Ֆրանց Կաֆկա․ «Դղյակը»
Կաֆկայի ստեղծավործությունների մեծ մասը լույս է տեսել միայն նրան մահից հետո: Մաքս Բրոդը, համաձայն ընկերոջ՝ Կաֆկայի վերջին կամքի պետք է ոչնչացներ նրա բոլոր ձեռագրերը: Սակայն Բրոդը կուրորեն չկատարեց նրա կամքը, այլ որոշեց հրատարակել նրա ձեռագրերը: Ցավոք, Կաֆկայի երեք վեպերը անավարտ են: Բանն այն է, որ գրողը աշխատում էր իր ստեղծագործությունների վրա բացառապես այն ժամանակ, երբ նրան այցելում էր մուսան: Մնացած ժամանակ նա չէր անդրադառնում ձեռագրին: Հնարավոր է, հենց այդ պատճառով Կաֆկային հաջողվում էր ավարտել իր կարճ պատմվածքները, իսկ վեպերը չէր հաջողում հասցնել ավարտին։ Գրողի երեք վեպերը հրատարակվել են այն ձևով, որով դրանք թողել է հեղինակը:
Յարոսլավ Հաշեկ․ «Քաջարի զինվոր Շվեյկի արկածները»
Չեխ գրող Յարոսլավ Հաշեկի ամենակարևոր ստեղծագործությունը առանձնահատուկ էր դեռ հեղինակի կյանքի օրոք: Նրա յուրահատկությունն այն էր, որ այն հրապարակվում էր միանգամից, հեղինակը չէր հասցնում կարդալ այն, չէր խմբագրում, այլ գրում էր եւ ուղարկում հրապարակման այնպես, ինչպես գրառել էր դրանք թղթին։
Ստեղծագործությունը բավականին հայտնի էր, սակայն մնաց անավարտ: Յարոսլավ Հաշեկը, որի կյանքում եղել են պատերազմ, գերություն և կամավոր ծառայություն բանակում, մահացավ 39 տարեկան հասակում: «Քաջարի զինվոր Շվեյկի արկածները» վեպի չորրորդ մասը սկսեց գրել նրա ընկերը՝ Կարել Վանեկը: Բայց վեջինիս չհաջողվեց պահպանել Հաշեկի ոգին ու ոճը: Հինգերորդ և վեցերորդ մասերը գրելու փորձը ավարտվեց ձախողմամբ: Ընթերցողը չընդունեց Կարել Վանեկի ստեղծագործությունը: Առանց Հաշեկի սուր, սատիրիկ լեզվի եւ նրա՝ հումորի ու գռեհկության սահմանագծով քայլող ոճի վեպը կորցրեց հմայքը։
Չարլզ Դիքենս․ «Էդվին Դրուդի գաղտնիքը»
Այս դեդեկտիվ վեպը պետք է բացահայտեր ընթերցողի համար անգլիացի գրողի տաղանդի նոր կողմերը։ Առաջին երեք գլուխները, որոնք հրապարակվել էին ամենամսյա հանդեսում, գրավում էին իրենց սյուժեով և գաղտնիության շղարշով։ Չարլզ Դիքենսը մահացավ ինսուլտից իր սեփական տանը, և նրա թղթերի մեջ ևս երեք գլուխ հայտնաբերվեց։
Ընթերցողն այդպես էլ չիմացավ, թե ինչ է կատարվել իրականում գլխավոր հերոսի հետ եւ ինչ դեր պիտի կատարեր Դիկ Դեչերին իրադարձությունների զարգացման հարցւմ։ Դեդեկտիվ վեպի պլանը գտնելու փորձերը ապարդյուն եղան։ Էդվին Դրուդի գաղտնիքը մնաց չբացահայտված։
Ալբեր Կամյու․ «Առաջին մարդը»
Ֆրանսիացի արձակագրի այս ստեղծագործության ձեռագիրը հայտնաբերվել է նրա ճամփորդական պայուսակում, որը նրա կողքին էր դրված ավտոմեքենայի վթարի ժամանակ։ Մեքենան, որով գրողը ճանապարհ էր գնում ընկերոջ և հրատարակիչ Գաստոն Գալիմարի ընտանիքի հետ, դուրս եկավ ճանապարհից։ Ալբեր Կամյուն մահացավ անմիջապես։
«Առաջին մարդը» ինքնակենսագրական վեպը լույս տեսավ 1994 թվականին հեղինակի դստեր՝ Ֆրանսինի շնորհիվ։ Բոլորը խոսում էին, թե որքան պայծառ կարող էր լինել Ալբեր Կամյուի կենսագրությունը, եթե նա կարողանար այն ավարտել։ «Առաջին մարդը» վեպը խոսում է միայն գրողի վաղ տարիների մասին, երբ նա ամբողջ ընտանիքով ապրում էր Ալժիրում։
Նիկոլայ Գոգոլ․ «Մեռած հոգիներ»
Նիկոլայ Գոգոլը լայնածավալ արձակ բանաստեղծություն ստեղծելու իր էպիկական մտահղացումը երբեք չիրականացրեց։ Ի սկզբանե ստեղծագործությունը պետք է բաղկացած լիներ երեք մասից եւ վերջում ցույց տար ընթերցողին դոխքից դրախտ տանող ճանապարհը։ ԱՌաջին մասում հերոսները զանազան արատներ ունեն։ Սեփական մեղավորության զգացումը նրանց պիտի համակեր երկրորդ մասում, իսկ երրորդ մասում նրանք պիտի մաքրվեին մեղքերից, վերածնվեին հոգով՝ մաքրվելով կեղտից ու արատներից։ Առաջին հատորը բարեհաջող հրատարակվեց, երկրորդից մնացին միայն մի քանի սեւագիր գլւխ, իսկ երրորդի մասին պահպանվել են միայն տեղեկություններ։ Ցավոք ընթերցողը երբեք չի իմանա՝ արդյո՞ք կհաջողվեր «Մեռած հոգիների» հերոսներին ազատել իրենց մեղքերից։
Ռոբերտ Մուզիլ․ «Մարդն առանց հատկությունների»
1921 թվականին ավստրիացի գրող Ռոբերտ Մուզիլը սկսեց աշխատել իր հանրահայտ «Մարդն առանց հատկությունների» վեպի վրա։ Այս վեպը դարձավ հեղինակի մագնում օպուսը։ Նա իր ողջ հետագա կյանքը նվիրեց սրան։ Առաջին երկու գրքերը, որոնք բավականին սառն են ընդունվել լայն հասարակության կողմից, լույս են տեսել 1930թ.
Չնայած ընթերցողների հետաքրքրության պակասին, աղքատությանը և բռնի արտագաղթին (Մուզիլը ստիպված էր փախչել Շվեյցարիա նացիստների կողմից օկուպացված Ավստրիայից), գրողը շարունակեց քրտնաջան աշխատել գրքի վրա մինչև իր մահը, մինչև 1942 թվականը։ Միայն հիսունականներին՝ վեպի վերահրատարակումից հետո վերջապես վերաիմաստավորվեց «Մարդն առանց հատկությունների» վեպը, և այն ճանաչվեց 20-րդ դարի ավստրիական (և գերմանալեզու) գրականության մեծագույն գործերից մեկը։
Պատրաստեց Գայանե Պողոսյանը