Վարդան Ջալոյան/Թատրոնը և կոսմոպոլիտիզմի դեմ պայքարը Հայաստանում

1946-ի կեսերին Խորհրդային Միությունում սկսվում է նոր գաղափարախոսական արշավ, որի բարձրակետը դարձավ «կոսմոպոլիտիզմի» դեմ պայքարը։ Արշավը հիիմնականում կրում էր հակասեմիտական բնույթ, չնայած «կոսմոպոլիտների» մեջ կային նաև ռուսներ ու հայեր։

«Կոսմոպոլիտիզմի» դեմ պայքարը պետք չէ ընկալել իբրև ստալինիզմի կամ խորհրհրդային ամբողջատիրության վերջին արշավը։ Ընդհանրապես, խորհրդային համակարգին հատուկ էին «զտումները» իբրև գաղափարախոսական ճնշման հիմնական գործիքներից մեկը։ «Սովետական մարմինը» անընդհատ վարակվում էր «օտար» ու «թշնամական» վիրուսներով և նրան պետք էր «թերապևտիկ» միջամտություն, թեև ստալինիզմը ավելի գերադասում էր «վիրահատականը»։ Դա համակարգի «գաղափարախոսական ռասիզմի» դրսևորումն էր, որ պահպանվեց մինչև նրա վախճանը։ 

Բայց ստալինյան դարաշրջանի «կոսմոպոլիտիզմի դեմ պայքարը» հետաքրքիր է նաև նրանով, որ հայ ազգայնականները մինչև հիմա էլ պայքար են մղում «կոսմոպոլիտիզմի» դեմ օգտագործելով Ստալին-Ժդանովի ստեղծած կոնցեպցիան։ Ամբողջական արտահայտություններ, մոտեցումներ նրանք փոխառել են, հավանաբար նույնիսկ չկռահելով դրանց աղբյուրը։ Դա վկայում է մտածողական կարծրատիպերի կայունության մասին, հատկապես՝ հայ ազգայնական և պահպանողական միջավայրում։

Հետպատերազմական շրջանում ստեղծվեց որոշակի գաղափարական անկայունություն, որին տոտալիտար համակարգը փորձեց հակադրել մտավորականության դեմ նոր բռնաճնշումներով։ Այդ բռնաճնշումներից մեկն էլ «կոսմոպոլիտ թատերական քննադատների» դեմ գաղափարախոսական արշավն էր։ 

Այն սկսվեց «Պրավդա»-ում «Թատերական քննադատների հակահայրենասիրական խմբի մասին» խմբագրականով, որ լույս է տեսել 1949 թվականի հունվարի 28-ին։ Հոդվածը գրվել է հեղինակների խմբի կողմից: Նրան նախորդել էր Կոմկուսի կենտկոմի մեկ այլ որոշում՝ ընդունված 1946 թվականի օգոստոսի 26-ին՝  «Դրամատիկական թատրոնների ռեպերտուարի և դրա բարելավման միջոցառումների մասին», որում ասվում էր, որ «սովետական ​​հեղինակների պիեսները ժամանակակից թեմաներով փաստացի դուրս են մղվել խաղացանկից»: Որոշման մեջ նշվում էր նաև, որ «Արվեստի գործերով կոմիտեն սխալ գծի է հետևում՝ բուրժուական օտարազգի դրամատուրգների պիեսներ մտցնելով թատրոնի խաղացանկում»։

«Կոսմոպոլիտ» թատերական քննադատները բնութագրվում էին որպես «բուրժուական գեղագիտության մնացուկներ», ովքեր «կորցրել են իրենց պատասխանատվությունը ժողովրդի հանդեպ. նրանք անհայրենիք կոսմոպոլիտիզմի կրողներ են, որը խորապես զզվելի է խորհրդային մարդու համար, նրանք խոչընդոտում են խորհրդային գրականության զարգացմանը և նրա առաջընթացին։ Նրանց օտար է սովետական ազգային հպարտության զգացումը»։ Հիմնական մեղադրանքն այն էր, որ նրանք «փորձում են վարկաբեկել մեր գրականության ու արվեստի առաջադեմ երեւույթները՝ կատաղի հարձակվելով հատկապես հայրենասիրական, քաղաքական նպատակաուղղված ստեղծագործությունների վրա՝ իբր դրանց գեղարվեստական անկատարության պատրվակով»։ Ավելի մանրամասն՝ այստեղ։

Կոսմոպոլիտիզմի դեմ պայքարում էին նաև Հայաստանում։ Գրականագետ Ռուսեթ Հովհաննիսյանը գրում է․ «Թատերական քննադատության սովետական առողջ օրգանիզմն էին սողոսկել անհայրենիք կոսմոպոլիտներ, գրական երիցս նզովյալ երկերեսանիներ՝ Յուզովսկին, Գուրևիչը, Բորշչագովսկին, Ալտմանը, Բոյաջևը, Մալյուգինը և  ուրիշները, որոնք սիստեմատիկաբար, նենգ և ստոր մեթոդներով պայքարել են սովետական գրականության և դրամատուրգիայի դեմ»։ [Ռ․ Հովհաննիսյան, Կոսմոպոլիտների հակահայրենասիրական խմբակի ջախջախումը, Տեղեկագիր Հայկական ՍՍՌ  Գիտությունների Ակադեմիայի, Հասարակական գիտություններ, 1949, N 3. էջ 3]։  Բացահայտ է այս արշավի հակասեմիտ բնույթը։ «Պրավդայի» «սև ցուցակում» հինգ հրեա են, մեկ հայ, մեկ ռուս։ Բայց այս արշավի հակասեմիտ բնույթը ավելի ակնհայտ դարձավ հետագայում։

Բայց կոսմոպոլիտիզմի դեմ պայքարը առաջնային է դառնում «սառը պատերազմի» պայմաններում․ «Պատահական չէ, որ անգլո-ամերիկյան իմպերիալիզմը իր պայքարի հիմնական զենքերից մեկը դարձրել է կոսմոպոլիտիզմը։ Կոսմոպոլիտիզմի միջոցով նա փորձում է մեծ ու փոքր ազգերի ինքնագիտակցությունը, նրանց սեփական պետականությունը, քաղաքական կյանք ունենալու նրանց բնական տենչը, այսպիսով թուլացնել ժողովուրդների ազատագրական պայքարը, որպեսզի հեշտացվի անգլո֊ամերիկյան իմպերիալիզմի աշխարհակալ տիրապետությունը»։ [Նույնի, էջ 4]

Կարելի է ասել, որ Ռ․ Հովհաննիսյանի հոդվածը նաև ռեֆերատ է խորհրդային գրականագիտության և թատերական քննադատության մեջ առկա «կոսմոպոլիտ» դրսևորումների մասին, որ նա ջանասիրաբար շարադրում է հաջորդ մի քանի էջերում։ Ավելի հետաքրքիր են այն էջերը, որտեղ հեղինակը բացահայտում է կոսմոպոլիտիզմի դրսևորումները Հայաստանում։

Ինչպե՞ս է կոսմոպոպոլիտիզմը հայտնվել Հայաստանում․ «Յուզովսկին ևԱլտմանը եղել են Հայաստանում։ Նրանց ամբիոն է հատկացվել Թատերական ընկերությունում և այլուր։ ․․․ Իսկ Սուրեն Հարությունյանի, Ալեքսանդր Արաքսմանի, Վ․ Թերզիբաշյանի նման մարդիկ խունկ են ծխել այդ հակահայրենասերի [Յուզովսկու] առաջ։ [Նույնի, Էջ 11] 

Ըստ Ռ․ Հովհաննիսյանի կոսմոպոլիտիզմը թափանցել է նաև գրականագիտություն․ «Սոցիալիստական գրականությունը, սոցիալիստական ռեալիզմը պետք է գնհատել նոր, սոցիալիստական, մարքսիստական-լենինյան էսթետիկայի տեսակետից և ոչ իդեալիստական: Իսկ մեր տնաբույս ֆորմալիստների համար, եթե սոցիալիստական ռեալիզմի երկը չի համապատասխանում մեզանից հազարավոր կամ հարյուրավոր տարիներ առաջ մշակված իդեալիստական էսթետիկայի սկզբունքներին, ավելի վատ ոչ թե հնացած էսթետիկայի համար, այլ սոցիալիստական դրամայի, վեպի համար։ Ահա ուր է հասնում այս մարդկանց պահպանողականությունը»։ [Նույնի, Էջ 12] 

Հեղինակը բերում է օրինակներ․ «Ֆորմալիստական սայթաքում է թույլ տվել պրոֆ․ Գյուլիքեվխյանը իր «Կլասիկ ժառանգությունը` սովետական հայ գրականությունը» հոդվածում։ Նա՝ մեղմ ասած, թերագնհատում է Ն․ Զարյանի պոեզիան, թերագնհատում է նրա պոեզիայի բոլշևիկյան պարտիականությունը, գերագնհատելով այն պոետներին, որոնց ստեղծագործությունների մեջ, ինչպես բազմիցս նշվել է մեր պարտիական մամուլում, առկա է որոշակի նացիոնալիզմ»։ [Նույնի, Էջ 12] 

Քննադատվում է նաև երաժտագետ Արշակ Ադամյանը․ «Իդեալիստական, ֆորմալիստական, հակագիտական կոնցեպցիա է զարգացրել Արշակ Ադամյանը «Սովետական գրականություն և արվեստ» ամսագրում տպված իր հոդվածներում, որոնք, ինչպես հայտնի է, խիստ դատապարտվեցին Սովետական գրական հասարակության կողմից»։ [Նույնի, Էջ 12֊13] 

Եվ իհարկե, համապատասխան մարմինները պետք է հետևություններ անեն, որպեսզի այդպիսի սայթաքումներ և շեղումներ չլինեն։ 

Կոսմոպոլիտիզմի, ֆորմալիզմի, էսթետիզմի, տեղական ազգայնականության դեմ պայքարը Խորհրդային Հայաստանում իր շարունակությունը ունեցավ։ Առաջ անցնելով նշեմ, որ էսթետիզմը կամ ֆորմալիզմը արվեստում «լեգիտիմացվեց» 60֊ականների կեսերին, ճիշտ է՝ «ազգային ֆորմալիզմի» տեսքով, բայց գրականության մեջ՝ շատ ավելի ուշ։

«Կոսմոպոլիտիզմը» ավելի դժվար ճակատագիր ունեցավ և «անհայրենիք կոսմոպոլիտիզմի» դեմ պայքարը իր հետքը թողեց հայկական խորհրդային ազգայնականության վրա։ Այսօր էլ Հայաստանում «կոսմոպոլիտիզմի»  մեղադրանքը համարժեք է ազգային դավաճանության մեջ մեղադրանքին։ Այս պատկերացման ստալինյան արմատները ակնհայտ են։

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո արևմտյան երկրներում սոցիալական մտածողների մոտ ձևավորվեց բացասական վերաբերմունք ազգայնականության նկատմամբ, որպես նացիզմի և ֆաշիզմի քաղաքական աղբյուրներից մեկը, և առաջացավ հետաքրքրություն տարատեսակ կոսմոպոլիտ նախագծերի հանդեպ, լինի այն քաղաքացիական ազգի նախագծ, կամ հետաքրքրություն ապագաղութացման ընթացքի և պայքար բոլոր փոքրամասնությունների ներկայացված լինելու իրավունքի համար։ Ստալինյան «հակոսմոպոլիտ» նախագիծը ուղղված էր Սառը պատերազմի պայմաններում քաղաքական մեկուսացվածությունը ամրապնդել մշակութային մեկուսացվածությամբ։

Կոսմոպոլիտիզմը իբրև այլընտրանք խորհրդային կամ ֆաշիստական ամբողջատիրությանը  առաջինը ձևակերպել է Հաննա Արենդտը։ Մտահոգված լինելով փախստականների և առանց քաղաքացիություն մարդկանց իրավունքների պաշտպանությամբ, հատկապես՝ հրեաների ճակատագրով, նա մշակեց «կոսմոպոլիտ ազգասիրության» և «կոսմոպոլիտ դեմոկրատիայի» հասկացությունները։ 

Արենդտը կոսմոպոլիտիզմը բնութագրում է, որպես «միակ աշխարհ, որտեղ առանց հայրենիքի մարդը նույնպես… օգտվում է քաղաքացիության իրավունքից»։ Նա փնտրել է հենց այնպիսի էթիկա, որը թույլ կտար կոսմոպոլիտ արժեքներ դավանել՝ առանց սեփական ազգային ծագումը անտեսելու կամ երկրորդական համարելու։ 

Ժամանակակից՝ նեոկապիտալիզմի պայմաններում կոսմոպոլիտիզմի կարևորությունը և անհրաժեշտությունը նշել է նշանավոր բրիտանական սոցիոլոգ Էնթոնի Գիդենսին, որը ներմուծեց «կոսմոպոլիտ ազգ» (cosmopolitan nation) հասկացությունը։ Ընդգծելով, որ էթնիկ համայնքները սոցիալապես պակաս կառուցվածքային չեն, քան ազգային պետությունները, Գիդենսը նշում է, որ կոսմոպոլիտական նացիոնալիզմը ազգային ինքնության միակ ձևն է, որը համատեղելի է արդի աշխարհակարգի հետ։ Այդ կոսմոպոլիտ ազգը կոսմոպոլիտ դեմոկրատիայի կարիք ունի, որը պետք է իրականացվի համաշխարհային մասշտաբով [Giddens A. The Third Way. The Renewal of Social Democracy. Cambridge: PolityPress, 1998. P. 130-141.]։ 

Որպես օրինակ կարելի է բերել հայտնի ռեժիսոր Քշիշտոֆ Զանուսիի խոսքը․ «Ես, միանշանակ, կոսմոպոլիտ եմ և շատ եմ կապված Լեհաստանի հետ։ Բանն այն է, որ կոսմոպոլիտ հասկացությունը հաճախ սխալ է մեկնաբանվում։ Ես համոզված եմ, որ անհնար է հայրենասեր լինել` չլինելով կոսմոպոլիտ։

Հակառակ դեպքում դա կույր սեր է, իսկ ցանկացած կույր սեր կործանարար է։ Դա բերում է ազգայնականության։ Եվ միայն կոսմոպոլիտ լինելով դու կարող ես սիրել քո հայրենիքն իսկապես, ինչպես մորդ, երեխայիդ, ընտանիքդ, այսինքն` բոլոր թերություններով և առավելություններով հանդերձ»։

Please follow and like us: