Խորեն Աճեմյանը՝ փիլիսոփաների Զոշչենկոն/Վարդան Ջալոյան

1946 թվականի նոյեմբերին Մոսկվայի պետական համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի դիալեկտիկական մատերիալիզմի ամբիոնի վարիչ Զինովիի Բելեցկին նամակ հղեց Ստալինին։ Մոլեռանդ մարքսիստ Զ․ Բելեցկին անընդհատ քննադատում էր բոլորին ու ամեն ինչ՝ անկախ պաշտոնից ու անձից [Г.С.Батыгин, И.Ф.Девятко. Дело профессора З.Я.Белецкого// Свободная мысль, 1993

Ստալինին ուղղված նամակում (իսկ այդ տարիներին գիտնականները հաճախ և բառաշատ նամակներ էին գրում ԽՍՀՄ առաջնորդին), կռվարար փիլիսոփան քննադատում էր վերջերս լույս տեսած «Փիլիսոփայության պատմության» երրորդ հատորը և «Արևմտաեվրոպական փիլիսոփայության պատմություն» գիրքը:

Վերջինիս հեղինակը  կենտկոմի քարոզչության և ագիտացիայի վարչության պետ Գեորգի Ալեքսանդրովն էր։ Գ․ Ալեքսանդրովը համահեղինակ էր «Փիլիսոփայության պատմության» երրորդ հատորի, որը նույնպես նվիրված էր նոր ժամանակների եվրոպական փիլիսոփայությանը, առաջին հերթին՝ գերմանական դասական փիլիսոփայությանը։

Բնականաբար, այս մակարդակի ղեկավարի ստեղծագործությունները փիլիսոփայական հանրության մեծամասնության կողմից անմիջապես փառաբանվեցին, առաջադրվեցին Ստալինյան մրցանակի և այլն: Այնուամենայնիվ, Բելեցկու մտքերը Հեգելի և Կանտի փիլիսոփայության վերաբերյալ, Ալեքսանդրովի նրա քննադատությունը Ստալինին հետաքրքիր թվացին։

1947 թվականի հունվարին Կենտկոմի քարտուղար Ալեքսեյ Կուզնեցովը հրամայեց փիլիսոփայության ինստիտուտում կազմակերպել Ալեքսանդրովի «Արևմտաեվրոպական փիլիսոփայության պատմություն» գրքի քննարկում [Есаков В. Д. К истории философской дискуссии 1947 года // Вопросы философии. 1993.— №3.]։ Բայց այս քննարկումը հայտարարվեց «անարդյունավետ», և մայիսի վերջին նշանակվեց նոր քննարկում՝ գլխավոր գաղափարախոս Անդրեյ Ժդանովի ղեկավարությամբ։

Քննարկումը տեղի է ունեցել հունիսի 16-ից 25-ը, բայց արդեն ոչ թե Փիլիսոփայության ինստիտուտի նիստերի դահլիճում, ինչպես հունվարին էր, այլ Կենտկոմի շենքում։ Մասնակցելու են հրավիրվել առաջատար փիլիսոփաներ ոչ միայն Մոսկվայի, այլև Լենինգրադի, Կիևի, Մինսկի և երկրի այլ խոշոր քաղաքների համալսարաններից և գիտական հաստատություններից, այդ թվում Երևանից։ «Փիլիսոփայական կոնգրեսի» ժողովներին մասնակցում էր գրողների միության ողջ ղեկավարությունը՝ Վիշնևսկին, Ֆադեևը, Պանֆյորովը, Սիմոնովը և այլք, Ժդանովից բացի բոլոր ժողովներին մասնակցում էին Կենտկոմի քարտուղարներ Կուզնեցովը և Սուսլովը։

Անշուշտ, այսպիսի կարևոր հավաքը չէր կարող անցնել առանց գլխավոր «ռուս մեծապետական շովինիստ» Խորեն Աճեմյանի մասնակցության։ Եվ Խորեն Գրիգորիչը չհիասթափեցրեց։ Այս անգամ նա կենտկոմին դիմեց էպատաժային կոչով․ «Վատիկանի դեմ պայքարելու համար ուղղափառությունը վերցնել որպես դիալեկտիկական մատերիալիզմի դաշնակից»։

Առանցքային ելույթը, անշուշտ, Անդրեյ ժդանովի ելույթն էր, որ անձամբ խբագրել էր Ի․ Ստալինը։ Այդ ելույթի հիմնական միտքն էր․ «Փիլիսոփայական ճակատում չկա լայնածավալ բոլշևիկյան քննադատություն և ինքնաքննադատություն։ Ստեղծագործական քննարկումների, քննադատության ու ինքնաքննադատության բացակայությունը չէր կարող վնասակար ազդեցություն չունենալ փիլիսոփայական գիտական աշխատանքի վիճակի վրա։ Հայտնի է, որ փիլիսոփայական արտադրությունը քանակապես լիովին անբավարար է և որակապես թույլ։ Փիլիսոփայության մասին մենագրություններն ու հոդվածները հազվադեպ են»։

Այս քննարկման նյութերը որոշ կարևոր բացառություններով տպագրվել են նորաստեղծ «Վապրոսի ֆիլոսոֆիա»-ի առաջին համարում [Вопросы философии. 1947. № 1.]։ Ըստ էության, այս քննարկումը սկիզբ դրեց խորհրդային փիլիսոփայության պատմության մի նոր փուլի, որn ավարտվեց միայն 80-ականներին [Добренко Е. А. Метасталинизм: диалектика партийности и партийность диалектики (окончание) // Вестник Томского государственного университета. Философия. Социология. Политология.— 2014.— №4 (28).]։

Ըստ ելույթ ունեցողներից մեկի, Ալեքսանդրովի գիրքը վատն է, քանզի «անատամ է, վատ իմաստով պրոֆեսորական է, չունի բոլշևիկյան կայծ, չունի իսկական կիրք, չունի մարտնչող ոգի, չունի մահացու սարկազմ և հեգնանք մարքսիստ-լենինյան փիլիսոփայության թշնամիների դեմ»[Վ.Ա. Ֆոմինա]։ Այստեղ տրվում է խորհրդային փիլիսոփայության «ժանրի» սահմանումը․  այսուհետ պետք է ելույթ ունենալ «մերկացնող քննադատությամբ», նաև որ պետք է գրել փիլիսոփայության պատմությունն սարկազմով և բուրժուական փիլիսոփայության հանդեպ ատելությամբ։

Սովետական փիլիսոփայությունը հռչակվում էր գաղափարախոսական զենք, որը պետք է ստանձներ քարոզչական և հակաքարոզչական գործառույթներ. «Մենք պետք է գրենք փիլիսոփայության պատմությունը, որպեսզի մերկացնենք ժամանակակից բուրժուական փիլիսոփայությունը, մենք պետք է գրենք փիլիսոփայության պատմությունը, որպեսզի մերկացնենք բուրժուական մշակույթը իր ամբողջության մեջ», – գրում է զեկուցողներից մեկը։

Մասնակցում էին նաև հայ փիլիսոփաներ։ Օրինակ, Գ.Գ. Ասլանյանը կոչ արեց «իդեալիզմ, մատերիալիզմ, մետաֆիզիկա, դիալեկտիկա, գռեհիկ մատերիալիզմ, ինդիվիդուալիզմ և այլն» հասկացությունները հանգեցնել «որոշակի սոցիալական կամ քաղաքական համարժեքի»։

Ց.Ա. Ստեփանյանը հռչակեց. «Միայն մարքսիզմի սկզբունքներն ու հիմքերն են անսասան… Այստեղից էլ մարքսիզմի հավերժությունը։ Մարքսիստական փիլիսոփայության զարգացման ամբողջ հարյուրամյա փորձը ցույց է տալիս, որ մարքսիզմը անմահ աշխարհայացք է։ Ժողովրդի անմահությունը անմահ է դարձնում դիալեկտիկական մատերիալիզմի ամբողջական, շարունակաբար զարգացող աշխարհայացքը»։

Եթե Գ․ Ալեքսանդրովին նախապես մեղադրում էին «բուրժուական օբյեկտիվիզմի» մեջ, ապա հետագայում մեղադրանքները ավելի կոշտ դարձան։ Արդեն 1949 թվականին Ալեքսանդրովին մեղադրեցին, որ նա  «կոսմոպոլիտիզմի խորը, հարձակողական քննադատության փոխարեն՝ տվեց թշնամական կոսմոպոլիտական հայացքների օբյեկտիվիստական շարադրանք, կոսմոպոլիտիզմի քաղաքական էությունը տարրալուծեց վերացական, «ակադեմիական» դատողությունների մեջ»:

Փլիսոփայական այս համաժողովի նպատակը ոչ միայն Գ․ Ալեքսանդրովի գիրքը քննադատելն էր, ոչ միայն բուրժուական փիլիսոփայությունը հիմքից մերժելը, այլ նաև ռուսական միտքը փառաբանելն էր և արևմտյան փիլիսոփայական մտքի հանդեպ առավելությունը ցուցադրելը։ 

Փիլիսոփայական նոմեկլատուրայի ներկայացուցիչ Մարկ Միտինը գրում է «Вопросы философии»-ի առաջին համարում․ «Վերցնենք, օրինակ, Ռուսաստանը 18-19-րդ դարերի երկրորդ կեսին։ Այստեղ մենք տեսնում ենք գիտության և փիլիսոփայության գործիչների մի այնպիսի մեծ համաստեղություն՝ Լոմոնոսով, Ռադիշչև, Օգարյով, Չաադաև, Գերցեն, Բելինսկի, Չերնիշևսկի, Դոբրոլյուբով, Պիսարև, Լոբաչևսկի, Մենդելեև, Տիմիրյազև և շատ ուրիշներ, որոնք անունների քանակով, էլ չասելով նրանց գիտական և փիլիսոփայական հայացքների բնույթի մասին, կարող են մրցակցել փիլիսոփայության պատմության ցանկացած պատմական ժամանակաշրջանի հետ»։ Այս միտքը հետևողականորեն քարոզվում էր նոմենկլատուրային փիլիսոփա Մ․ Իովչուկի կողմից։

Մ․ Իովչուկին փորձեց գերազանցել Վ․ Չալոյանը։ Նա առաջարկեց ռուսական փիլիսոփայության սկիզբը թվագրել ոչ թե 15-րդ, այլ 12-րդ դարով. իբր, «ռուսները 12-րդ դարում իրենց լեզվով թարգմանել, մեկնաբանել և ստեղծել են փիլիսոփայական մշակույթ»։ 

Եվ ընդհանրապես, քանի որ «բյուզանդական քաղաքակրթության երկրները ոչ միայն ստեղծեցին զարգացած փիլիսոփայություն, այլեւ կործանումից փրկեցին հին հունական և հելլենիստական փիլիսոփայական գրականությունը», ապա նրանք էին եվրոպական վերածննդի սկզբնավորողը: Ուստի, «կարելի է եզրակացնել, որ արևմտյան փիլիսոփայության աղբյուրը Արևելքի ժողովուրդների ստեղծած փիլիսոփայությունն է։ Այսպիսով, Արևելքի փիլիսոփայությունն ու մշակույթը մի կողմից արաբների, իսկ մյուս կողմից՝ Բյուզանդիայի միջոցով թափանցում են Արևմուտք։ Հենց այս երկու աղբյուրների վրա է կառուցվում Արևմուտքի փիլիսոփայությունն ու մշակույթը։ Այս ամենը մեզ իրավունք է տալիս խոսելու արևմտյան քաղաքակրթության արևելյան արմատների մասին»։ Կամ ինչպես ասվում էր այդ ժամանակների հայտնի անեկդոտում՝ «Ռուսաստանը փղերի հայրենիքն է»։

Մյուս հայ փիլիսոփան՝ Տ. Ալեքսանյանը պնդում էր, որ եթե գերմանական փիլիսոփայությունը արիստոկրատական արձագանք է Ֆրանսիական հեղափոխությանը, ապա ռուսականը (ի դեմս Բելինսկու, Գերցենի, Չերնիշևսկու, Դոբրոլյուբովի), «պաշտպանելով նախկին փիլիսոփայության առաջադեմ ավանդույթները, ըստ էության պայքար էր ֆրանսիական հեղափոխության արիստոկրատական արձագանքների դեմ։ Սա ճիշտ նույնն է, ինչ 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին ռուսական փիլիսոփայությունը ի դեմս Լենին-Ստալինի պայքար էր միջազգային ռևիզիոնիզմի դեմ»։ Այսինքն՝ Հեգելն ու Կանտը նույնացվում էին Բերնշտեյնի ու Կաուտսկու հետ, իսկ Գերցենն ու Չերնիշևսկին՝ Լենինի ու Ստալինի հետ։ Ռուսական միտքը միայն հիմա՝ ստալինիզմի դարաշրջանում չի առաջադիմական, այն այդպիսին է եղել «էն գլխից»։

