատագիրը այնքան էլ հարթ չդասավորվեց։ Այն մաս-մաս տպագրվել է Little Review ամերիկյան ամսագրում 1918 թվականի մարտից մինչև 1920 թվականի դեկտեմբերը, սակայն սեքսի սկանդալային տեսարանները երբեք չեն հրապարակվել։ Առանց կրճատումների «Ուլիսեսը» հրատարակելու մասին խոսք լինել չէր կարող։ Ամերիկյան և բրիտանական խոշոր հրատարակչությունները կտրականապես հրաժարվեցին հրատարակել «անբարոյական գիրքը»։ Այնուամենայնիվ, Ջոյսը ցանկանում էր վեպը տպագրել իր քառասունամյակի առթիվ։ Հանճարին օգնության է հասել փարիզյան «Shakespeare and Company» գրախանութի սեփականատեր Սիլվիա Բիչը։ Նրա գրախանութում գործում էր մի փոքրիկ հրատարակչություն, որն էլ հենց 1922 թվականին հրատարակեց «Ուլիսեսը» 100-ից 150 տպաքանակով, հոլանդական թանկարժեք թղթի վրա։

Վլադիմիր Նաբոկովի «Լոլիտան»

Ամերիկացի հրատարակիչները անբարոյական են համարել հասուն տղամարդու՝ փոքրիկ աղջկա հանդեպ սիրո մասին պատմող ստեղծագործությունը։ Viking-ը, Simon & Schuster-ը, New Directions-ը, Farrar-ը, Straus-ը և Doubleday-ը մերժել են ձեռագիրը։ ԱՄՆ-ում տպագրվելու մտքից ձեռ քաշելով՝ Վլադիմիր Նաբոկովը որոշեց «Լոլիտան» ցույց տալ ֆրանսիացի հրատարակիչներին։ Ձեռագրով հետաքրքրվեց Olympia Press-ը, որը մասնագիտացած էր էրոտիկ գրականության ասպարեզում։

Չնայած ընկերների հորդորներին՝ Նաբոկովը համաձայնել է հրատարակությանը, իսկ «Լոլիտան» լույս է տեսել 1955 թվականի սեպտեմբերին։

Մարգարեթ Միթչելի «Քամուց քշվածները»

Սքարլեթ Օ’Հարայի և Ռեթ Բաթլերի դրամատիկ սիրո պատմության մասին վեպը մերժել են 38 հրատարակիչ։ Բայց ո՛չ Մարգարեթ Միթչելը, ո՛չ նրա ամուսինը՝ բանասեր Ջոն Մարշը, չէին պատրաստվում հանձնվել։ Ի վերջո, Մարշը օգնեց իր սիրելի կնոջը գտնել հրատարակչություն, որը համաձայնեց հրատարակել այն աշխատանքը, որի վրա գրողը աշխատել էր 10 տարի։

«Քամուց քշվածները» լույս է տեսել 1936 թվականի հունիսի 30-ին, իսկ արդեն դեկտեմբերին վաճառվել էր վեպի միլիոներորդ օրինակը։ Ավելին, վեպի էկրանավորմանը համաձայնվելու համար Միթչելը ստացել է 50,000 դոլար, իսկ հաջորդ գրքի «հոնորար» սյունակում նա կարող էր մուտքագրել ցանկացած թիվ, բայց այլևս երբեք նոր վեպ չստեղծեց։

Սթիվեն Քինգի «Քերրին»

Երբ երիտասարդ Սթիվեն Քինգը իր վեպի հետ գնում էր այս կամ այն ​​հրատարակչություն, նրան անընդհատ ասում էին, որ մռայլ ուտոպիաները չեն վաճառվում, և գիրքը հաջողություն չի ունենա: Ավելին, գրողն ինքը վեպը համարել է անհաջող։ Նա գրքի սեւագիրը շպրտեց, բայց նրա կինը՝ Տաբիտան, հանեց ձեռագիրը աղբամանից և ստիպեց ավարտել տեքստը։

Ի վերջո Քինգին հաջողվեց հրատարակիչ գտնել, և մեկ տարվա ընթացքում նրա «Carrie»-ն վաճառվեց մեկ միլիոն օրինակով։ Իսկ «Քերիի» առաջին էկրանավորումը 1976 թվականին վաստակել է 33,8 միլիոն դոլար։

Ջ.Կ. Ռոուլինգի «Հարրի Փոթերը»

Վեպը, որը վաճառքի ծավալով զիջում է միայն Աստվածաշնչին, մերժել է 12 հրատարակչություն։ Նրանք հավանաբար դեռ զղջում են դրա համար։ Ի դեպ, «Բլումսբերի»-ն, այն ժամանակ փոքրիկ և քիչ հայտնի հրատարակչությունը, հրատարակեց «Փոթերի» շարքի առաջին մասը միայն այն պատճառով, որ տնօրենի փոքրիկ դուստրը հավանել էր այն:

«Հարրի Փոթերը և փիլիսոփայական քարը» թողարկվելուց հետո Ջ.Կ. Ռոուլինգը ստացավ 1500 ֆունտ ստեռլինգ հոնորար և խմբագրի խորհուրդը՝ աշխատանք գտնել, քանի որ մանկական գրքերը վատ էին վաճառվում։ Այնուամենայնիվ, վեպը շատ արագ ճանաչվեց որպես Մեծ Բրիտանիայի լավագույն նոր գրքերից մեկը, և ամերիկացի հրատարակիչն արդեն գնեց այն հրատարակելու իրավունքը 100.000 դոլարով։

Ճակատին տարօրինակ սպի ունեցող տղայի պատմության շնորհիվ 2004 թվականին Ջ.Կ. Ռոուլինգը դարձավ մոլորակի ամենահարուստ կանանցից մեկը, իսկ Bloomsbury Publishing PLC-ն՝ Միացյալ Թագավորության ամենամեծ հրատարակչություններից մեկը։

Պատրաստեց Գայանե Պողոսյանը

Please follow and like us:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *