Լուսանկարը՝ Նազիկ Արմենակյանի

ԱՆՆԱ ԴԱՎԹՅԱՆ/ԶՈՐԱ

(հատված)

Ջաբրայիլ մեկնած կամավորների գրեթե ողջ գունդը զոհվել էր։ Վահիկը տեսել էր ամեն ինչ՝ խաշված-այրված աշխարհը. սիրտը կոշտացած, հումորի տեղը կոշտացած՝ նայել էր խոտերի մեջ խլրտացող բզեզներին, որ մեծ պայթյուններից անտեղյակ՝ շարունակում էին իրենց հանապազօրյան։ Զատիկը դրել էր ձեռքին ու հետեւել։ Նա պտտվել էր մատների մեջ, մատնաբարձիկների վրայով, բացել, թափահարել էր թափանցիկ թեւերը, ապա կոշտ, պուտիկավորները նորից վրա էր բերել, ման ածել մանրիկ ոտքերը, հետո մի պուտ դեղին հետք էր թողել ու հանկարծակի թռել-հեռացել դեպի արկի հողն ու փոշին, արեւի խավարելը, դեպի աշխարհի մշտնջենական հոշոտումը։ Տարօրինակ էր, որ դեռ կյանք կար այստեղ՝ մանր ու փխրուն, երերուն սահմանի վրա։ Ամեն վայրկյան էր ինչ-որ բան մեռնում՝ զինվոր, բզեզ կամ հույս։ Վահիկը ամեն թեւ առածի հետ էր, որ թռչում էր, հեռանում դեպի իր ներսը։

Չէ, չե՛մ թողնելու զատիկի այս աշխարհը, զատիկն իմն է, զատիկի թռիչքը տեսնողը ես եմ։ Ես տեսա նաեւ, որ վախեցավ, թե ինչ, բայց դեղին մզեց մատիս ու թռավ։ Ո՞ւր, այ բողկ։ Բա մեր այս միավորիկ աշխա՞րհը։ Բա մեր գլխով անցած-դարձա՞ծը։ Մեր՝ մինչեւ հիմա միասին ապրելը։ Գիտե՞ս դեռ քանի հազար տարի առաջ։ Զատիկն ու մարդը։ Ով էլ որ եկավ-գնաց, մեկ է՝ մեր միասին ապրելը կար։ Քարտեզներից էլ առաջ։ Հիմա ո՞ւր թռար, գուցե սահմա՞ն հատեցիր։ Սահմաններ գծողը դու ե՞ս։ Դրանք քեզ սկի զատիկի տեղ չեն դնի։ Դու մարդահեսաբ չես էդ կողմերում։ Լուսին կրծող ես։ Ես քեզ կտայի զատիկի քո երգը։ Որը դեռ պիտի գրեմ։ Ուղղակի պրծնենք մի էս գործը։

Կատուներին կերել ենք, հետո՞ ինչ, դա միշտ էլ զինվորի բաժինն է։ Զինվորն ամենակեր է։ Մասուր ու եղինջի թփեր։ Մեր ստամոքսներում մասուր ու եղինջի թփեր։ Մեր ստամոքսները երբ բացեն։ Շների թափված փորոտիք։ Բայց վարազները դա էլ են ուտում։ Բայեվոյ զինվորներ են։ Շատ ուժեղ տպեր են։ Կռվում են երկու կողմի համար հավասար։ Դուրս թափվելով յոթ թշնամական անտառից։ Ուտում են ում ասես, ազգություն ու կրոն մեջտեղ չեն բերում։ Դիակ չեղած տարիներին կաղին էլ են ուտում։ Երանի կարողանայի փորոտիք ուտել։ Պարզապես քիմքի հարց է։ Ընդամենը։ Ով է ումից ամենակեր։ Սա է որոշում պատերազմի ելքը։ Ով կուլ կտա դիակ-դիակ։ Ով կուլ կտա խրամատներ։ Ով կմաղի՝ զենքով ու ստամոքսով։ Տարածել ստամոքսը այս տարածքների վրա։ Փռել ու աղալ։ Կեր ու սղմիր։ Մարսիր անմարսելին։ Մի մեծ, անօրինակ փարդա։ Դիակները փաթաթված ամենակեր աղիքներով։ Խոտերն ու հողը՝ համեմունք ու աղուբիբար։ Ախորժակիդ ղուրբան, ասլան բալա։ Ներս տուր։ Հրի։ Հարբած փղերի բանակներ միշտ ես տեսել։ Աչքիդ մեռնեմ։ Քեզ օրհասականի պես մի պահի։ Մի բան կանենք։ Ես հենց հիմա մտածում եմ։ Միտք է պետք։ Լավ միտք։ Պետք է հետ քաշվելիս թողնել սառանչայի ձվե՞ր։ Պետք է ածել մի հնարով։ Փոխնախարարը քոս է։ Քոս։ Պետք է քոս թողնել։ Քոսը թողնել հոս։ Զատիկին ու քոսը թողնել։ Մարշ-բրասոկով նահանջել՝ ինչ-որ մի էշի տղու հրամանն է։ Մեքենա չկա. քայլել։ Քանի՞ տասը կիլոմետր։ Ուսերիդ մեռելներն ու փոխնախարարը՝ տոտիկ-տոտիկ։ Ով միայն հրաշքով է, որ չի մեռել։ Չնայած ամեն ինչ արել է դրա համար։ Հարված-պոռթված թաթերով է հիմա։ Մինչեւ ո՞ւր քայլել։ Կապա՞ն։ Ձեւ չի։ Վչո։ Վչոյի համարը։ Վչո, հասի։         

Զնգում են մեռելների հեռախոսները։ Պատասխանող չկա։ Մարմինները չեն հասցնում թաղել։ Վահիկն ասում է՝ հարկ չէ պատմել ամենը, Զորա, զատիկի պատմությունը քեզ հերիք է։

Վչոն Գորիսով ու շրջակա գյուղերով մարդ էր փնտրում, որ գիտեր դեպի Կուբաթլու գնացող ճանապարհները։ Վահիկն ու փոխնախարարը քարուղռով հասել էին մինչեւ այդ կողմերը՝ Իշխանաձոր, թե Իշխանասար։ Ասում էին՝ քայլել են քսան, հիսուն կամ էլ յոթանասուն կիլոմետր։ Ավել էլ էին ասում։ Ոչ մեկը չէր կարողացել հաշվել։ Ամբողջ գունդը մնացել էր դաշտերում ցաքուցրիվ ընկած։ Վահիկն անտառ էլ էր հիշում, բայց մյուսն ասում էր՝ չէ, ամայի դաշտ էր։ Վահիկը գուցե զոհերի ծածան-ծածան մարմինների ոստերն էր հիշում։

Փոխնախարարն ուժասպառ էր։ Պարզապես ընկած էին Վահիկի հետ ինչ-որ գյուղից դուրս եկող հողե ճանապարհին ու սպասում էին։ Գորիսում ոչ մեկը չէր համաձայնվում հետ՝ պատերազմի բերանը մտնել։ Ուղեկից չէր ճարվում Վչոյին։ Իսկ Վահիկը կողմնորոշիչներն էր ասում՝ հողե ճանապարհ է՝ երկու ճիվ լեզվով, մեկը գնում է հյուսիս, մյուսը՝ հյուսիսից մի քիչ աջ, ամեն ինչ գարնան պես է, հեռվում չեչոտ տներ են, ու ճամփի վրա բեէմպե է խփված՝ N 3334։

Ոչ օձն իր պորտով, ոչ էլ, գիտեք, հավքն իր թեւով կմտներ այդ մեռելածին հնոցը, որ Վչոն մտավ։ Գյուղերից մեկից մի փախստական բիձա ճարեց, որ բոլոր օձերից լավ գիտեր ամեն մի քարին տակը, որոնցից յուրաքանչյուրի տակ թողել էր իր կյանքի տարիները՝ խառնված քարատակի ծիլին ու ճիճվին։ Նստեցին Վչոյի ջիպն ու թոզլամա անելով քթըրահան գնացին ու գնացին։ Էնքան հող անցան, էնքան դաշտ ու փոս, կիլոմետրեր, հետո մետրեր, հետո մղոններ, հետդարձեր, շրջադարձեր, որ Վչոյին թվում էր, որ երազային տեղապտույտի մեջ է, որ սա փոխնախարարի գյուղատնտեսական երազն է՝ տարածքը չափչփելու, չափագրելու, որ ինքը գերի է այդ երազում, որ գուցե Վահիկի մատից թռած զատիկ է։

— Բիձա, էս ո՞ւր ենք։

— Աշխարհքեն ծերումն ա մեր հանդերը:

— Ծերին ե՞նք։

— Էն Աստուծը, վայ թա խռովալ ան մըզանա:

— Էս ճամփով արդեն անցել ենք։

— Գյուդում թա՝ էս արդեն օրիշ աշխարհ անք նիմտալ:

— Բիձա, իմ հետ ե՞ս։

— Աստուծու: Պա: Մի շուն տաճիկ…

— Հալեպը՞։

— Կնեգ ու հալիվոր:

— Ստեղ սենց խաչ եղել ա՞։

— Խաչ ամեն տեղ էլ կա, ճուկելու չի: Ես քարան ում հըսկանում, ղըռանը:

— Դե ցույց տուր, քունեմ ղռերը։

— Չէ, փոխվալ ա, էս էլ էն չի, փոխվալ ա, էն չի:

— Ախր դու բեէմպեի տեղը ո՞նց իմանաս։

— Բեէմպեեն տեղն էլ կգիդայի, ամեն հինչ էլ, բայց` չէ, էս էլ մեր Աստուծու աշխարհը չի:

— Բիձա, կիջացնեմ կգյուլլեմ։

— Հա, տղա ջան։

Հետո տեսան խփված բեէմպեն ու Վահիկի նշանը՝ սեւ ծխի քուլաներ օդում։ Վահիկը վառել էր փոխնախարարի զինվորական սապոգները, որոնց գարշահոտությունից ծուխն ավելի էր թանձրանում։ Ամբողջ դաշտից գալիս էր դրանց քոսահոտը։ Բիձեն մատով ցույց տվեց՝ հըն է, առաջ ընդըղ տի պեն չի լալ, մհենգյ երկու հոգի կան։ (Այս ճանապարհով անցել է միայն կական անող կինը՝ իր զահանդական գլխով՝ էկրանի առաջ կամ Մարգահովիտում։) Հըն է, էն Աստուծը, տըսած ում, առաջ տըսած չում լալ։

Երբ մոտեցան, մեքենայի փոշին խառնվեց սեւ ծխի հետ, ու գետնից մառախլապատ ինչ-որ բան սկսեց բարձրանալ, ու թվաց, թե ավելի շատ ժամանակի մեջ են, որ տարածությունը անմեկնելի է, դուրս է քարտեզային չափումներից, աշխարհի վրա չէ, եւ եղածը, որ մնացել է հետեւում, անհիշելի ժամանակներ առաջ է եղել, ու վաղը չի գալու այնպես, ինչպես սովորաբար էր գալիս։ Նայեցին իրար՝ ոչ իրենց ունեցած աչքերով։ Երեկ չեն եղել այդ աչքերը։ Չի եղել այդ նայելը։ Չի եղել այդ ժամանակի փոշին, տարիները չեն վատնվել, թաղվել առաջին պատերազմից ի վեր։ Ու քուլաները չեն բարձրանում երկինք՝ դուրս գալով վերացող նյութից՝ իրենց հետ ամպերին տանելով կաշվի, քոսի ու արյան հյուլեները։

Նայեցին ու չգրկեցին իրար։ Ինչ-որ բան կուլ տվեցին, որ ցած սահեց կոկորդով։ Երկուսով նայեցին փոխնախարարին, որ կլոր ընկած էր ճամփի փոսի մեջ, թաթերից արյուն ու թարախ էր հոսում։ Վչոն կռացավ, թեւը գցեց Վահիկի անուժ ուսին, բայց երբ փորձեց վեր բարձրացնել, միանգամից բաց թողեց։

— Արա, մի տեղ լողանայիր, նոր զանգեիր։ Հորս արեւ, տենց ավտոս չնստես։

— Ոնց ասես, ապեր, դու գնա, մենք էս բեէմպեով հետեւանց կգանք։

— Բիձա, հետեւը նստի։ Շուշեքը բացի։

Բիձեն երկինքն էր նայում։ Ինչ-որ բան էր չափում օդի ու հողի միջեւ։ Նրա փոս աչքերի մեջ պակաս բանի պարունակություն կար, որ նման էր հարցականի ու բեկման։ Ձեռքը տարավ ճակատին՝ խաչ հանելու, բայց խաչը կիսատ՝ մատներն իջան ճակատից ու կանգնած մնացին կրծքավանդակի վրա՝ ասես մի պտղունց աղ անելիս լիներ կողերի արանքի սրտի մեջ։ Ես կենում եմ՝ ասաց, հետո դուռը բացեց, նստեց մեքենան։ Քաշվեց, մի փոքրիկ անկյուն գրավեց ու մանկան նման սպասեց, որ կողքին տեղավորեն փոխնախարարին, որի ոտքերը դրեցին նրա գոգը։ Վահիկը նստեց դիմացը։ Վչոն մեծ շրջան գծեց, հայացքը թափառեց մոտիկի ու հեռվի վրա, ու խթանեց մեքենան։

Ճանապարհի լռության մեջ մնաց նախորդ աշխարհը, Վահիկի տեսածը-անցածը, մնացին ջահել մարմինները՝ դաշտերի մեջ անողջ թափառական, փոխնախարարի վերջին ջանքը, կրակված գնդակները՝ պարկուճներ աշնանային ծաղիկների մեջ, աշնան արեւը մի այլ, մի ուրիշ բանի վրա, որի խորքը պատմելու չէ, ցավի բազմափեղկ զնդանը, որից ներս է խուժում ամեն մի քամի, ու դուրս է գալիս միայն հեծեծանք։ Մնաց կամավորական Բագրատի վախը, որը հաղթահարելով վիրավորներ էր դուրս բերում ու վիրակապեր դնում, ասում էր, որ վախենում է, ու գնում, մտնում էր կրակի բերանը։ Ի՞նչ եղավ արդյոք, ո՞ւր մնացին արյունոտ վիրակապերը։ Պատգարակների՝ արյունից սեւացած պաստառները։ Ո՞ւր մնացին այնքան զինվորները՝ ինչ-որ ներքին ուժից խթանված, մահը ուսերին։ Ի՞նչ եղավ գրավված, ետ հանձնված բարձունքը, սաղավարտով փորված սաղրիկ խրամատը։

— Ի՞նչ էղավ զատիկը,— Վահիկն ասաց։

— Գիտեմ մեջդ,— ասաց Վչոն։

— Դրանից ի՞նչ։

— Խոսեիր։

— Վչո, մարդկության ապագան ռոբոտներն են, մարդ չի կարա դիմանա էսքան ցավին ու ձանձրույթին։

— Քեզնից պատմի։

— Պապիս պանիխիդային պաչեցի: Ու սենց էի անում,— շրթունքներով ինչ-որ տրոր-տրոր շարժումներ է անում:

— Խի՞:

— Ուզում էի զգայի պապիս համը: Մեռելներից զզվում եմ, ուզում էի ջոկեի՝ պապիս համը փոխվել ա՞:

— Շատ էի՞ր սիրում:

— Չէ:

— Ուղղակի դիակի համ ե՞ս սիրում:

— Հիմնականում աղ էր, մի քիչ դիակություն` մի ութանասուն տոկոս, ու չայ-մայ:

— Բա խի՞ ես պատմում:

— Ուրիշների տառապանքը փակում ա բերանդ` ինչքան էլ մեռելից զզվես։

— Զզվելուցդ ե՞ս պատմում։

— Չէ, մահվան անկայուն ձեւերից։

— Շատ ջահել էի՞ն։

— Հա, շատ չէին վախենում։

— Ճակատագիր՝ հա՞։

— Ճակատագիրը դալբայոբություն ա։

— Հնար ա ապրելու։

— Ապրելուն հնար պետք չի, քո համար ապրի: Ո՞նց ա ապրում հորթը:

— Հորթը պատերազմ կգնա՞ր։

— Չէ, հորթը կենաց ա խմում, ջահել երեխեքն էլ հավատում, գնում, զոհվում են: Հորթերն էլ ապրում են հավերժ:

— Բա դո՞ւ խի չմեռար:

— Տենց ստացվեց: Հատուկ բան չարի:

— Ի՞նչ կա ատամիդ տակ, որ չես ասում:

— Որոշները ոչ թե դիակ էին, այլ մահվան տեղ, տարածք ընդամենը։ Էդ չես պաչի: Արնոտ հող, էլի:

— Մի զինվոր ջրափոսից խմելով էր փրկվել, բայց մեջը ընկերոջ արյունն էր:

— Աջդ նայի:

— Մի շեղվի:

— Հաուբից ա։

— Գիտեմ:

— Շարունակի:

— Չէ:

Վչոն արգելակեց մեքենան ճանապարհի մեջտեղում, փոխանցման վահանակը չդրեց P, միայն քաշեց ձեռքի արգելակը, ձախ կողմից չհանեց, այլ ձգեց անվտանգության գոտին, առաջ դեպի կողք հակվեց ու գրկեց Վահիկին։ Վահիկն անշարժացած պատուհանից դուրս էր նայում, որտեղ տարածվում էր միանգամայն օտար ու ամայի մի տերիտորիա, հետո շրջվեց, գրկեց նրան ու երբ գլուխը դրեց Վչոյի ուսին, հետեւում՝ կծկված բիձու աչքերի լորձոտ կապիճների մեջ նկատեց երկու չհոսող, սոսնձված արցունք։

Երբ հասան Գորիս, բիձեն անբառ հեռացավ։ Նա մնացել էր այնտեղ, ետ չէր եկել, իր իմացած քարերի ու մեռելների դաշտում։

Փոխնախարարին տարան հիվանդանոց, որտեղ պառկեցրին միջանցքում։ Երկու ժամ անց ադրբեջանական տելեգրամյան ալիքը ցույց տվեց գրաված տարածքները՝ խփված N 3334 բեէմպեն ու Վահիկի սարքած կրակարանը՝ փոխնախարարի վերացած սապոգների սեւ անկորուսելի հետքով։

Please follow and like us: