Անկեղծ ասած, ես տանն եմ նախընտրում հիվանդ պառկել։
Ինչ խոսք, հիվանդանոցում միգուցե ավելի լուսավոր է ու բարեկիրթ։ Եվ սննդի կալորիականությունը կարող է ավելի լավ մտածված լինի։ Բայց, ինչպես ասում են, մինչև տանը չուտես, չես կշտանա։
Իսկ հիվանդանոց ինձ բերեցին տիֆով։ Տնեցիք կարծում էին, որ դա կթեթևացնի իմ աներևակայելի տառապանքը:
Միայն թե սրանով նրանք չհասան իրենց նպատակին, քանի որ ինձ բաժին հասավ ինչ-որ հատուկ հիվանդանոց, որտեղ ինձ ամեն ինչ չէ, որ դուր եկավ։
Ամեն դեպքում, նոր են բերել հիվանդին, գրանցամատյանում գրանցում են, և հանկարծ կարդում է, թե ինչ է գրված պատի պաստառին.
Դիակների հանձնում 3-ից 4-ը։
Չգիտեմ մյուս հիվանդները ոնց, բայց ես բառի բուն իմաստով ճոճվեցի ոտքերի վրա, երբ կարդացի այս կոչը: Կարևորը՝ ես ունեմ բարձր ջերմություն, կյանքն ընդհանրապես միգուցե հազիվ մարեմրում է իմ մարմնում, գուցե այն թելից է կախված, և հանկարծ ես ստիպված եմ կարդալ նման բառեր:
Ինձ գրանցող տղամարդուն ասացի.
-Ինչո՞ւ եք, ընկեր բուժակ,- ասում եմ,- այդքան գռեհիկ ցուցանակներ փակցնում։ Այնուամենայնիվ,- ասում եմ,- հիվանդները հետաքրքրված չեն սրա ընթերցանությամբ:
Բուժակը կամ ոնց ասում են՝ բուժեղբայրը զարմացավ ասածներիցս և ասում է.
– Նայեք, հիվանդ է և հազիվ է քայլում, ջերմությունից էլ գոլորշի է դուրս գալիս բերանից, բայց նա նույնպես,- ասում է,- ինքնաքննադատություն է տարածում ամեն ինչի վրա: Եթե,- ասում է,- լավանաք, ինչը քիչ հավանական է, ապա քննադատեք, թե չէ երեքից չորսը ձեզ իսկապես կհանձնենք այն բանի տեսքով, ինչ այստեղ գրված է, էն ժամանակ կիմանաք։
Ուզում էի վեճի բռնվել այս բժշկի օգնականի հետ, բայց քանի որ բարձր ջերմություն ունեի՝ երեսունինը և ութ, չվիճեցի։ Պարզապես ասացի նրան.
– Սպասիր, բժշկական փողակ, ես կլավանամ, այնպես որ դու դեռ պատասխան կտաս քո էս լկտիության համար։ Մի՞թե,- ասում եմ,- կարելի է հիվանդ մարդկանց նման ելույթներ լսել։ Սա, ասում եմ, բարոյապես թուլացնում է նրանց ուժերը։
Բուժաշխատողը զարմացավ, որ ծանր հիվանդն այդքան անկաշկանդ խոսում էր իր հետ, և անմիջապես դադարեցրեց խոսակցությունը։ Եվ իսկույն քույրը մոտեցավ։
– Գնանք,- ասում է,- գնանք, հիվանդ, լվացման կետ»:
Բայց այս խոսքերն ինձ նույնպես սարսռեցրին։
– Ավելի լավ կլինի,- ասում եմ,- դա անվանել ոչ թե լվացման կետ, այլ լոգարան: Սա,- ասում եմ,- ավելի գեղեցիկ է և վեհացնում է հիվանդին։ Եվ ես,- ասում եմ,- լվանալու ձի չեմ։
Բուժքույրն ասում է.
– Հիիվանդն էլ էսքան,- ասում է,- ամեն տեսակի նրբություններ նկատի։ Երևի,- ասում է, դուք չլավանաք, որ էսքան քիթն ուր ասես չեք խոթում։
Հետո նա ինձ տարավ լոգարան և ասաց, որ հանվեմ։
Եվ այսպես, ես սկսեցի հանվել և հանկարծ տեսա, որ լոգարանում ջրի երեսին արդեն ցցված գլուխ կա։ Մեկ էլ նայեմ, որ կարծես թե լոգարանում պառավ է նստած, հավանաբար հիվանդներից։
Ասում եմ քրոջը.
– Ո՞ւր եք բերել ինձ, շներ, կանանց լոգարա՞ն: Այստեղ,- ասում եմ,- մեկն արդեն լողանում է։
Քույրն ասում է.
– Հիվանդ պառավ է այստեղ նստած: Նրա վրա ուշադրություն մի դարձրեք: Նա բարձր ջերմություն ունի և ոչ մի բանի չի արձագանքում։ Այնպես որ, առանց ամաչելու հանվեք: Այդ ընթացքում մենք պառավին կհանենք լոգարանից և ձեզ թարմ ջուր կլցնենք։
Ասում եմ․
– Պառավը չի արձագանքում, բայց գուցե ես դեռ արձագանքում եմ: Եվ ինձ հաստատ հաճելի չէ տեսնել այն, ինչ լողում է ձեր լոգարանում:
Մեկ էլ նորից գալիս է բժշկի օգնականը․
– Առաջին անգամն եմ տեսնում,- ասում է,- նման քթի մազ հիվանդի։ Ամոթ-աբուռ չունի, էս մի բանը չի հավանում, էն մի բանը վատն է։ Մեռնող պառավը լողանում է, էլի բողոքներ է հայտնում։ Իսկ նրա ջերմաստիճանը միգուցե քառասուն է, և նա ոչինչ հաշվի չի առնում և ամեն ինչ տեսնում է մշուշապատ։ Եվ համենայնդեպս, ձեր արտաքինը նրան այս աշխարհում հինգ րոպե ավել չի պահի։ Չէ,- ասում է,- ես նախընտրում եմ, երբ հիվանդները մեզ մոտ են գալիս անգիտակից վիճակում։ Գոնե այդ ժամանակ ամեն ինչ նրանց ճաշակով է, ամեն ինչից գոհ են ու մեզ հետ գիտական վեճերի չեն բռնվում։
Այստեղ լողացող պառավը խոսեց.
– Ինձ ջրից հանեք,- ասում է,- թե չէ ինքս դուրս կգամ և բոլորիդ հախից կգամ»:
Նրանք զբաղվեցին պառավով ու ինձ պատվիրեցին, որ հանվեմ։
Եվ մինչ ես հանվում էի, անմիջապես տաք ջուր լցրին ու հրամայեցին նստել լոգարանում։
Եվ, իմանալով բնավորությունս, նրանք այլեւս չսկսեցին վիճել ինձ հետ, փորձում էին ամեն հարցում համաձայնվել հետս։ Միայն թե լողանալուց հետո ինձ տվեցին հսկայական չափերի ներքնազգեստ, որը իմ հագին դափազանց մեծ եկավ։
Մտածում էի, որ հատուկ, հաշվեհարդարի համար են ինձ այդպիսի ներքնազգեստ տվել, որ իմ հագով չէ, բայց հետո տեսա, որ դա իրենց համար սովորական բան է։ Նրանց փոքրամարմին հիվանդների հագին, որպես կանոն, մեծ շապիկներ էին, իսկ խոշորամարմին հիվանդների հագին՝ փոքր։ Եվ նույնիսկ իմ հանդերձանքն ավելի լավն էր, քան մյուսներինը: Իմ վերնաշապիկի վրա հիվանդանոցի կնիքը թեւքին էր դաջված ու չէր փչացնում ընդհանուր տեսքը, իսկ մյուս հիվանդների շորերին դրոշմը մեջքին էր, ոմանց դեպքում՝ կծքավանդակին, և դա բարոյապես նվաստացնում էր մարդկային արժանապատվությունը:
Բայց քանի որ ջերմությունս ավելի ու ավելի էր բարձրանում, ես չվիճեցի այս թեմաների շուրջ։
Իսկ հետո տեղավորեցին ինձ մի փոքրիկ հիվանդասենյակում, որտեղ մոտ երեսուն տարբեր տեսակի հիվանդ կար: Եվ ոմանք, ըստ ամենայնի, ծանր հիվանդ էին։ Ոմանք էլ, ընդհակառակը, կազդուրվում էին։ Ոմանք սուլում էին։ Մյուսները խաղազինվոր էին խաղում: Ուրիշներն էլ շրջում էին հիվանդասենյակներում և վանկ առ վանկ հեգելով կարդում այն, ինչ գրված էր մահճակալների վերևում։ Ասում եմ քրոջը.
– Եթե ես հայտնվել եմ հոգեբուժարանում, դուք ինձ այդպես էլ ասեք: Ես,- ասում եմ,- ամեն տարի հիվանդանոց եմ ընկնում ու նման բան դեռ երբեք չեմ տեսել։ Ամեն տեղ լռություն է, կարգուկանոն, իսկ ձեզ մոտ ոնց որ բազառ լինի։
Նա էլ, թե՝
– Միգուցե կհրամայեք, որ ձեզ առանձին սենյա՞կ տան և ձեզ համար պահա՞կ կնշանակեն, որպեսզի նա ձեզնից հեռացնի ճանճերին և լվերին:
Ես աղմուկ բարձրացրի, որ գա գլխավոր բժիշկը, բայց փոխարենը եկավ այս նույն բուժակը։ Իսկ ես թուլացած վիճակում էի։ Եվ նրան տեսնելով՝ ես վերջնականապես կորցրի գիտակցությունս։
Ուշքի եկա երևի երեք օր անց, այդպես եմ կարծում։
Քույրն ինձ ասում է.
– Համա թե,- ասում է,- դիմացկուն օրգանիզմ ունեք։ Դուք,- ասում է,- սոլոր փորձություններն անցաք։ Նույնիսկ ձեզ սխալմամբ բաց պատուհանի մոտ էինք դրել, բայց էլի հանկարծ սկսեցիք լավանալ։Ու հիմա,- ասում է,- եթե կողքի հիվանդներից չվարակվեք, ապա,- ասում է,- կարելի կլինի ձեզ ի սրտե շնորհավորել ապաքինման կապակցությամբ։
Սակայն իմ օրգանիզմն այլևս չտրվեց հիվանդությանը, և միայն հեռանալուց անմիջապես առաջ մանկական վարակ բռնեցի՝ կապույտ հազ։
Քույրն ասում է.
– Դուք հավանաբար վարակը բռնել եք կողքի շենքից: Այնտեղ մանկական բաժանմունք ունենք։ Դուք, հավանաբար, անզգուշաբար ըգտվել եք նույն ափսեից, որից կերել է կապույտ հազով հիվանդ երեխան։ Ահա թե ինչու եք հիվանդացել։
Ընդհանուր, օրգանիզմն իրենն արեց, ու շուտով նորից սկսեցի կազդուրվել։ Բայց երբ բանը հասավ դուրս գրվելուն, հետո, ինչպես ասում են, չափից շատ չարչարվեցի ու նորից հիվանդացա, այս անգամ՝ նյարդային հիվանդությամբ։ Նյարդային հողի վրա մաշկիս մանր բշտիկներ հայտնվեցին՝ ցանի պես։ Բժիշկն ասաց.
– Դադարե՛ք նյարդայնանալ, և ժամանակի ընթացքում կվերանա:
Իսկ ես նյարդայնանում էի, որովհետև նրանք ինձ դուրս չէին գրում: Կամ մոռանում էին, կամ ինչ-որ բան չէին ունենում, կմ ինչ-որ մեկը եկած չէր լինում, եւ հնարավոր չէր լինում նշում անել։ Կամ էլ, ի վերջո, նանց մոտ սկսվեց հիվանդների կանանց եռուզեռը, և ամբողջ անձնակազմը տապալվեց։ Բուժակն ասում է.
– Մենք այնքան գերծանրաբեռնված ենք հիվանդներով, որ պարզապես չենք հասցնում դուրս գրել հվանդներին։ Բացի այդ, դուք ընդամենը ութ օր եք ավել մնացել և էլի աղմուկ-աղաղակ եք դրել: Իսկ մեզ մոտ որոշ առողջացածներ երեք շաբաթ է, ինչ դուրս չեն գրվում, բայց համբերում են։
Բայց շուտով ինձ դուրս գրեցին, և ես տուն վերադարձա։ Տիկինս ասում է.
– Գիտե՞ս, Պետյա, մեկ շաբաթ առաջ մենք մտածում էինք, որ անդրշիրիմյան աշխարհ ես գնացել, քանի որ հիվանդանոցից հաղորդագրություն եկավ, որում ասվում էր. «Սա ստանալուց հետո անմիջապես եկեք ձեր ամուսնու դիակը ստանալու:
Պարզվում է՝ կինս վազել է հիվանդանոց, բայց այնտեղ ներողություն են խնդրել հաշվապահությունում թույլ տված սխալի համար։ Ուրիշն է մահացած եղել նրանց մոտ, իսկ նրանք չգիտես ինչու կասկածել են իմ վրա։ Թեպետ ես այդ ժամանակ առողջ էի և միայն նյարդային հողի վրա բշտիկներով էի պատվել։ Մի խոսքով, այս դեպքը իմ ներսում չգիտես ինչու տհաճ զգացումներ առաջացրեց, և ես ուզում էի գնալ հիվանդանոց, որ այնտեղ մեկնումեկի հետ կռիվ անեմ, բայց երբ հիշեցի, թե ինչեր են կատարվում այնտեղ, գիտեք, էլ չգնացի:
Եվ հիմա հիվանդ եմ տանը:
Թարգմանեց Արփի Ոսկանյանը