Սկիզբը՝ այստեղ
Չնայած դուռը փակ էր, բայց զուգարանից եկող միզահոտը չէր կտրվում, իսկ Գուգոյի փնչոցներն ու կոտրված ոտքով մահճակալի ճռճռոցը նյարդերն էին սղոցում։ Հանկարծ գլխի ընկավ, որ զզվելի միզահոտը ոչ թե զուգարանից է գալիս, այլ մոթելի սենյակի հատակից, որովհետև կնճռապատ, տառապածի դեմքով կինը, որին տեսել էր մոթել մտնելիս՝ կեղտաջրով դույլը ձեռքին, նույն շորի կտորով և զուգարանն էր մաքրել, և սենյակի հատակը։ Գուգոյի փնչոցներն ու մահճակալի ճռճռոցը ավելի սաստկացան, և վերջապես պրծավ։
Հայացքը չթեքեց, Գուգոյի կողմը չնայեց, որ չտեսնի, թե ինչպես է Գուգոն պահպանակը անդամի վրայից քաշում, գցում գետնին, ինչպես է սիգարետ վառում ու մազոտ, ճարպոտ փորը քորում։ Գիտեր՝ հետո այդպես էլ պահպանակը գետնից չէր վերցնելու, ստիպված ինքն էր անձեռոցիկի մեջ փաթաթելու ու աղբը գցեր։
Այնուամենայնիվ նայեց․ ամեն ինչ ճիշտ այնպես էր, ինչպես պատկերացնում էր, ծխում էր ու փորն էր քորում։ Երբ տեսավ, որ իրեն է նայում, ինքնագոհ ժպտաց՝ ասես հենց նոր մեծ հերոսություն էր արել։ Անիի դեմքը զզվանքից ու արհամարհանքից ծամածռվեց, ու նույն պահին մտածեց․«Տեսնես չի՞ տեսնում դեմքիս զզվանքը, թե՞ չտեսնելու է տալիս․ կարևորը սեքս անի, թեկուզ շանտաժով, թեկուզ որ իրենից զզվում են»։ Հայացքը կանգ առավ, սառեց Գուգոյի փորի վրա։ Մի՞թե ամբողջ կյանքում այս փորն է աչքի առջև լինելու։ Մի տեսակ նույնիսկ զվարճալի թվաց, որ սևեռվել է հենց փորի վրա, որովհետև այսօր վերջնականապես հասկացել էր, որ Գուգոյի մեջ ամեն ինչն է զզվելի՝ ինքնագոհ ժպիտը, մանր, խորամանկ աչքերը, յուղոտ մաշկը, փոքր(իրականում չգիտեր էլ փոքր է, թե ոչ, պոռնոաստղերի անդամների հետ համեմատելով էր փոքր համարում), կարմիր ցանով պատված անդամը։ Մտածեց, որ հավանաբար սոցցանցերում հայ տղամարդկանց փորերի մասին գրառումներն են ազդել, որ հենց փորի վրա է սևեռվել։
Ճպճպոցից հասկացավ, որ ծխելն արդեն վերջացրել է ու սեղանին մնացած ուտելիքն է խփշտում․ ահագին էներգիա է սպառել։ Որքան էլ տհաճ էր այն զգացողությունը, որ նրա մաշկահոտը հիմա իր վրա է, այնքան կոտրված ու հուսահատ էր, որ չէր շտապում բաղնիք գնալ։ Բայց ճպճպոցի ձայնը այքան էր նյարդայնացնում, որ եթե արագ չհեռանար այդտեղից, նյարդային ցնցումների մեջ կընկներ կամ գուցե նույնիսկ մի բան վերցներ ու հարվածեր Գուգոյի գլխին։ Այդ միտքը սարսափեցրեց նրան, հանկարծ հստակ գիտակեց, որ դեմ չի լինի, եթե նրա հետ դժբախտ պատահար լինի։ Շտապեց ցնցողի տակ արդեն ոչ միայն Գուգոյի քրտնահոտից ազատվելու համար, այլև սեփական մտքերից։
Տաք ջուրը, միևնույնն է, չէր հանգստացնում Անիի միտքը։ Այնքան եռանդով էր օճառվում, ասես քիչ առաջ բորոտի հետ էր գրկախառնվել։ Հետո հուսահատությունից ձեռքերը թուլացան ու օճառը ձեռքից ցած ընկավ։ Պպզեց ցնցուղի տակ ու լաց եղավ։ Երկար մազերը, որոնցով այդքան հպարտանում էր, քարշ էին գալիս էժանագին մոթելի գունաթափ մետլախին։ Այդ պատկերից սիրտը մղկտաց, ավելի անօգնական ու անուժ զգաց իրեն ու ավելի բարձր զռռաց։ Մտքում անդադար պտտվում էր Գուգոյի ասածը․ «Եթե ինձ հետ չլինես, եթե հետս չամուսնանաս, ամբողջ գյուղով, քաղաքով մեկ խայտառակ կանեմ, հենց հորդ կասեմ․․․»։
Գուգոն, որ հավանաբար լսել էր լացի ձայնը, թակում էր դուռը։ Սկզբում չարձագանքեց, բայց հետո հանկարծ ուզեց հեռու գնալ, հեռանալ մոթելից, Գուգոյից, ուզեց իր սենյակում լինել, որն այդքան սիրում էր, իր գրքերի, իր երաժշտական ընտրանու հետ։ Դուռը բացեց, Գուգոյին ասաց, որ իրեն տուն տանի։
Մեքենայում լուռ էր, Գուգոյի ասածներին չէր պատասխանում, իսկ նա խոսում էր իր առօրյա գործերից, որ մեքենան պետք է արհեստավորի մոտ տանի, որովհետև ինչ-որ չխկչխկոց է ընկել մեքենայի մեջ, ասես ոչինչ չէր եղել, ասես շանտաժ անելով չէր տարել մոթել ու ստիպողաբար սեքս արել իր հետ։ Եթե ամոթահար լռեր, գուցե հավատար Գուգոյի հավաստիացումներին, որ սիրում է իրեն, բայց հիմա, երբ իրեն այնպես էր պահում, ասես ոչ մի ստորություն չի արել, Գուգոյի հանդեպ զզվանքը վեր էր ածվում ատելության։ Երբ գյուղի ոլորապտույտ ճանապարհով բարձրանում էին, մտքով անցավ, որ կարող է հեշտ ազատվել այդ իրավիճակից, եթե ղեկից բռնի ու կտրուկ դեպի ձորը թեքի։ Գուգոն այնքան արագ էր քշում՝ փուչ ինքնավստահությամբ ու հպարտությամբ , որ չէր հասցնի ոչինչ անել, ձորը կգլորվեին։ Անիի մտքով անցավ, որ Գուգոյից հիասթափության առաջին նշանները հենց նրա՝ մեքենայի հանդեպ անսահման սիրո ու հոգատարության պատճառով հայտնվեցին։ Հիմա, երբ արդեն ատում էր նրան, նայում էր Գուգոյին, և զարմանում էր՝ ամենասկզբում ո՞նց էր հավանել նրան, ի՞նչն էր հավանել։ Փորձում էր մտաբերել, չէր կարողանում և արհամարհում էր ինքն իրեն։ Փաստորեն միայն այն, որ Գուգոն իր հանդեպ հետաքրքրություն է ցուցաբերել, բավական է եղել։ «Առաջին պատահածի հետ, առաջին պատահածի հետ»,- ձաղկում էր ինքն իրեն։
Մոր դեմքը երջանկությունից փայլում էր։ Քծնական ժպիտով անմիջապես մեջտեղ եկավ․ «Սոված չե՞ս, Գուգո ջան, սուրճ կխմե՞ս, մի քիչ նստի, հանգստացի, հետո կգնաս»։ Ո՜նց էր զզվում մոր քծնական վերաբերմունքից, խեղճությունից։
-Գուգոն գործեր ունի,- չոր կտերց ինքը, որրովհետև գիտեր, որ Գուգոն համաձայնվելու է մոր առաջարկներին։
Գուգոն թարս նայեց, բայց այնուամենայնիվ դուրս եկավ։ Մայրը գնաց Գուգոյին ճանապարհելու, Անին նրանց հետևից չգնաց, բայց պատկերացնում էր, թե ինչ է մայրը խոսելու, ինչպես է քծելու ու սիրաշահելու։
-Ռեստորան էի՞ք գնացել, – զվարթ տոնով ասաց մայրը, երբ Գուգոյին ճանապարհեց ու վերադարձավ։
Ուզում էր պատասխանել, ասել, որ իրականում Գուգոյի հոր էժանագին մոթելն էին գնացել, որտեղ Գուգոն իր կամքին հակառակ՝ շանտաժով ու վախեցնելով քունել էր իրեն, հենց հայհոյանքով էր ուզում ասել։ Բայց ոչինչ չասաց, մայրը, հարցը անարձագանք թողնելով, գնաց ու փակվեց իր սենյակում․ մոր հետ խոսելը անիմաստ էր, դեռ մի ամիս առաջ էր նրան ասել, որ Գուգոյին չի սիրում ու չի ուզում նրա հետ ամուսնանալ, բայց քաղաքի դատախազի հետ խնամիանալու հեռանկարը այնպես էր մոր գլուխը մշուշել, որ ոչինչ չէր ուզում լսել։ Դեռ մի բան էլ յուղ էր լցնում ու սնուցում էր Գուգոյի շանտաժը․ «Հայրդ չի դիմանա դրան, ամբողջ գյուղով խայտառակ կլինենք»։ Ասել էր, որ սեքս է արել Գուգոյի հետ, բայց հիմա ափսոսում էր, որ հոգին բացել է նրա առաջ, որովհետև նեցուկ լինելու փոխարեն հիմա մայրը ավելի մեծ ճնշում էր գործադրում իր վրա։ «Ռեստորա՞ն էիք գնացել»,- իբր չգիտի, որ սեքսով են զբաղվում։
Անին լուռ հեռացավ ու փակվեց իր սենյակում։ Բերենքսիվայր մեկնվեց մահճակալին, գլուխը բարձի մեջ թաղեց։ Այդպես շնչելը դժվար էր, շունչը պահեց՝ տեսնես ինչքա՞ն կդիմանա։ Սկսեց հաշվել։ Քունքի մոտ զարկերակը տրոփում էր, սիրտը թպրտում էր վանդակի պատերին զարկվող թռչունի պես։ Հանկարծ ականջին հասավ այգում հսկա եղևնուն թառած ծտերի գեղգեղանքը։ Ամեն անգամ, երբ լսում էր նրանց ձայնը, խաղաղվում էր, աչքերը մեքենայաբար փակվում էին, ու քունը տանում էր։ Հիմա դա շատ էր պետք նրան։ Բարձրացավ տեղից ու գնաց դեպի պատուհանը, բացեց փեղկերը, և սառը օդն ու ծտերի ձայները ներս խուժեցին։ Մտածեց, որ տարվա այդ եղանակին՝ նոյեմբերի վերջին պետք է չված լինեին տաք երկրներ, ինչպե՞ս է ստացվել, որ մնացել են, ի՜նչ լավ է, որ մնացել են։ Հին, մաշված կտորով բազկաթոռը, որի վրա կարպետի կտոր էր գցում ծակը փակելու համար, քաշեց պատուհանի մոտ, թինկը տվեց։ Սառը օդն ու թռչնաձայները իրենց գործն արին՝ թակարդում, փակուղում լինելու զգացողությունը աստիճանաբար թուլացավ։ Երազեց, թե ոնց է գյուղից հեռանում, համալսարանի բանասիրականը ընդունվում, աշխատում լավ միջավայրում։ Մի պահ կասկածեց՝ համարձակությունը կհերիքի՞, միայն թե կարողանա համարձակությունը հավաքել ու հոր հետ խոսել, Գուգոյին զրկել շանտաժի հնարավորությունից։
Հոր հետ առանձնահատուկ էր կապված։ Նրա հոգատարությունը, միշտ զիջելու պատրաստակամությունը կաշառել էին Անիին, ստիպել էին, որ ավելի շատ հորը սիրի ու նրա հետ կապվի, քան մոր հետ։ Հայրը մշտապես խրահուսել էր իրեն, վստահել էր, ու հիմա չէր ուզում նրա սիրտը կոտրել, վշտացնել, չէր ուզում, որ իր պատճառով հայրը գլուխը կախ քայլի գյուղում։ Վստահ էր, եթե Գուգոյի հետ չամուսնանա, նա իր «խոստումը» կիրագործի, հորը ու ամբողջ գյուղին կպատմի, որ սեքս է արել իր հետ։ Պետք է ուրեմն ինքը պատմեր, բայց ինչպե՞ս։
Ձյուն էր գալիս։ Գուգոյի հետ վերջին հանդիպումից մեկ ամիս էր անցել, մի քանի օրից նոր տարի էր, իսկ ինքը դեռ չէր խոսել հոր հետ։ Այն պահերին, երբ վճռական էր լինում, կամ հայրը տանը չէր լինում, կամ էլ երբ գործից հետո տուն եկած հոր հոգնատանջ դեմքը տեսնում էր, չէր կարողանում խոսք բացել։ Գուգոյին խաբել, ասել էր, որ վատառողջ է ու արդեն երկու շաբաթ տանից դուրս չէր եկել, չէր հանդիպել նրան։ Երկու օրից Նոր տարի էր ու Անին մտածում էր, որ պետք չի հոր տրամադրությունը փչացել, մտածում էր՝ Նոր տարուց հետո կասի, որ քաղաք է գնում գործ գտնելու ու համալսարան ընդունվելու։ Իրականում հենց Գուգոն էր պատճառը, որ մի տարի բաց էր թողել։ Համոզել էր, որ մյուս տարի ընդունվի, երբ ամուսնանան։ Սկզբում ասում էր, որ Երևան կգնան, հետո խորհուրդ էր տալիս Վանաձորում ինչ-որ բաժին ընդունվել, իսկ հետո, երբ հարաբերությունները լարվեցին, լսել անգամ չէր ուզում Անիի սովորելու մասին։ Ամսի մեկին Գուգոն ծնողների հետ պետք է գար Նոր տարին շնորհավորելու, մտածեց՝ ճիշտ կլիներ, որ մինչ այդ հոր հետ խոսեր, որ այդ ավելորդ այցը չլինի։ Մյուս կողմից էլ մտածում էր, որ գուցե չարժե հոր Նոր տարին փչացնել։ Մտածեց՝ նոր տարում կասի, նոր տարում նոր կյանք կսկսի, կպատրասվի ընդունելության քնություններին ու Երևան կգնա։
-Անի՛, Անի՛, չե՞ս լսում։
Մայրը առավոտից երեկո աշխատում էր, Նոր տարվա պատրաստությունն էր տեսնում ու փնթփնթում, որ բավանաչափ չի օգնում իրեն։ Տան հիմնավոր մաքրությունը, ամանորյա հսկայական առևտուրը, նախորոք պատրաստվող ճաշատեսակների առանձին բաղադրամասերը պատրաստելը՝ գործը շատ էր, իսկ այս տարի բազմապատվել էր։ Առանց այդ էլ Նոր տարվա սեղանը մայրը միշտ փորձում էր ճոխ անել, և եթե ուրիշ տարիներին հաճախ ինքնանպատակ էր լինում «շքեղության» ցուցադրումը, այս տարի նպատակը այն էր, որ էլիտար խնամիները պակասություններ չտեսնեն։ Վերջին խնայողությունները ծախսելով՝ մայրը ամեն օր քաղաք էր գնում առևտրի․ «Թող չմտածեն՝ եթե գյուղում ենք ապրում, շնորքով սեղան գցել չգիտենք»։ Գյուղում ապրելը մոր աչքերում «պակասություն էր», խարան, բարդույթ, որից չէր կարողանում ազատվել։ Ամբողջ կյանքում հորը երեսով էր տալիս, անընդհատ հիշեցնում, որ ինքը քաղաքի՝ Վանաձորի աղջիկ լինելով այդպիսի մեծ զոհողության է գնացել, գյուղ է եկել։ «Գիտե՞ս ինչ տղերք կային ինձ ուզող, հիմա ի՜նչ գործերի են Երևանում»,- հաճախ աննրբանկատորեն Անիին էր ասում մայրը՝ չնկատելով, որ հայրը նույնպես լսում է կամ դրան կարևորություն չտալով։ Այդ ժամանակ Անին մտածում էր՝ դատելով նրանից, թե ինպես է շողոքորթում, հաճոյանում Գուգոյին, հավանաբար հենց Գուգոյի նման մեկն է եղել։ «Իմ սխալը թույլ չտաս»,-ասում էր մայրը այն օրը, երբ նրան ասաց, որ ուզում է թողնել Գուգոյին։ Իսկ ի՞նչ սխալ էր նա գործել, սիրահարվել էր, ամուսնացել էր հոր հետ, որը ամբողջ կյանքում հոգատարությամբ ու տքնաջան աշխատանքով երախտապարտ էր նրան այդ սիրահարության ու ընտրության համար։ Ինչի՞ց էր դժգոհում մայրը։
Անին նայեց, թե ինչպես է մայրը հատակը մաքրում, կեղտոտ շորը մզում, պարզաջրում ու նորից սրբում տախտակները, որոնք հավանաբար մոր չափազանց մաքրակենցաղությունից էին այդպես գունաթափվում, և այդ պահին հանկարծ խղճաց մորը՝ զարմանալով իր այդ զգացողության վրա։ Գուցե սա էլ նրա երազած կյանքը չի, գուցե նրան հենց Գուգոյի պես մեկն էր պետք՝ մայրաքաղաքի կենտրոնում գտնվող լուսավոր բնակարանով, որտեղ կարող էր հյուրեր ընդունել ու առանց տքնանքի ցուցադրել իր բնակարանը, արդուզարդը, նոր մուշտակը։ Ի վերջո ինքն էլ էր ուզում գյուղից քաղաք գնալ, ուրեմն ինչո՞ւ էր մեղադրում մորը, որ դժգոհում է գյուղի կյանքից։
Նոր տարվա վերջին օրն էր։ Մայրը այնքան շուտ էր սկսել նախապատրաստական աշխատանքները, որ վերջին օրվան շատ գործ չէր մնացել։ Բայց չէ, ամանորյա բուդն էր պետք պատրաստել։ Այդ օրը կեսգիշերին սեղանին բուդը չէին հասցնի դնել, բայց կարևորը այն էր, որ երբ խնամիները գային, պատրաստ կլիներ։ «Ավելի լավ,-ասում էր մայրը,-թարմ վիճակում սեղանին կդնենք»։ Հայրը, որ վերջին երկու շաբաթվա ընթացքում տարօրինակ էր իրեն պահում և ամեն երեկո քեֆը լավ էր տուն գալիս, այդ օրը արդեն հասցրել էր իր քաշած դամբուլի օղուց մի քանի բաժակ խմել և լրիվ մոռացել էր, որ պետք է բուդ բերի։ Մայրը հիշեցրեց՝ բուդը, գնա բուդը բեր։ Ի՞նչ բուդ։ Ո՞նց թե ինչ բուդ։ Խեղճ հայրը հագնվեց, որ իջնի քաղաք, վերջին օրով բուդ ճարի, որ մայրը հանկարծ չնեղվի, երբ խնամիները գան։ Իր սենյակից Անին լսում էր ողջ խոսակցությունը, մի պահ մտքով անցավ միջամտել, ասել, որ իզուր է հորը չարչարում, որ ինքը ոչ մի դեպքում չի ամուսնանալու Գուգոյի հետ, և ուրեմն նրա ծնողների առջև ամանորյա սեղանի ցուցադրությություն էլ է իմաստազուրկ, բայց զսպեց իրեն։ Նոր տարում կասեր, ինչպես որ որոշել էր, նոր տարում նոր կյանք։
Կեսգիշերը մոտենում էր, իսկ հայրը չկար։ Նրա գնալուց մի քանի ժամ անց մայրը զանգել էր, որ պարզի, թե ինչ եղավ բուդը, բայց պարզվել էր, որ հայրը հեռախոսը տանն է թողել։ Մոր հանձնարարությամբ Անին զանգել էր Ալավերդիում ապրող բարեկամներին, հոր ընկերներին, բայց ոչ ոք չէր տեսել հորը և գաղափար չուներ, թե որտեղ կարող է լինել նա։
Կեսգիշերին Անին ու մայրը սեղան նստեցին։ Մայրը սեղանը բացել էր, ուտելիքների առատությունից թվում էր՝ սեղանի ջարդված ոտքը, որ հայրը մի քանի անգամ սարքել էր, չի դիմանա ու նորից կկոտրվի։ Անին պատկերացրեց, թե ինչ վիճակում կհայտնվի մայրը, եթե տասը օրվա չարչարանքը գետնին թափվի, փչանա։ Չարախնդաց ու վատ զգաց դրանից, ի վերջո մայրը ուզում էր, որ ինքը երջանիկ լինի, պարզապես երջանկության մասին նրա պատկերացումներն էին տարբեր։ Մտածեց, որ 25-30 տարի հետո գուցե ինքն էլ մորը նմանվի, նյութական ապահովությունը ամեն ինչից վեր դասի։
Երբ կեսգիշերի զանգերը խփեցին, մայրը գինի լցրեց երկուսի բաժակների մեջ, փորձեց խմել Գուգոյի հետ բախտավոր ամուսնության, երջանկության կենացը, բայց Անին թույլ չտվեց։ Ասաց․ «Չեմ ամուսնանալու, գնում եմ Երևան սովորելու»։ Այնքան կտրուկ ասաց, որ մայրը չշարունակեց։ «Լավ, ինչ ուզում ես, արա»։ Անին չհասկացավ՝ վերջապես մայրը համաձայնե՞ց, թե՞ չուզեց տոնական օրով կռվել իր հետ։ Ճոխ սեղանի մոտ լուռ նստեցին մոտ քառասուն րոպե, այդպես էլ ոչ ոք չայցելեց Նոր տարին շնորհավորելու։ Մայրը ամբողջ օրը գործ էր արել, հոգնությունից աչքերը փակվում էին, այնքան հոգնած էր, որ հոր վրա էլ չէր փննթփնթում։
Երբ մայրը գնաց, հեռախոսը ձեռքը վերցրեց, տեսավ, որ Գուգոն մի քանի անգամ զանգել է ու հաղորդագրություններ ուղարկել Ֆեյսբուքով։ Երկար նամակ գրեց, որ չի սիրում նրան, ստեց, որ հոր հետ խոսել է, ամեն ինչ պատմել է։ Հեռախոսի ձայնը անջատեց, չէր ուզում լսել Գուգոյի պատասխանների ծնգոցները, որոնք ինչպես ենթադրում էր, չուշացան։ Չբացեց, չկարդաց հաղորդագրությունները։ Մի տեսակ թեթևություն զգաց․ հիմա, երբ Գուգոյին ասել էր, որ հոր հետ խոսել է, չէր կարող տատանվել, նահանջել, իսկ սպասվող խոսակցությունը այդքան ծանր չէր թվում։ Քունը տանում էր, բայց չգնաց իր անկողնում պառկելու, ծածկոց բերեց ու հյուրասենյակի բազմոցին պառկեց, որ երբ հայրը գա, արթուն լինի։ Հիշեց, որ մանկության տարիներին էլ էր նույն բազմոցին քնում, որ երբ ձմեռ պապը գա, արթուն լինի ու տեսնի նրան, բայց չէր կարողանում մինչև լուսաբաց արթուն մնալ։ Այդ հիշողություններից սիրտը ջերմացավ, մտքերը խաղաղվեցին, քնեց։
Երբ արթնացավ, արդեն լուսանում էր։ Հայրը սեղանի մոտ նստած էր, օղի էր լցնում բաժակը, որ խմի։ Ափսեի մեջ թթու էր դրված և լավաշով բրդուջ էր սարքել։ Օղին խմեց ու ախորժակով կծեց բրդուջը։
-Ո՞ւր էիր, հայրիկ։
-Էս ինչի՞ ես էստեղ քնել,-հարցին հարցով պատասխանեց հայրը։
Հետո հայրը պատմեց գիշերվա արկածները, որ հանքի աշխատանքից հանել են, բայց չի ուզել տոնական տրամադրությունը փչացնել և չի ասել Անիին ու կնոջը, որ ամեն օր իջել է քաղաք ու վետերոկում խմել ընկերոջ հետ, որ այդ նույն հացընկերոջ հետ հարբել են, գնացել են «պարտքով» գոջի վերցնելու, գողացել են գոջին, ոստիկանություն ընկել, բայց ապրանքի տերերը բարի մարդիկ են եղել և բողոք չեն գրել։ «Մտածում էի,- խոսքը եզրափակեց հայրը,- ինչքան ամոթ կլինի, եթե Գուգոյի ծնողները իմանան, որ գողություն եմ արել, ոստիկանություն եմ ընկել»։
Անին մի կարճ պահ տատանվեց, բանտում էլ իր մասին է մտածել հայրը, հիմա ինչպե՞ս ասի, որ խայտառակել է նրան։ Բայց համարձակությունը հավաքեց, պատմեց, որ չի սիրում Գուգոյին, չի ուզում նրա հետ ամուսնանալ։
-Բա ինչի՞ չէիր շուտ ասում,-ասաց հայրը։
-Հայրիկ, -հապաղեց Անին,- Գուգոյի հետ․․․ Ես․․․ Գուգոն ասաց․․․
Հայրը ամեն ինչ հասկացավ, գլուխը ջղային օրորեց։
-Այ շաշ, սա ո՞ր թիվն ա, որ էդ պատճառով չսիրած մարդու հետ պսակվես, կյանքդ փչացնես, մտածես՝ ով ինչ կմտածի կամ ինչ կխոսի։ Բա ես քեզ թե՞նց եմ դաստիարակել։
Ամուր-ամուր գրկեց հորը, ծիծաղելով լաց եղավ, հայրն էլ արտասվեց։