Իհարկե, այդ տարիներին գլխավոր փիլիսոփայական խնդիրների ձևակերպումը բացառապես Ստալինի իրավունքն էր։ Բայց կար մեկը, որ կարևոր ձևակերպում առաջարկեց, և որի ելույթը չտպագրվեց։ Իհարկե, դա Խորեն Աճեմյանի ելույթն էր։ Ահա մի հատված [Есаков В. Д. К истории философской дискуссии 1947 года // Вопросы философии. 1993.— №3.]․

«… Մենք ունենք փիլիսոփայական աշխատողներ, հանրահռչակողներ, մասնագետներ, փիլիսոփայության պատմաբաններ և փիլիսոփայության քննադատներ։ Բայց փիլիսոփաներ, ես պնդում եմ, մենք այստեղ դահլիճում չունենք։ Ինչո՞ւ։ Որովհետև փիլիսոփա նշանակում է ոչ թե պարզապես փիլիսոփայական գիտության մեջ կողմնորոշվող գիտնական, այլ այս գիտության ստեղծող: Վերցրեք խնդրո առարկա գիրքը: Այս գրքի հիման վրա հեղինակին կարելի՞ է անվանել փիլիսոփա։ Ոչ, նա փիլիսոփայության պատմաբան է և ոչ ավելին։

Բայց նա [Գ․ Ալեքսանդրովը] ունի մի հոդված, որը հրապարակվել էր օրերս Դյուիի և մյուսների դեմ։ Արդյո՞ք նա այս հոդվածում հանդես է գալիս որպես փիլիսոփա: Ոչ։ Այստեղ նա հանդես է գալիս որպես փիլիսոփայության քննադատ… 

Մենք պետք է, որոշ շփոթվածությամբ, հրաժարվենք այն պատրանքից, որ շատ փիլիսոփաներ ունենք, և հոգանք, որ նրանցից ստեղծագործ և շնորհալի անհատները հնարավորություն ունենան իրենց դրսևորել որպես փիլիսոփաներ, այսինքն՝ հարստացնել միջուկը, փիլիսոփայական գիտության արմատը և ոչ միայն այս միջուկի արտաքին շրջանակը, համակարգումը, պատմական լուսաբանումը:

Մենք պետք է լայն հնարավորություններ տանք տպագրելու ցանկացած համարձակ, ինքնատիպ մտածված աշխատություն՝ նվիրված դիալեկտիկական և պատմական մատերիալիզմի, տրամաբանության, գոյաբանության, իմացաբանության խնդիրներին՝ ոչ թե հին, այլ բոլորովին այլ տեսանկյունից։ Մինչ այժմ մենք գրել ենք փիլիսոփայության մասին…

Ստեղծագործող փիլիսոփան ոչ միայն պետք է քննադատի բուրժուական աշխարհի նոր, մոդայիկ ռեակցիոն միտումները, այլ նա պետք է ստեղծի նոր, ժամանակակից առաջադեմ հոսանքներ, երանգներ, ժանրեր փիլիսոփայության ոլորտում…»:

Ստալինիզմի հետազոտող Եվգենի Դոբրենկոն բարձր է գնհատում Խորեն Աճեմյանի այս ելույթը [Добренко Е. А. Метасталинизм:  …]․ «Ո՛չ սովետական փիլիսոփայական ստեղծագործությունների գնահատականը որպես իրականում հանրահռչակող, ո՛չ այն պնդումը, որ ԽՍՀՄ-ում ստեղծագործող փիլիսոփաներ չեն եղել, և առավել ևս «ընդարձակ հնարավորություններ տալ ցանկացած համարձակ, ինքնատիպ մտածված ստեղծագործություն տպագրելու» կոչը չէր համապատասխանում Ստալինի մտադրություններին։ 

Սա ոչ թե «խորհրդային փիլիսոփայության իրավիճակի քննադատություն» էր, այլ փորձ խնդրահարույց դարձնել դրա կարգավիճակը՝ որպես իշխանությունը լեգիտիմացնող «սուրբ տեքստի» մեկնաբանություն»։

Բորիս Կեդրովը՝ «Вопросы философии» ամսագրի խմբագիրը, Անդրեյ Ժդանովին ուղղված նամակում Խ․ Աճեմյանի ելույթը գնհայտում է որպես «թշնամական» և գրում, որ Աճեմյանը «օբյեկտիվորեն ստանձնել է Զոշչենկոյի դերը փիլիսոփայության մեջ»։ 

Ահա նամակի այն մասը, որտեղ ներկայացվում է Աճեմյանի ելույթը․ « ․․․Ընկեր Աճեմյանը կասկածի տակ է դնում սովետական ժողովրդի աշխարհայացքի հիմնական հարցերը՝ իբր «վիճելի», շփոթում է դիալեկտիկան և մատերիալիզմը կոռումպացված բուրժուական փիլիսոփայության հետ (ռասիզմ, կաթոլիկություն, միստիցիզմ և այլն), հայտարարում է այս ամբողջ կեղտը մեզ համար օգտակար և անհրաժեշտ, մեզ վերագրում է միջոցների հարցում նույն անբարեխիղճությունը, ինչ ունեն բուրժուական գաղափարախոսության ներկայացուցիչները, պնդում է, որ քաղաքական կրքոտությունը ու սրությունը անտեղի և ծիծաղելի են դասագրքում։ Այդ ապացուցելու համար նա հակադրում է «Բոլշևիկների համամիութենական կոմունիստական​կուսակցության պատմության կարճ դասընթացը» Լենինի «Մատերիալիզմը և էմպիրիոկրիտիցիզմ»-ին, որպես «պատմական ճշմարտություն» պաշտպանության տակ է առնում պետության համար հաջող պատերազմների օգտակարության հեգելյան գաղափարը և հայտարարում, որ Հեգելի արժանիքը հենց այն է, ինչ Կենտկոմի «Փիլիսոփայության պատմության» III հատորի մասին իր որոշման մեջ Հեգելին հայտարարեց պատերազմի ապոլոգետ և այլն։ 

Քննարկումը ընկեր Աճեմյանի համար միայն պատրվակ ծառայեց՝ մեզ սկզբունքորեն թշնամական եզրակացություններ քարոզելու։ Նա խորհրդային փիլիսոփաների՝ գիտական քննարկումներին ազատ մասնակցելու իրավունքը մեկնաբանեց որպես մեր աշխարհայացքը զրպարտելու իրավունք։ Կարծում եմ, որ նա օբյեկտիվորեն ստանձնեց Զոշչենկոյի դերը փիլիսոփայության մեջ»։ 

Բայց նույնիսկ «գլխավոր գաղափարախոսը» անկարող էր պատասխանել գլխավոր խմբագրի հարցին Աճեմյանի մասին և դիմեց անձամբ Ստալինին։ Եվ միայն «ժողովուրդների հայրը» վերջնական որոշում կայացրեց մերժել հոդվածը։

Այս մերժմանը Եվգենի Դոբրենկոն վերագրում է կարևոր խորհրդանշական իմաստ․

«Մի իրավիճակում, երբ դիամատը, պատմական մատերիալիզմը, իսկ այժմ փիլիսոփայության պատմությունը փակվեցին քննարկման համար, «բուրժուական փիլիսոփայության քննադատությունը» մնաց խորհրդային փիլիսոփայության միակ թեման։ ․․․փիլիսոփայության պատմությունը վերջապես կիրառություն գտավ՝ դառնալով և ակտուալ և կուսակցական: Կարելի է ասել, որ մեր առջեւ դրված է խորհրդային փիլիսոփայության ցանկալի սինթեզը, թե ինչ էր այն ձգտում դառնալ՝ սկսած 1920-ականների վաղ վեճերից։

Այս սինթեզում ստալինյան փիլիսոփայությունը վերջապես դադարեց իրեն սահմանափակել գիտակարգային  շրջանակներով, եվրոպական փիլիսոփայության ավանդույթներով և գոնե ինչ-որ կերպ հարգել այն սահմանը, որից այն կողմ փիլիսոփայական գիտությունը վերածվում է գաղափարախոսության: Եթե նախկինում պահանջվում էր գաղափարախոսությունը մտցնել փիլիսոփայություն, ապա այժմ ոչինչ չի մնում, բացի մաքուր գաղափարախոսությունից»։ Խորհրդային Միությունում դիսերտացիաների համարյա 90 տոկոսը պաշտպանվում էր դիամատ, իստմատ կամ գիտկոմ թեմաներով, որ նշանակում էր ինքնուրյուն փիլիսոփայական միտքը մեռել էր։ Թույլատրված էր գրել միայն մեկնաբանություններ մարքսիզմի դասականների թեմաներով։

Այս համաժողովից հետո պետք է խոսել փիլիսոփայության վերացման մասին որպես գործունեության տեսակի՝ այն ինչ փորձում էր պաշտպանել Խորեն Աճեմյանը։

Please follow and like us: