— Խաչուլի՛կ, արի տեսնենք, բալա՛։ Կանգնի մեջտեղում՝ իմ ու Ջուլիկ տոտայի դիմաց, շորերդ ուղղի, գլուխդ` բարձր: Դե, սկսի՛։
— Տատի՛, բայց բառերը դեռ էդքան էլ լավ չգիտեմ։
— Ոչինչ, ոչինչ, սկիզբը սկսի, հետո կհասկանանք։
Փոքրիկը սպիտակ վերնաշապիկը դրեց տաբատի մեջ, ձգեց մեջքը, գլուխն առաջ պարզեց ու սկսեց արտասանել․
— Մոր ձեռքերը
Այս ձեռքերը՝ մո՛ր ձեռքերը,
Հինավուրց ու նո՛ր ձեռքերը․․․
Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը․․․
․․․մմմ․․․ Պարելիս ո՛նց են պարել․․․ մմմ․․․ այս ձեռքերը՝
Ի՜նչ զզվանքով․․․ մմմ․․․
Սպիտակ կաթով․․․ մմմ․․․
— Ստո՛պ, ստո՛պ, էս ի՞նչ ես արտասանում, — բազկաթոռի մեջ թեթևակի շարժվեց Անժիկը՝ «Խաչուլիկի» ոչ այդքան տարեց տատը։ Մատով սկսեց կտկտացնել գրքի բացված էջին ու ջղային տոնով ավելացրեց,— էստեղ տենց բան չկա գրված, տղա՛ ջան։ Հասկանո՞ւմ ես՝ սա մոր մասին բանաստեղծություն է, քեզանից ինչ-որ բանե՞ր ես հորինում․․․
— Տատի՛․․․
— Սո՛ւս։ Ձայնդ չլսե՛մ։ Թումանյանը գերեզմանում քանի անգամ շուռ եկավ․ բա ամոթ չե՞ս անում․․․
— Տատի՛․․․
— Ոչ մի՛ ծպտուն․․․
— Անժի՛կ ջան, — խառնվեց հարևանուհին՝ Ջուլիկ տոտան, — մի ջղայնացի էրեխի վրա։ Հեսա կսովորի։ Կսովորես, չէ՞, Խաչուլի՛կ ջան։
Փոքրիկը թեթևակի հետ-առաջ արեց իր կախ գլուխը։
— Ա՛յ Ջուլիկ ջան, ախր էս ձև ա՞։ Մեր ժամանակ սենց բան լիներ՝ մեր ծնողները ջարդներս տվել էին, չէին թողնի օրերով տնից դուրս գայինք։ Հանկարծ փորձվեր մեկը բանաստեղծությունն անգիր չանել կամ կիսատ սովորեր․․․ Ծնողին կանչում էին դպրոց ու բոլորի ներկայությամբ շան լափը թափում գլխին։ Իսկ հիմա ո՛չ ծնողն ա մի բան, ո՛չ՝ դպրոցը։ Ու ընդհանրապես, ինչի՞ են Թումանյան տվել ու հենց մոր մասին, Մարտի 8-Ապրիլի 7 շուտվանից անցել-գնացել են։
— Դպրոցում «Սևակյան օրեր» են, — կմկմաց փոքրիկը։
— «Սևակյան օրերին» Թումանյա՞ն են հանձնարարում։ Է՜, Ջուլի՛կ, ես բան չեմ հասկանում սրանց կրթությունից, ամեն ինչ թարս են անում, ա՛յ բալամ, — նեղված ավարտեց Անժիկն ու «վալերյանկայի» 2 կոճակ դրեց լեզվի տակ։
— Բա էղա՞վ, Խաչուլի՛կ, — վրա տվեց հարևանուհին, — տես՝ տատիդ ինչ օրը հասցրիր։ Գիրքը վերցրո՛ւ, քեզ 10 րոպե ժամանակ, գաս ու ջրի պես արտասանես։ Սպասո՛ւմ ենք։
Փոքրիկն արագ քայլերով մոտեցավ տատին, վերցրեց գիրքն ու դուրս եկավ սենյակից։ Լռությունը երկար չտևեց․ Անժիկը էլեկտրական ծխախոտը դրեց շուրթերի արանքն ու սկսեց․
— Ախր Վիլենս սենց չէր, էս ո՞ւմ ա քաշել, Ջուլի՛կ։ Չէ՛, պետք չի՛, չպատասխանե՛ս․ մորը պիտի քաշած լինի, էլ ո՞ւմ։ Վերջերս ինտերնետում կարդացի․․․ դե, գիտես, Ջուլի՛կ ջան, ես անընդհատ կարդում եմ ու կարդում․․․ ուրեմն՝ գիտնականներն ասում են՝ էրեխեն «ինծելեկտի» 60 տոկոսը ժառանգում ա մորից, հորից ոչ մի բան չի փոխանցվում։ Պատկերացնո՞ւմ ես, ես էդքան տամ Վիլենիս, բայց Վիլենից ոչինչ չփոխանցվի Խաչուլին, «ինծելեկտի» 60 տոկոսը մորից ա վերցրել։ Դե, հիմա ես չեմ, դու ես` էդ թռչած հավը «ինծելեկտ» ունի՞, որ մի հատ էլ 60 տոկոս էրեխուն տա։ Չէ, Ջուլի՛կ ջան, չլսեց, մորը չլսեց տղես, էդքան աշխարհով պտտվեց-պտտվեց․․․ Դե, գիտես` ում շնորհիվ պտտվեց, ում փողերով ամբողջ աշխարհը ոտատակ տվեց, ամենալավ տեղերում սովորեց… Մի խոսքով, ում՝ ինչ եմ պատմում, աչքիդ դեմն ա ամեն ինչ եղել․ Վիլենիս համար համ մեր եմ եղել, համ հեր։ Էն օղորմածիկը իր գրքերից էն կողմ ոչ մեկին չէր տեսնում․․․ Ի՞նչ էի ասում, հաաա՜, պտտվեց-պտտվեց, հազար տեսակ աղջկա հետ ֆռֆռաց, բայց վերջում եկավ էս հպարտ «գյոռմամիշին» առավ։ Դե, ա՛ռը քեզ, Վիլե՛ն տղա,Անժիկին չլսելը էդ ա, հիմա արի ու պտուղներդ քաղի․ էրեխեդ ո՛չ տաղանդ ունի, ո՛չ շնորհ, մի բանն էլ հազար անգամ պիտի ասես, որ մտնի չեղած ուղեղը։
— Անժի՛կ ջան, խնայի քեզ․․․
— Տո ո՜նց խնայեմ, ա՛յ Ջուլիկ ջան, չասեմ՝ կպայթեմ։ Հենա՝ էկավ էլի, — դանդաղ քայլերով ներս մտավ փոքրիկը։ — Ջուլի՛կ, հլը դու հարցրու՝ մի բան սովորե՞լ ա, որ մոր նման սենց հպարտ-հպարտ եկել ու մեջտեղում կանգնել ա։
— Խաչուլի՛կ ջան, — մեղմ ձայնով փոքրիկին դիմեց հարևանուհին,— կարդացի՞ր, սովորեցի՞ր բանաստեղծությունը։
— Հա՛, մի 10 անգամ կարդացի, մի քանի անգամ էլ անգիր ասեցի։
— Ապրե՛ս, բալա՛,— ուրախացավ տատը,— քեզ տեսնեմ, սկսի՛։ Բայց առոգանությամբ, կրքով, նենց բեմական ասմունքի նման, էլի․․․ Ջուլի՛կ ջան, էդ բալկոնի դուռը բաց կանե՞ս, շոգից կոտորվեցինք,— ծխախոտի ծուխն օդ փչելով՝ խոսքի վերջում հարևանուհուն խնդրեց Անժիկը։
— Աչքիս վրա։
Մինչ Ջուլիկը դանդաղ քայլերով պատշգամբի ուղղությամբ էր քայլում, փոքրիկ Խաչիկը սկսեց արտասանել․
— Մոր ձեռքերը
Այս ձեռքերը՝ մո՛ր ձեռքերը,
Հինավուրց ու նո՛ր ձեռքերը․․․
Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը․․․
Պսակվելիս ո՛նց են պարել․․․ այս ձեռքերը՝
Ի՜նչ նազանքով,
Երազանքով։
— