Արթնացա դռան զանգից։ Դեռ մութ էր։ Ընկերուհիս մեռելի պես քնած էր։ Թվաց երևի՝ մտածեցի։ Դեպքերից հետո մեկ-երկու անգամ պատահել էր։ Բայց նորից զանգեցին։ Ոտնաթաթերի վրա մոտեցա դիտանցքին։ Չհասցրի նայել, «Ոստիկանությունից ենք, բացեք»՝ ասին։ Ընկերուհուս արագ ծածկեցի ու կասկածներ չհարուցելու համար, թե ինչ-որ բան եմ թաքցնում, իսկույն բացեցի դուռը՝ առանց վրաս շոր գցելու, գիշերանոցով։ Երկուսն էին։ Մեկը ներկայացավ որպես գլխավոր ոստիկանապետ, մյուսը՝ որպես ոստիկանապետի տեղակալ։ Հայտնեցին, որ Հանրապետության նախագահը հրավիրում է ինձ իր նստավայր։
– Շատ բարի,- ասի,- շնորհակալ եմ։
Ժպտացի հնարավորինս լայն՝ դրանով հայտնելով ցտեսությունս։ Ոստիկանները նույնպես ժպտացին, բայց երևում էր՝ հեռանալու միտք չունեն։
– Կներեք, չեմ կարող ներս հրավիրել,- ասացի հնարավորինս անվրդով,- տունս թափթփված է… Այս ժամին հյուր չէի սպասում։
Ոչինչ չպատասխանեցին։ Էլի ժպտացի։ Ժպտացին ի պատասխան։ Դուռը չէի կարող փակել, կանգնած ինչ-որ բանի էին սպասում։ Ակնհայտ էր, որ խոսակցությունը կիսատ է։
– Ճաշի՞ եմ հրավիրված, թե՞ ընթրիքի,- հարցրի՝ ճարպկորեն շրջանցելով հիմնական հարցը, թե ինչ նպատակով եմ հրավիրված։ Ոստիկանները զարմացած իրար նայեցին, հետո ինձ, և նրանց հայացքում հեգնանք ու լկտիություն հայտնվեց։ – Լավ, ե՞րբ. այսօ՞ր, վա՞ղը, մյո՞ւս օրը… Թե՞ երբ կամենամ։
– Հիմա,- ասաց ոստիկանապետը,- մեզ հետ։
– Հիմա՞…
– Հի-մա, հի-մա, հի-մա…- հեգնանքով հեգեց տեղակալը։
– Բայց դեռ չի լուսացել,- չհասկանալու տվեցի տեղակալի ակնարկը,- ես դեռ չեմ արթնացել, ատամենրս չեմ լվացել, սուրճ չեմ խմել։ Հետո… Մի քիչ լավ չեմ ինձ զգում… Միգուցե մի ուրի՞շ օր…- ու դարձյալ ժպտացի։ Ոստիկանները նույնպես ժպտացին։ Ցույց տալով, թե բարեհամբույր լռությունն ընկալեցի որպես համաձայնության նշան, որ կարող եմ նախագահին հյուրընկալվել իմ ուզած ժամին, իմ ուզած օրը կամ ընդհանրապես չհյուրընկալվել, եթե չուզեմ, ասացի.
– Հոգաչափ շնորհակալ եմ։ Ցտեսություն։
Դեմքի մեղավոր արտահայտությամբ ու ձեռքի շարժումով, որ միասին նշանակում էին՝ մեկ անգամ էլ կներեք ներս չհրավիրելու համար, փակեցի դուռը։ Բայց դռան արանքում բան կար՝ ոստիկանական կոշիկ, ինչպես պարզվեց։ Մեղավոր ժպիտով ու հարցական հայացքով նորից բացեցի դուռը։
– Հետևեք մեզ,- լսվեց։
– Հարց չկա,- ասացի՝ լիակատար համաձայնություն արտահայտող ձայնով՝ հասկացնելով, որ հրաժեշտս թյուրըմբռնման արդյունք էր,- հագնվեմ, սանրվեմ ու անմիջապես հետևեմ ձեզ։
Ուզում էի նորից փակել դուռը, բայց ոստիկանները հրեցին այն, հնարավոր դիմադրությանն անհամապատասխան, չափազանցված օպերատիվությամբ ոլորեցին թևերս ու այդպես գիշերանոցով, բոկոտն, չսանրած մազերով, քնատ ու չլվացված, քարշ տվին ինձ աստիճաններն ի վար։
– Բաց թողեք,- գոռում էի՝ հույսով, թե ընկերուհիս կարթնանա ու կօգնի ինձ։ – Բաց թողեք, գիշերանոցով ամոթ է։
– Ոստիկաններից չեն ամաչում,- ասաց ոստիկանապետը։
– Ոնց որ բժիշկներից,- արձագանքի պես արտասանեց տեղակալը։
– Ոստիկաններից վախենում են,- ասաց ու իր ասածի վրա հռհռաց ոստիկանապետը։
– Ոնց որ բժիշկներից,- հռհռոցով արձագանքեց տեղակալը։
– Ես նախագահից եմ ամաչում,¬ փորձեցի կարևորություն տալ ամոթի զգացմանս։
– Նախագահից առավել ևս անիմաստ է ամաչել,- եզրափակեց ոստիկանապետը։
– Նա գիտի բոլորիս ներքնաշորերի գույնը և թաքուն մտքերը։
Որոշ հետաքրքրասեր դռներ կիսաբացվեցին։ Զարմանալի էր, որ ընկերուհիս այդ աղմուկից չարթնացավ։ Երբեք այդպես խոր չէր քնում։ Ասես պայմանավորված լիներ ոստիկանների հետ։ Միգուցե ցանկանում էր ազատվե՞լ ինձնից և սենյակը վարձակալել մենակ կամ որևէ տղայի հետ։ Ես վաղուց դադարել էի վստահել նրան։ Բոլոր արարքներում, հայացքներում, ժպիտներում, շարժուձևի ու անգամ հագուկապի մեջ մի տեսակ կեղծ բան կար։ Միգուցե գիշերը սպանե՞լ եմ նրան։ Հիշեցի՝ ոնց էի վերմակը գցում վրան, երբ իմացա, որ ոստիկաններն են։ Այդպես դիակն են թաքցնում։ Արագ վանեցի այդ միտքը, հազիվ թե կարողանայի նման բան անել, անկեղծության պակասը մարդ սպանելու բավարար պատճառ չէ։ Բացի այդ սպանության համար բերման են ենթարկում ներքին գործերի բաժին և ոչ թե նախագահի նստավայր։ Այն, որ ոստիկանը հեգելով արտասանեց «հիմա» բառը, ակնարկ էր, որ պատասխանատվության էի կանչվում քաղաքական հայացքներիս համար։
Ինձ խցկեցին սև, աժդահա, մգացված ապակիներով «Համերի» մեջ, տեղավորվեցին՝ մեկը աջ կողքիս, մյուսը ձախ, և ձախինը, որ կարծեմ ոստիկանապետն էր, հրահանգեց վարորդին քշել։ Հետևի դռներն աղմկոտ չխկոցով գաղտնափակվեցին, վարորդը պտտեց բանալին, և մեքենան շարժվեց` լուսավորելով քաղաքի ամայի փողոցներն ու տեսանելի դարձնելով փարաջաներն ուսերին գցած, մրսած, քնատ, «Համերին» պատիվ տվող զինվորներին։ Ինձ միշտ հետաքրքրել էր, թե ինչ են զգում նման մեքենաներով երթևեկող մարդիկ։ Ու հիմա վստահաբար կարող էի ասել, որ չնայած այդ մեքենաները սովորաբար կայանում են անթույլատերելի վայրերում, կարմիր լույսի տակ չեն կանգնում, զարգացնում են մեծ արագություններ և հաճախ տրորում մարդկանց, գլխավոր զգացումը, որ ունենում է այս մեքենայում նստած մարդը, որքան էլ տարօրինակ է, անապահովության զգացումն է։ Ես, իհարկե, կարող էի ինձ ապահով չզգալ, ավելին՝ պարտավոր էի, և անապահովության զգացումը նվազագույնն էր, ինչ ես կարող էի ունենալ, բայց խոսքը իմ մասին չէ, այլ ոստիկանական բարձր կոչումներ ունեցող երկու հաղթանդամ տղամարդկանց՝ այն աստիճան չվստահող իրենց ուժերին, որ մի քնատ, բոբիկ ու կիսամերկ կնոջ անհնար փախուստն արգելելու համար լրացուցիչ կանխարգելիչ միջոցառումների կարիք ունեին։ Եթե դա չլիներ, հազիվ թե գլխումս փախուստի միտք ծագեր, բայց հիմա հազիվ էի ինձ զսպում գայթակղությանը չտրվելու համար՝ հասկանալով, որ փախուստի ցանկացած փորձ դատապարտված է, ինչպես և դատապարտված եմ ես։ Թե ինչի՝ հստակ չգիտեի, բայց բոլոր հիմքերն ունեի կարծելու, որ՝ մահվան։ Ուրիշ ո՞ւր կարող են տանել մարդուն այսքան վաղ, եթե ոչ մահապատժի։ Թե ինչու են մահապատիժն իրականացնում լուսադեմին և ինչով օրվա մյուս ժամերը հարմար չեն այդ նպատակի համար՝ չկարողացա կռահել, ինչպես չկարողացա մտաբերել մի հավաստի աղբյուր, որը կբացատրեր կամ գոնե կհավաստեր դա, բացի աղոտ հուշից մեկի մասին, ով լուսադեմին բարձրացել էր կախաղան։ Գիտակցումից, որ կորցնելու ոչինչ այլևս չկա, հանկարծ համակվեցի արժանապատվության ու հպարտության այնպիսի ուժգին զգացումով, ինչպիսին նախկինում ինձ անհայտ էր։ Մի պահ նույնիսկ թվաց, թե զինվորները ինձ են պատիվ տալիս։ Ու հանկարծ նույնքան ուժգին ամաչեցի, որ արժանանում եմ, ըստ էության, չվաստակած փառքի։ Ինձնից շատ ավելի արժանավոր մարդիկ կային։ Էդ ի՜նչ մի բան եմ արել, որ… Այո, մտմտել եմ ջախջախիչ հոդվածներ ու մերկացնող պատմվածքներ գրել, պատրաստ եմ եղել մեքենաներ վառել ու խանութների ցուցափեղկեր ջարդել, երազել եմ անմնացորդ նվիրվել հեղափոխության գործին, բայց ծուլացել եմ, քնով եմ անցել, չեմ հասցրել, իմ սեփական, անձնական, կենցաղային գործերը հաճախ կարևորել եմ ազգի ճակատագրից։ Ես նույնիսկ բոլոր միտինգներին ու երթերին չէ, որ մասնակցել եմ։ Միշտ չէ, որ անկեղծորեն սիրել եմ ընդդիմության առաջնորդին, երբեմն նրա ճառերում որսացել եմ ամբոխին, այլ ոչ թե անձամբ ինձ ուղղված ակնարկներ, երբեմն նեղվել եմ, որ նա իմ ու կողքիս կանգնածի միջև հավասարության նշան է դրել, մեծահոգի չեմ գտնվել, հաճախ համաձայն չեմ եղել նրա հետ և երբեք չեմ գոռացել նրա անունը։ Մինչդեռ որքան շատ մարդ կար նրան անկեղծորեն սիրող և պատրաստ, և երազող մեռնել նրա համար։ Այո, ինձնից շատ ավելի արժանավոր մարդիկ կան այս երկրում, և ես հիմա նրանց փոխարեն էի նահատակվելու։ Բայց անկարող էի այս ամենը բարձրաձայնել, հրաժարվել ինձ հասցեագրվելիք մեղադրանքներից, քանի որ դա կընկալվեր իբրև վախկոտություն, իբրև դավաճանություն հեղափոխության գործին, որում առանց այդ էլ չափազանց քիչ եռանդ էի ներդրել։ Ու դրանից ամոթս կրկնակի էր դառնում։ Միայն մի բան էի երազում՝ որ ամենն արագ ավարտվի։
Նախագահի նստավայր մտնելուն պես ամոթը տեղի տվեց մեկ այլ զգացման՝ հուզմունքի։ Ինձ՝ հասարակ մահկանացուիս, վիճակված էր բարձրանալ նախագահի նստավայրի աստիճաններով դեպի ընդունելությունների սրահը, որտեղ ինձ էին սպասում մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ՝ նախկին, բայց դեռ գործող նախագահը, նորընտիրը, որ դեռ չէր անցել իր պարտականությունների կատարմանը, Ամենայն Հայոց կաթողիկոսը, ում իմ թիմակիցները անվանում էին ամենայն հայոց ավազակապետ, նախագահի աշխատակազմի ղեկավարը, Ազգային ժողովի նախագահը, Պաշտպանության նախարարը և այլք։ Այստեղ էր նաև ՀՀ գլխավոր դատախազը, ում հետ առնչվելու առիթ էի ունեցել ուսանողական տարիներից։ Այսպիսի մի օր ավելի հարգալից եղանակով բերման էի ենթարկվել նրա աշխատասենյակ։ Այդ օրերին էքստրեմիստական խումբ էի հավաքել կաշառք չտալու պատճառով քննություններից կտրված ուսանողներից, որը զբաղվելու էր իմ անջատողական ոտանավորները ինստիտուտի պատերին փակցնելով և այլ ապակայունացնող գործողություններով, որոնք հանգեցնելու էին արյունոտ հեղափոխության ռեկտորատում։ Երբ ասացին, որ հրավիրված եմ դատախազի մոտ, մտածեցի՝ ինֆորմացիայի արտահոսք է տեղի ունեցել։ Այդ ժամանակ վատ էի պատկերացնում դատախազի պաշտոնի բարձրությունը և ինձ հնարավոր էր թվում, որ հանրապետության գլխավոր դատախազը կարող է զբաղվել ինչ-որ մի, թեկուզև պետական ինստիտուտի ներքին գործերով։ Նրա ձեռքն էր ընկել իմ առաջին գիրքը, և նա այնքան էր ոգևորվել իմ բանաստեղծություններով, որ ցանկացել էր տեսնել ինձ։ Դատախազն առաջարկեց հովանավորել հաջորդ գիրքս, բայց հետագայում էքստրեմիստական հակումներս ուղղվեցին պետական մեքենայի թուլացմանը, որին ծառայում էր ինքը, և որի անբաժան ու կարևոր մասն էր կազմում։ Եվ մենք այլևս չհանդիպեցինք։ Այնուամենայնիվ, նրա ներկայությունն այս սենյակում ինձ ինքնավստահության հույս էր ներշնչում։ Բայց ոչ՝ ինքնավստահություն։ Պետական այրերի այսօրինակ բույլի ներկայությունից հուզմունքս բարձրակետին էր հասել։ Ինձ թվաց՝ երկրորդ դասարանում եմ, մեր դպրոցի բեմում, պիտի արտասանեմ՝ «Ինչն է լավ և ինչը՝ վատ» ոտանավորը, ու բառերը մոռացել եմ։ Հուզմունքից ամբողջ մարմինս դողում էր։ Կողքից նայողին կարող էր թվալ, թե վախից եմ դողում, և դա ինձ մի քիչ սփոփեց։ Վախն այդ պահին
նվազ նվաստացուցիչ էր։ Հուզմունքը աշակերտի, ուսանողի, ստորադասի զգացում է, իսկ վախը՝ հասարակությունից դուրս կանգնած ազատ ու անկախ կենդանու։ Վախի մեջ անգամ հաղթական ու կենսահաստատ մի բան կա։ Վախեցած կենդանին ունակ է հարձակվելու, իսկ հուզվող մարդն անկարող է անգամ պաշտպանվել։
Նախկին, բայց դեռ գործող նախագահը ծուռ, մաչոյական ժպիտը դեմքին՝ եկավ դեպի ինձ.
– Մենք գիտենք ձեր սխրանքի մասին, որ ցուցաբերել եք դեպքերի գիշերը,- ասաց՝ ձեռքս սեղմելով։- Հատուկ նշանակության ջոկատի տղաները մեզ տեղյակ են պահել, որ մարտական գործողությունները սկսելուց առաջ մոտեցել եք նրանց ու հայտնել ձեր աջակցությունը։
Չհակաճառեցի, չնայած այդպես չէր։ Ես, ճիշտ է, մոտեցել էի հատուկ նշանակության ջոկատի զինվորներին, բայց միայն նրանց հեղափոխելու ու մեր կողմը քաշելու նպատակով։ Եթե նրանք իսկապես զեկուցել էին իմ մոտենալու մասին, ապա չէին կարող զեկուցած չլինել, որ կոչ եմ արել իրենց չենթարկվել գլխավոր հրամանատարին։
– Մենք ունենք տեսանյութեր՝ հավաստող, որ այդ ճակատագրական գիշերը դուք ձեր պատշգամբից երկաթե ձողեր եք նետել պետության հիմքերը սասանող, գազազած ամբոխի վրա։
Իսկապես նետել էի, բայց երբեք՝ ոչ ժողովրդի վրա, այլ որպեսզի անզեն տղաները վերցնեն ու կարողանան ինքնապաշտպանվել։
– Մենք գիտենք, որ գազազած ամբոխից այդ գիշեր կրակել են ձեր վրա, և փառք Աստծո վրիպել են, այլապես կարող էինք հիմա ձեզ այստեղ չունենալ…- նախագահը բազմանշանակ ծիծաղեց, և մյուսները արձագանքի պես ծիծաղեցին նրա հետևից։ Իսկապես կրակել էին, չգիտեմ՝ ինչքանով էին վրիպել, գնդակը դիպել էր մեր շենքի պատին, ինձնից մի քանի սանտիմետր հեռավորության վրա, հնարավոր է՝ ինձ վրա էին նշան բռնել, հնարավոր է՝ ցանկացել էին միայն վախեցնել, հնարավոր է պատահականություն էր։ Մի բանում էի լիովին վստահ, որ կրակը բացել են ոստիկանանկան մեքենայից և ոչ՝ անզեն ժողովրդի միջից։
– Մենք գիտենք նաև, որ դուք ջուր եք տվել մեր վիրավոր զինվորներին և բաժնի մի քանի աշխատակցի ապաստան եք տվել ձեր տանը՝ փրկելով խուժանի հալածանքից։
Այո, ջրով լի դույլը պատշգամբից պարանով իջացրել էի ցած, որպեսզի արցունքաբեր գազից խեղդվող, կտրուկ ծարաված մարդիկ հագեցնեն ծարավը։ Որոշ մարդկանց նաև ապաստան էի տվել, բայց դրանք ամենևին էլ բաժնի աշխատակիցներ չէին, այլ ճիշտ հակառակը՝ ժողովրդական շարժման ակտիվ մասնակիցներ։ Ակնհայտ էր, որ տեսախցիկը վավերացրել է իմ գործողությունները, սակայն հնարավո՞ր էր, որ զուգընթաց խեղաթյուրեր դրանց իմաստն ու նպատակը։ Կինոյում համենայնդեպս հաջողվում է ոճիրը ներկայացնել իբրև հերոսություն և հակառակը։ Կինոն, սակայն, արվեստ է, իսկ ինձ նկարահանողը հազիվ թե արվեստագետ եղած լինի, թեպետ դա էլ չի բացառվում, ինչպես և այն, որ արվեստի հրաշքը կարող է կատարվել ակամա՝ անգամ շարքային «գործ տվողի» ձեռքում։ Բայց հնարավո՞ր էր արդյոք, որ կյանքն ուղնուծուծով ճանաչած այս մարդիկ կտցեին այդ կուտը, թե՞ նրանք պարզ խեղկատակությամբ էին զբաղված։ Ո՞րն էր այդ խեղկատակության իմաստը՝ կորզել ինձից ճշմարտությո՞ւնը, թե՞ այնպես անել, որ ես անկարող լինեմ խոստովանել այն ինքս ինձ։ Ես չգիտեի՝ արդյո՞ք դատապարտելի են իմ արարքները ՀՀ Քրեական օրենսգրքով, բայց հանցանք գործած ցանկացած մարդու պես ներքին բնազդով զգում էի, որ գործողություններս անմեղ չեն։ Մյուս կողմից, եթե նույնիսկ դրանք հանցանք էին, ապա միայն այս մարդկանց նկատմամբ, մինչդեռ կյանքի ու մահվան պայքարի ելած ժողովրդի նկատմամբ հանցանքը այն էր, ինչ հիմա վերագրվում էր ինձ իբրև սխրանք։ Այսինքն ինչ էլ որ խոստովանելու կամ հերքելու լինեի, լինելու էր իմ դատավճիռը։ Մի դեպքում օրենքն էր ինձ դատելու, մյուս դեպքում՝ օրենքից վեր կանգնած մեկ այլ ատյան։ Մի կողմում մեղքն էր, մյուս կողմում՝ հանցանքը։ Իմ ընտրությունը զղջման ու պատժի միջև էր։ Ակամա նայեցի դատախազին։ Այս տարիների ընթացքում շատ էի մտածել, թե ինչն էր, որ հետաքրքրել ու հրապուրել էր նրան իմ գրվածքներում։ Արդյոք դա սահմանները խախտելու, ամեն բան ջարդուփշուր անելու իմ մոլուցքը չէ՞ր, իմ արատավոր հակումն ու սերը առ հանցանքը։ Ի՞նչը կարող էր միավորել մեզ, եթե ոչ այդ սերը։ Արդյո՞ք նա ի դեմս ինձ չէր գտել իր կյանքի հանցագործին։ Եվ արդյոք նրան հուսախա՞բ չէի անում, որ հապաղում էի հերքել ինձ վերագրվող օրինապահությունը։
– Հաշվի առնելով ձեր՝ տարիքին ու սեռին անհամապատասխան քաջությունը, ամբոխավարությանը դիմակայելու ձեր անկոտրում կամքը, ձեր սերն ու նվիրումը հայրենի պետականությանը, Հայաստանի Հանրապետության նախագահի, այսինքն՝ իմ հրամանով,- նախագահը ժպտաց՝ բերանը մաչոյավարի ծռելով,- դուք պարգևատրվում եք «Վասակ Սյունի» շքանշանով։
Վասակ Սյունո՞ւ՝ հայտնի դավաճանի՞, որ վճռական պահին թշնամու կողմն էր անցել։ Կորյունը թեպետ նրա մասին բավականին ջերմ խոսքեր է գրել, թեպետ հերոսներն ու դավաճանները միշտ տեղփոխ են լինում՝ կախված դիտանկյունից, ու երբեք չես իմանա՝ դրանցից ով է հերոս, ով դավաճան, բայց այնուամենայնիվ դպրոցական ծրագրով է Վասակ Սյունու վրա ամրագրված դավաճանի համբավը։ Ես փորձեցի հիշել՝ ինձնից առաջ ում է շնորհվել այդ շքանշանը և արդյո՞ք որևէ մեկի շնորհվել է, թե՞ ինձ ձեռ առնելու ձև է միայն։ Միգուցե պարզապես իշխանություններն էին իբրև բարձրագույն առաքինություն որդեգրել դավաճանությունը։ Բայց ո՞ւմ էի դավաճանել ես՝ պետությա՞նը, հեղափոխությա՞նը, ընկերությա՞նը, սիրո՞ւն… Միգուցե ի՞նձ էի դավաճանել՝ բաց ճակատով ու հպարտությամբ իսկույն չխոստովանելով հանցանքներս։ Բայց ես այդպես էի վարվում ավելի շատ համեստությունից, քան վախից։
Մեզ մոտեցավ նախագահի աշխատակազմի ղեկավարը, ձեռքին՝ բաց տուփ։ Սև թավշի վրայից վերցնելով ոսկեգույն զարդը՝ նախագահը պատրաստվում էր ամրացնել այն կրծքիս, երբ ասես նոր միայն նկատեց, որ գիշերանոցով եմ ու բոկոտն։ Արարողակարգին անհարիր հագուկապի ստեղծած անհարմարությունից նա տարակուսած շուրջը նայեց։ Որպես կին ես ոչնչացված էի. մինչ այժմ անուշադրության էր մատնվել այն հանգամանքը, որ գիշերանոցով եմ, հետևաբար և՝ այդ գիշերանոցի տակից թափանցող բարեմասնություններս։ Ավելին, նախագահը վճռեց չկարևորել ծագած անհարմարությունը և շքանշանն ամրացրեց գիշերանոցիս փոռիկներին։
– Ձեր նման տնային տնտեսուհիները մեր ազգի փրկությունն են,- ասաց նա, և բոլորը ծափահարեցին։
Ի՞նչ, տնային տնտեսուհի՞։ Ուրեմն նրանք չգտեն՝ ես ով եմ և ոչ թե ստորացնում են որպես ընդդիմադիր մտավորականի, այլ իսկապես պարգևատրում են՝ որպես իշխանությունների կազմակերպած գործողություններին ակամայից օժանդակած շարքային քաղաքացու, ավելի ճիշտ՝ տնային տնտեսուհու՝ բնորոշում, որ կին գրողի համար առնվազն հայհոյանք է։ Բայց այս պահին դա միակ սփոփանքը կարող էր լինել, քանի որ կարող էի երևակայել, թե այս ամենն ինձ հետ չի կատարվում։ Միայն դատախազի ներկայությունն էր խանգարում երևակայությանս թռիչքին։ Բայց թեթև հույս կար, որ նա էլ ինձ տեղը չի բերում, այլապես կարժանացներ եթե ոչ բարեկամական ժպիտի, որին ես արդեն արժանի չէի, ապա գոնե սպանիչ արհամարհանքի։ Իսկ նրա դեմքին կատարյալ անտարբերություն էր։
– Ձեզ նվեր ունի շնորհելու նաև նորընտիր նախագահը,- ասաց նախկին նախագահը, որ շարունակում էր գործել։
Նորընտիրը երկչոտ հայացքով, բարեհամբույր ժպտալով մոտեցավ, սեղմեց ձեռքս, շնորհավորեց բարձր պարգևին արժանանալու համար և ինձ մի հրավիրատոմս հանձնեց։
– Սա իմ ինաուգուրացիայի հրավիրատոմսն է,- ասաց։- Ես ձեր գրականության մեծ երկրպագուն եմ և ձեր հավատարիմ ընթերցողը։ Ինձ համար մեծ պատիվ կլինի ձեր ներկայությունը ինձ համար այդքան կարևոր այդ միջոցառմանը։
Անսպասելիությունից ցնցված էի։ Նշանակում է՝ նրանք գիտեին՝ ես ով եմ, ¨ այսքան ժամանակ ամբողջ այս արարողությունը մի նպատակ էր հետապնդում միայն՝ ստորացնել ինձ։ Սա նաև նշանակում էր, որ նրանք քաջատեղյակ էին տեսաժապավենում իմ կատարած գործողությունների իրական շարժառտթներին, և բոլոր հնարավորությունները, թե կարող էին դրանց այլ մեկնաբանություն տալ, այլևս չքանում էին։ Ցասումով նայեցի դատախազին։ Մինչ այժմ ինձ ծանոթ էր իշխանական այդ մի օղակը։ Այժմ ամբողջ շղթան էր փաթաթվել վզիս, ու այդ շղթայից կախված էր շքանշանս։
– Չեմ կարող,- շշնջացի շփոթված ու ինչ-որ անհեթեթ պատճառաբանություն բերեցի։ Հիմա ես ես էի, ու դա ծայրաստիճան բարդացնում էր իրավիճակը։
– Այնտեղ բարձրաստիճան հյուրեր են լինելու, կծանոթանաք հետները,- թախանձեց նորընտիր նախագահը մի տեսակ մտերմաբար,- հրավիրատոմսը երկու հոգու համար է, լավ տեղեր են, եկեք, էլի…
Հանկարծ անասելի խղճմտանքով լցվեցի այս փոքրիկ, անհամակրելի արարածի հանդեպ, ում ժողովուրդը չէր ընտրել, և ով գիտեր այդ մասին, գիտեր իր հանդեպ եղած համընդհանուր, ոչնչով չբացատրվող ատելության մասին։ Լինում են այդպիսի երեխաներ մանկապարտեզներում ու դպրոցներում, ում ոչ ոք չի սիրում, ոչ ոք չի խաղում նրանց հետ, թեպետ ոչ ոք չի կարող բացատրել՝ ինչու։ Հակառակի պես միշտ այդպիսի երեխաների հետ եմ ընկերություն արել, ընդ որում ոչ թե բոլորի կողմից հարգված ու սիրված աշակերտի իմ բարձունքներից, ոչ թե նրանց հովանավորելու ու պաշտպանելու նպատակով, ոչ թե նրանց ֆոնին շահեկանորեն ընդգծվելու համար, այլ ինչպես հավասարը հավասարի հետ կաներ։ Մեծ տարիքում նույնպես միշտ ճնշվածի, խեղճի, թույլի, մերժվածի կողմից եմ եղել։ Այլ կերպ լինել չէր էլ կարող, գրող եմ։ Հիմա հանկարծ ինձ մի ակնթարթում պարզ դարձավ, թե ինչու էին իմ գրչընկերները սատարում հենց այս թեկնածուին։ Ամբողջ Գրողների միությունն էր կանգնած նրա թիկունքին, և միայն ես՝ մոլորված գառնուկս, սխալ ազդեցությունների տակ էի ընկել, մերժվածն ու ճնշվածը այլ տեղ էի փնտրել, մինչդեռ այն հենց այստեղ էր, իմ առջև։ Այնքան ասնպասելի էր այդ հայտնությունը, այնքան մեծ ինձ համակած հուզմունքը, մեղա գալու, ապաշխարելու ցանկությունս, որ չկարողացա արցունքներս զսպել։ Հանկարծ նորընտիր նախագահը փաթաթվեց ինձ ու սկսեց հեկեկալ հետս։ Ես էի մոլորվածը, ես էի դարձի բերվածը, ես էի ապաշխարողն ու զղջացողը, բայց նա այնպես էր հեկեկում, ասես անառակ որդին ինքը լիներ։ Կողքից պիտի որ չափազանց ծիծաղելի լինեինք, բայց ներկաները նույնպես հուզված էին, նրանց աչքերը լի էին արցունքներով, ոմանք արդեն թաշկինակներ էին հանել։ Ամենատեսի իմաստուն ժպիտը դեմքին դեպի մեզ էր գալիս ամենայն հայոց ավազակապետը։ Նրա կուրծքը զարդարող ադամանդակուռ խաչի ու ծանր գավազանի տեսքից այլևս չկարողացա զսպել ինձ, ծնկեցի և բոլորի, այդ թվում նաև ինձ համար անակնկալ կերպով սկսեցի աղոթել։ Դա այնքան անսպասելի էր, որ նորընտիր նախագահի ու բոլոր մյուսների դեմքերը մի պահ մռայլվեցին, չլինի՞, թե իրենց ձեռ եմ
առնում։ Նրանք ինձնից խոնարհություն ու զղջում էին ակնկալում, բայց ոչ՝ մոլեռանդություն։ Ավելորդ կասկածներ չհարուցելու համար արագ հավաքեցի ինձ, համբուրեցի Ավազակապետի՝ ինձ պարզած աջը, ստացա նրա օրհնությունը և ոտքի ելա։ Մի պահ մտքովս անցավ, որ հազիվ հարմար առիթ է դատախազից գրքիս տպագրության փողն ուզելու, բայց դա կարող էր նսեմացնել պահի վեհությունը։ Ինաուգուրացիային, որոշեցի, բանկետի ժամանակ, առավել մտերմիկ միջավայրում կասեմ։
– Ուրեմն, սպասում եմ,- ձեռքս ջերմ սեղմելով՝ ավելացրեց նորընտիր նախագահը։
– Կարո՞ղ եմ ընկերոջ հետ գալ,- չգիտեմ ինչու հարցրի։ Մանկությունից մնացած սովորություն է, սիրում եմ հիմար հարցեր տալ։
– Կարող եք,- ասաց ու խորամանկ ժպիտով ավելացրեց,- թեկուզ ընկերուհու։
Հանկարծ մի ակնթարթում պարզ դարձավ ամբողջ պատմությունը. ոչ մի տեսանյութ էլ գոյություն չուներ։ Ընկերուհիս էր մատնել ինձ։ Հանկարծ, ասես գաղտնի պատուհանից, տեսա նրան առերեսման խցիկում, օրինապահների առաջ նստած, իմ դեմ ցուցմունք տալիս։ Նա ամենայն մանրամասնությամբ պատմում էր, թե ինչ եմ արել դեպքերի գիշերը և բոլոր մյուս գիշերներին, պատմում էր, որ մենք ապրում ենք մի տան մեջ, քնում մի անկողնում, ուտում մի ափսեից, խմում մի բաժակից…. Նա ասում էր, որ մեր ընկերությունն այնքան էլ անմեղ չէ, ինչպես կարող է թվալ։ Որ չնայած այն իր մեջ ժխտում է մեղքը և ինքն իրենով արեն իսկ մեղքի ժխտումն է, բայց՝ սովորական, ծանոթ, որոշ չափով անմեղացած մեղքի։ Ասում էր որ մեր մտերմությունը շատ ավելի ահավոր մեղք է, որովհետև մեղք է մեղքի հանդեպ, այսինքն՝ կրկնակի մեղք։ Դա, ասում էր, այն գարշելի մեղքերից է, որ սիրում են քողարկվել անմեղությամբ։ Եվ ամենաահավորն էր ասում՝ որ ես սպանել եմ իրեն։ Բայց նրա ցուցմունքն իբրև հիմք ընդունել չէի կարող, քանի որ նրա ասածների միայն կեսն էր ճիշտ, ավելի ճիշտ՝ նրա ասածները ճշմարտության կեսն էին միայն. մենք երկուսով էինք ապրում, որպեսզի կարողանանք տան վարձ տալ, մենք մի անկողնում էինք քնում, որովհետև տանը մի մահճակալ կար, մենք մի ափսեից էինք ուտում ու մի բաժակից խմում, որովհետև դա էր մեր ունեցած սպասքը, և անշուշտ, ես մտածել եմ նրան սպանելու մասին, բայց դա դեռ չի նշանակում, թե սպանել եմ։
Ընդունարանում լիքը մարդ կար։ Բոլորի դեմքերը ծանոթ էին՝ հիմնականում հեռուստատեսային հաղորդումներից, որոնց այս մարդիկ հաճախ էին հյուրընկալվում։ Սրանք այն պահանջված մտավորականներն էին, որ միշտ քննադատում էին և իշխանություններին, և ընդդիմությանը։ Հետաքրքիր է՝ սրանց է՞լ են բերման ենթարկել ոնց որ ինձ։ Ոչ ոք, համենայնդեպս, գիշերանոցով չէր, միայն տոնական կոստյումներով ու փողկապներով։ Չգիտեմ ինչու հիշեցի մի հին հրապարակում (որ թերթում՝ այդպես էլ չկարողացա հիշել) այն մասին, որ իշխանությունները էլիտար բնակարաններ են տալիս տատնվող ընդդիմադիրներին։
Նախագահի նստավայրի բակում Արարատյան դաշտի առավոտ էր։ Ես ինձ զգում էի մահապատժի տարված մարդու պես, որին ներում է շնորհվել։ Թվում էր՝ մարդն այդ պահին ուրախության ու երախտագիտության զգացում պիտի ունենա, կյանքը նոր էջից սկսելու ուժ ու պատրաստակամություն։ Բայց ես ինձ գետինը մտնելու չափ նսեմացած էի զգում՝ այնքան, որ հազար անգամ ավելի լավ կլիներ ենթարկվել մահապատժի։ Եթե նախագահն իմ մասին ամեն բան գիտեր, գիտեր իմ ներքնազգեստի գույնն ու թաքուն մտքերս, ինչո՞ւ էի ինձ այսպես անբավարարված ու դաժանորեն խաբված զգում՝ ամենևին ոչ ապաշխարած ու օրհնություն ստացած մարդու պես։ Սիրտս ցավում էր ու մռմռում։ Ակամայից նայեցի սրտիս։ Զարհուրելի տեսարան էր. նախկին, բայց դեռ գործող նախագահը գիշերանոցիս փոռիկներին չէր ամրացրել շքանշանը, այլ խրել էր սրտիս մեջ։ Միգուցե առավել ամրության համար, միգուցե պատահաբար էր ստացվել։ Ու հիմա սրտիցս արյուն էր կաթում։ Արյունը կաթում էր բոբիկ ոտքերիս ու նախագահի նստավայր տանող աստիճանների վրա։ Սպիտակ, թափանցիկ գշերանոցս արյան մեջ կորած էր։ Առավոտն էլ սկի առավոտվա նման չէր։ Նույնիսկ աքաղաղը չկանչեց։