Մեր հաջորդ հանդիպումը Բիրգիտի հետ էր։ Բիրգիտը մի շատ համակրելի կին էր, գրող, ով նաև տնօրենն էր այն մշակութային կենտրոնի, որտեղ պետք է ընթերցում ունենայինք։ Մինորիտնը Մարիահիլֆ տաճարով գործող վանական համալիր էր, որ 13-րդ դարում հիմնադրել էին ֆրանցիսկյանները։ Վանքն աշխատում էր նաև որպես մշակութային կենտրոն, ուր տեղի են ունենում ցուցահանդեսներ, գրական ընթերցումներ, դասական երաժշտության համերգներ և այլն։ Բիրգիտը նախ ցույց տվեց մեզ դահլիճը, որտեղ պիտի ընթերցումը լիներ, ապա տարավ մեկ այլ սենյակ ու առաջարկեց՝ սուրճ, թեյ, ջուր։ Մենք նախընտրեցինք սուրճը, իսկ Լուիսն ու Բիրգիտը՝ ջուրը։ Սուրճ պատրաստելու պրոցեսն այնքան երկար տևեց, որ ես ու Հաբոն սկսեցինք ամաչել, որ սուրճ ենք ուզել։ Այդ ընթացքում Բիրգտը, մեզնից ներողություն խնդրելով և ասելով, որ դա կապ չունի մեր ընթերցման հետ, գերմաներեն խոսում էր Լուիսի հետ։ Բայց հանկարծ ես սկսեցի հասկանալ գերմաներեն խոսքը։ Նրանք խոսում են Հերբերտից, նրա տարօրինակություններից են բողոքում և այլն։ Չգիտեմ՝ դիխլաֆո՞սն էր այդպես արթնացրել լեզվական ընդունակություններս, թե՞ ուրիշ բան էր կատարվում, երբեմն ամբողջական նախադասություններ էի հասկանում, ու դրանց միջոցով՝ նաև չհասկացածս էր հասկանալի դառնում։ Աղջիկները բամբասում էին։
Երբ արդեն անցան անգլերենի, հարց տվեցին Հերբերտի մասին, ու մենք սկսեցինք Հերբերտի գովազդը՝ ասելով, որ նա հայերենին տիրապետում է հայերից լավ, քանի որ տիրապետում է միանգամից երեք հայերենի՝ արևելահայերենին, արևտահայերենին և գրաբարին՝ հին հայերենին, որը սովորել է Վիեննայի Մխիթարյան միաբանությունում։ Հերբերտի ու հայերենի պատմությունը շատ ուշագրավ է՝ ասինք Բիրգիտին։ Սկզբում նա միայն գրաբարն է յուրացրել, իսկ ութսունութի երկրաշարժի օրերին եկել է կամ ուղարկել են Հայաստան որպես թարգմանչի, որ կարող է օգնել ավստրիացի փրկարարներին ու հայ մարդկանց։ Գյումրիում, ուր նա գործուղվել է, չափազանց կատակասեր ժողովուրդ է ապրում, որ նույնիսկ մեծ ողբերգության մեջ չէր կորցրել հումորի զգացումը։ Եվ այդ ժողովրդի հետ Հերբերտը սկսել է խոսել իր միակ իմացած հայերենով՝ գրաբարով, որով հիմա ոչ ոք չի խոսում, ավելին՝ այն հասկանում են միայն լեզվաբանները, և հայտնի չէ՝ երբևէ խոսե՞լ են այդ լեզով, թե՞ այն օգտագործվել է միայն գրագրության համար։ Կարելի է պատկերացնել այն զավեշտական իրավիճակը, որ ստեղծվել է փլատակների հարևանությամբ։
Զավեշտալի էր նաև այն, որ մենք Հերբերտի մասին պատմում էինք այնպես, ասես նա մեր բոլորի ընդհանուր ընկերն ու բարեկամը լիներ, այնինչ պարզվեց՝ ոչ Լուիսը, ոչ Բիրգիտը երբևէ նրան չէին տեսել և միայն խոսել էին հետը հեռախոսով՝ մեր կապակցությամբ։ Շուտով պարզ դարձավ նաև Հերբերտից դժգոհության պատճառը։ Նրանք թեթև հեռախոսային կոնֆլիկտ էին ունեցել, որովհետև Հերբերտը զանգել էր ու զայրացել, որ մեր ընթերցման օրը շատ սխալ են ընտրել. այդ օրը քաղաքում կա ուրիշ միջոցառում՝ վիեննացի հայտնի դերասանը կարդում է Թոմաս Բերնհարդի բանաստեղծությունները, և ոչ ոք պարզապես չի գա մեր ընթերցմանը։ Բիրգիտն իրեն անհարմար էր զգում, մի քանի անգամ ներողություն խնդրեց, որ այդպես է ստացվել՝ ասելով, որ իրենք մեր ընթերցման օրը որոշել են կես տարի առաջ, իսկ Թոմաս Բերնհարդի միջոցառման օրը շատ ավելի ուշ է հայտարարվել։ Նա ասաց, որ թեպետ գրականության սիրահարների զգալի մասն անշուշտ նախընտրելու է Բերնհարդին, բայց ինքը հույս ունի և վստահ է, որ մենք դատարկ դահլիճում չենք կարդա մեր ստեղծագործությունները, քանի որ մեզ հետ է լինելու Բարբարա Ֆրիշմուտը, ով շատ հայտնի է Ավստրիայում։
Մենք պիտի որ մեզ ընկճված զգայինք, որ բավարար չենք, ոպեսզի մարդիկ ցանկանան մեզ լսել, բայց մենք ընկճվելու ավելի լուրջ պատճառ ունեինք, և դրանք անտեսանելի ու արնախում արարածներն էին, որ թևածում էին մեր գլխավերևում և որոնց հավանաբար մենք էինք բերել այդ հին, ֆրանցիսկյան վանքը ու մշակութային կենտրոնը։
Բիրգիտը սկսեց հարցուփորձ անել մեր երկրից և տվեց բոլոր այն հարցերը, որ հետաքրքրել էին մինչ այդ մեզ հետ զրուցած մարդկանց։ Նախ հարցրեց, թե որ լեզվաընտանքին է պատկանում մեր լեզուն և իմացավ, որ հունարենի պես առանձին ճյուղ է հնդեվրոպական ընտանիքում։ Հետո հարցրեց, թե ինչ կրոն ենք դավանում և շատ զարմացավ, երբ իմացավ, որ առաջին պետությունն ենք եղել, որ ընդունել է քրիստոնեությունը որպես պետական կրոն։ Ուղղափառ ենք, կաթոլիկ, թե բողոքական հարցին ի պատասխան լսելով, որ մեր եկեղեցին ուրույն տեղ է զբաղեցնում, ընդամենը երեք տիեզերաժողովի է մասնակցել և կոչվում է Առաքելական, որովհետև հենված է Քրիստոսի առաքյալների՝ Հայաստանում տարածած ուսմունքի վրա,ասես մեզ ստի մեջ բռնելու համար հարցրեց՝ ո՞ր առաքյալները, ու ստանալով պատասխան՝ բազմանշանակ լռեց։ Ասացինք, որ մեր պատմիչներից մեկը գրել է, թե հայոց թագավորը նամակ է ուղարկել Հիսուսին՝ խնդրելով, որ գա ու բժշկի իրեն բորոտությունից, և Հիսուսն իր աշակերտին է ուղարկել, որը բուժել է թագավորին։ Բիրգիտի աչքերը չռվեցին։ Նա սկսեց նյարդային քորել այտը։ Որքանո՞վ է այդ տեղեկությունը հավաստի՝ հարցրեց, և մենք ասացինք՝ նույնքան, որքան սրբերի մասին մնացած ավանդությունները։ Խորենացին, ասացինք, էֆհեմերիստ էր, որը հայոց պատմությունը գրելիս հենվում էր բանահյուսության ու առասպելների վրա՝ դրանց հիմքում տեսնելով պատմական իրողություններ։ Բիրգիտը զրնգուն ծիծաղեց, ու ոնց որ թե Խորենացու վրա ծիծաղեց, նույնսկ ինչ-որ հեգնական արտահայտություններ թույլ տվեց մեր մեծ պատմիչի հասցեին, թե իբր դա գիտական չէ։ Դե արի ու բացատրի Խորենացու գիտական մեծությունը մեր իմացած անգլերենով։ Խորենացու պատմությունից հետո Բիրգիտի շունչը տեղն ընկավ, բայց նրան նորանոր հարվածներ էին սպասվում։ Երբ հարցրեց՝ լատինատառ ենք գրում, թե կիրիլիցայով, ու ասացինք, որ մեր այբուբենը ստեղծվել է հինգերորդ դարում, նա ասաց՝ ուզում եք ասել տասնհինգերո՞րդ։ Հետո մի քանի անգամ էլ ճշտեց՝ հինգերո՞րդ, թե տասնհինգերո՞րդ, ու մենք տեսանք, թե ինչպես նրա մաշկը գունատվեց, և այտի վրա կծածի կարմիր հետքը սկսեց լավ երևալ։ Բայց մենք կանգ առնելու ցանկություն չունեինք և ասացինք, որ Արիստոտելի որոշ աշխատություններ պահպանվել են միայն հայերեն և հետո նոր թարգմանվել, իսկ Աստվածաշնչի մեր թարգմանությունը, որ էլի հինգերորդ դարում է կատարվել, ունի բնագրի արժեք։ Ու այդտեղ մի նախադասություն էլ ասացի, որ ինքնաբերաբար ստացվեց. Աստվածաշունչը հայերեն թարգմնվել է մեկ հինգերորդ դարում, մեկ քսաներորդ, ու քսաներորդ դարում՝ մեր պետության հիմնադրի, մեր նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ձեռքով։ Ինձ համար շատ անսպասելի էր իմ ասածը, դա հայտնության պես էր, որ մարդկանց ու իրադարձությունների այդ շարքում հանկարծ հիշատակեցի Լևոնին։ Ես նույնիսկ չգիտեի՝ արդյո՞ք ամբողջ Աստվածաշունչն է թարգմանել։ Հետո միայն հետաքրքրվեցի ու իմացա, որ սաղմոսներն է թարգմանել, բայց դա էական չէ։ Բանն այն է, որ ես երբեք լևոնական չեմ եղել, ինձ երբեք դուր չի եկել, որ ժողովուրդը գոռում է Լևոն կամ Լևոն՝ նախագահ, Լևոնը երբեք չի եղել իմ սիրած քաղաքական գործիչը՝ չնայած հետին թվով միշտ ի վերջո գնահատել եմ նրա ընդունած որոշումների սթափությունը, խելամտությունը ու արդյունավետությունը։ Դա էլ երևի այդ մարդու ճակատագիրն է՝ գնահատվել հետին թվով։ Ես ցանկացել եմ, որ իմ սերունդը գա իշխանության, իսկ նրան ընկալել եմ որպես խանգարող հանգամանք։ Մի խոսքով՝ լևոնական ու լևոնասեր չեմ եղել, բայց այստեղ՝ Եվրոպայում, իմ երկրի ու ժողովրդի մասին ամենակարևոր բաները թվարկելիս հանկարծ տեսա այդ մարդու պատմական մեծությունը։ Դա նման էր երաժշտության ընտրությանը, որ մենք կատարում էինք Ավստրիա գալուց առաջ։ Միայն լավագույնը, միայն ամենաարժեքավորը։ Ես նստել էի կարկամած ու մտածում էի՝ ինչ բացառիկ բախտ է ունենալ այդպիսի նախագահ, որը ոչ միայն տիարպետում է մի շարք մեռած լեզուների, այլև թարգմանում է Աստվածաշունչը։ Աշխարհում դժվար թե երկրորդ նմանատիպ պետությունը ճարվի։ Դա, եթե կուզեք իմանալ, այնքան էլ նորմալ չէ, ընդհանրապես նորմալ չէ։ Ես երբեք չէի տեսել Լևոնին այդ լույսի տակ և այսինքն՝ երբեք չէի տեսել։ Այդքան հստակ չէր երևացել ինձ նաև մեր անկման աստիճանը. այսպիսի իշխանություն ընտրած ժողովուրդը ընդամենը քսան տարվա ընթացքում հասնում է այն աստիճանի, որ կարող է հանդուրժել դոդերի ու լֆիկների իշխանությունը։ Ճոճանակի սկզբունքով մի ծայրահեղությունից ընկել ենք մյուսը։ Ես շվարած էի իմ բացահայտումից, իսկ Բիրգիտը շարունակում էր հարցեր տալ.
– Եթե ես գամ Հայաստան կամ Երևան, ինձ ո՞ւր խորհուրդ կտաք գնալ, ի՞նչ շինություն ու հուշարձան, ինչ հետաքրքիր վայրեր կան ձեզ մոտ, որ կարելի է այցելել։
Ասացինք, որ Հայաստանում հիմնականում պահպանվել են եկեղեցական շինությունները և երկրի տարածքով մեկ սփռված են հին վանքեր ու եկեղեցիներ, որ արժե այցելել, Գառնիի մասին խոսեցինք, բայց, ասացինք,ամենամոտիկը Երևանին մեր թվարկությունից առաջ ութերորդ դարում կառուցված ուրարտական Էրեբունի քաղաքն է։ Բիրգիտը մեր աչքի առաջ կանաչեց, նա փորձում էր ճշտել, միգուցե մենք սխալ ենք ասել՝ Քրիստոսի ծնունդից առա՞ջ, թե՞ հետո։
Բիրգիտն էլ, Լուիսն էլ անհարմար դրության մեջ էին հայտնվել, եթե չասեմ՝ մանթռաժահար էին։ Նրանց սփոփելու համար ասացի.
– Մենք շատ հզոր հին մշակույթ ունենք, բայց եթե այսօր գաք Հայաստան, կենցաղային մակարդակով այդ մշակույթը չեք զգա։
– Դա բոլոր հին քաղաքակրթությունների խնդիրն է,- ասաց Բիրգիտը թեթևացած,- նրանք բոլորն էլ կորցրել են հին մշակույթը և դրա կրողը չեն հանդիսանում։
Հետո Լուիսը հարց տվեց քաղաքական իրավճակից, ու մենք սկսեցինք պատմել կեղծվող ընտրություններից, մարդու իրավունքների ոտնահարումներից, քաղաքական հետապնդումներից, քաղբանտարկյալներից և այլն։ Մեր ունկնդիրներն արդեն ուղղել էին մեջքն ու նայում էին մեզ բացահայտ առավելությամբ։ Լուիսն էլ հիշեց իմ ու իր նամակագրությունը, մասնավորապես իմ նամակը, որ մեջբերել եմ սերիալի ամենասկզբում, և հարցրեց՝ դուք իսկապե՞ս չեք ցանկանա մնալ Եվրոպայում, եթե ձեզ նման հնարավորություն տրվի։
– Ոչ,- ասացինք՝ դարձյալ կոտրելով նրանց ինքնավստահությունը և, մեկս մյուսիս խոսքը շարունակելով, արտահայտեցինք մոտավորապես հետևյալ միտքը,- նախ մեր գործը կապված է լեզվի հետ, իսկ այդ եզուն կենդանի է այդ տարածքում, բայց եթե նույնիսկ այդպես չլիներ, մեր երկրում ապրելն իսկապես շատ հետաքրքիր է։ Մենք գիտենք գրողների, որ գալիս են Հայաստան՝ իրենց վեպերի համար նյութ հայթայթելու նպատակով։ Հերբերտն, օրինակ։ Եվ ոչ միայն։ Ֆանտաստիկ բաներ են տեղի ունենում մեր երկրում՝ և զավեշտալի, և ողբերգական։ Եվրոպայում ժողովրդավարացման պրոցեսներն արդեն ավարտված են, մեխանիզմները գործում են, և բուռն զարգացումներ չեն լինում։ Հայաստանում այդ ամենը նոր է ստեղծվում, մարդիկ դուրս են գալիս պայքարի, քաղաքացիական հասարակություն է ձևավորվում։ Մենք ունենք խնդիրներ՝ կապված ժողովրդավարության ու մարդու իրավունքների հետ, բայց մենք ունենք նաև շատ հզոր ընդդիմությոն՝ ամենահզորը ողջ հետխորհրդային տարծքում, այնպիսի ընդդիմություն, որ իշխանություններից ռեալ իշխանություն է։ Կա հզոր ժողովրդական շարժում, որն առաջնորդում է մեր նախկին նախագահը՝ նա, ով Աստվածաշունչն է թարգմանել։ Փոփոխությունները, որ կատարվում են, պատմական են, և ֆանտաստիկ է զգալը, որ դու պատմության մասնակիցն ես, այդ իրադարձությունների ու մարդկանց ժամանակակիցը։
Բիրգիտը լսում էր անթաքույց նախանձով։ Սեղանի վերևում անտեսանելի միջատներ էին պտտվում, որոնց թևաբախյունը մենք զգում էինք, բայց նույնիսկ միջատներն այլևս անկարող էին նսեմացնել մեր ազգային արժանապատվությունը։
Հատված «Մեղրամիս» վիպակից