Նոր գիրք․ «Կարմիր»

Արձակագիր Հովիկ Աֆյանը՝ «Միս ուտողները» եւ «Չատվածաշունչ» գրքերի հեղինակը, ընթերցողի դատին է ներկայացրել իր առաջին վեպը՝ «Կարմիր» վերնագրով։ Թե ինչու է այդպես վերնագրել վեպը, գրողը դեռ ամռանը տված իր հարցազրույցներից մեկում պարզաբանել է, որ իր համար գույները հոգեվիճակներ են, իսկ կարմիրը՝ իր սիրած հոգեվիճակը․ «Կարմիրն ինձ համար սիրո դրոշի գույնն է, սիրո և պատերազմի: Այսինքն, ամենամարդկային գույնն է, քանի որ և՛ մարդու երազանքի մասին է, և՛ իրականության, շրջապատի: Ու յուրաքանչյուրիցս է կախված՝ սերը մեր երազա՞նք կմնա, թե՞ իրականություն կդառնա»:

Գրողը նշում է նաեւ, որ չկա մի կարմիր բան, որ հանդարտ լինի, ցանկացած կարմիր բանի ներսում փոթորիկ է։ Անհանգիստ եւ ըստ վերնագրի փոթորկալից գրքի անոտացիայում գրված է․

«Պատերազմները փոխում են ամեն ինչ: Նույնիսկ նկարիչների սիրած գույնը կամ պարուհիների նախընտրած շարժումը: Անփոփոխ են մնում միայն մարդիկ, որոնք պատերազմում են կամ էլ խաղաղություն են որոնում՝ ամեն օր ավելի ու ավելի հեռանալով դրանից:
Տարբեր ժամանակների, պատերազմների, երազանքների ու ցավերի միջով անցնող այս պատմությունը մարդկանց մասին է, որոնք սիրում կամ կռվում են ամեն մեկն իր ներսում, իր տանը, իր քաղաքում, իր երկրի սահմանին: Եվ այդ սերն ու կռիվը երբեք չեն ավարտվում»:

Գիրքը հրատարակվել է «Անտարես» հրատարակչության «XXI» մատենաշարով։ Փնտրեք գրախանութներում։

Please follow and like us: