Չորս ամսական փիսոս հղիացավ։ Նրա ծննդաբերելուն մնացել էր մոտ 2 ամիս, սակայն մինչև ծննդաբերության վերջին օրը վստահ էինք, որ նա որձ է։ Անունն էլ որձ լինելու կանխավարկածով տղայիս կողմից դրվել էր Ադոլֆ` ի պատիժ «մեծն ֆյուրերի», որ ապագայում լինի դաժան ու չխնայի ոչ մի մուկ ու ձուկ։
Երբ նայում էիր նրա բարիագույն դեմքին ու առանց ծանրութեթև անելու նրա վրա դրված անվանը՝ անմիջապես հասկանում էիր, որ մի բան էն չի, սակայն 8-ամյա որդիս տենց անուն էր որոշել, իսկ կենդանիների հարցում զավակների որոշումները անքննելի են։
Փիսոն պատահական էր հայտնվել մեր բակում՝ ենթադրաբար չսառչելու համար եկել ու մտել էր մեր նկուղ։ Ոչ մլավում էր, ոչ էլ կատվային այլ ձայներ հանում՝ պարզապես ուշադիր նայում էր դեմքիդ, ու երբ փորձում էիր հաց տալ ի նշան շնորհակալության, թաթիկով շոյում էր ձեռքդ։ Միանգամից պետք է հասկանայի, որ սովորական կենդանի չէ, որ դեռևս մի քանի օրական հասակից այդքան երախտապարտ կարող է գտնվել, սակայն միամտաբար չհասկացա։
Ինչպես մեծամասամբ կենդանի պահողների պարագայում, էդպես էլ մեր դեպքում՝ կենդանուն տուն են բերում երեխաները, սակայն խնամքը մնում է կենդանի «չհանդուրժող» ծնողների վզին։
Ատելությունից մինչև սեր ընկած ճանապարհին տան մեծերով էնպես կապվեցինք էդ փիսոյի հետ, որ նույնիսկ հայրս, որը զզվում էր բոլոր տեսակի տնային կենդանիներից, Ադոլֆին հավատարիմ շան տեղ բանեցնում էր ու տնից դուրս գալիս հանձնարարում շրջակայքը հսկել։
Չգիտես՝ ինչպես, բայց փիսոն հավատաց, որ ինքը մեր տան պահապանն է, ու հլը անծանոթ մեկը փորձվեր թաղով անցնել։
Մեր տանը չեղած ժամանակ նա էնպիսի տարօրինակ ձայներ էր հանում, որ անցորդներին թվում էր մի ողջ գազանանոց ենք պահում հողամասում։
Հետաքրքրականն այն էր, որ նա տվյալ պահին հանում էր այն կենդանու ձայնը, որից ամենաշատն էր վախենում փողոցի անցորդը, ու քանի որ հողամասը պարսպապատ էր, ոչ ոք չգիտեր՝ իրականում ինչ կենդանի է պարսպի ետևում թաքնված։
Մի օր փիսոս գայլի պես էնպես էր ոռնացել, որ երեխայի ձեռքը բռնած կինը գնացել ու բողոքել էր քաղաքապետարան, թե տանը իբր գայլ ենք պահում, ու ոռնոցի պատճառով երեխան վախի տեր է դարձել։ Վերջինս սուտ վկայություն էր տվել, որ ոռնոցի պատճառով նախ երեխան սկզբում գիշերամիզել է, իսկ հետո վերջնականապես լալկվել։
Ի ծնե խուլ ու համր երեխան ոչ ոռնոց էր լսած եղել, ոչ էլ նույնիսկ մլավոց, բայց ավելորդ գլխացավանքներից ազատվելու համար բժիշկների ու վախ բռնողների մեկ ամսվա ծախսերը ստիպված եղա փակել ես։ Քաղաքապետարանի աշխատակիցները տենց էլ չէին հավատացել, կամ էլ, շահադիտական նկրտումներից ելնելով, չէին ցանկացել հավատալ, որ մեր հողամասում գայլ չի պահվում /կամ երբևէ պահվել/, և առանց հիմնավոր պատճառի ու համապատասխան հոդվածի՝ իրենց հերթին էլ իրենք էին տուգանել ու սպառնացել նման դեպքի կրկնվելու պարագայում ոստիկանությանը մեղավորին կալանավորելու միջնորդություն ներկայացնել, իսկ «գայլին» էլ համապատասխանաբար տանել գազանանոց։
Հիմա կատվիս բացատրում եմ՝ տենց բաներ մի արա՝ մեր ընտանիքին վտանգի տակ ես դնում, ինքն էլ, թէ՝ քո գործը չի, ես գիտեմ ինչ եմ անեմ։
Մի օր էլ տան ջրերն էին կտրել, ու տանը մարդ չէր եղել։ Չգիտես որտեղից Ադոլֆը բջջային հեռախոս էր գտել, զանգահարել ջրմուղ կայան ու ասել՝ եթե ջուրը մեկ ժամվա ընթացքում չմիացնեք, ձեր գրասենյակը կպայթեցվի։
Գործը դատական ատյաններ չէր հասել, քանի որ մեկ ժամ չանցած ջրերը տվել էին, սակայն ջրմուղի աշխատողների շտապողականության պատճառով ջուրը էնպիսի ճնշման տակ էին միացրել, որ պայթել էր ոչ թե ջրմուղի կայանը՝ այլ տների ներսում ջրամիացման կետերը, ու հարևաններս ստիպված էին եղել նոր վերանորոգած տները կրկին վերանորոգել։
Բազմապիսի ու բազմազան բողոքներից հետո թաղապետարանի համբերության բաժակը հիմնավորապես լցվեց /ինչպես իրենք էին պնդում/, երբ ցոգոլ գողացող երեխեքից մեկը մեր թաղի ծառի վրայից ընկավ ու ոտքը կոտրեց՝ իբր մեր տնից լսվող ձայների պատճառով։ Հենց դա էլ հանդիսացավ արդեն լցված բաժակի վերջին կաթիլը։
Դատական քաշքշուկներից խուսափելու համար հիվանդանոցի ծախսերը կրկին ստիպված եղա փակել ես, դեռ ավելին՝ վճարեցի ոտքը կոտրած երեխայի մեկ տարվա ուսման վարձը։
Հենց էդ օրը տան մեծերով վերջնական որոշում կայացրինք Ադոլֆին իր նորածին փիսոների հետ միասին տեղափոխել ներքևի թաղամասում գործող կաշվի գործարան, որտեղ առնետները վխտում էին ու որտեղ ինքը իբր հնարավորություն կունենար համ իր բնազդները գործածելու, համ էլ նորածին փիսոներին կերակրելու։
Ասում են՝ կատուները գտնում են իրենց տան վերադարձի ճանապարհը, սակայն ինչքան էլ կաշվի գործարանը մեր տնից հեռու չէր, Ադոլֆը տենց էլ տուն վերադարձի փորձ չարեց։
Առնետներն էլ գործարանից չպակասեցին, որովհետև գործարանի ծանոթ աշխատողները պատմում էին, որ Ադոլֆը կտրականապես հրաժարվել էր առնետ որսալուց և պահանջել էր, որ իր ՝գործարանում մնալու ու առնետ սպանելու դեպքում ամեն առավոտ իր ընտանիքի անդամների համար թարմ քամած մածուն բերեն։
Մեկ էլ նրան իբր տեսել էին գործարանի կողքի մանկապարտեզի մոտ գյուրզա խեղդելիս, սակայն դա լրիվ այլ պատմություն է։
Արդեն պարզ էր, որ նա չէր ներել իմ դավաճանությունը ու միգուցե մենք պատասխանատու ենք բոլոր նրանց համար, ում անուն ենք տվել, առավել ևս՝ երբ նրանք են տվել մեր անունը։
Սակայն ո՞ւմ առջև ենք արդյոք պատասխան տալու մենք, երբ արդեն աղոտ ենք հիշում մեր անունը, իսկ էլ ավելի ճիշտ խուսափում ենք սեփական անունը լսելիս։
Իսկ նա մեր տնից վտարվելիս կատվային մլավոցով անդադար կանչում էր իմ անունը․․․