Գրիգոր Գրիգորյան/Արեգածին դրոշը

Երբ ոտքս դրի կարմիր գորգին, միտս եկավ 23-ի ամառը: Վանաձորի Հայք հրապարակում ԿԳՄՍ նախարարության կողմից «ՖեստիՎառ» անունով համերգ էր կազմակերպվել: Ու չնայած Լաչինի միջանցքն արդեն 200 օրից ավել փակ էր, և 2 երեխա սնունդ հայթայթելու ճանապարհին մահացել էին Արցախի անտառներում՝ համերգի կազմակերպիչներն ու մասնակիցները տարերքի մեջ էին: Իսկ Սիմֆոնիկ նվագախմբի հանրահայտ դիրիժորը նույնիսկ այստեղ ինքն իր հետ սակարկությունների չգնաց և հաղորդավարից ազգանունը լսելով՝ խոր շունչ քաշեց, համբերատար սպասեց այդ արհեստական արարողակարգի համար նախատեսված 45-վայրկյանանոց դասական դադարի ավարտին, շինծու ժպիտ նկարեց շուրթերին և դուրս գալով բեմ՝ քայլեց դեպի կենտրոն՝ հատուկ իր համար առանձնացված պատվավոր տեղը: 

Չգիտեմ ինչու կարմիր գորգը հենց հիմա ծնեց այս յուրօրինակ օրվա հիշողությունները, որը ճակատագրական դեր պետք է խաղար բոլորիս կյանքում, բայց հիմա քայլերս ուղղորդվում են Վանաձորի Հայք հրապարակում իր ոգևորությամբ փայլած երգիչ Ռոլանդի երգի «…վախտին էլի լավ էր, հիմա ավելի լավ ա…» «խորիմաստ» բառերով: Ու հենց այս երգի ավարտին էր, որ ծնվեց հույսը, ավելի շուտ՝ վերածնվեց, կրկին մարմին ստացավ, շունչ ու հոգի առավ, քարացած սիրտը սկսեց բաբախել, արյունն ավելի խանդավառ հոսել սմքած երակներում․ վանաձորցի Արեգը, ձեռքին ինչ-որ ատլասե կտոր, բարձրացավ բեմ, մեջքով կանգնեց հպարտ դիրիժորին ու իր ղեկավարած նվագախմբին, հայացքն ուղղեց բազմահազար ամբոխի ուղղությամբ և թևերը լայն տարածելով՝ վեր պարզեց Արցախի դրոշը: Պահը կանգ առավ, վայրկյանները սառեցին, աշխարհում ամեն բան դադարեց գոյություն ունենալ, ակնթարթը տպվեց, դաջվեց պատմության դատարկ էջին և ազդարարեց մի նոր սկզբի լույս ավետիս: Չէ՛, ո՛չ մի դեպքում, այստեղ ո՛չ Արեգն էր հերոսը, ո՛չ Վանաձորը, ո՛չ էլ նույնիսկ այն 2 ոստիկանը, որ չնայած անվախ երիտասարդի հետ ամբողջովին համակարծիք էին, բայց պատվով կրած հագուստի դժգույն պարտադրանքով ստիպված եղան Արեգի թևերը ծալել ու կիսակքած երիտասարդին իջեցնել շքեղ բեմից: Պահի, օրվա և պատմության հերոսը վեր խոյացած Դրո՛շն էր, որ կրկին ծնվեց մարդկանց մտքերում, և ենթագիտակցորեն սողոսկելով ավելի խորք՝ թափանցեց թմրած հեռուներ և արմատ գցեց բոլորիս հոգիներում:

Եվ սկսվե՛ց, հանկարծակի ու անսպասելի սկսվեց․ ալիքն օր օրի ավելի փոթորկալից էր դառնում, Դրոշը ծնվել էր ու երկար ճանապարհ ուներ կտրելու, նրան ոչինչ կանգնեցնել չէր կարող: Ու արդեն ամիսներ հետո հայազգի թենիսիստ Խաչանովը Արցախի հաղթական Դրոշը ծածանեց Նյու Յորքում՝ հազարավոր հանդիսատեսների առջև, երբ «Մեծ սաղավարտի» եզրափակիչում հաղթեց անպարտելի թվացող սերբ Ջոկովիչին: Չկարողանալով զսպել ուրախության արցունքները՝ նա Դրոշով սրբում էր թաց աչքերն ու կրկին ծածանում գլխավերևում՝ լավ հասկանալով և ուշադրության չարժանացնելով այն փաստին, որ իր մտածված արարքի համար ենթակվելու էր լուրջ կարգապահական տույժերի:

Իսկ շաբաթներ անց Խաչանովի օրինակին հետևեց զտարյուն թուրք, վերջին տարիներին մեծ հռչակ վայելող հանրահայտ դերասան Լոկին Կիշափը, որն իր նոր՝ «Ինքնասպանությունից հետո» ֆիլմի պրեմիերային ներկայացավ արցախյան Դրոշի եռագույն փողկապով։ Փողկապի ընտրության վերաբերյալ լրագրողի անպարկեշտ հարցին ի պատասխան՝ հայտնի դերասանը ոչ պակաս լկտի քմծիծաղեց, մաեստրոյին հատուկ դասական դադար վերցրեց և ասաց․ «Այս կյանքում ոչինչ պատահական չի լինում, նույնիսկ ֆիլմերի վերնագրերը»։

Դրոշի շուրջ կրքերը փոքր-ինչ հանդարտվել էին, երբ ծնունդով բասկ տենոր Մահ Դավաճանասը բարեգործական համերգ կազմակերպեց իսպանական Սևիլյայում՝ հավաքված ողջ գումարը արցախահայությանը փոխանցելու նպատակով։ Շաբաթներ շարունակ իսպանական բոլոր լրատվականների առաջին լուրը դարձավ բարեգործական համերգի շուրջ ծավալվող տարատեսակ քննարկումներն ու իրադարձությունները։ Ի վերջո, իսպանական կառավարությունը դատապարտեց իր «հայրենակից» Դավաճանասի ինքնակոչ նախաձեռնությունը՝ այդ կերպ փորձելով խուսափել որոշ երկրների հետ դիվանագիտական հարաբերությունների խզումից։ Կառավարության այդ որոշումն ավելի մեծ հեղինակություն ու հնչեղություն բերեց Դրոշին, և մարդկանց հետաքրքրությունը Արցախի նկատմամբ էլ ավելի մեծացավ։

Աղմկոտ այս դեպքերից հետո վանաձորցի Արեգի վերածնած աստիճանավոր Դրոշն արդեն կարելի էր տեսնել տարբեր երկրների հեռուստալիքների էկրաններին, աշխարհի հեռավոր անկյուններում Դրոշի ծածանումը դարձավ «տիկ-տոկային երիտասարդության» մարտահրավեր-խաղերից մեկը։ Վարակիչ ալիքը ավերիչ փոթորկի նման սուրում էր սպորտաձևից սպորտաձև, ֆուտբոլային մրցաշարերից կտրուկ անցում էր կատարում ձմեռային խաղերին, հետո փոխելով աշխարհամասերը՝ հայտնվում էր գոլֆի կանաչապատ արձակ դաշտերում, որտեղ գոլֆի փոսիկը «պաշտպանող» սովորական դրոշակների փոխարեն ծածանվում էր արցախյան շքեղաշուք «սանդուղքավորը»։ Դրոշի ոդիսականը սպորտից կտրուկ անցում կատարելով մշակութային իրադարձություններին՝ երկրագնդի զանազան հատվածներում մարդկանց մոտ ծնեց Արցախը՝ այդ փոքրիկ քարքարոտ հողակտորը ավելի լավ ու խորքային ճանաչելու ցանկություն։ Հայտնի պատմաբաններն ուսումնասիրում էին սարերում թաղված աշխարհագրական տարածքի դարավոր պատմությունը, ամսագրերը հոդվածներ էին հրապարակում, իսկ հեռուստաժուրնալները ֆիլմեր նկարում Արցախի մասին, թափանցում պատմության խորքերը և փորձում հասկանալ այդ տարօրինակ հողակտորի մոգության ակունքները։

Եվ հիմա, երբ Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում քայլում եմ փառքի այս ճանապարհով, շարժվում դեպի գլխավոր ամբիոն՝ նոբելյան բանախոսությունս լուրջ դեմքով կարդալու համար, ձեռնափս գրպանում ամուր սեղմել է ատլասե Դրոշը, որը շրջագայելով տարբեր աշխարհամասեր, կտրելով անհուն օվկիանոսներ, Էյֆելյան աշտարակի ու Ազատության արձանի գագաթներին շողշողալով, ազգությունների ու ռասաների կարծր սահմանները քանդելով և աշխարհի հայտնիների ժպիտներին արժանանալով՝ եկել-միացել է իմ հաջողությանն ու ինձ ուղղորդում է դեպի փառքի գագաթնակետ։ Ես վստահ եմ, քան երբեք, ես ուժեղ եմ, քան երբևէ․ փորձությունների մեծ ճանապարհ հատած արեգածին Դրոշը իմ հաջողության ու ապահովության երաշխավորն է․ որքան մենք երես ենք թեքում նրանից, այնքան այն ավելի պինդ է փարվում մեզ։

Դահլիճում նստածների ջերմ ծափողջյունների ուղղեկցությամբ հասնելով շքեղ ամբիոնին՝ գրպանիցս հանեցի Դրոշն ու հայացքս ուղղեցի ժպտացող ներկաներին։ Հետևելով հարգարժան մաեստրոյի և հայտնի դերասանի օրինակին՝ մինչ բանախոսականս սկսելը փոքրիկ դադար պահեցի և ստիպեցի ինձ ժպտալ։

— Կարիք չունեմ երկար բանախոսության։ Այս ճանապարհը ես անցել եմ լոկ մի քանի բառի համար, — փափուկ աթոռի օգնությամբ բարձրացա ամբիոնին, ձգեցի իմ ճկված մարմինը, Դրոշը լայն պարզեցի առջևս և դահլիճի զարմացած բազմությանը նայելով՝ գոռացի ամբողջ հոգով․ — Արցախը Հայաստա՛ն է, Արցախը Հայաստա՛ն է, Արցախը Հայաստա՛ն է․․․

Please follow and like us: