Այս բլոգասերիալի ընթերցողներին դեռեւս նախորդ սերիաներից հայտնի է, որ սերիալի հերոսները առանձնակի մելոմաններ չեն, որ երաժշտությունը նրանց հաճախ հաճելի չէ, երբեմն էլ կարող է տհաճ լինել։ Բայց բոլոր ժանրերի երաժշտական ստեղծագործություններից հատկապես մեկն է, որ նրանք որեւէ կերպ տանել չեն կարողանում՝ օպերան։ Եվ երբ ասում եմ՝ տանել չեմ կարողանում, նշանակում է, որ լսել բոլորովին չեմ կարողանում, այդ դասական վոկալը պարզապես ծակում է իմ թմբկաթաղանթը եւ նույնպիսի ֆիզիկական տհաճություն է պատճառում, ինչպես որեւէ թրքահունչ ու ցածրակարգ ռաբիզ երգ։ խոշոր հաշվով ինձ համար տարբերություն չկա ռաբիզի եւ արքայական զվարճանքի համար ստեղծված օպերայի միջեւ։ Չհաշված մի պստիկ տարբերություն, որ արտահայտվում է մի նրբությամբ․ իմ կյանքում լինում են օրեր, երբ ես ցանկանում եմ օպերա լսել։ Դրանք շատ հազվադեպ են լինում եւ կապված են բացառապես մի դաժան սննդակարգի հետ, որին ես սկսում եմ հետեւել, երբ հարկ է լինում թեթեւանել տասից քսան կիլոգրամով։ Սա մի սարսափելի սննդակարգ է, որը այդօրինակ արդյունքն ապահովում է մեկ ամսում։ Բայց այդ մեկ ամսում այն անճանաչելի փոփոխության է ենթարկում նաեւ ներաշխարհը։ Այդպես, այդ սննդակարգին հետեւելու ուղիղ տասնութերորդ օրը ես հանկարծ ցանկություն եմ ունենում օպերա ունկնդրելու։ Այս տարօինակ երեւույթի մասին խորհելիս ես եկել եմ կայուն համոզմունքի, որ մեր նախասիրություններն ու ճաշակը, դրանց առկայությունը մի մեծ առասպել է։ Այդ ամենը որոշում են մեր օրգանիզմում տեղի ունեցող քիմիական պրոցեսները, մեր նյութափոխանակությունը, եւ ոչ թե մեր կրթությունը, դաստիարակությունը, հոգեւոր արժեքների կրող լինելը։ Հավանաբար ռաբիզի հանդեպ սերն էլ թելադրված է որեւէ մետաբոլիկ պրոցեսով, միգուցե որոշակի սննդակարգի հետեւելու դեպքում հնարավոր լինի նաեւ սիրել այդ ցածրակարգ կլկլոցները։
Սակայն դառնանք մեր լվերին։ Իմ ծննդյան օրը մեր լվերը առանձնակի կատաղած էին, առավոտից զարթնել էինք անտանելի քորով, ու թեպետ նախօրեին որոշել էինք ծննդյանս կապակցությամբ մեր հարեւան բանգլադեշցուն եւ գերմանացի գրողին, ինչպես նաեւ Ասուզային, Իվանային ու բոլոր մյուս ցանկացողներին հրավիրել մեր տուն՝ այդ տեսարժան ու գեղեցիկ բնում տարեդարձի փարթի կազմակերպելով ու նրանց հայկական տոլմայով, սպասով ու այլ ուտեստներով զարմացնելով, բայց առավոտը հուշեց, որ մեզ նման ճոխություն թույլ տալ չենք կարող եւ ստիպված ենք տարեդարձս նշել ասկետական պայմաններում։ Ծննդյանս օրը սկսվեց կատաղի ճակատմարտով լվերի դեմ, որից հետո մենք լքեցինք տունը ու գնացինք թափառելու Գրացի փողոցներում՝ տանջվելով մեզ համակած քորից։ Ու թեպետ արդեն մի քանի օր էր մենք սկսել էինք կասկածել լվերի իրական գոյությանը եւ մտածել, որ դրանք մեր վառ երեւակայության հորինվածքն են, սա այն քիչ օրերից էր, երբ բոլոր կասկածները ցրվել էին, եւ լվերի գոյությոնը ոչ մի կերպ չէր կարող կասկածի տակ դրվել, ինչքան էլ որ նրանք աներեւույթ լինեին։ Այո, նրանց մենք չէինք տեսնում, բայց տեսնում էինք նրանց հետքերը մեր մարմնի եւ հոգու վրա։ Մենք զգում էինք մեզ անասելի նսեմացած, ճկռած մի մեծ ու անհաղթահարելի, ճակատագրական բեռի տակ։ Այսօրինակ մտոումներով ու տրամադրությամբ էր անցնում մեր օրը Գրացի փողոցներում, երբ մեր առջեւ հառնեց Օպերայի շենքը։ Եվ այդտեղ էր, որ մեր մտքով անցավ՝ ինչու ոչ եւ էլ երբ, եթե ոչ հիմա։ Որեւէ կերպ ծննդյանս օրը մեր մյուս լվատանջ օրերից տարբեր ու հիշարժան դարձնելու ցանկոթյամբ ուղղորդվելով՝ մենք որոշեցինք այցելել ավստրիական օպերան, որն ամենալավերից մեկի, եթե ոչ ամենալավի համարումն ունի աշխարհում։ Իսկ Գրացի օպերան կարծես թե նույնիսկ համարվում էր ամենալավը հենց Ավստրիայում։ Եվ այսպես, Տրավիատա։ Մեզ համար խոշոր հաշվով ոչ մի տարբերություն՝ Տրավիատան կլինի՞, թե՞ Տոսկան, թե՞ մի ուրիշ բան։ Մենք, իհարկե, լսել էինք, որ ըպերայի տոմսերը Եվրոպայում բավականին թանկ արեն, ենթադրում էինք, որ մեզ վրա կարող է դա նույնիսկ մեկ կամ երկու հարյուր եվրո նստել, եւ իհարկե, մի քիչ ափսոսում էինք փողը տալ մի բանի, որը բոլորովին չենք սիրում, եթե չասենք՝ հակառակը։ Բայց ամեն դեպքում որոշեցինք ժլատություն չանել, ինչ իմանաս՝ միգուցե ավստրիական օպերան հանկարծակի մեր առջեւ բացի այդ արվեստի դռները, մենք հանկարծ սկսենք ըմբռնել այդ վերամբարձ ու արհեստական արվեստի խորախորհուրդ, մեզնից մինչ այժմ թաքնված իմաստը։ Այն իմաստը, որ երբեմն ծիկրակում էր ինձ իմ դաժան սննդակարգի տասնութերորդ օրը։
Մի խոսքով, մենք մտանք օպերա նեկայացումից մոտ երկու ժամ առաջ՝ որոշելով տոմսերը նախապես գնել։ Եվ այ քեզ զարմանք, մենք տեսանք մի մեծ, գալարուն հերթ, որ ձգվում էր սպասասրահի մի ծայրից մյուսը՝ ճանապարհին մի քանի պտույտներ գործելով։ Որոշ երկմտանքով այնուամենայնիվ որոշեցինք հերթ կանգնել։ Մոտ մի ժամվա չափ թեւեց, մինչեւ հերթը հասավ մեզ։ Բայց մինչեւ մեզ հասնելը մեզնից առաջ կանգնածների եւ մեզնից հետո եկած գերմանախոսների շրջանում անհանգստություն էր հասունանում․ մենք չէինք հասկանում՝ ինչ են խոսում, բայց զգում էինք, որտոմսերը սպառվելու վրա են։ Եվ երբ հերթը հասավ մեզ, պարզվեց, որ վերջին երեք տոմսն են մնացել։ Եվ այդ տոմսերը ոչ թե նստած տեղերի համար էին, այլ, բռնվեք, կանգնած։ Դրա համար էլ բավականին սիմվոլիկ գին ունեին՝ ընդամենը մի քանի եվրո։ Գինն ուրախացնող էր, կանգնելու հեղանկարն էլ մեզ չտխրեցրեց, «Ոսկե ծիրանի», «Արմ մոնոյի» եւ այլ երեւանյան փառատոնների մեր կենսագրության ընթացքում անտոմս մտնելու եւ աստիճաններին տեղավորվելու մեծ փորձ ունեինք։ Մենք, սակայն, չէինք պատկերացնում, որ որեւէ տեղ՝ որեւէ աստիճանի կամ գետնին նստելու տեղ չի լինելու, եւ կանգնած տեղ նշանակում է բառացիորեն երկու ոտնաթաթի տեղ, ու քանի դեռ մի ժամ ունեինք մինչեւ ներկայացման սկիզբը, ճախրում էինք երջանիկ մտորումների մեջ, որ մենք այնուամենայնիվ հաջողակ ենք, որ հաջողության աստվածը մեզ բարի աչքով է նայել միշտ, ու հիշում էինք, որ մեր հաջողակությունը կրկնապատկվեց հատկապես այն ժամանակ, երբ մենք սկսեցինք ընկերություն անել։ Եվ հիշեցինք, որ երբ կարճ ժամանակ անց Համբարձումը ՀՀ նախագահի մրցանակ ստացավ, եկավ ու շնորհակալություն հայտնեց ինձ իրեն հաջողություն բերելու համար։ Եվ այն, որ մենք չափազանց հաջողակ ենք, եւս մի անգամ ապացուցվեց այսօր՝ այդ ահռելի հերթի մեջ․ մեզնից հետո կանգնածների առջեւ շրխկոցով փակվեցին դրախտի դռները եւ նրանք զրկվեցին «Տրավիատան» նայելու բարեբախտությունից, իսկ Ֆորտունան մի անգամ եւս իշմար տվեց մեզ, որ անտարբեր չէ մեր հանդեպ։
Իրավիճակն, իհարկե, մի քիչ փոխվեց, երբ մեր ոտնաթաթերը զբաղեցրին մեր «կանգնած տեղերը», եւ մենք հասկացանք, որ այդ ոտնաթաթերը միակ բանն են, որոնց մենք կարող ենք հենվել, որովհետեւ մեզ բոլոր կողմերից շրջապատում էին «կանգնած տեղ» շահած այլ բախտավորներ, եւ ի լրումն այս ամենի իմ ու Համբարձմի «կանգնած տեղերը» գոնե իրար կողքի չէին, որ երբեմն կարողանանք մի քիչ թեքվելով հենվել կամ գոնե դիպչել իրար։ Սակայն ամենասասափելին նույնիսկ դա չէր, այլ այն, որ տարածքի բացակայության պատճառով մենք չէինք կարող քորել մեր մարմնի այն հատվածները, որ քոր էին գալիս, իսկ լվերին մի այլ կարգի աշխուժություն էր համակել, նրանք վազվզում էին մե մամնի վրայով, կատաղի կերպով ելումուտ անում մարմնի նվիրական անկյունները՝ կատաղած մարդկանց բազմությունից, թե ինչ-որ այլ բանից, այդպես էլ անհայտ մնաց։ Նրանց շարժը նման էր նրան, ինչ կատարվում է ԱՄանորի նախօրեին Երեւանի սուպերմարկետներում։ Երբեմն ես օգնություն հայցող հայացքով նայում էի ամուսնուս եւ տեսնում, որ նա նույնպես ողբալի վիճակի մեջ է․ շուրթերն իրար սեղմած օրորում էր գլուխը, դեմքին տանջանքի արտահայտություն, որ նշանակում էր՝ լվերը գրոհում են։
Սակայն ինչն էր զարմանալի, որ օպերայի առաջին իսկ հնչյունների հետ լվերը սկսեցին հանդարտվել։ Սա ապշելու մի բան էր։ Ես փնտրում էի Համբարձումի հայացքը, որ տեսնեմ՝ արդյոք նրա լվերի վրա՞ էլ է «Տրավիատան» հանգստացնող ազդեցություն գործում, բայց նրա դեմքն այլեւս չէր երեւում։ Հայաստանում որքան էլ հոծ ամբոխի մեջ կանգնած լիներ Համբոն, միշտ երեկում էր, որովհետեւ առնվազն մի գլուխ բարձր էր ընդհանուր մարդկային զանգվածից, բայց ավստրիացիները բոյով են, նրանց մեջ Համբարձումն այլեւմ չէր առանձնանում որպես անհաս փառքի ճամփա։ Նրա դեմքը ծածկված էր ավստրիացիների դեմքերով, որոնց կլանված հայացքները ուղղված էին դեպի բեմը։
Օպերային արվեստը սիրելու ստույգ ճանապարհի վրա էի։ Մտքումս շնորհակալություն էի հայտնում օպերային երգիչներին, բեմադրիչին, ինչպես նաեւ Վերդիին, որ այսպիսի հզոր ներգործւթամբ զենք էր մշակել իրենց եվրոպական լվերին սանձելու համար։ Այն, որ լվերը եվրոպական էին, ես արդեն որեւղ կասկած չունեի։ Իհարկե, մի քիչ վիրավորական էր այն, որ եվրոպական լվերն ավելի շատ բան էին հասկանում օպերային արվեստից, քան մենք։ Թե ինչ էր կատարվում բեմին՝ ես պատկերացում չունեի։ Կատարվողը նաեւ գեղեցիկ չէր, չէր առանձնանում հագուստների շքեղությամբ, որովհետեւ ռեժիսորը որոշել էր փորձարարական բեմադրություն դնել եւ Տրավիատան ներկայացնել ժամանակակից ձեւով, մերօրյա հագուստներով եւ առանց բեմական դեկորի։ Այն, ինչ երգիչները երգում էին, համաժամանակյա թարգմանությամբ վազող տողով անցնում էր բեմեզրի վերեւում կախված վահանակով, բայց այդ թարգմանությունը գերմաներեն էր, եւ ինձ ոչինչ չէր հուշում։ Ես փորձում էի ինչ-որ բան կռահել երգիչների շարժումներից, բայց դա անհյուս էր՝ օպերայում բոլորը եւ միշտ բղավում են, եւ դա կարող է հազար բան նշանակել։ Մի խոսքով, խոր ձանձրույթ էի ապրում եւ տխրությամբ մտածում, որ ինձ վիճակված չէ այս կյանքում սիրել օպերան, եւ երեւի պետք է հակարպվեմ մտքի հետ, որ թագավորների ու կապտարյուն այլ անձանց հասանելի այդ արվեստը իմ առջեւ իր դռները բացւմ է միայն տասնութ օր սովամահ լինելուց հետո եւ այն էլ մեկ-երկու օրով։
Վերդիի երաշտությունն ազդում էր ոչ միայն լվերի, այլեւ ինձ վրա։ Ինչ-որ մի պահի ես նկատեցի, որ չնայած կանգնած եւ բավական անհարմար վիճակիս, կոպերս սկսեցին փակվել։ Սկզբում պարզապես հետեւում էի, որ չքնեմ, իսկ հետո արդեն անդիմադրելի դարձավ քնելու ցանկությունը, ու եթե սկզբում ինձ այդքան դժբախտ էի զգում լվերի ակտիվությունից, հիմա եազում էի, որ նրանք վազվզեն ու քոր առաջացնեն, որը կսթափեցնի ինձ ու թույլ չի տա քնած տապալվել կողքիններիս վրա։ Գուցե կարող էի մարդկանց բրդբրդելով դուրս գալ, բայց նախ դա շատ բարդ կլիներ, որովհետեւ «կանգնած տեղի» տոմս ձեռք գցած մարդկանց մեծ մասը պիտի դուրս գար դահլիճից՝ ինձ ճանապարհ տալու, ինչպես դա տեղի է ունենում երեւանյան երթուղայիններում, եւ հետո՝ դուս գայի, ի՞նչ անեի։ Համբարձումը գոնե կողքիս լիներ, երկուսով դուրս կգայինք։ Նաեւ վախենում էի նրան կորցնել այս մեծ բազմության մեջ, այսպես գոնե գիտեի, թե մոտավորապես որ կողմում է նրա «կանգնած տեղը»։ Անասելի նախանձով էի նայում նստած մարդկանց։ Ի՜նչ ինքնամոռաց կքնեի, եթե նստած տեղի տոմս հասներ ինձ։ Ու զարմանալի էր, որ նրանցից ոչ մեկը չէր ննջում, բոլորը կլանված ու ուշադիր նայում էին բեմին։ Գոնե մեկնումեկը վատ զգար իրեն կամ ձանձանար ու գնար։ Ես մարդկանց վրայով հաստատ կգցեի ինձ նրա տեղը։ Նայում էի նրանց ու տելեպատիկ մեթոդներով փորձում ներշնչել՝ ձանձրացրիր, հոգնիր, վատ զգա քեզ, հիշիր, որ տանը հարթուկը միացրած ես թողել, հիշիր։ Չէ, ոչ մեկը վեր կենալու միտք չուներ։ Ստիպված էի կանգնած լսել «Տրավիատան» մինչեւ վերջ՝ մաքառելով քնի դեմ։
«Կանգնած տեղը» ուներ մեկ անառարկելի առավելություն․ ներկայացման ավարտին դու կարող էիր դահլիճից ավելի շուտ դուս գալ, քան նստածները։ Սակայն զարմանալին այն էր, որ կանգնածները հոգնության նշույլներ բոլոովին չունեին եւ ամենեւին չէին շտապում դուրս գալ դահլիճից, բոլորի հետ միահամուռ, ծափերով ու բացականչություններով երիցս ու միգուցե էլ ավելի բազմիցս բեմ էին հրավիրում երգիչներին։ Ի վերջո փրկության դռները բացվեցին եւ ինձ ճեմասրահ նետելուն պես տեսա ճեմասրահի նեղ ու երկար բազմոցին պառկած ու մանկան քնով քնած ամուսնուս։ Այ քեզ բան, եթե միայն իմանայի, որ նա դուս է եկել, որ հաջողացրել է դուրս գալ, ապա չէի վախենա ես էլ կրկնել նրա սխրանքը, եւ մեկուկես ժամ ոտքի վրա քնի դեմ պայքարելու փոխարեն վաղուց դուրս եկած ու քնին տրված կլինեի։
Մենք շատ չտրվեցինք ափսոսանքներին, որովհետեւ չկա չարիք, առանց բարիք, իսկ այս դեպքւմ բարիքն այն էր, որ, ինչպես պարզվեց, ոչ միայն իմ մարմնի վրա վազվզող արաածներն էին խախանդվել, այլեւ նրա։ Եվ թեպետ օրը սկսել էինք սարսափի հետ առերեսմամբ, երեկոն ավարտվում էր ռոմանտիկ կոմեդիայի «հեփի էնդով»։ Լվերից ազատագրված ու ինչ-որ չափով նւյնիսկ երջանիկ մենք ուղեւորվեցինք պանդոկ՝ շարունակելու իմ տարեդարձին նվիրված հոբելյանական միջոցառումները։ Գարեջուրը, շնիցելը եւ ի լրումն այդ ամենի էփլ շտրուդելը, ինչ խոսք, ավելի ընկալելի, տեղ-տեղ հուզիչ ու սիրելի էին։