Արփի– Գևորգ, քո շարքը Գրքի երևանյան փառատոնի «Պոեզիա» անվանակարգում արժանացավ «առաջին մրցանակի», շնորհավորում եմ։ Կուզենայի խոսենք առհասարակ մրցանակաբաշխություններից, ի՞նչ են տալիս դրանք գրողին, մրցանակակիր գրող լինելու լավ և վատ կողմերի մասին, եթե այդպիսիք կան։
Գևորգ– Շնորհակալ եմ, Արփի ջան։ Անկեղծ հարցին` ազնիվ պատասխան. դրամական կողմն է երևի ամենակարևորը։ Մերօրյա բանաստեղծը էնքան էլ շքեղ չի ապրում, և դա նաև պլյուս է, բայց կուզենա, որ գիրք տպելուց ոչ մի խնդիրներ չունենա։ Հավատացած եմ` ինձ վրա ոչ մի կերպ չի անդրադառնալու` ես նորից մնալու եմ իմ սակավաթիվ ընթերցողներով, որոնց գերակշիռ մասը գրչի մարդիկ են։ Բանաստեղծներն այլևս հանրությանը ուղղորդող քրմեր և տրիբուններ չեն, ինչը գերազանց է։ Երտիասարդներին մրցանակը ճանաչում է տալիս, ինքնավստահություն, որը շատ կարևոր է։
Արփի– Կարծում եմ, որ հանիրավի փոքր ու նեղ ես ներկայացնում քո ընթերցողների շրջանակը։ Ես որքան հիշում եմ՝ քո բանաստեղծությունը հենց ամենասկզբից լավ է ընդունվել, երբեւէ չի հանդիպել դիմադրության, քննադատության (եթե սխալ եմ հիշում, խնդրում եմ ուղղիր), չնայած նրան, որ դու նոր ու անսովոր խոսք ես ասել, որը պիտի որ այդքան հանգիստ չընդունվեր։ Ինչի՞ հետ ես կապում դա։
Գևորգ– Ես համարյա գրական կտտանքների չեմ արժանացել, բանավոր խոսքի մեջ ընկերների կողմից եղել է, բայց ավելի շուտ ուղղորդող բնույթ է կրել։ Ընթացքս եղել է հանդարտ, և ավելի պատրաստված ընթերցողների համար, որ եղել են լոկ գրողներ։ Ես աղմկահարույց և բաց թեմաներ առերևույթ չեմ շոշափել։ Ինձ հիմնականում մեղադրել են, տարօրինակորեն, հակիրճության ու սեղմության համար։ Չմոռանանք, որ ինձնից առաջ կար հին Արևելքի, ճապոնական, չինական պոեզիան, նաև` Զահրատը։
Արփի– Հիշում եմ, երբ գրքերիցդ մեկի խմբագիրը որոշել էր շարունակել բանաստեղծություններդ և դրանց հիմքի վրա երկար բանաստեղծություններ էր գրել․․․
Գևորգ– Ինչպես չեմ հիշում, դու էիր ինձ փրկել երկարություններից, էն էլ պատահականորեն, չէ՞, հայտնվել էիր դեպքի վայրում։ Այդ բանաստեղծը, ինչ ասեմ, լավ պատրաստված չէր, կամ ինչպես Օշականն է ասում` իրավ բանաստեղծըմ չէր։ Էդ վերակառուցումը սովետին բնորոշ գիծ էր, երբ խմբագիրը իրեն թույլ էր տալիս չափից դուրս խմբագրել, ջնջել-ավելացնել։ Նորը գրել։
Արփի– Կուզենայի վերադառնանք քննադատությանը եւ անկեղծ պատասխանեիր՝ դու զգո՞ւմ ես լավ քննադատության կարիք, ինչ-որ բան կտա՞ր քննադատությունը և առհասարակ պե՞տք է քննադատությունը բանաստեղծին, թե՞ բանաստեղծությունն ինքնաբավ է ու կախված չէ արտաքին գործոններից, կարծիքներից։ Կարիք ունի՞ բանաստեղծը իր բանաստեղծությանը դրսից նետված հայացքի։
Գևորգ– Ես միշտ խարխափելով եմ առաջ գնացել` ոչ մեկը գրական շառաչուն ապտակ չի հասցրել մռութիս, գովացել-անցել են, մեկ-մեկ էլ, հիմնականում ջահելները, հեգնել` թե սա ի՜նչ պոեզիա է, ես էլ կարող եմ էսպես գրել։ Կասկածները միշտ կրծել են զիս՝ իսկապես գրածս բանաստեղծության հետ կապ ունի՞, թե՞ ոչ։ Մի ժամանակ Արքմենիկը, Հասմիկը և Արմեն Ավանեսյանն էին մեզնով հետաքրքրվում, «Գրեթերթի» մեր ժամանակ` Թագուհին, հետո մեզ անտերության թողին։ Սակայն ասեմ, որ շատ դժգոհելու պատճառներ էլ չկան, գոնե մեզ էլի անդրադարձել են, իսկ այսօր ովքե՞ր են անում այդ գործը` նոր սերնդի համար։
Արփի– Նաեւ նկատել եմ, որ քեզ երբեմն հանդիմանում են բառին թեթեւ վերաբերվելու, ամեն ինչից, ամեն դեպքից ու հույզից պոեզիա «սարքելու» համար։ Երբեմն կարող է թվալ, որ եթե պոեզիայի ֆորմա չունենա, կարող է պարզապես հետաքրքիր ֆեյսբուքյան գրառում լինել։ Նաեւ նկատել եմ, որ երբեմն համացանցում պոեզիայի տեսքով՝ տողատած ես մեկնաբանություններ թողնում։ Սա ինձ մի քիչ հիշեցնում է առօրեականը արվեստ դարձնելու և արվեստը կյանք դուրս բերելու դադաիստական մոտեցումը։ Դու ի՞նչ կասես սրա մասին, ինչո՞ւ ես այսպես անում, միշտ ցանկացել եմ հարցնել։
Գևորգ– Ինձ մոտ արդեն ամեն ինչ ինքնաբերաբար է ստացվում․ ուզում եմ գրառում անել` մեկ էլ ջոկում եմ, որ մտածում և գրում եմ բանաստեղծականորեն։ Երեսուն տարին քիչ չէ, իսկ այդքան ժամանակ արդեն գրում եմ։ Այո էդ սահմանագծերը ինձ համար կամաց֊կամաց լղոզվեցին, հետո անհետացան։ Որովհետև վերամբարձ, պաթետիկ, խիստ գրական, գրքային բաներ չեմ գրում։ Բանավոր խոսքս էլ է համարյա հակիրճ ու տարողունակ, էդ էլ երևի մաթեմատիկական մտածելակերպից է գալիս, խոսել և գրել անպաճույճ, պարզ, խոսքը և տողը երբեք չծանրաբեռնել, թեպետ երբեմն շատախոսում եմ էս վերջերս, նաև սեթևեթում։ Սկզբունքերիցս մեկն է` գրել այնպես, ինչպես մտածում և խոսում եմ։
Արփի– Դու կանխեցիր իմ հաջորդ հարցը, որ կապված էր քո մաթեմատիկական կրթության հետ։ Բայց փաստորեն մաթեմատիկականը ավելին է, քան կրթությունը, մտածելակերպ է․․․
Գևորգ– Մի անգամ ասել եմ` չեմ զլանա նորից կասեմ, թեպետ իմ խոսքը չէ, մաթեմատկան և բանաստեղծությունը ի վերջո նույն բանն են, երկուսն էլ վերացարկված են, իրենց աշխատանքային գործիքները նշաններն են։ Ոգեշնչումի գրգիռները նույնն են։ Երկուսն էլ Զվարթ գիտություններ են։ Իհարկե, մաթեմատիկայից օգուտ կա, ինչը ճիշտ չէ բանաստեղծության համար։
Արփի– Դու իսկապես կարծում ես, որ պոեզիայց օգուտ չկա՞, թե՞ սեթեւեթում ես հիմա․․․
Գևորգ – Բանաստեղծությունը իսկապես աննպատակ է, և էդ եղելությունը, ինձ շատ բերկրանք է տալիս։ Ինքս ինձ հակասեմ․ երբ բանաստեղծությունը վաղնջական ժամանակներում եղել է հմայանքի, մոգության և աղոթքի մաս, իսկապես կարելի է ասել հոգևոր առումով օգտակար է եղել։
Արփի– Այդ դեպքում ինչո՞ւ են մարդիկ գիրք գնում, եւ մի՞թե բանաստեղծությունը գրքի տեսքով վաճառելը կամ դրա համար դրամական մրցանակ ստանալը պախարակելի չեն…
Գևորգ– Իհարկե պախարակելի է, բանաստեղծությունը պետք է գրվի անակնկալիք։ Աննպատակ, ներանձնային բաները երբեք փողի հետ չպետք է առնչվեն։ Դա նկատի ունենալով` գրքերս ավելի շատ նվիրում եմ։
Արփի– Դու նշեցիր Արևելքի, մասնավորապես ճապոնական պոեզիան, հուշեցիր քո բանաստեղծության արմատների տեղը։ Եվ միեւնույն ժամանակ քո բանաստեղծությունն այնքան հայկական է, համեմված գյումրվա յուրահատուկ ու ճանաչելի հումորի զգացմամբ, հստակ ունի բնակության հասցե։ Ի՞նչ ես կարծում, բանաստեղծության այս տեսակը երկա՞ր կդիմանա հայ բանաստեղծութան հողում, այգեգործի լեզվով ասած՝ կկպնի՞։
Գևորգ– Երկրորդ սկզբունքս ասեմ` որ նշել եմ բանաստեղծություններիս մեջ` գրել այնպիսի բանասատեղծություն, որ եթե հրաշքով հարություն առնեն հազար տարվա մեռյալները, իրենց համար գրածս հասկանալի լինի` չծանարաբեռնելով մեր ժամանակի նշաններով, առարկաներով, տերմիններով։ Դյուրությամբ չտրվեց ինձ ճապոնական պոեզիան, չէի հասկանում ոչինչ, մեզ այսպես ասած պարտադրել էին մինչև վերջ ծամված բանաստեղծությունը, ընթերցողը որպես մտածող, համամասնակից սուբյեկտ չէր դիտարկվում։ Ամեն ինչ ասվում էր ձանձրալի և վերամբարձ տոնով։Կռահումերի, ենթադրությունների ասպարեզ չկար, իսկ ճապոնականը լրիվ հակառակն է։ Նույնիսկ Տերյանի բերածն էին ասում օտարաշունչ, ֆրանսիական և այլն, սակայն արդեն քանի տարի էլ շեշտում ենք, որ նրանով սկսվեց մեր նոր Բանաստեղծությունը։
Արփի– Գյումրիում, որտեղ դու ապրում ես, իհարկե, կա գրական կյանք, բայց այնքան ակտիվ չէ, որքան մայրաքաղաքում։ Էս տեսանկյունից մարզաբնակ գրողները ասես անհավասար մրցակցային պայմաններում լինեն երևանաբնակների հետ։ Նաեւ իրենց գործերի հանրահռչակման, հրատարակիչների հետ աշխատանքի առումով։
Գևորգ– Զբաղվածության պատճառով Գյումրիում տեղի ունեցող գրական միջոցառումներին շատ չեմ մասնակցում, մի տեսակ պակաս է նաև բազմազանությունը, ընտրության հնարավորությունը, եկել է մի նոր սերունդ, որոնցից քչերին եմ ծանոթ, մեկ-մեկ էլ մտածում եմ` իրենք, նորերը ինչո՞ւ չեն անում առաջին քայլը` ինձ հետ ծանոթանալու, գրական շփումներ սկսելու առումով, ինչը չես ասի հենց երևանցիների համար, ախր, Հայաստանի ամեն քաղաք չէ, որ ունի իր գևորգթումանյանը, ես իմ ջահել օրերին ընկերություն էի անում ինձնից ավագների հետ, յուրաքանչյուրի կարծիքը, դիտողությունը, ինչու չէ նաև գովեստը ինձ համար շատ կարևոր էր։ Գյումրվա էսօրվա գրական ջահելությունը մի տեսակ հերմետիկ ինքնագոհության մեջ է, ասենք բացառությամբ` Նարեկ Կոսմոսի։ Անհավասար մրցակցային պայմաններ ունեն այն գրողները, որոնք համակերպվել են էդ վիճակին ու ոչ մի բեկումնային քայլ չեն ձեռնարկում, շատերի կարծիքով ոչինչ չի փոխվելու, ամեն ինչ` գրական մրցույթ կամ գիրք տպելու դրամաշնորհային ծրագիր, նախօրոք պայմանավորված և որոշված է։
Արփի– Գևորգ, պատերազմը կարծես համրացրել է բոլորիս։ Դու քառասունչորսօրյա պատերազմի մասնակից ես, և պատերազմից հետո գրված քո «Հերթական անգամ չզոհվեցի» շարքը պատերազմի մասին իմ կարդացած մի քանի ամենաազդեցիկ գրերից է։ Շատ հարցեր են պտտվում մտքումս՝ կապված թե շարքի, թե քո մասնակցության հետ, բայց բոլորը ձեւակերպվելուց հետո ավելորդ ու անիմաստ են թվում։ Շարքի բանաստեղծություններից մեկում այսպիսի տողեր ունես․ «ոչ զոհվել ենք/ոչ հայրենիք ենք կորցրել»․․․ Ուզում եմ հարցնել՝ երբեւէ կկարողանա՞նք վերապրել այս ցավը։
Գևորգ– Եթե մեկ մարմին լինենք` էս հերթական ցավն էլ կհաղթահարենք, մեզ ժուժկալ կյանքով ապրող նվիրյալների հանրություն է պետք, մեր ազգը իրեն շատ ճոխություններ և հիմարություններ է թույլ տալիս, մենք անընդհատ անիմաստորեն վրիպում ենք, մեզ ազգային գաղափարների բանկ է հարկավոր։ Սահմանափակումները, զրկանքները լավ բան չեն, բայց մտածում եմ, որ մենք ինքներս մեզ մի լավ թափ պետք է տանք…
Զրուցեց Արփի Ոսկանյանը