Իվանան Ասուզայի հարևանն էր, կողքի սենյակում էր ապրում, մեզ հրավիրեց իր գործերը նայելու։ Գնացինք։ Ստվերներ էր նկարում՝ իրերի ստվերները՝ ֆոտոխցիկով և յուղաներկով։ Վիդեո-արտեր ուներ՝ ձանձրույթի թեմայով, նաև՝ տոտալ վերահսկողության և Մեծ Եղբոր։ Իվանայի գործերը մեզ շատ հոգեհարազատ էին ու հասկանալի, ինչպես նաև՝ Իվանայի արտահայտած մտքերը։ Այդտեղ, ավստրիական Գրաց քաղաքում, Իվանայի աշխատանքները նայելիս ես ինձ վերջապես ամենայն մանրամասնությամբ հասու դարձավ հետխորհրդային ու պոստկոլոնիալ բառերի իմաստը, որոնցով սիրում են մտավոր աճպարարություններ անել հայ տեսաբանները։ Մենք իրար հասկանում էինք նախադասության կեսից։ Ոչ Լուիսի, ոչ Ասուզայի հետ նման փոխըմբռնում հնարավոր չէր։
Շատ կուզենայի նույնքան մանրամասն գրել Իվանայի աշխատանքների մասին, ինչպես Ասուզայի մասին եմ գրել, բայց դա Ասուզայի ծնունդի մասին պատմող այս հատվածը կդարձնի անվերջանալի. ծնունդին այլ արվեստագետներ էլ կային, որոնց մասին արժե գրել։ Շենին, օրինակ, որ Բուլղարիայից էր եկել։ Նրան երկրորդ անգամ էինք հանդիպում, և հիմա մեզ համար մի գիրք էր բերել՝ «Հայ նկարիչները Բուլղարիոյ մեջ» վերնագրով։ Ասաց, որ իր ուսուցիչը հայ է եղել ու ցույց տվեց նրա նկարները։ Շենիի հետ ռուսերեն էինք շփվում։ Ինքը դպրոցում մի որոշ շրջան հասցրել էր ռուսերեն անցնել, բայց հիմա ռուսերենի վիճակն էնքան էլ լավ չէր։ Մի կին, որ նստած էր մեր դիմաց, զմայլանքով նայում էր մեզ, հետո ռուսերեն ասաց, որ հաճույք է ստանում ռուսերեն խոսք լսելուց։ Անգլիացի գրող Քեյթն էր, որ մի քանի ամիս Մոսկվայում ռուսերեն էր սովորել։ Ասաց, որ ռուսերենը շատ բարդ լեզու է սովորելու համար, և ինքը մեծ հարգանքով է վերաբերվում մարդկանց, ովքեր հաղթահարել են այդ դժվարությունը։ Դժվար էր բացատրել նրան, որ ռուսերեն սովորելը մեզնից առանձնապես ջանք չի պահանջել։ Ասացի, որ իմ սիրած լեզուն գերմաներենն է, միշտ ցանկացել եմ գերմաներեն սովորել, բայց գիտեմ՝ իրավունք չունեմ գերմաներենին անցնելու, քանի դեռ անգլերենս պատշաճ մակարդակի չեմ հասցրել։ Քեյթն ասաց, որ հանգիստ կարող եմ անցնել գերմաներենի, քանի որ բավականին լավ ու բավականին ճիշտ եմ խոսում անգլերենին։
Գրեթե բոլորն, ում ծանոթացանք, իմանալով, որ հայ ենք, ուրախ-ուրախ ասում էին՝ հա՜, հայկական ռադիոն… Բոլորը խոսում էին հայկական ռադիոյից ու զարմանում, որ մենք տեղյակ չենք, թե դա ինչ է։ Հայկական ռադիոն Հայաստանից հայտնի էր։
Լուիսը հարցնում էր բոլոր արվեստագետներին, թե ինչ են ասում իրենց լեզվով բաժակ չխկացնելիս ու խմելիս։ Հերթը հասավ մեզ, ասինք՝ կենացդ։ Լուիսը մի քանի անգամ կրկնել տվեց ու ծիծաղելով ասաց.
– Մենք կարող ենք հիշել այն գենոցիդ բառի օգնությամբ։ Կենացդ-գենոցիդ…
– Չէ, խնդրում եմ, պետք չի,- ասացի ես՝ մտածելով, որ Լուիսը տեղյակ չի Մեծ Եղեռնի մասին։ Դա ինձ հնարավոր էր թվում, որովհետև նրանք հայերի մասին ոչինչ չգիտեին՝ հայկական ռադիոն չհաշված։ Այ քեզ հայի բախտ, մտածում էի, ամեն տեղ ցեղասպանությունը հետապնդում է մեզ, նույնիսկ այսպիսի անշառ կատակում։ Ուզում էի բացատրել Քեյթին, թե ինչ տեղի ունեցավ, և որ տեղի ունեցածը նաև զավեշտական է, բայց նա կանխեց ինձ. «Այն, ինչ տեղի է ունեցել հայերի հետ, սարսափելի է»։ Քեյթը խոսում էր անկեղծ կարեկցանքով և երևում էր, որ փորձում է ցրել Լուիսի թողած տպավորությունը։ Ես փորձում էի բացատրել, որ ցեղասպանությունը դարձել է մեր ժողովրդի այցեքարտը աշխարհում, ու դա մեզ ամենևին դուր չի գալիս, որովհետև մեր ժողովուրդը աշխարհին ներկայանում է ցեղասպանությամբ, իսկ դա տեղի է ունենում մեր մշակույթի հաշվին և այլն, բայց Համբոն կանխեց.
– Վերջացրու,- ասաց, իսկ հետո, տուն գնալիս ավելացրեց,- քո դեմքի արտահայտությունը պիտի տեսնեիր, ոնց որ անձամբ ենթարկված լինեիր ցեղասպանությանը։
Երեկոն շատ լավ անցավ, բոլորս իրար հետ մտերմիկ շփվում էինք, Լուիսն անընդհատ փորձում էր ինչ-որ ուտեստներ հյուրասիրել մեզ ու ամեն անգամ մեզ հետ բաժակ չխկացնելիս ասում՝ գենոցիդ-կենացդ։ Երբ եկավ տուն գնալու ժամանակը, Լուիսը բոլորի ուշադրությունը գրավեց՝ դանակով խփելով ապակյա բաժակին. «Փետրվարի երեքին Արփիի և Հաբոյի ընթերցումն է, նրանք բոլորիդ հրավիրում են։ Ես խոստանում եմ ձեզ, որ հետաքրքիր է լինելու, որովհետև սա բացառիկ հնարավորություն է ինչ-որ բան իմանալու մի ժողովրդի մասին, որի մասին մենք ոչինչ չգիտենք։ Իսկապես, ի՞նչ գիտենք մենք հայերի ու Հայաստանի մասին, բացի հայկական ռադիոյից ու ցեղասպանությունց… »։
Ես սովորաբար չեմ կարմրում՝ մաշկի առանձնահատկություն է, ու երևի նաև ամաչկոտ չեմ, բայց էդ պահին զգացի, որ դեմքս սկսեց կարմրել։ Տունդարձի ճամփին էլ հավատս չէր գալիս. փաստորեն Լուիսը գիտեր ցեղասպանության մասին ու նման կատակ էր իրեն թույլ տվել։ Ես չէի կարողանում հավատալ, որ ավստրիացին կարող է այդքան անքաղաքավարի լինել։ Ամբողջ ճանապարհին դա էինք քննարկում։
– Բա կարայի՞ն հրեաների հետ տենց կատակներ անեն, քամակները ….,- ասաց Համբոն,- ու ճիշտ կանեին, սրանց հասնում ա…
– Կենացդ-գենոցիդ,- մանթռաժից հա կրկնում էի։
– Բայց պետք ա խոստովանել, նմանությունը պատահական չի, կապ կա բառերի մեջ…
Բավականին ուշ էր, երբ հասանք Շլոսբերգ։ Թունելում մարդ չկար, հսկիչի բուդկայում էլ՝ հսկիչ։ Վերելակ նստելիս տեսանք, որ մեր հետևից մարդ է գալիս՝ բանվորական հագուստով։ Երևի նոր հսկիչն էր, ամեն օր փոխվում էին։ Մտածեցի՝ կանգնենք, մեր վերելակի մշտականը ցույց տանք, բայց վերելակի դուռը փակվեց, հսկիչն էլ առանձնապես հետաքրքրություն չցուցաբերեց մեր հանդեպ։
Շլոսբերգի՝ Բանալի-լեռան դարպասի բանալիները մեր ձեռքին էին, և մեզ պատվիրված էր ուշ երեկոյան տուն գալիս այն անպայման փակել։ Դարպասը փակ էր, բացեցինք, իսկ երբ փակում էինք, ներքևում մեր հետևից անշտապ եկող մարդը կանգնացրեց մեզ՝ գերմաներեն ինչ-որ բան ասելով։ Նա ծոցագրպանից ինչ-որ բան հանեց. անցագիրն էր, վրան գրված՝ փոլիս։ Ոստիկան էր փաստորեն։ Չնայած իր պատկերացմամբ մենք բացահայտ օրինազանցներ էինք, շատ կիրթ էր պահում իրեն և միայն զարմացած հարցրեց.
-Դուք ունեք այս դռան բանալի՞ն։
– Այո, մենք այստեղ ենք ապրում։
– Շլոսբերգո՞ւմ,- հարցրեց թերահավատորեն։
– Հա, այն տանը,- ասացինք,- մենք գրողներ ենք։
Այս վերջին ֆռազի վրա ոստիկանի աչքերը կլորացան, լայնացան, պայծառացան, ասես իր առջև ոչ թե սովորական մահկանացուներ լինեին կանգնած, այլ երկնային հրեշտակներ։
– Գրողնե՞ր, վաու…
Ոստիկանն ասես հրաշքի ականատես լիներ, ու պարզ չէր նրա զարմանքի և ոգևրության պատճառը, նա ապրում էր Ավստրիայի այն քաղաքում, որը հայտնի է իր գրական հարուստ ավանդույթով, և պարզապես անհնար էր, որ իր կյանքի ընթացքում կենդանի գրողի հանդիպած չլիներ։
– Շատ հաճելի է,- ասաց շփոթված,- խնդրում եմ ներեք, որ անհանգստություն պատճառեցի ձեզ, սա պարզապես իմ աշխատանքն է, ուրիշ ոչինչ, ես պարտավոր եմ փակել այս դուռը… Եթե թույլ կտաք, իհարկե։
Մենք նրան թույլ տվեցինք, որ կատարի իր աշխատանքը, բայց նա այնքան հուզված էր ու այնպիսի պատկառանքով էր մեզ նայում, որ մենք մեզ արդեն անհարմար էինք զգում։ Արագ բարի գիշեր մաղթեցինք, որ ազատենք նրան հոգեկան տվայտանքներից։
Ոստիկանը մեզ տարօրինակ զգացողություն պարգևեց՝ ասես իսկապես երկնային արարածներ լինեինք՝ համարյա անմարմին։ Բայց մեր այդ զգացողությունն իսկույն ցնդեց, երբ մտանք տուն, որտեղ կանգնած էր դիխլաֆոսի ծանր հոտը։
Հատված «Մեղրամիս» վիպակից