Արփի Ոսկանյան/Մեղրամիս/Գունդան

Գունդան

Ընթերցման հաջորդ օրը մեզ զանգեց նա՝ Ավստրիայի Գրաց քաղաքի բոլոր ներգաղթյալների, իրենց երկրներում դաժան քաղաքական կամ սեռական հալածանքներից փախածների հովանավոր աստվածությունը, որը ընթերցման վերջում մեզնից հեռախոսահամար էր վերցրել եւ, մտածելով, որ մեզ համար հետաքրքրական կլինի, հատուկ գորովանքով պատմել, որ եղել է․․․ Վրաստանում։  Մենք, իհարկե, ըմբռնումով մոտեցանք, մենք էլ մարդ ենք, եւ մեզ համար էլ մեր երկրից տարբեր բազմաթիվ երկրների միջեւ առանձնապես տարբերություն չկա, ու ոչ միայն, ասենք, Ղազախստանի ու Ղրղզստանի կամ Թայվանի ու Սինգապուրի միջեւ, այլեւ, ասենք, Բելգիայի ու Շվեյցարիայի կամ անգամ Գերմանիայի ու Ավստրիայի։ Վերջինների տարբերությունն ընդհանրապես դժվար ըմբռնելի է ազգային պետությունների դարաշրջանի պատկերացումներով գործող մեր մտքի համար։ Եթե նույն լեզվով են խոսում, ուրեմն մի ազգ են, եթե մի ազգ են, կարող էին հանգիստ մի պետություն էլ լինել։ Կարծում եմ, Ավստրիան ու Գերմանիան մեր մտքում Հայաստանի ու Արցախի պես մի բան են։

Սակայն գանք Գունդային՝  ներգաղթյալների պահապան հրեշտակին։ Մենք նրա մասին ոչինչ չգիտեինք, բացի նրանից, որ եղել է Վրաստանում ու այդ տեղեկությունը հայտնում էր մեզ՝ հուսալով մեր կովկասյան հոգում հայրեակցական զգացումների հանգույն ինչ-որ բան շարժել։  Գիտեինք նաեւ, որ ուզում է մեզ ծանոթացնել ինչ-որ հայերի հետ, որ երեկ չկարողացան գալ մեր ընթերցմանը։ Հետո մենք պիտի իմանայինք նաեւ, որ դահլիճում նստածներից մեծ մասին հենց Գունդան էր բերել այդտեղ։ Իսկ հիմա մենք հանդիպեցինք այդ տարօրինակորեն աշխույժ կնոջը, որ նրա հետ այցելենք Գրացում ապրող ինչ-որ հայերի։

Դա մի փոքրիկ պիցայանոց էր, որտեղ կար միայն մեկ սեղան։ Նստելու տեղ չէր, այլ պատվերներ ստանալու ու առաքելու։  Տերերը՝ մայր ու որդի, մի ամիս առաջ էին բացել այդ՝ հայերեն ասած օբյեկտը։ Տասը տարի սպասել էին, ապրել Ավստրիայի տրամադրած պետական նպաստով, եւ վերջապես օրեր առաջ ստացել էին աշխատելու իրավունք, իսկ հինգ տարի հետո, եթե բախտները բերեր, կստանային նաեւ քաղաքացիություն։

Սեղանի շուջ խմբված էին էլի մի քանի հայեր, որոնց երեւում էր, որ Գունդան բերման է ենթարկել, եւ դա առանձնապես նրանց սրտով չէր։ Նրանք մեծ կասկածանքով էին վերաբերվում մեզ, բոլորովին ցանկություն չունեին մեզ տեսնելու, եւ այդտեղ էին բացառապես իրենց մշտապես հարեհաս Գունդայի համար, որին առանձնապես չէին հարգում եւ իրար մեջ հայերեն ծաղրում էին, ինչն ամենացավալին էր։

Գունդան նրանց պատմում էր մեր երեկվա ընթերցման մասին, եւ երբ նորից ասաց, որ մենք գրողներ ենք, պիցայանոցի տիրուհին հանկարծ ասաց․

– Գրողը ո՞րն ա, փաստաթուղթ եք գրում, չէ՞։

Եվ շատ զարմացավ ու մի քիչ էլ տխրեց, երբ պարզվեց, որ նույնպիսի գրողներ ենք, ինչպես այն գրողները, որոնց գրածները սիպում էին կարդալ դպրոցում։

– Ես էլ ուրախացա, մտածեցի՝ դե լավ ա, որ գրողներ են, փաստաթղթերը կգրեն, ամեն թղթի համար չենք հասնի Վիեննա։

Մեր զարմանքը, որ աշխահում կա հայ մարդ, որ գրողին չի տարբերում նոտարից կամ գրագրից, այնքան մեծ էր, որ այդ ֆոնին խամրեցին այն անհաջող, ծերը ծերին չկպնող ստերը քաղաքական հալածանքների մասին, որ մեր հայրենակիցները հորինել էին «հարիֆ եվրոպացիների» համար։ Հորինելը դեռ ոչինչ, հասկանալի է, որ այդ հիմար պատմությունները, իբր նրանց իրենց ընդդիմադիր հայացքների համար հետապնդում է Հայաստանի իշխանությունը, պետք էին նրանց եվրոպական երկրում, տվյալ դեպում Ավստրիայում կացության թույլտվություն ստանալու համար։ Առավել մտահոգիչ էր այն, որ նրանք սկսել էին հավատալ իրենց հոինած ստերին։ Բայց դա էլ մեզ համար նորությոն չէր, քանի որ գրական ոլորտից մեզ քաջ հայտնի էր այսպես կոչված վտարանդի գրողների խմբակը, որոնք նույնպես պարազիտացած էին Արեւմուտքի մարդու դյուրահավատության վրա, թեպետ նրանցից շատեը արդեն կարիք չունեին ստեր տարածելու կացության իրավունք կամ քաղաքացիություն ստանալու համար, նրանց նշանակետն ամենայն հավանականությամբ ավելի բարձր էր՝ նրանք ստեղծում էին եվրոպական գրական մրցանակների, ի մասնավորի Նոբելյան մրցանակի հավակնորդի բանաստեղծական կերպարի թաշախուստը կամ պարզապես զբաղվում էին սեփական փիարով։ Իսկ այստեղ մի էժանագին, թշվառ ու սիրտ մաշող պարանոյա էր, որից տառապողները ընկել էն իրենց հորինած ստերի ծուղակը։ Նրանք հավանաբար այնքան էին կրկնել այդ վատ, անհամոզիչ, տրամաբանական եւ կոմպոզիցիոն սխալներով հոինած ստերը, որ սկսել էին անկեղծորեն հավատալ դրանց։ Եվ ի՞նչը կարող է առավել տհաճ լինել իրականության զգացումը կորցրած ու հորինած աշխարհում ապող մարդու համար, եթե ոչ հյուրերն այդ իրականությունից, որոնք եթե նույնիսկ չհերքեն իրենց ստերն ու ջրի երես չհանեն ճշմարտությունը, որ այս մարդիկ բոլոր այդ պատմությոնները հնարել են Եվրոպայում ապրելու համար միայն, եթե նույնիսկ նստեն ու լռեն, արդեն իսկ իրենց ներկայությամբ խարխլում են այն աշխարհի հիմքերը, որ իրենք տարիներ ի վեր կառուցել ու որում բնակվում են։

Երբ Գունդան փորձեց մեզ նկարել այդ մարդկանց հետ, որ նրանք հուշ ունենան իրենց գրողների հետ հանդիպման այս անմոռանալի օրից, նրանցից միայն մայրն ու որդին համաձայնվեցին, էլ ավելի շատ հայկական ավանդական հյուրասիրությունից դրդված, այսպես ասած՝ ամոթի գերի տեղի տվին։ Մյուսները հրաժարվեցին, իսկ Գայանեն՝ մի ագրեսիվ ու գռեհիկ կին, որ անընդհատ ծաղրում էր Գունդայի եւ նրա՝ մեզ միացած դստեր ախորժակը, զանազան կատակներ անում այդ թեմաներով, շատ կոպիտ մերժեց Գոնդային՝ ասելով, որ մենք նկարը կգցենք ֆեյսբուք, եւ իրեն հալածողները կիմանան իր տեղը։  Գունդան իսկույն հանձնվեց, իսկ մենք հասկացանք, որ կինը չի խաբում, նա իսկապես ունի հալածողներ։ Բայց, իհարկե, այդ հաածողները ամենեւին քաղաքական դրդապատճառներով չեն հալածում նրան, այլ հավանաբար այն պարտատերերն են, որոնցից պարտք է վերցրել ու այլեւս չի վերադարձրել, կամ գուցե մարդիկ են, ում պարզապես թալանել է ու փախել Եվրոպա։ Այդ ժամանակ մենք դեռ չէինք ճանաչում Վահան Մարտիրոսյանին, որ ՀՀԿ-ի ակտիվիստներից էր, եւ կնոջ հետ մեզ արդեն ծանոթ Ռուզան Մարգունուց մի քանի օրվա ապաստան խնդրելով, նրա տնից երեք հազար դոլար էր գողացել, եւ հետո հետապնդումից խուսափելու համար հանձնվել էր Ադրբեջանի իշխանություններին, դարձել ազգի դավաճան։ Բայց մենք լսել էինք բազմաթիվ այլ «քցողների» մասին, որ մեծ ու փոքր (բայց հիմնականում ոչ մեծ) պարտքերը չվերադարձնելու համար դառնում էին փախստական ու անհետանում այն տարածքից, որտեղ սովոր էին բնակվել։  Կինը, որին Գունդան կանչել էր մեզ պես հոգեւոր ստնտուների հետ հանդիպման, ակնհայտորեն այդ տեսակից էր եւ հոգեւոր սննդի կարիք դույզն ինչ չուներ։

Գալուց առաջ մենք որոշել էինք պատմել մեր հայրենակիցներին մեզ հետ պատահած տարրերային աղետի մասին, որի հետեւանքներն ինքնուրույն չէինք կարողանում վերացնել, բայց տեսնելով նրանց բարոյական անկման աստիճանն ու բարոյական ծայրահեղ թշվառությունը, ոչ մի անգամ այդ թեման չբարձրացրինք։ Զգացողություն ունեինք, որ այդ լվերը հենց իրենք են։

Հայկական պիցայանոցից մենք հեռացանք ծանր սրտով։  Մենք փորձում էին պատկերացնել Հայաստանում ապրող հայ, որ չիմանա՝ ինչ է նշանակում գրող ու շփոթի գրողին նոտարի կամ գրագրի հետ։  Դա անպատկերացնելի էր։ Բայց այս մարդիկ էլ  միշտ չի, որ այսպիսին են եղել, ի՞նչն էր դարձրել նրանց այդօրինակ դեգրադացիայի պատճառը։ Կարծես թե ավելի լավ երկիր են տեղափոխվել, կրթվելու ավելի մեծ հնարավորություններով, ավելի բարեկեցիկ ապրող ու ավելի բարեկիթ հասարակությամբ, ավելի մշակութային։ Բայց ստացվում էր, որ այդ ամենը չէր տարածվել նրանց վրա, միգուցե նաեւ այլ փախստականների, եւ նրանք ավելի էին մոտեցել կյանքի հատակին։

Գունդան, հավանաբար տեսնելով մեր անկումային տրամադրությունը, փորձում էր ինչ-որ կերպ փոխհատուցել անբավարարծության զացումը, որ ունեինք տեղի հայերի հետ հանդիպումից հետո։ Նա հարցրեց՝ ինչ վայր կուզենայինք այցելել, եւ հավանաբար մենք ասացինք, որ կուզենայինք այցելել գրականության հետ կապ ունեցող ինչ-որ մի վայր, միգուցե հրատարակչություն, եւ նա հիշեց, որ ավստրիական հայտնի հրատարակչության հիմնադիրը իր ծանոթն է ու արագ կազմակերպեց մեր այցը հրատարակչություն։

Շենքը, ուր այցելեցինք, գրքի տեսք ուներ։ Այստեղ աշխատում էին բարեհամբույր ու բաեկիրթ գրացեցիներ, որոնք մեզ սիրով ընդունեցին, գերմաներեն գրքեր նվիրեցին, ցրեցին օտար ափերում ապաստանած հայերի հետ հանդիպումից մնացած ծար տպավորությունը եւ երջանկացրին Գունդային, որը, տեսնելով մեր բարձրացած տրամադրությունը, ինքն էլ իրեն լավ զգաց։

Ես սիրեցի Գունդային։ Հասկացա, որ եթե ցականամ պատմել Գրացի մասին, պիտի պատմեմ Գունդայի մասին։ Հասկացա, որ ինձ համար քաղաքը  իր գեղեցիկ շենքերն ու յուրօրինակ փողոցները չեն, այլ այն անկրկնելի մարդիկ, որոնց չես կարող հանդիպել այլ քաղաքներում, գյուղերում ու ճանապարհներին։ Ի՞նչ է Երեւանը ինձ համար, մի՞թե շենքերը, որ այսօր կան, իսկ վաղը չեն լինելու։ Ոչ, իհարկե։ Նույնիսկ Երեւանը ինձ համար առաջին հեթին մարդիկ են։ Եվ Գրացը ինձ համար միշտ կունենա երկրորդ անուն՝ Գունդա։ Մի կին, որ ապում է ուրիշի հոգսերով, այլ՝ իր կարծիքով բախտից առավել խոցված մարդկանց կյանքը տանելի ու գեղեցիկ դարձնելու մղմամբ,  մեկը Բարբարա Ֆրիշմուտի վեպի ու գերմանական բանահյուսության այն կերպարներից, որ ապրում են մարդկանց հոգսերով, դառնում նրանց երջանիկ պահերի հովանավորը։ էլֆ ու փերի, որի ամբողջ սերը օտար ափերում երջանկություն որոնող մարդիկ են։ Սլավոնական արտաքինով նրա աղջկա հայրն էլ հավանաբար այդպիսի մի փախստական է եղել։ Այդպես աստվածները, հերոսները, էլֆերը եւ այլեւայլ առասպելական արարածներն են երբեմն կենակցում մահկանացուների հետ՝ նանց հանդեպ անսահման սիրուց, խղճմտանքից ու հոգատարությունից դրդված։

Please follow and like us: