Հատկապես 2020թ. արցախյան 44-օրյա պատերազմից հետո 90-ականներին իր վառ անհատականությամբ աչքի ընկած եւ 1999թ. ողբերգական ավտովթարի զոհ դարձած քաղաքագետ, հրապարակախոս Տիգրան Հայրապետյանի հոդվածները, վերլուծությունները վերարժեւորելու, վերընթերցելու անհրաժեշտություն է ծագել: Գուցե պատճառն այն է, որ Տիգրանի կանխատեսումները ցավալիորեն, ողբերգականորեն իրականություն դարձան, քանի որ այն ամենն, ինչ տեղի է ունենում մեր օրերում, ժամանակին նա զգուշացրել էր:
Գրքի երեւանյան 5-րդ փառատոնի շրջանակներում ներկայացվեց նաեւ Տիգրան Հայրապետյանի «Երրորդ աշխարահամարտի մատույցներում» գիրքը: Նրա գաղափարական առանցքում աշխարհի շրջապտույտն է`հնարավոր նոր, մեծ պատերազմի ուրվականով, որի թելադրանքով հայկական պետության համար կարեւորագույն փորձություն են հարաբերությունները Ռուսաստանի, Արեւմուտքի եւ Միջին Արեւելքի հետ:
«Ռուսական խռովք կամ վերադարձող կայսրության ուրվականը » խորագրով առաջին մասում քաղաքագետը վերլուծում է Ռուսաստանի անցյալն ու ներկան, կանխատեսում ապագա իրողությունները` նոր միջպետական միությունը, Հայաստանի դերը, ակնկալիքներն ու գլոբալ ռիսկերը:
Երկրորդ` «Աշխարհաքաղաքական ծուղակ» բաժնում հեղինակը խորհում է ԽՍՀՄ փլուզումից ի վեր ամերիկյան քաղաքական կուրսի ուղղվածության, եվրոպական միասնության ավարտի, ազգամիջյան հակամարտությունների տրամաբանության եւ նոր աշխարհակարգի նշմարվող սահմանների շուրջ, դիտարկում պատերազմի եւ խաղաղության սահմանագիծը:
Տիգրանի վերլուծությունները բավականին ընդգրկուն եւ համապարփակ են, դրանք վերաբերում են ոչ միայն ներքաղաքական խնդիրներին, երկրում բարեփոխումներ իրականացնելու անհրաժեշտությանը, այլեւ Արցախի հիմնախնդրին, տարածաշրջանային զարգացումներին, Ռուսաստանի, Արեւմուտքի, Միջին Արեւելքի դերակատարությանը, որոնք այս կամ այն չափով շոշափում են մեր ազգային-պետական շահերը:
«20-րդ դարի վերջին քառորդը որակապես նոր աստիճանի վրա բարձրացրեց պատերազմի նկատմամբ քաղաքականության առաջնայնության խնդիրը: Երկրորդ աշխարհամարտից հետո ձեւավորված նոր իրողությունների պայմաններում մեծ տերությունները զրկված են իրենց ազգային խնդիրները ուժի գործադրման միջոցով լուծելու հնարավորությունից, ինչը, սակայն, չի կարող օրակարգից դուրս թողնել այդ խնդիրները: Արեւմուտքը առաջ քաշեց եւ հետեւողականորեն պաշտպանում է բոլոր, այդ թվում նաեւ` տարածքային եւ սահմանային խնդիրների լուծման միայն քաղաքական ուղիների ընտրությունը, որոնց հնարավորությունն ապացուցում է Եվրոպայում եւ Ասիայում արմատական փոփոխություններ կատարելով: Կասկածից վեր է, որ հեռանկարում որոշիչ դերը պատկանելու է ուժեղ քաղաքականությանը, իսկ ուժային գործելակերպը մնալու է չափազանց նեղ շրջանակի երկրների մենաշնորհը, որի գործնական կիրառումը կձգտեն ամեն կերպ սահմանափակել: Սա պետք է լինի Արեւմուտքի կողմից կառուցվող նոր աշխարհակարգի քաղաքական հիմնաքարը եւ, չանդրադառնալով նրա հաջողության հնարավորությանը, անհրաժեշտ է, սակայն, անպայմանորեն հաշվի առնել , որ Արեւմուտքն ի վիճակի է զոհաբերել բոլոր նրանց, ովքեր կխոչընդոտեն իր կենսական շահերին համապատասխանող ծրագրի իրականացմանը »,- գրել է Տիգրանը դեռեւս երեսուն տարի առաջ`1992թ.:
Թագուհի Հակոբյան