Ընթերցողը հավանաբար հիշում է, որ ավստրիական Գրաց քաղաքում կարճաժամկետ գրական ապաստան ստացած հայ գրողները դաժան և արյունոտ մարտեր էին ունենում իրենց տունը պաշարած, անհայտ ծագմամբ, անտեսանելի միջատների հետ, որոնք բզկտում էին նրանց ոչ միայն մարմինը, այլև հոգին։ Կարծում եմ՝ տարիներ շարունակ ՀՀ իշխանությունների դեմ պայքարած ՀՀ քաղաքացիները միանգամայն կարող են մտնել մեր դրության մեջ, քանի որ հիմա հետահայաց կերպով ես բազում նմանություններ եմ գտնում այդ երկու պայքարների միջև, որովհետև երկուսի ընթացքում էլ լինում էին պահեր, երբ հաղթանակը շատ մոտ էր թվում՝ այնքան մոտ, որ մեզ թվում էր, թե հաղթել ենք, բայց հաղթանակն անսպասելի ձևով հեռանում էր՝ հուսահատության մեջ գցելով մեզ, երբեմն էլ այնքան անհնար ու անիրական էր թվում, որ փորձում էինք հաշտեցնել մեզ ու համակերպվել նրանց հետ խաղաղ համագոյակցության մտքին։ Մենք մեր գրեթե ամեն օրը սկսում էինք միջատների դեմ պայքարով, որոնք այդ մեղրամիսը բավականին դառնացրին։
Սակայն ընթերցման այդ պատմական օրը (ասում եմ պատմական, քանի որ մենք հայտնվել էինք Գրացում և քառասուն օր մնալու էինք այդտեղ այդ միակ ընթերցումն ունենալու համար) մենք չսկսեցինք ամենօրյա լվացքով ու քիմիական զենքի գործադրմամբ։ Առավոտ կանուխ Հերբերտը այցելելու էր Շլոսբերգի մեր տունը՝ մեզ տեսնելու, սրճելու և միասին գնալու Լուիսի հետ ժամադրության։ Մեզ հրավիրող կազմակերպությունը նրան էլ էր հրավիրել որպես հայերենի թարգմանչի, որ հնարավոր դարձնի մեր հանդիպումն իր քաղաքի հետաքրքրասեր ընթերցողների հետ։ Սակայն Հերբերտն իր սովորության համաձայն ուշացավ և մենք էլ չնստեցինք սրճելու, միանգամից դուրս եկանք, որ չուշանանք։ Շլոսբերգի թունելում Հերբերտը կանգ առավ տոմսավաճառի կրպակի մոտ, որ վճարի վերելակի համար։ Բայց կրպակում մարդ չկար։ Թունելում առհասարակ ոչ ոք չկար։ Ես ու Համբոն մշտական ունեինք, միայն իր՝ մեկ ուղևորի վարձն էր, որ մնալու էր չմուծված, և չնայած ուշանում էինք, Հերբերտը սպասեց ու մեզ էլ սպասեցրեց, մինչև հայտնվեց տոմսավաճառը։ Ինձ շատ հետաքրքիր էր՝ սեփական երկրի օրենքները նա հարգում էր այդպես ըստ սովորությա՞ն, թե՞ ի ցույց մեզ։
Լուիսն ընդգծված չոր էր Հերբերտի հետ, և Հերբերտը մեզ հայերեն ասաց. «Ինչ խիստ է, չէ՞»։
Այդ օրը մինչև մեր ընթերցումը բազմաթիվ հանդիպումներ ունեինք։ Առաջինը մարզպետարանի մշակույթի բաժնի վարիչի հետ էր, որ մի թմբլիկ տղամարդ էր, ով միանգամից համակվեց մեր հանդեպ համակրանքով՝ իմանալուց հետո, որ գրող լինելով լագրող ենք աշխատում։ Ասաց, որ ինքն էլ է լրագրող եղել։ Հիմա Հերբերտը թարգմանում էր մեզ, և մենք կարող էինք մեզ թույլ տալ բարդ ու խոր մտքեր արտահայտել՝ վստահ լինելով, որ այդ մտքերը կթարգմանվեն։ Մարզպետարանի աշխատակիցը մի խոսք ասաց, որի իմաստն այն էր, թե բոլոր ազգոթյունների մարդիկ հավասար են և այլն, և այլն։ Մենք զարմացած լսում էինք, և չնայած մեր մտքով չէր անցնի երբևէ վիճարկել այդ միտքը, դրա այդպես կատեգորիկ արտահայտումը մղում էր կասկածել, որ այդ հարցում մի բան մաքուր չէ և դա այնքան էլ այդպես չէ։ Մանավանդ, որ մեզ ուղեկցում էր լվերի ուրվականը։ Այնուհետև մարզպետարանի աշխատակիցն ասաց, որ ցավոք չի կարողանալու լինել մեր հանդիպմանը Թոմաս Բերնհարդին նվիրված միջոցառման պատճառով, որի գրականության մեծ սիրահարն է իր կինը և ներողություն խնդրեց, որ մեր ընթերցումը նշանակվել է նույն օրը, իսկ դա նշանակում է, որ կարող է մեր հանդիսատեսը սակավ լինի, քանի որ Թոմաս Բերնհարդը շատ սիրված գրող է, և այդ օրը Գրացի գրականասեր հասարակությունը հավանաբար կնախընտրի այդ միջոցառմանը ներկա գտնվել։ Սակայն, ասաց, Բարբարա Ֆրիշմուտն էլ պակաս հայտնի գրող չէ, այնպես որ գուցե կգտնվեն մարդիկ, ովքեր կցանկանան հանդիպել նրան։ Ոչ մի ձևականություն վասն, ասենք, քաղաքավարության, ոչ մի ճիգ, ասենք, նրբանկատ երևալու։ Պարզ և շիտակ ասվում է, որ մենք հետաքրքիր չենք իրենց ընթերողին։ Ու չես էլ կարող առարկել, որովհետև այն, ինչ ասվում է, ամենայն հավանականությամբ մաքրամաքուր ճշմարտությունն է։
Մարզպետարանի մշակույթի բաժնի վարիչը մեզ երաժշտական ձայնասկավառակներ նվիրեց. մեկը շտիրիական ինչ-որ խումբ էր, մյուսն էլ թուրքական հարսանեկան երգեր։ Ասաց՝ քանի որ դուք հայ եք ու նոր եք ամուսնացել… Մենք, ասաց, մանրամասն մտածում ենք՝ ում ինչ նվիրենք, ում հետ ինչ գրողի հրավիրենք, ինչո՞ւ ենք կանչել Բարբարա Ֆրիշմուտին ձեզ հետ, որովհետև նա թուրքագետ է… Ու հետո, թե՝ մենք շատ լավ գիտենք ամեն ինչ՝ և ցեղասպանության մասին գիտենք, և Հայաստանի շրջափակման, և Ղարաբաղի, դրա համար էլ էդպես… Չեմ հիշում ինչից էր, բայց էդ պահին հստակ տեսա, որ էնքան էլ լավ չգիտեն ու ոնց որ թե առանձնապես չեն էլ ուզում իմանալ, ու ամենևին չի բացառվում, որ սրանց պատկերացմամբ հայը թուրքի քրիստոնյա տեսակն է։ Այնուամենայնիվ, փորձում էի հասկանալ, թե որն է սրանց ուզածը, ինչ են ուզում լսել մեզնից և ինչպես են ուզում մեզ տեսնել կամ ընկալել, եթե ենթադրենք, որ իսկապես ամեն ինչ հրաշալի գիտեն ու պատկերացնում են։ Մինչ ես այդ մտորումների մեջ էի, մարզպետարանի մշակույթի բաժնի վարիչը խոսք բացեց հայկական ռադիոյից, և այդտեղ Հերբերտը մեզնից ներողություն խնդրեց, որ չի թարգմանելու ու ժպիտը դեմքին սկսեց անեկդոտներ պատմել Լուիսին ու մշակույթի բաժնի վարիչին։
Այնուհետև մենք ուղևորվեցինք մեզ հրավիրած կազմակերպություն, որի հարևանությամբ էր գտնվում «Լիխտունգեն» ամսագրի խմբագրությունը։ «Լիխտունգեն»-ն իհարկե Ալֆրեդ Կոլրիջի հայտնի «Մանուսկրիպտ»-ը չէ, որ Գրացի հպարտությունն է, բայց էլի գրական ամսագիր է, որտեղ պարբերաբար ներկայացվում է տարբեր երկրների գրականության ընտրանին։ Այսօր, երբ լույս է տեսել «Լիխտունգեն»-ի հայկական համարը, ուզում եմ անպայման նշել, որ ամսագրի խմբագիրը հայկական համար անելու միտք հղացավ հենց մեզ հետ զրույցի ընթացքում՝ այնքան լավ ու բազմազան մենք ներկայացրինք մեր դասական ու ընթացիկ գրականությունը։ Մենք հուշեցինք, որ եկող տարի լրանում է հայկական գրատպության 1600-ամյակը և որ այդ առթիվ Երևանը հռչակվել է գրքի համաշխարհային մայրաքաղաք։ Եվ ինչն էր հետաքրքիր՝ նա ոչ միայն տեղյակ էր, այլև մի հաստափոր գիրք հանեց՝ հայկական ճարտարապետության ալբոմ։ Պարզվեց՝ եղել է Հայաստանում մի քանի տարի առաջ։ Այդ փաստը, համադրած նրա հրեական արտաքինի և նույնքան հրեական ազգանվան հետ, մեզ կասկածելի թվաց։ Ամեն դեպքում, մեզ համար բավականություն էր հանդիպել մարդու, ում համար Հայաստանը ավելին էր, քան ցեասպանությունն ու հայկական ռադիոն։ Մենք ստիպված չէինք նրան զրոյից պատմել՝ ով ենք և որտեղից ենք գալիս, հետևաբար հանգիստ շունչ քաշեցինք ու սկսեցնք խոսել Հայաստանում տեղի ունեցող խորքային պրոցեսների մասին։ Հերբերտի շնորհիվ հնարավորություն ունեինք մեր զրուցակցին հասցնելու բոլոր այն մտքերը Հայաստանի ու հայ գրականության մասին, որ այս օրերին խմորվում էին մեր մեջ։
Վերջում «Լիխտունգեն»-ի խմբագիրը մեզ համագործակցության առաջարկ արեց՝ պատվիրելով, որ մենք՝ ես ու Համբարձումը, ընտրենք այն հեղինակներին ու ստեղծագործությունները, որոնք որոշիչ են մեր գրական պրոցեսի ներկա փուլի համար։ Մենք տոգորված էինք մեր ազնվությունը ցուցադրելու ցանկությամբ և առաջին անգամ անկախ Հայաստանի պատմության մեջ պատրաստվում էինք կազմել մի համար, որտեղ թայֆայականությունը տեղ չէր ունենալու, այսինքն՝ բացառապես տրված սկզբունքով։ Ոչ թե առավել հայտնիներին, ոչ թե նրանց, ում հետ լավ ենք, այլ հենց նրանց, ում գրական արտադրանքը որոշիչ է գրական պրոցեսի համար՝ անկախ նրանից, թե ինչ հարաբերություններ ունենք նրանց հետ։ Ցավոք երկու տարի անց Հերբերտը մի քանի գրական միջոցառման մասնակցեց Հայաստանում ու մեր առաջարկած ստեղծագործություններից համարյա բան չընտրեց։ Ակնհայտ էր, որ Հերբերտն ընկել է հայկական գրական թայֆաների լարած ծուղակները, բայց դա շատ հետաքրքիր կերպով անդրադարձավ նրա կատարած ընտրության վրա։ Նա ոչ թե ընտրեց նրանց, ովքեր թայֆաներում սիրված ու հարգված են, այլ պարզապես չընտրեց նրանց, ում մասին թայֆաները դիտավորությամբ լռում են։ Նրա ընտրությունը բավականին կամայական էր ու տեղ-տեղ պատահական, հայ ընթացիկ գրականության մասին ճիշտ պատկերացում չէր տալիս։ Նա բավականին օգտվել էր «Գրողուցավ» կայքի հայտարարած պայտմվածքի մրցույթի նյութերից, որը ես ու Համբարձումը հիմնել էինք Գրացից վերադառնալուց մի տարի անց։ Նրան հատկապես դուր էին եկել այն պատմվածքները, որոնք թեպետ մասնակցում էին մրցույթին, բայց քիչ կապ ունեին «Գրողուցավ»-ի հռչակած սկզբունքների ու որդեգրած ուղղության հետ, ոչ այնքան անդրադառնում էին տեղական քաղաքական ու սոցիալական խնդիրներին, այլ արծարծում էին հավերժի թեմաներ։ Հերբերտին հաջողվել էր նաև հայ ընթացիկ գրականության սահմանների մեջ տեղավորել Նարեկացուն, Սայաթ-Նովային ու Թումանյանին, որոնց ստեղծագործությունների թարգմանությամբ զբաղվել էր երկար տարիներ։ Մենք, իհարկե, դժգոհ էինք նրա ընտրությունից, որովհետև ի հեճուկս չար ու չարացած լեզուների կարծում ենք, որ հայ ժամանակակից գրականության մեջ կան ընտիր հեղինակներ, որոնց ստեղծագործությունները արժե ու պետք է թարգմանել։ Բայց Հերբերտը մնում էր իր ճաշակին և իր կարծիքին, նա մեզ վստահեցրեց, որ անհանգստանալու կարիք չկա, որ ինքը ներկայացրել է հայ գրականության ամբողջական, կենդանի մարմինը՝ դասականներից սկսած, «աղբ»-ով վերջացրած։ Աղբը իր բառն էր, որը այս դեպքում օգտագործվում էր ոչ այնքան վատ իմաստով։
Հատված «Մեղրամիս» վիպակից