Արամ հոպարի մինուճար տղա Արան դպրոցում ո՛չ վարքով փայլեց, ո՛չ գիտելիքով , բայց գյուղի՝ էն թվերի չափանիշներով ամենաապահով, նույնիսկ հարուստ մարդու տղեն համալսարան էլ ավարտեց, գործի տեր էլ դարձավ. քաղաքում երկու ավտոլվացման ու յուղման կետ բացեց, գյուղում էլ մթերային խանութ։ Հետո ամուսնացավ հոր ընկերոջ աղջկա հետ։ Բայց համեստ, կիրթ Նունեն երկու տարի հազիվ դիմացավ Արայի սանձարձակ գոյությանը, վեց ամսական որդուն վերցնելով՝ հեռացավ երկրից։ Ժողովրդական իմաստությունը էս անգամ էլ չսխալվեց, և նույնիսկ մեն- մենակ մնալով՝ արդեն երեք տասնամյակը լրացած հասուն տղամարդը խելքի չեկավ։ Հիմա արդեն գյուղում շշուկներ տարածվեցին, որ խմելուց բացի նաև «էն բաներից է ծխում», մոտը զենք ունի, ուստի հետը գլուխ չէին դնում, ավելին՝ նույնիսկ վախենում էին։ Շատ անգամ է պատահել, որ քաղաքում քեֆ-ուրախություն անելուց հետո գյուղի խաղաղ գիշերները դիվադադար են արել ընկերովի՝ իրենց աղմուկով, լկտի պահվածքով։ Բայց հանուն արդարության՝ պետք է ասել, որ Արայի հայրը գյուղում հարգված մարդ էր, հոր հիշատակը հարգելով՝ գյուղացիք ամեն անգամ հետաձգում էին « էդ հաբռգած լակոտի ոտերը ջարդելու» որոշումը։
Արամ հոպարը գյուղի երեխեքի սիրելին էր, ոչ մի տոն առանց առատաձեռն Արամի նվերների չէր անցնում, հիվանդի վիրահատության փող էր պակաս՝ կտար, հարսանիքի օժիտի բան-ման էր պետք առնելու, ձեռք կբռներ հոգսաշատ համագյուղացուն, մի խոսքով՝ նաև լավ մարդ էր, գյուղի մեծերի չափանիշներով՝ «կարգին իսան»։
Թե ում քաշեց էդ կարգին մարդու միակ տղեն, բոլորի համար հանելուկ մնաց։ Սիրուշ տատը, որ Արամենց դրկից հարևանուհին էր, ամեն անգամ Արայի վաղամեռիկ մորը հիշելով՝ կասեր․«Շնից՝ գառ, գառից՝ շուն»։ Արամ հոպարը շատ անգամ ինքն իրեն մեղադրեց, տնտղեց իր արած ու չարածը, ինքն իրեն հարց տվեց, թե որտեղ է սխալվել՝ տղայի դաստիարակության հարցում, եւ էդ ցավը որդի պես կրծեց ներսը, մարդը չդիմացավ իր ժառանգի չստացված կյանքի ու թոռից զուրկ մնալու ցավին, մի գիշեր գնաց կնոջ գերեզմանին, մինչև լուսադեմ նստեց, առավոտ գյուղում լուր տարածվեց, որ Արամ հոպարը հավերժական քնով քնել է իր կյանքի ընկեր Վարդիկի տապանաքարին։
Արան ընդունված կարգով հորը հողին հանձնեց, մի քառասունք գյուղում չերևաց, հետո նորից անցավ իր հին կյանքին։ Հոր մահից մեկ տարի անց որոշեց, որ իրենց միհարկանի քարե տունը էս դարի չափանիշներին չի բավարարում, պետք է երկրորդ հարկ ավելացնել , ուստի բանվոր ու շինարար վարձեց, սկսեց շինարարություն անել։
Ինքը մատը մատին բնականաբար չէր տալիս, չէր էլ կարող, որովհետև էդ իր խելքի բանը չէր, հայրը հաճախ էր կշտամբում, որ ձեռից բան չի գալիս, մի արհեստ գոնե սովորի, բայց իզուր… Արայի անելիքը , ինչպես ինքն էր սիրում ասել, «իր դրած գործի փողը հաշվելն էր»։
Արան մի գամփռ ուներ՝ Սեւոն, խելացի, հանգիստ շուն էր , համարյա երկու տասնամյակ Արամ հոպարն էր զբաղվել էդ շան խնամքով, հավատարիմ բարեկամը հսկել էր տունը, շատ անգամ չարաճճի Արային փրկել փորձանքներից։ Արան տիրություն էր անում իր շանը, երևի միակ արարածն էր էս աշխարհում, ում իսկապես սիրում էր։
– Ցանկանում եմ, որ Սեւուկը երկար ապրի, էդ կենդանին քեզնից խելացի է,- ասել էր Նունեն,- և երևի միակ արարածն է, որ կողքիդ կլինի, երբ բոլորից լքված սկսես գժվել էս չորս պատի մեջ։
– Արխային, մենակ չեմ մնա, դու քո դարդը լաց, հասկացա՞ր,- մունաթ էր եկել Արան։
Բայց Նունեն, ինչպես ասում են, իր բարձունքից չէր իջել, ոչինչ չպատասխանելով՝ իր հետևից փակել էր դուռը ՝ ընդմիշտ։
Շինարարությունն ամբողջ թափով ընթացքի մեջ էր, բայց վարպետի ու Արայի ջրերը մի առվով չէին գնում։ Կյանք տեսած, վաթսունն անց տղամարդը մի կերպ էր զսպում իրեն ամեն անգամ, երբ գործից բան չհասկացող Արան ամենագետի պես սկսում էր աջ ու ձախ նկատողություն անել, անհարկի հոխորտալ ու հրամաններ արձակել։ Հատկապես չէր սիրում Արայի ընկերական թայֆայի աղմկոտ հավաքույթները։ Ամեն անգամ տեսնելով ջահելների անմխիթար վիճակն ու վատ սովորությունների պակաս չունեցող առօրյան՝ հետևներից մի լավ հայհոյում էր, որ սիրտը հովանա, և շարունակում էր իր գործը։ Շատ անգամ էր փորձել Արայի հետ հայրաբար խոսել, խրատել, որ ափսոս է, ջահել տարիները հենց էնպես չվատնի, բայց Արան միայն «գործդ արա, ախպերական, ես ոնց կապրեմ, էդ իմ թեման ա» ասել ու եզրափակել էր։
Իր մտահոգություններն ու կիսատ մնացած զրույցը վարպետը շարունակում էր շան հետ։ Խոսում էր, ջղայնանում, անհանգստանում, իսկ երբ հարցնում էր, թե «ինչ ա լինելու էդ անխելքի վերջը», Սեւոն խելոք հայացքով նայում էր իրեն, քիթը վեր ցցած՝ օդը հոտոտում ու հաչում։
– Ճիշտ ես, Սեւո ջան, էս ամեն ինչից լավ հոտ չի գալի,- ասում էր վարպետը, – վերջը բարի ըլնի։
Սեւոն վարպետի կողքից հեռու չէր գնում, նստում էր ու նայում, թե ինչպես է չափումներ անում, գործիքները դասավորում, անդադրում ինչ-որ անելիք գտնում, ինչպես է հրահանգներ տալիս բանվորներին։ Աշխատանքից երբեք չհոգնող մարդը շանը շատ էր սիրում, ջղայնանում էր, որ ոտի տակ է ընկնում, ծխախոտ ծխելով շոյում էր խելոք կենդանուն ու իր ընդմիջման բրդուճներից նրան էլ բաժին հանում։
Մի երեկո, երբ վարպետն արդեն ճանապարհել էր բանվորներին ու պատրաստվում էր տուն գնալ, Արան ընկերների հետ տուն եկավ, իրար հրմշտելով, ոտքի վրա հազիվ օրորվելով՝ մտան բակ ու մի կերպ իրենց գցեցին նստարաններին։
Վարպետը գլուխն օրորեց, բայց ոչինչ չասաց։ Սեւոն անհանգիստ ելավ բնից ու սկսեց հաչել, Արայի ընկերներից մեկը վրա հասավ ու մի աքացի տվեց շանը։ Սեւոն վնգստալով հետ քաշվեց, ապա նորից սկսեց հաչել ու փորձեց ազատվել իրեն պահող շղթայից։ Երիտասարդը օրորվելով հետ եկավ ու մի անգամ էլ խփեց շանը։
Վարպետը էս որ տեսավ, էլ չկարողացավ իրեն զսպել․
-Խի ես խփում էդ անլեզու կենդանուն, ես քու․․․,- գոռաց ու էսքան ժամանակ մեջը կուտակած զայրույթը թափեց դրա գլխին։
– Տո էդ ո՞ւմ ես քրֆում, ա՛յ բիձա,- վրա հասավ Արան ու մի հարվածով գետնին տապալեց տղամարդուն։
Գիտակցություններն անջատած ջահելները չորս հոգով հարձակվեցին վարպետի վրա, ու ամեն մեկն իր ուժի չափով սկսեց խփել, մարդը ուշաթափվեց։ Բայց սրանք չհանգստացան՛։ Հանեցին հագուստը ու պարտեզը ջրելու համար միացրած խողովակով սառը ջրի շիթը պահեցին վրան։
Ուշքի եկած վարպետի մկանները քարացան, մարմինը կծկվեց, կոկորդը սեղմվեց, ականջներում խշշոց էր, մի աչքը արյունած՝ ձախ աչքով միայն կարողացավ տեսնել հրճվանքով իրենց լկտիությունը ցուցադրողներին․ ինքը ընկած էր շան բնի առջևում, Սեւոյի շղթան կարճացրել էին և , «քսի-քսի» անելով, կատաղեցնում էին շանը՝ ստիպելով գզել իրեն։ Բայց շունը մոտ չէր գալիս, կատաղած հաչում էր ու վնգստում՝ փորձելով ազատվել կապանքներից, այնքան էր ձգել շղթան, որ կապերի տեղում արյունած վերքեր էին երևում։ Թե որքան տևեց այդ դժոխային խրախճանքը, վարպետը չիմացավ։ Երբ վերջին ուժերը հավաքելով փորձեց ոտքի ելնել, կրակեցին։ Գնդակը մխրճվեց որովայնը, կիսամերկ մարմինը երերաց ու զարկվեց բակի ասֆալտին։
Աչքերը բացեց հիվանդասենյակում։ Մեկ շաբաթ անգիտակից պառկել էր վերակենդանացման բաժանմունքում, բժիշկներն ամեն վայրկյան պայքարել էին մազից կախված կյանքի համար ու փրկել։
Երեկոյան կինը եկավ, հայտնեց, որ կիրակնօրյա ամփոփ լրատվականի տեսանյութերից մեկը իր հետ պատահած դեպքի մասին է։
-Իյա, օր ծերության չմեռանք՝ տեսանյութի հերոս էլ դառանք,- կատակեց վարպետը եւ աչքի առաջ եկավ շանը աքացի տալու տեսարանը,- հլա ձեն տուր, լսենք, տենանք՝ էդ ինչ են ասելու։
-Հարգելի հեռուստադիտողներ, շարունակում ենք մեր եթերը, ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մեր գործընկերների պատրաստած ՝«Թմրանյութի զոհերը» ռեպորտաժը։ Նախորդ շաբաթ ահազանգ էր ստացվել, որ գյուղերից մեկի տան բակում հնչել են կրակոցներ։ Օպերատիվորեն ժամանած ոստիկանները տան բակում հայտնաբերել էին ծեծված, կիսամերկ տղամարդու՝ հրազենային վնասվածքով, անգիտակից։ Շտապօգնության խումբը տղամարդուն տեղափոխել էր հիվանդանոց, որտեղ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար։ Իրենց արարքի լրջությունը չգիտակցող ճիվաղները ձերբակալված են, հարուցվել է քրեական գործ։ Մասնակիցները բոլորը եղել են ոչ սթափ վիճակում՝ թմրանյութի ազդեցության տակ։ Դեպքի մանրամասները ճշտվում են, այս տեսանյութը պատրաստելու պահին տուժածը դեռևս գտնվում էր վերակենդանացման բաժանմունքում։ Այս ողբերգական պատմության մեջ պետք է առանձնահատուկ նշել Սեւուկ շանը։ Ականատեսները պատմեցին, որ անգիտակից տղամարդու վերքերը լիզող կենդանին եւս ուներ վերքեր եւ օգնության կարիք, վիրավորին տեղափոխող շտապօգնության մեքենայի հետևից վազել է մինչև գյուղից դուրս եկող գլխավոր մայրուղին։ Համագյուղացիները միաձայն փաստում էին՝ սա այն դեպքն է, երբ մարդը իր նմանի արարքի համար ամաչում է հավատարիմ չորքոտանու առաջ։ Դե ինչ, այսքանն էինք պատրաստել ձեզ համար այս կիրակի։ Մա՛րդ եղեք, մարդի՛կ․․․
– Վայ, Սեւո ջան, Սեւո,- ասաց վարպետը,- խելոքս, տենաս՝ ոնց ա…
-Կենդանին մարդուց մարդկային ա, մարդը՝ գազան ,- հառաչեց կինը,- էս ի՜նչ ժամանակների հասանք։Վերքերի ցավից հառաչելով՝ տղամարդը նայեց պատուհանից դուրս․ երկինքը կապույտ էր, օրը՝ արևոտ, կյանքով լի․․․ Մտքով գնաց Սեւուկի մոտ․․․ Հարեւանները հոգացել էին կենդանու մասին, անասնաբույժը մշակել էր վերքերը, բայց Սևոն չէր մնացել բուժկետում, փախել եկել էր տուն։ Եվ հիմա պառկած իր տիրոջ մահճակալին՝ տխուր հայացքը հառել էր պատից կախված լուսանկարին։ Շրջանակի ապակու երկարությամբ ձգվող ճաքը նկարը բաժանել էր երկու մասի՝ մի կողմում Արան էր, մյուսում՝ նրա գրկում ծվարած նորածին որդին․․․ Թե ինչու այսպես եղավ, թե նկարը դեռ որքան է սպասելու նոր շրջանակ փոխող ձեռքերի, շունն ի՞նչ իմանա․․․