Ցուրտ հայրենիք. 1949 վկայություններ աքսորից 

«Հայերի` 1949  թվականի  հունիսի 13-14-ի զանգվածային աքսորը Ալթայի երկրամաս` իր  կազմակերպվածությամբ, ծավալով, իրականացման ձեւով զիջում է  թերեւս միայն երիտթուրքերի նախաձեռնած  ցեղասպանությանը: Մինչեւ 1949-ի այդ օրը Խորհրդային Միության ժամանակային տարածքում, ի թիվս այլ ժողովուրդների` հայերի հանդեպ եւս եղել էին բռնաճնշումներ, հալածանքի այլ դրսեւորումներ, սակայն Ալթայան աքսորն առանձնահատուկ էր»,- հիշեցնում է գրող, հրապարակախոս, վավերագրող  Տիգրան Պասկեւիչյանի հեղինակած  «Ցուրտ հայրենիք. 1949 վկայություններ աքսորից» գրքի առաջաբանը: Գիրքը ներկայացվեց  Գրքի  երեւանյան 5-րդ փառատոնում: 

Տարիներ առաջ Պասկեւիչյանի հեղինակած  «Օ՜, հայրենիք, սառն ու անուշ »  ֆիլմը, այնուհետեւ` «Հետք » ինտերնետային պարբերականում տպագրված նրա հոդվածները  հայրենադարձների մասին, նրանց պատմությունները գրեթե ամբողջական պատկերացում են տալիս խորհրդային իրականության մասին: 

Այդ շրջանում աքսորի պատմությունն ուսումնասիրելուց հետո հեղինակն արձանագրում է, որ` 1949-ի հունիսին աքսորվող հայերը («դաշնակները ») կազմված էին երեք խմբից`

1. Համաշխարհային երկրորդ պատերազմում գերի ընկած եւ Դրոյի գործուն մասնակցությամբ կազմավորված հայկական լեգիոններին միացած նախկին զինվորականներ,

2.Կենսագրության մեջ դաշնակցական հետք ունեցող անձինք (առաջին հանրապետության տարիների, կոլեկտիվացման եւ այլ դիպվածներով),

3. 1946-49 թվականների Մեծ հայրենադարձության հունով ներգաղթած հայեր, որոնք մինչ այդ անդամակցել, հարել կամ առնչվել էին ՀՅԴ-ին:

Ըստ  հեղինակի` եթե առաջին խմբին պատժելը  բխում էր  Համաշխարհային պատերազմի մեջ ԽՍՀՄ-ի ներքաշման սկզբնական շրջանում Ստալինի հնչեցրած «գերվելը  դավաճանություն է»   սկզբունքից, ապա երկրորդ խմբի նկատմամբ վրեժխնդրությունը կարելի է վերագրել ժողովուրդների հոր եւ նրա բռնարար շրջապատի հիվանդագին սովորույթին: Ինչ վերաբերում է ներգաղթողներին, ապա նրանց` այդ խմբակազմում հայտնվելը դեռեւս պատճառաբանված չէ եւ կարիք ունի լուրջ հետազոտության: 

Գրքում ամփոփված պատմությունները եւ՛ նման են, եւ՛ տարբեր: 

1947-ին Լիբանանից ներգաղթած Նորա Պայտարյանը պատմում է.  «Ուր գնացել եմ, թաքցրել եմ, որ աքսորված եմ եղել: Նույնիսկ իմ մտերիմ ընկերուհիներին չեմ ասել, որովհետեւ նրանք խորթ էին նայում»: 

1946-ին Լիբանանից ներգաղթած Էլիզաբեթ Բելինջյանն էլ հիշում է.  «Հիշում եմ`սկզբից Սիբիրից  եկանք, թաղի երեխաները մեզ հետ չէին խաղում, մենք հայերեն չգիտեինք, ասում էին`սրանք ռուս են »: 

Իսկ ահա 2016-ին ՌԴ Ալթայի երկրամասում անցկացրած հարցումների ժամանակ էլ գրքի հեղինակը ոչ պակաս հետաքրքիր պատմություններ է գրառել:

Սորոկինոյի քաղաքացի Նադեժդա Նեկրասովան, օրինակ,  հիշում է. «Աքսորյալների մեջ բժիշկների, դերձակների, լուսանկարիչների, կոշկակարների ընտանիքներ կային: Մարդիկ, որ Ստալինի հրամանով քշվել էին այստեղ` Սիբիր, Ալթայ: Հետպատերազմյան ծանր պայմաններում պահանջված մարդիկ էին, բայց գրեթե բոլորին ուղարկում էին ծառ կտրելու: 1953-ին ես երրորդ դասարանում էի սովորում: Առաջին հայ երեխաներն այդ ժամանակ եկան մեզ մոտ: Իմ համադասարանցիներն էին  Ժենեչկան (Եվգենիա Կակաչյան), Լյովկա Մնացականյանը, նրանք էին մեզ հետ սովորում »: 

Ու այսպիսի բազում այլ պատմություններ…

Թագուհի Հակոբյան          

Please follow and like us: