(«Մեղրամիս» բլոգասերիալից)
– Ավստրիայի ու ավստրիացիների անունից թույլ տվեք ներողություն խնդրել ձեզ այդ բյուրոկրատական քաշքշուկի մեջ ներքաշելու համար,- ասաց Հերբերտը՝ առանց նույնիսկ իմանալու դեսպանատուն կատարած մեր այցերի և դեսպանատան աշխատակիցների հետ ունեցած զրույցների մասին,- տարիներ առաջ, երբ մեզ մոտ իշխանության էր եկել նացիստական կուսակցությունը, Լևոն Տեր-Պետրոսյանը, ով այն ժամանակ Հայաստանի նախագահն էր, կատակով ասաց ինձ. «Ցանկացած պահի կարող ես դիմել և Հայաստանում քեզ քաղաքական ապաստան կտանք»։
Մենք քաղաքական ապաստան չէինք խնդրում, գնում էինք իրենց հրավերով, ու նրանք, ովքեր հետևում են այս պատմությանը սկզբից, գիտեին, որ մեզ չեն մերժելու։ Նախադասությունը, որով ավարտել էի նախորդ սերիան, սերիալներում օգտագործվող ու բավականին ծեծված հնարք էր, որով ուզում էի հետաքրքրված պահել ընթերցողին դեսպանատան այս ձանձրալի պատմությունից հետո։ Անհավատալի էր, բայց փաստ՝ մենք այլևս դեսպանատուն չէինք գնալու։
Մեզ մնում էր առողջանալ ու պատրաստվել ուղևորությանը։ «Հարսանեկան ճամփորդության եք գնում, էլի»,- ասում էին մեր ընկերները։ Մի քանի շոր առանք մեզ համար, որովհետև եթե Հայաստանում կարող էնք շրջել ծակ շալվարով ու ճղված կոշիկով, Եվրոպայում… Եվրոպայում էլ կարող էինք, եթե մի ամբողջ ժողովուրդ ներկայացնելիս չլինեինք։ Լուիսը խնդրել էր, որ հայկական երաժշտություն տանենք։
Վերցրինք Կոմիտաս, Սայաթ-Նովա, Տերտերյան, Մանսուրյան, Խաչատրյան, Սպենդիարով, Առնո Բաբաջանյան, «Անուշ» օպերան, Վաչե Հովսեփյանի դուդուկը, «Ակունք» ազգագրական խմբի երգերը, ու թեպետ հայկական կինոյի նմուշներ չէին ուզել, ու Փարաջանովին էլ դժվար է վերագրել հենց հայ կինոյին, նրա բոլոր ֆիլմերն էլ վերցրինք։ Մեր ճամփորդությունը եթե նույնիսկ որևէ իմաստ չունենար, օգտակար էր հենց թեկուզ մեր ունեցած արժեքները ճիշտ գնահատելու տեսանկյունից։
Մեզ հաջողվեց մի գիրք ճարել Հյաստանի ճարտարապետության ու մանրանկարչության մասին՝ գրված գերմաներեն ու լույս տեսած Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետությունում տասնամյակներ առաջ, երբ Հայաստանը դեռ Խոհրդային Միության մասն էր։ Մեր որոնումների ընթացքում պարզեցինք, որ Հայաստանի մշակույթի մասին ըտար լեզվով գրքեր ու ալբոմներ տպվել են միայն սովետական տարիներին, իսկ դրանից հետո տպվածները բացառապես տուրիստական բնույթի են և նախատեսված են սփյուռքահայերի, իսկ ավելի ճիշտ՝ նրանց կլպելու համար։ Այդ գրքերում տեղեկություններ կան ուտել-խմելու տեղերի և այն տեսարժան վայրերի մասին, որոնք այցելելով՝ սփյուռքահայն իրեն հայ է զգում։ Դրանք այնպիսի ասղաբաշխական թվեր արժեն, որ գերազանցում են անգամ «Ուլիսես»-ի հայերեն թարգմանությանը։
Չմոռացանք վերցնել նաև ավանդական կոնյակները, մրգային սուջուխ, լավաշ ու սիգարետ։ Մեզ հատկացվելիք թոշակից հնարավորինս շատ գումար խնայելու համար ես որոշել էի դիետա պահել, և քանի որ լսել էինք, որ Ավստրիայում հացը շատ թանկ է, լավաշ էինք տանում ոչ միայն նվիրելու, այլև ուտելու համար։ Նախատեսել էինք լավաշը չորացնել ու քիչ-քիչ թրջելով ուտել, ինչպես անում էին մեր նախնիները։ Մեր փողը հերիքեց միայն տասը կիլո լավաշի, ու մենք բառացիորեն անկոպեկ նստեցինք ավստրիական ավիաուղիների ինքնաթիռը։ Հայկական մաքսակետում, ճիշտ է, մեզ մի քիչ պահեցին ավելորդ հարցուփորձով։ Լավ է՝ ընկերներիցս մեկը զգուշացրել էր, որ հրավերը մոտս պահեմ։ Եթե չզգուշացներ, հաստատ պայուսակիս մեջ չէր լինելու։ Դեսպանատանն այդքան կտտանքների ենթարկվելուց հետո հարազատ օդանավակայանում մեզ չէին թողնելու ինքնաթիռ նստել։ Թե որն էր հրավերը պահանջելու իմաստը՝ չհասկացա։ Փաստորեն անձնագրում տպված շենգենյան վիզան բավարար երաշխիք չէր։
Ինքնաթիռում դասական երաժշտություն էր միացրած։ Մեզ համար մեծ գյուտ էր, որ երաժշտություն «լսցնել» սիրում են ոչ միայն հայ «մարշրուտնու շոֆերները»։ Ի՞նչ տարբերություն՝ դա Շտրաուս է, Բեթհովեն, սպիտակցի Հայկո, թե Սիրուշո։ Մենք հոգնած ենք ամեն տեսակ երաժշտությունից, որ շնորհիվ մեր «երաժշտասեր» հասարակության, հեռուստաընկերությունների, սրճարանների, տրանսպորտի, ընդամենն օրեցօր անտանելի դարձող աղմուկի մի մասն է։ Հիշում եմ Հիմոգենայի հարցը, որ նա տվեց մեզ, երբ սլանում էինք Ապրեսովի մեքենայով և ճարահատյալ լսում հայկական շոու-բիզնեսի աստղերի կատարումները. «Ի՞նչ երաժշտություն եք սիրում»,- հարցրեց Հիմոգենան։ Ես ու Համբոն սարսափած նայեցինք իրար ու գրեթե միաժամանակ ասացինք՝ ոչ մի։ «Մենք,- ասացիք,- երաժշտություն չենք լսում, մեր կյանքում աղմուկը չափից դուրս շատ է»։ Երաժշտություն չսիրելու ու չլսելու համար պատճառ էլ պետք չէ, չենք սիրում ու վերջ։ Բայց «Ավստրիական ավիաուղիներ»-ին մեր նախասիրությունները քիչ են հետաքրքրում, նա մեզ, ասես, որոշել էր տարական կթման ենթարկել «լսցնելու» միջոցով, ինչպես լսցնում են «Հայկական մարշրուտնու գծերը», ու ես չէի զարմանա, եթե տեսնեի օդաչուին՝ արմունկը օդանավի պատուհանից դուրս հանած, սիգարետը բերանին։ Ինքնաթիռը շաժվեց, ու երաժշտությունը կամ դադարեց կամ խլացավ շարժիչի ձայնից։
Մենք շարժվեցինք գիշերվա չորսին, ճանապարհը երեք ժամից մի քիչ էր ավել տևում, ու քանի որ մեր ու ավստրիական ժամանակների տարբերությունը երեք ժամ է, մենք Վիեննա էինք հասնելու մի տասը րոպեում։
Ինքնաթիռում մի տարեց զույգ կար։ Դատելով առոգանությունից՝ ղարաբաղցիներ էին։ Մի կերպ տեղավորել էին իրենց բազմակտոր «վեշերը» ու իրենց էին մի կերպ տեղավորել ինքնաթիռի նստատեղերին, մեկ էլ կինը գոռաց. «Անձնագիրս… Անձնագիրս… Կորա՜վ»։ Ուղեկցորդուհիներն իսկույն մոտեցան ու փորձում էին հանգստացնել կնոջը, որ հիստերիայի մեջ էր ընկել։
-Պասպորտ, պասպորտ, նե պանիմայե՞շ,- աստրիացիների վրա անտեղի ռուսերենով գոռում էր կինը։
-Սկսվեց,- ասաց ուղևորնեից մեկը։
– Համբերեք, գոնե տեղ հասեք, նոր,- ասաց մեկ ուրիշը։
Անձնագի կորուստը փախստական դառնալու նախապայմաններից է։ Բայց կինը սիմուլյանտություն չէր անում, իսկապես կորցրել էր անձնագիրը իր բացմաթիվ կապոցների մեջ և շուտով գտավ ու հանդարտվեց։
– Գուցե մե՞նք էլ կորցնենք,- ասաց Համբարձումը ու վախեցած հավելեց,- հլա տես՝ հո չե՞նք կոցրել։
Վիեննայի օդանավակայանում սպասելու էինք մի քանի ժամ, որ թռչենք Գրաց։
Ոչ փող ունեինք, որ մի բան առնենք-ուտենք, ոչ էլ կարողանում էինք քնել։ Համբոն ստեպ-ստեպ գնում էր ծխելու։ Օդանավակայանում ծխելն արգելվում էր, միայն որոշակի վայրերում փոքրիկ, ապակե կարցերներ էին տեղադրված, որտեղ մի մարդ կարող էր զգաստ կանգնած ծխել։ Անցնող-դարձողը նայում էր այդ մարդուն, որ պատժված էր իր կախվածությամբ։
– Սաղ մուֆտչիներ են,- դժգոհեց Համբոն՝ կարցերից վերադառնալով,- ծխարանից մինչև ստեղ մի տասը հոգի սիգարետ մուֆտեց։
Վիեննայի օդանավակայանը շատ գունեղ էր՝ ամեն ազգի, ամեն ռասայի մարդ կարելի էր տեսնել։ Շատերն իրենց ազգային տարազներով էին։ Մտածում էի՝ եկիրը սա է, որտեղ մարդիկ այսքան բազմազան են։
– Ես նոր հասկացա՝ հայերն ինչքան տարբեր են,- ասաց Համբարձումը։
– Ավստրիացիների՞ց։
– Չէ, իրարից։ Նայի, օրինակ էս տղայի պես տղերք Երևանում լիքն են։ Էն մեկի տեսակն էլ ա շատ տարածված։ Էս տեսակ հայ էլ ահագին կա։ Ու նույնիսկ էս տեսակ։
Վերջինը, ում մատնացույց արեց, սևամոթ էր, բայց ազնվորեն եմ ասում՝ էդ տեսակ հայեր էլ կան։ Այսինքն՝ Հայաստանում էլ ռասայական բազմազանությունը ապահովված է, թեպետև ազգային միասեռության սահմաններում։
Վերջապես նստեցինք Գրաց տանող ինքնաթիռը։ Հույսեր էինք փայփայել, որ մեզ կկերակրեն, բայց թռիչքը կես ժամ էր տևում, և մեզ ընդամենը մի բաժակ ջուր տվեցին։ Կես ժամից հանդիպելու էինք Լուիսին ու չգիտեինք՝ ոնց ենք շփվելու։ Անգլերեն որոշ բազային գիտելիքներ ունեինք, բայց երբեք առիթ չէր եղել դրանք գործածելու։ Եթե գրավոր ձևով կարողանում էի այդ գիտելիքներս օգտագործել և քիչ թե շատ հոդաբաշխ նամակներ գրել Լուիսին, վստահ չէի, որ խոսակցականի մեջ էդ մակադակը կապահովեմ։ Վերջին շաբաթներին էնքան տարված էինք դեսպանատան հարցերով և էնքան հիասթափված եվրոպական ժողովուրդներից, որ անգլերենի պարապմունքները հանեցինք օրակարգից։ Ես էլի մեկ-մեկ ինչ-որ գրքեր էի կարդում։ Համբոն բոյկոտել էր անգլերենը և ասում էր՝ ես կարամ տակից դուրս գամ, որ չհասկանամ, կասեմ՝ սեյ մայ վայֆ։ Ու հիմա սարսափով սպասում էինք Լուիսի հետ հանդիպմանը։ Իմ վիճակն ավելի վատ էր, որովհետև եթե Համբոն մի բան չհասկանար, Լուիսն ինձ էր հարցնելու։ Լուիսը գալու էր օդանավակայան՝ մեզ դիմավորելու, և ես մտքումս կրկնում էի՝ նայս թու միթ յու։
Ինքնաթիռի պատուհանն ասես համակարգչի էկրան լիներ։ Դիտում էինք ավստրիական դաշտերի գույնզգույն պետչվորկը։ Ոչ մի անմշակ տարածք չկար։ Ամբողջը մշակված էր և՝ ֆոտոշոփով։
Հաջորդ սերիայում՝ Լուիսը և ընկերները։
Նախորդը՝ այստեղ
Հաջորդը՝ այստեղ