Եթե թշնամիդ քեզ չդրդի իմաստության,
Քեզ կդրդի խորտակման։
Դընի Դոնիկյան
Երկիրը ժառանգում են, այնուհետև արժանանում դրան․․․ Հակառակ դեպքում այն հավերժ սգում է․․․ Հայերը սգում են, թեպետ դրան չեն արժանացել։ Ոմանք լացում են, ոմանք՝ խոսում։ Չէ՞ որ միայն դա է մնացել հայերին։ Խոսել պարզապես խոսելու համար։ Ղարաբաղը հանձնելուց հետո հուզական ցնցումը ոչ նրանց խոսելու ցանկությունը վերացրեց, ոչ արցունքները չորացրեց։ Միայն մի բան է մնում անելու՝ ասել, որ դեռ անելիք ունեն։ Եվ ուրեմն, շարունակ խոսե՞լ։
Ոմանք կասեն՝ իհարկե ոչ, հատկապես նրանք, ովքեր մնում են և դեռ անելիք ունեն։ Նրանք մշտապես կպայքարեն։ Ձեզ ոչնչացնում են, բայց դուք այլուր եք վերականգնվում։ Նրանք դա տոկունություն են անվանում։ Ես միանշանակ չեմ պարսավում նրանց վերականգնողական միտքը։ Հիացմունքի են արժանի այն թշվառները, որոնց ստորացրել են, բայց որոնք շարունակում են մագլցել իրենց վշտի լեռը՝ վտանգված ընկելու․․․ Ինչևէ, նրանք հայ ժողովրդի մրջյուններն են, որոնք վերակառուցում են իրենց բույնը, որ մարդկային անարդարությունը ոտքով քանդել է։ Եվ միայն Աստված գիտե, որքան հաճախակի հարվածներ է պատմությունը հասցրել հայերին, անգամ երբ դրան արժանի չէին։
Անկասկած։ Բայց արդյո՞ք վերականգնել նշանակում է միայն դիմադրել։ Արդյո՞ք նորոգիչ համերաշխությունը բավարար է սփոփելու անգամ այն պարագայում, երբ վերականգնումն անհնար է։ Խորքային ավերածությունը հաջորդում է պարտությանը։ Ուրեմն ժամանակը չէ՞ կրած անարգանքից անցնել թիրախավորված գրոհի։
Հայերի վրա իջած բարոյական ողբերգությունը նույնքան անարդար և հատկապես զազրելի է, որքան այն հանգամանքը, որ իրենց բազմադարյան հողերի վրա ապրելու վերջիններիս օրինական իրավունքը կոպտորեն խախտվել է մեկի կողմից, ում քաղաքական օրինականությունը հայտնի է որպես ակնհայտ խարդախություն։ Ի լրումն ստորությանը՝ հավելենք նաև անազնվությունը, որ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա վոն դեր Լեյենի կողմից որակվել է որպես «հուսալի»՝ քաջ գիտակցելով, որ մեր սիրելի բռնապետը մեծ տաղանդ ունի մեղավոր հռչակել այն անմեղին, ով դժբախտաբար դարձել է իր զոհը։ Նա լավ գիտի, որ բռնությունը բանականությունից զուրկ մարդկանց վերջին միջոցն է։ 120 000 մարդկանց դեմ հայտնված գիշատիչ, մի ամբողջ երկրի, մոլորության մղձավանջի մեջ քարացած մի ամբողջ Սփյուռքի դեմ կանգնած ձեռնածու-խաբեբա։ Բայց հատկապես լկտի հանցախմբի խուլիգան, որ կանգնած է «միջազգային հարաբերությունների վայրագության» հիմքում (Լը Մոնդ, 2023թ․ սեպտեմբերի 11 առաջնորդող հոդված)։ Միջազգային իրավունքը ոտնահարող, և այդ ոտնահարումը կիրառվում է ոչ միայն հողի իրավունքի դեմ, այլև երջանիկ ապրելու դեմ այնտեղ, որտեղ միշտ ապրել ես։
Հետևաբար ոտնահարումը վերաբերում է ոչ միայն հայերին, որ պարտվել են իրենց ըմբոստ ոգին ցանկացած հավաքագրումից պաշտպանելու համար, այլև հենց ադրբեջանցիներին։ Նրանցից շատերն այնքան պարտված են, որ մնում են համոզված «ատելության գաղափարներին», որ իրենց «նախագահը» երկար ժամանակ և համբերատար ձևով ձգտել է հաստատել՝ խեղդելով նրանց ազատ կամքը։ Պատճառն այն է, որ ցանկացած բռնապետ ունի միայն մեկ գաղափարախոսական սկզբունք՝ յուրաքանչյուրի անձնական գիտակցությունը փոխարինել իրերի իր սեփական գիտակցությամբ։ Հետևաբար, որքան հալածյալն ընդունում է իր հալածանքը, այնքան հալածողն այն ավելի է սաստկացնում։ Այդ մարդն իրեն վեր է դասում մարդկանցից և օրենքներից, միջազգային ամեն բարոյականությունից, իրեն է վերագրում բոլոր իրավունքները, ինչպես օրինակ՝ վայրագության իրավունքը՝ լինելով ճշտի և արդարության, խելամտության ու պատկառանքի սկզբունքների հոսանքին հակառակ։ Մեկը, ով օգտագործում է մարդկանց մինչև մահ իր քմահաճույքներին ծառայեցնելու համար։ Իսկ դիմացը մի ամբողջ ժողովուրդ է, ում համար յուրաքանչյուր մարդ անհատ է՝ թանկ, միակն ու ինքնատիպ։ Հայերն են։ Անհեթեթ է, բայց դա նրանց հարստությունն է, նաև թուլությունը, մարդկայնության այդ ձևը տհաճություն է առաջացնում՝ առաջ քաշելով մոլեռանդության հասած արհամարհանքին միախառնված ցանկացած տեսակ։ Նույնիսկ եթե հայերի «մարդկայնությունը» (թեպետ նրանք սուրբ չեն)՝ անկախ նրանից՝ Հայաստանից են, թե Սփյուռքից, տեսանելի է այստեղ-այնտեղ կաշառակերության քողարկված կամ բացահայտ, կամ էլ արտաքսումի արարքներում, ինքնաբավարարման կամ ազգակենտրոնության մեջ, որ նրանց դնում են ամեն ինչից վեր։ Ինչպես կասեր Վովենարգը՝ «Հպարտությունը թույլերի մխիթարողն է»։ Այդքան ազգային ախտեր, որ մեզ քայքայում են ու հավանաբար ունեն ոչ աննշան դեր մեր փառասիրության վիժման մեջ։
Հայերի հանդեպ ինքնակալ Ալիևի տածած ատելությունն այնքան ցայտուն է, որ նա վախենում է, որ ժողովրդավար փորձությունն ի վերջո կպատի իր երկիրն ու իր երկրի մաս կազմող ազգերին հնարավորություն կտա երազելու։ Իրականում այդ ատելությունը միայն ստորակարգության զգացումի նշան է ինչպես մշակույթի, այնպես էլ քաղաքականության մեջ։ Ջանք չեն խնայում վերացնելու հուշարձանները, որոնք վկայությունն են իրական քաղաքակրթության, ինչպես փորձում են ցույց տալ ինքնակալության գերակայությունը հանրապետական սկզբունքների անկարողության նկատմամբ։
Կարելի է ասել՝ Հայաստանը, գտնվելով ուժեղ, բացարձակ միապետության ռեժիմի ներքո (Ռուսաստան, Ադրբեջան, Թուրքիա, Իրան), կարողանում է ամեն օր կրկին հորինել իր ժողովրդավարությունը, այնքան որ այս երկրերը, որտեղ իշխում է կամայականությունը, ամեն օր վախենում են, որ մարդկանց մտքերը չվարակվեն քաղաքական հավասարության պատրանքներով։ Քանի որ օտարերկրյա այլախոհների աչքերին Հայաստանը մնում է մարդկայնության մի կղզյակ, որտեղ կարելի է լավ ապրել, և որտեղ ազատ խոսելը դեռ հնարավոր է։ Որպես ապացույց բավական է միայն նշել այն բոլոր ռուսներին, ովքեր մերժում են պատերազմն ու ապաստան են գտել ավելի շուտ հայկական հողում, քան Թուրքիայում, Ադրբեջանում կամ Իրանում։ Հայաստանը գրավիչ երկիր է՝ ի տարբերություն թված մյուս երկրների, որոնք միայն վանում են։
Իրականում ժողովրդավարական սկզբունքները, որքան էլ անկայուն լինեն, անխուսափելիորեն տանջում են քաղաքացուն, ով էլ լինի և որտեղ էլ ապրի, կարծես արդարության և հավասարության ձգտումը թույլ կտար ունենալ հարաբերական մտավոր առողջություն, ինչպես նաև ներքին խաղաղություն։ Ուզեն, թե չուզեն՝ բռնապետներն այնքան արքաիկ են, որ իրենց անզսպությունն ի վերջո բացահայտում է իրենց թերություններն ու ազդարարում կտրուկ փոփոխություններ, որոնք մինչ այդ անտեսվել էին։ Կարելի է ասել և կանխասել, որ անիվը միշտ պտտվում է ժողովրդավարական գաղափարների շուրջ, և որ բռնապետական լուծի տակ գտնվող ժողովուրդները վաղ թե ուշ կունենան իրենց ճակատագրին միասին պատասխանատվություն կրելու երջանկությանը։ Պատճառն այն է, որ չկա որևէ ավելի անձնական, ավելի ուժեղ և ավելի «բնական» դավանանք ցանկացած դոգմատիկ կրոնից բացի, քան հույսը հասարակական արդարությանը, որ հարգում է յուրաքանչյուրի իրավունքներն ու համոզմունքները։ Քաջ գիտակցում են, որ հարկադրված կրոնը ոչ մի հնարավորություն չունի զարգանալու այն պահից ի վեր, որ չի ընդունում այն ընտրելու իրավունքը։ Դա ակնհայտ է Իրանում, որտեղ հոգնածությունն ըմբոստանում է, իսկ առաջադեմ հայացքներ ունեցողները ձգտում են ապրել հոգևորից տարբերվող արժեքներով։ Նույն հույսն է Ռուսաստանում, Թուրքայում, ժողովրդի մի հատվածի մոտ։
Այս ամենով պայմանավորված՝ Հայաստանի աշխարհագրական-քաղաքական իրավիճակը նրան կանգնեցնում է ամեն տեսակի վտանգի առջև, որոնք միտված են թուլացնելու, կայունությունը կորցնելու, անգամ հնարավորինս երկար ժամանակով անհետացնելու։ Որպես այդպիսին՝ այն դարձել է հազվագյուտ։ Կովկասի թանկարժեքն արժանի է լինել պահպանված, պաշտպանված, կայուն։ Կհարցնեք՝ ու՞մ կողմից։ Նախ հենց հայերի՝ անկախ նրանից, թե որտեղ են։ Այս կամ այն երկրից մարդկային կամ այլ ֆիզիկական օգնություն խնդրելու փոխարեն, որոնք կհասնեն միայն ձևի համար, հայերը պետք է արժանանան իրենց երկրին։ Եթե կա դաս, որ պետք է քաղել այս վերջին տարիների պարտությունից ու ստորացումից, միայն հայ հասարակության վերափոխումն է, եթե իհարկե Սփյուռքն ունի ինքնապաշտպանության և համախմբման գաղափար։ Չ՞է որ միայն իրենց տարածքի և ժողովրդավարության պաշտպանությունը կարող է հայերին վերդարձնել կորցրած անձնական խաղաղությունը։ Ավելի լավ է ունենալ երիտասարդ ժողովրդավարություն կմկմացող Փաշինյանի խոսքով, անգամ քաղաքական խոսք, որը փոխվում է՝ ի շահ հայ ժողովրդի կենսական կարիքների, բայց պահում է իր ուղղությունը, քան սատանայական հարևանների կողմից գաղութացված կամ ինքնակալ ժողովրդավարությունը։
Չկա տոկունության այլ դրսևորում, քան մեզ հալածողների նախանձի և ցանկասիրության դեմ համատեղ և հաստատուն դիմակայությունը։ Անգամ անհրաժեշտ տոկունությունը միայն վերականգնում է անհոգության հետևանքով առաջացած վնասները, երբ իրավիճակը քննադատական էր։ Այսպիսով, տոկունության ոգին կայանում է հենց միշտ վատագույնը կանխատեսելու և միշտ վատագույնին պատրաստ լինելու մեջ։ Եվ համերաշխության ոգին սփոփում է ամենաթշվառին, միևնույն ժամանակ դժբախտության մեջ միավորվում է յուրայինների հետ։ Պատերի, մարմնի և հոգու վերականգնմանը համատեղ առաջնահերթ է ցանկացած գնով հայկական տարածքի պահպանումն ամենուր, ուր ազատությունը վտանգված է։ Եթե կորչի մեկը կամ մյուսը, դիմադրությունն իմաստ չի ունենա։ Իրականում «դիմադրության մասնակիցները» չկասեցրին մեր պարտությունները։ Նրանց դերը թույլ չի տա խուսափել պարտությունից։
Մեր մշակույթը քայքայող առասպելներից մեկը մեծ եղբայրության մաս կազմելուն հավատալն է։ «Ախպեր ջան, ցավդ տանեմ» կամ նմանատիպ այլ արտահայտությունները մեր կեղծավորության նշանն են, այնքան որ հաճախ քողարկում են շահագործման քողարկված փորձերը։ Այն կարգի, որ մի օր ինքս ինձ հարցրի՝ արդյո՞ք հայերն իսկապես սիրում են հայերին։ Ակնհայտորեն՝ ոչ։ Պատճառն այն է, որ եղբայրության իրական կիրառմանը հայերը շատ հաճախ նախընտրում են իրենց մասնավոր կարիքների միակողմանիությունը, իրենց քաղաքական քմահաճույքների սկզբունքը, անցած հերոսական հիշողության կարոտը։ Հայամոլության նվիրյալներն այնքան կուրացած են ինքնագոհությամբ, որ արդեն չեն ընդունում իրենց պատկանելիությունը որևէ ժողովրդի. «առաջին քրիստոնյա ազգն» ենք, եթե կուզեք, որն ինքնակործան ժողովրդի ներսում է, անգամ եթե հայտնի է պայքարի և ուղղամտության արժեքները մարմնավորող բացառիկ անձանցով, ինչպիսիք են Անդրանիկը, Մանուշյանն ու Մոնթեն։ Մեծահարուստները, որ երեսուն տարվա ընթացքում ավելի շատ ծառայել են իրենց հաճույքներին, այլ ոչ ժողովրդին, ստեղծել են աղետ, որ այսօր բոլորիս է թուլացնում։ Անգամ եթե բարոյազուրկ լինելը բոլոր երկրներում է և բոլոր համակարգերում, ժողովրդավարության մեջ կաշառակերությունն ավելի կորստաբեր է, քան բռնապետության մեջ։ Բավական է ասել, որ Ալիևի քաղաքական արատներն ավելի մեծ ազդեցություն ունեցան, քան հայերի դատարկ վեճերն ու անազնվությունը։ Բռնապետական կաշառակերությունը կհաղթի պատերազմում, իսկ ժողովրդավարական կաշառակերությունը կպարտվի, քանի որ բռնապետի խոսքը միակն է, իսկ ժողովրդավարությունն իրավունքների պաշտպանության և առաջացող հրատապության ծուղակն է ընկնում։
Պատերազմի կամ ճգնաժամի ժամանակ անհատապաշտությունն անկասկած տանում է պարտության այն չափով, որ քայքայում է ազգի մտավոր կայունությունը։ Ազգային բարեկեցությանը հակառակ կատարվող գործողություններն ունենում են համընդհանուր թուլացման հետևանք։ Այսպես օրինակ՝ վերջին պարտությունները հավանաբար կարելի է համարել նաև միասնական սկզբունքի պարտություն կարևորի տեսանկյունից, այն է՝ մեր տարածքի և մեր ժողովրդավարության պահպանումը։ Մոռանում են, որ «միասին ավելի ուժեղ են, քան առանձին», ինչպես ասել է բանաստեղծ Ռեմի Պրենը։ Այսպես կշարունակվի այնքան ժամանակ, մինչև հայերը կհասկանան, որ քաղաքացիների համախմբվածությունը բոլոր մակարդակներում՝ քաղաքական թե միջանձնային, նախևառաջ պայքարելու զենք է։
Երբ հայ գեներալն իր էկզոտիկ կենդանիներին կերակրում է զինվորների համար նախատեսված սննդով, նա արդեն իսկ պարտություն է ստեղծում։ Երբ հայ հրատարակիչը հայ թարգմանչի աշխատանքի դիմաց որպես վճար տալիս է միայն չորս նմուշ (եթե իհարկե անում է), նա վանում է մեր մշակույթը հարստացնելուն ունակ յուրաքանչյուր թարգմանչին։ Երբ հայկական պետական և ոչ պետական մշակութային կառույցները հեռացնում են հազվագյուտ քննադատ-մտավորականներին՝ նրանց փոխարինելով ավելի հեշտ կառավարվող մարդկանցով․ այդ կառույցներն աշխատում են իրենց կոչմանը հակառակ և կուրացնում են մեզ իրատեսության և պայծառատեսության մեր իսկ պակասորդով։ Երբ մեր դպրոցներում դասավանդվող հայոց լեզուն գործածական լեզվի փոխարեն դառնում է կարոտի լեզու, այն վաղ թե ուշ մոռացության է մատնվում։ Երբ մեր եկեղեցին, որքան էլ հնագույն լինի, ակնհայտորեն բավականաչափ չի հասկացել ավետարանչական այլասիրության հիմքերը այն սովորեցնելու կամ օրինակ ծառայելու համար, այն մատնում է կայուն դինամիզմը, որի կարիքն ազգը շատ ունի։ Այդպես եղավ, որ այս հնագույն ազգը կարողացավ նվաստացնել Արցախի փախստականներին, ովքեր, շրջափակման և արտաքսման կրկնակի ցավը հազիվ հաղթահարած, կարեկցանքով լեցուն իրենց «եղբայրների» կողմից արժանացան բարձր վարձավճարով տների և այնքան թանկ դեղորայքի, որ դրա ձեռքբերման անհնարինությունը վտանգում էր նրանց կյանքը։ Անգամ եթե Փաշինյանի կառավարությունն իր ջանքերը չխնայի օգնությունների միջոցով փոխհատուցելու պատմության աղետները, ինչի զոհն էին դարձել վերջիններս։ Այս մի քանի օրինակները բավարար են ցույց տալու, թե որքան ակնառու և զգայուն է այն փաստը, որ հայերը, չմարմնավորելով իրենց վերագրած «արժեքները», ինչպես ազդարարում են հայոց հարցի որոշ խենթեր, կարող են մարդկանց առաջարկել միայն իրենց մարդկայնությունը՝ ոչ լավ, ոչ վատ, որ հազարամյակների քրիստոնեությունը դեռ չի կարողացել վերափոխել ոչ եղբայրության, ոչ գթասրտության։
«Հայաստանն իմ պատիժն է»։ Ի՜նչ տխուր է սա հնչում Արցախցի տեղահանվածի շուրթերից։ Որքան հայեր են այս կամ այն կերպ լսել սրտի այս կանչն այն ժամանակից ի վեր, երբ իրենց աչքի առաջ պայթեց պատմության խորքից եկած «ախպերության» առասպելը, որը հանցավոր համաձայնությամբ ավելի շուտ կամփոփվի գործերում ։
«Երբեք մի վախեցեք անարդարության, խաբեբայության և մեղսավորության դեմ ազնվության, ճշմարտության ու գթասրտության համար աղաղակելու», գրել է Վիլյամ Ֆոլքները։
Ինչպես ամեն ազգի մեջ, մեր մեջ էլ կան ստոր մարդիկ, որոնք կարողանում են գլխավորը ձևափոխել անձնականի, ցեղասպանությունը՝ առևտրի միջոցների, հայկական մշակույթը՝ հնաբանական և քաղաքական ընկալման․ ահա նաև սրանց դեմ է պետք զարգացնել դիմադրության և համերաշխության ոգին։ Հավանաբար մտածող քննադատներին է մնում պահպանել ջանքը, որը նպատակ կունենա չեղարկել կործանարար առասպելները, զոհի անցյալից լվանալ բոլորի մտքերը և հայ ժողովրդի էներգիան կենտրոնացնել անխախտ տարածաշրջանի սրտում ժողովրդավարական ապագայի վերականգնման պատրանքով։
Մեր մշակութային կառույցներում և եղբայրության մեր փորձառության մեջ թափանցիկության և իսկության բացակայությունը ձևավորում է կեղծավորության վրա կառուցված մտածողություն, որը հեշտությամբ փլուզվում է հակառակորդի հարվածից։ Երբեմն հարց է ծագում՝ մի՞թե հայերն ավելի շատ այլասերված են ազգային գիտակցության հնարքներով, քան ապրում են համընդհանուր բարեկեցության պաշտպանությամբ։ Պատճառն այն է, որ նրանք ավելի շատ հարմարվում են իրենց իսկ ստեղծած դժբախտության մեջ, քան ուրախության, որ կարող էին կառուցել միասնական ուժի և ապագայի հանդեպ ցանկության վրա։
Այն պարագայում, երբ ժողովրդավարությունը նախ գրվում է մի տարածաշրջանի վրա, հայերի համար նեկայումս չկա այլընտրանք, քան վտանգված տարածքում զերծ մնալ պատերազմից։ Հայերը մի տեսակ մոլորված են, ինչն իրենց դեմ է։ Եվ այդ մոլորությունը կայանում է նրանում, որ պետք էր համապատասխանել հրատապությանը այն առաջանալուց հետո, այն ժամանակ, երբ արդեն առկա էր «գոյության հրատապության» վտանգը։ Անհրաժեշտ էր վերականգնել և ոչ պատրաստվել։ Չունենալով իշխանական գաղտնիք, որը բազմապատկում է ժողովրդավարական գործողությունները, մոռանալով կամ չմոռանալով, որ դրանք ոչնչի չէին ծառայել թշնամու ամբարտավանությունը նվազեցնելու համար՝ թվում է, թե վերջին երեսուն տարիների սպասողական վարքն այսօր էլ դեռ շարունակվում է։ Անձանց համախմբումը այնքան տեսանելի չէ, որ թվում է՝ Հայաստանը թմբիրի մեջ է, մինչդեռ հակառակորդն ավելացնում է ռազմատենչ հայտարարությունները։
Ահա վերջին տարիներին հայերը խորքային մակարդակով բախվել են կրկնվող ողբերգությանը։ Նրանք մինչ այս չէին գիտակցում, որ անցյալի ցեղասպանությունը չի անցել և կարող էր ցանկացած պահի կրկնվել բավականաչափ արտասովոր կերպով՝ միջազգային իրավունքի փաստաբանների մոտ տագնապ ստեղծելով։ Այսօր մենք գիտենք, որ Հայաստանի արտոնագրված թշնամիները չեն վարանի ցեղասպանություն գործելու զրոյի վերածելու համար բնիկ ազգերի իրավունքը։ Այն է՝ առ ոչինչ և անվավեր ճանաչել արդի իրավագիտությունը, որի նպատակն է պաշտպանել և երաշխավորել մարդկանց իրավունքները։ Ինչն էլ հավասարազոր է մեկի կամքը տվյալ խմբի կամքին թելադրելու հնաոճ ձևերին։
Առ այսօր հայերը պահում էին ցեղասպանություն հիշատակը որպես դրա ճանաչման համար սահմանափակ պայքարի զենք։ Այսօր և արդեն հիսուն տարի է աշխարհը գիտի դրա մասին։ Բայց իմանալը բավարար չէ, եթե այն չի բերում մեղավորի կողմից հանցանքի ընդունման։ Հայերի համար կա՞ր այդ ճանաչումը դիտարկելու երկու տարբերակ՝ մեկը հայկականության, մյուսը մարդկության վերաբերյալ։ Հիրավի, հայերի ցեղասպանության պատմական ճանաչումն ու իրավական դատապարտումն ամբողջ մարդկության ընդհանուր օգուտն է՝ սկսած այն պահից, երբ մասնակցում են բարոյական գիտակցության առաջընթացին և վեճերի հանդարտեցմանը։ Հայերն ունեն հայ լինելու պարտականություն իրենց պատմությամբ և պահանջատիրությամբ նպաստելու մարդկանց մարդկայնացմանը։ 1915 թվականի հայոց ողբերգությանը բարոյական գերզգացողության ձև տալը պետք է լինի նրանց կոչումը, ովքեր «չեն վախենում անարդարության, ստի և մեղսավորության դեմ բարձրացնել ազնվության, ճշմարտության և գթասրտության ձայնը»։
Մեր երիտասարդները, որ փորձում են իրենց կյանքը դարձնել ակտիվ, ճիշտ, ուղիղ, հանդուրժող, պետք է գիտակցեն այն հաջողությունը, որ իրենք հայ են ծնվել, քան լուծվել համեմատության մեջ։ Ավելին, նրանք պետք է գիտակցեն պատմական նշանակությունը։ Եթե առ այսօր 1915 թվականի ցեղասպանությունն ընկալվել է որպես ցավի և ստորացման բեռ, պահն է եկել, երբ պետք է բացահայտվի մարդկայնության ներուժը։ Պատերազմները վերականգնում են մարդկանց հայացքն իրենց հանդեպ այն պահից սկսած, երբ արթնացնում են դոգմատիկ քնից, որտեղ հայտնվել էին ազգակենտրոն գոռոզության պատճառով։ Այսօր կանգնած լինելով 1915 թվականի Հանցագործության հնարավոր վերսկսման առջև՝ ցեղասպանության փոխակերպումներն այն աստիճան են արթնացրել հիշողություններն ու աշխարհում այնպիսի վրդովմունք են առաջացրել, որ մեզ ցույց են տվել իրենց ունակությունը մարդկանց ներշնչելու բոլորի կողմից հոգատար մարդկություն ստեղծելու կարիքը։ Անգամ եթե բարոյականությունը զինատեսակից ավելի դանդաղ է զարգանում։ Պատերազմները սպանում են, բայց գալիս է ժամանակ, երբ դրանք հոգնեցնում են։ Ցեղասպանություններն արժանի են վերացման ամենուր, որտեղ հրեշավորությունն Իրավունքից վեր է դասում իր սուտը։
Ուրեմն ի՞նչ անել։ Պետք է միայն բոլոր հայերին՝ կին, թե տղամարդ, դարձնել մի անհատ և վեր հանել այն մեկի դեմ, ով միանձնյա ցանկանում է քայքայել Հայաստանը։ Նոր սերունդը պետք է որոշի՝ արդյոք նախընտրում է վերացման վտանգի առաջ կանգնած հայրենաբաղձություն, թե պայքարի միջոցով ձեռք բերված կյանք։
Այսօր ստի բազմացումը պահանջում է հակահարված։ Պարոն Ալիևի սուտ լուրերով ամեն օր հալածված հայերը ախտահարվածի տպավորություն են թողնում։ Նրանց շան նման վերաբերվողը երբեք ի պատասխան չի լսել վերջիններիս գռմռոցը։ Մեր դիվանագետների ճնշված տեսքն ավելի հասկանալի է, քան այն, որ պետք է մնալ երկխոսության կանոններին համապատասխան էթիկայի նորմերի մեջ։ Բայց, ունենալով խենթ ինքնակոչ նախագահ, նույնատիպ հարված պետք է իրագործվի։
Որքան այդ մեկն իր չար հարվածները գորշ հատվածներում սադրում է լուսաստվերով, որտեղ միախառնվում են սահմանված հայտարարություններն ու չարամիտ ելույթները, այնքան հայերը պարտավոր են ստեղծել ստվերային բանակ, որն ամեն միջոց կօգտագործի լայնորեն և թշնամու երկրի ներսում տարածելու բռնապետության կողմից խեղաթյուրված պատմական և փաստացի ճշմարտությունը։ Նպատակը միայն ինքնակալ Ալիևի իրական դեմքը ցույց տալը չէ, այլ պետք է ապացուցել նրա չարակամությունն իր սեփական ժողովրդի հանդեպ, անգամ ուղեկցել ներքին ժողովրդական ուժերին՝ առանց հոգնելու դատապարտելով վերջինիս արքաիկ համակարգն ու նրան մեկուսացնելով միջազգային բեմից։ Նույն կերպ պետք է վարվել օտարերկրա իր ցինիկ համախոհների հետ, որոնք խոնարհվում են նրա առաջ իրենց ածխաջրային կարիքները պահպանելու համար, կամ փակում են աչքերը չգիտես հանուն որ շահի։ Տեղեկատվական պատերազմ է, պետք է բազմապատկել հարյուր անգամ այն, ինչ հիմա անում են որոշ հայկական լրատվամիջոցներ, շարժումներ կամ անհատներ և քննադատությունը հասցնել բարձր մակարդակի վրա, ահա սա է ճշմարիտ և արդարացված։
Որպես օրինակ ասեմ, որ ըստ իրերի տրամաբանության՝ ճիշտ կլիներ, որ աշխարհահայությունը բարձրացներ իր ձայնը, որպեսզի չեղյալ հայտարարվեր կլիմատիկ փոփոխության վերաբերյալ ՄԱԿ-ի 29-րդ գիտաժողովի անցկացումը Բաքվում։ Լավ առիթ էր մատնացույց անելու նման ծրագրի անհեթեթությունը, ինչպես նաև հասկացնելու, որ Բաքուն երբեք չի փոխի իր էներգետիկ քաղաքականությունն էկոլոգիական քմահաճույքների համար, որոնք Ալիևի հանցախմբի շահերին հակառակ են։
Նմանապես անընդունելի է, որ Արցախի նախկին ղեկավարները հանձնվել են հրահանգավորված արդարադատության ձեռքին և ամեն տեսակի հալածանքի, իսկ հայկական համայնքը նրանց ճակատագրով մտահոգված չէ։ Այս դեպքում ինչու՞ չհրավիրել Ֆրանսիայի այն քաղաքապետներին, ովքեր ամենաշատն են պայքարում մարդու իրավունքի համար, որպեսզի նրանք հովանավորեն կալանավորին և նրան պաշտպանեն միջազգային իրավունքի ցանկացած միջոցով։
Իրականում ամեն ինչ այստեղից է սկսվում։ Չի թույլատրվում անել, չի թույլատրվում խոսել։
Վերջում կրկին անդրադառնանք նրանց, ովքեր ջանք չեն խնայում փնտրելու վերականգնված արդարության ուղիները, որ այստեղ ընդունված չէ ի ցույց դնել։ Մինչև մարդկանց իրավունքները չհարգեն, այս երկրում և մարդկանց հոգիներում չի լինի ոչ խաղաղություն, ոչ էլ փրկություն։ Հակառակ դեպքում Արցախ-Ղարաբաղի դեպքը կդառնա ավարտ չունեցող պատերազմի նմուշ։
Հեղինակ՝ Դընի Դոնիկյան
Թարգմանությունը Տաթևիկ Թանգյանի