Արփի Ստեփանյան/Կենցաղային սեր

ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՍԵՐ

սեր իմ,
ասում են այսօր տոնն է մեր,
բայց ի՞նչ գիտեն նրանք մեր մասին․
գիտե՞ն, որ անդադար պայքարում ենք շաքարավազը քչացնելու,
չիփս չուտելու,
փող խնայելու,
լույսը երկար վառ չթողնելու համար․
գիտե՞ն, որ մեր քայլերը մեզ միշտ իրար մոտ են բերել,
ու որ մենք չհավաքած փազլ ունենք, որին
աստված էլ չգիտի, թե
երբ ձեռքներս կհասնի․
սեր իմ,
մեր տոնն է,
նաև նրանց, ովքեր սիրում են,
բայց չեն կիսում վաֆլին շոկոլադե ու իրար
մատներից չեն լպստում մուրաբայի շիրան,
ովքեր չեն խմում նույն բաժակից ու
չգիտեն սուրճի նախընտրությունը մեկմեկու․
նրանց տոնն է նաև, ովքեր իրար համար
մայրամուտներ ու լուսաբացեր չեն նկարում,
դե, սերը տարբեր է լինում, սեր իմ
մենք միացրինք չորս կինո, որոնցից ոչ մեկը լավը չեղավ
երրորդ վայրկյանից
ու ոչ մի կինո էլ չնայեցինք,
ուտելիքն էլ խժռեցինք կինո ընտրելու կեսից,
ես էլ երևի հասցրի նեղանալ, որ դու նախապես չգիտեիր,
թե ինչ նայենք,
բայց պարզվեց, որ էդ էլ հենց սերն է,
որի մասին ոչ գրում են,
ոչ նկարում,
ոչ էլ պատմում


*
Մեր աղբամանն ավելի հաճախ էր լցվում,
քան ստամոքսը, չնայած նրան, որ մենք
երկուսս էլ լավ ենք պատրաստում․
Ամանները ավելի շատ էին կոտրվում, քան
սրտերը, բայց ոչ մերը,
իմ սիրտը դու պինդ պահել ես, այն բաբախում է հանգիստ,
մոռացված երաժշտության պես, որը գտնելուց հետո
փշաքաղվում ես։

Թեյի մեջ երկու գդալ շաքարավազ քիչ եմ լցնում,
մեկ է, չես նկատի,
դու իմ սուրճը թունդ չես դնում, ես նկատեցի,
նաև նկատեցի, որ շամպունս արագ վերջացավ,
հետո մազերիցդ զգացի իմ շամպունի բույրը, ու ամեն բան տեղն ընկավ,
որովհետև էնքան փափուկ են մազերդ, երբ մատներս խցկում եմ մեջը,
գրկում, պարում, խուտուտ զգում ափերիս մեջ,
բայց շապունը կապ չունի,
կապ չունի։


*
Երբ դուռը շրխկացրիր ու գնացիր,
ես նայում էի պատշգամբում փռած մեր լվացքին ու մտածում, թե
էդ ուր գնացիր առանց հավաքելու։
Ես գլուխ չեմ հանում քո միագույն, նույնանման գուլպաներից,
չգիտեմ՝ որը որի զույգն է,
ու թե ինչի է միշտ մի հատիկ ավելանում։
Երբ դուռը շրխկացրիր ու գնացիր,
ես խորը շունչ քաշեցի ու հասկացա, որ
կարող եմ հանգիստ սուրճ խմել՝ մենակ, ոտքերս՝ սեղանին,
բոլոր պատուհանները՝ բաց, առանց հագուստի ու կապած մազերի։
Բայց սուրճը վերջացավ․․
ես հիշեցի, որ դու շրխկացրիր դուռը ու
գնացիր․․
գազը սկսեց չմիանալ, հեռուստացույցը խշշում էր,
դռները ճռռում էին, ջուրը մինչև վերջ չէր փակվում ու կաթում էր դանդաաաա՜ղ․․
Եկար,
լվացքը հավաքել էի։


*
Ժոսծիկի իքսը չէր աշխատում, ու
ես կրվում էի՝ քեզ, խաղը, կյանքը, աշխատանքը,
տուն չունենք, թե չէ տունն էլ կկրվեի։
Որոշեցի էլ կյանքում հետդ չխաղամ,
ոչ էլ նայեմ ոնց ես խաղում, որովհետև դու երբեք

չես նայում, թե ես ոնց եմ ձվածեղ սարքում,
դու նույնսիկ չես նայում, որ ձվածեղը չկպնի,
ոչ էլ պայքարում ես, որ ավտոբուսները չթանկանան,
ոչ էլ․․
ոչ էլ․․
ոչ էլ․․
քո ջարդած հերթական բաժակը
ինձ համոզեց, որ
մարդուն սիրում են հենց-էն-պես․
ես քեզ հենցենպես եմ սիրում,
ուղղակի նրա համար, որ դու դու ես․
մեկ էլ, որ ինձ ծիծաղացնում ես․
ոչինչ, ես կկրվեմ բոլոր խաղերը, եթե միայն
հաղթողը դու ես լինելու։


*
Դրել էիր հերթական տափակ կինոն,
որից անգամ կինոյի ռեժիսորը բան չէր հասկանում,
դերասաններն էլ չէին հասկանում ինչ խաղան։
Ես քնում էի, որովհետև վզիցդ տաք հոտ էր գալիս, որը
ինձ տանում էր սարյանի այգու ամառային երեկոները, ուր մենք
սառը թեյ խմելով ժամանակ էինք կախաղան հանում։
Ասեցիր, որ կինոյի կարևոր պահն ա,
բայց ամենակարևորը դու ես՝ ինձ կպած,
թարթիչալիքը աչքերով, մատներով ինչ-որ ռիթմ նվագելուց։
Լույսերը տարան ու դու չէիր հասկանում, թե ես ինչի եմ էդքան ուրախ,
բայց հետդ լինելը հերիք էր, կինոն հետո կշարունակենք նայել,
անպայման կշարունակենք․․


*
Քո համար շարֆ գործեցի, որ
ձմեռը արագ անցնի, կոկորդդ չցավա, որովհետև
թելերն ավելի էժան են, քան դեղերը,
դու ինձ ձեռնոց նվիրեցիր, որի աջը կորավ պահարանում։
Ոչ ձեռնոցը, ոչ էլ շարֆը չփրկեցին խանդի անիմաստ նոպաներից,
թե ասա՝ լույսի կինն ի՞նչ պիտի ուզեր քեզնից։
Ես մտքումս ինձ պատեպատ տվեցի,
աչքերս սև քսեցի ու լաց եղա, որ ավելի լավ երևա տառապանքս,
ոչինչ չկոտրեցի, դե, որովհետև իրերն ափսոս են․
դու եկար տուն, հանեցիր գործածս շարֆը,
գիրկդ առար ինձ
ու ասեցիր, որ վերջացնեմ գրելը,

մտքիս մի բան էլ էր եկել, բայց լավը չէր,
ոնց գուցե՝ նախորդները
վերջակետ

Please follow and like us: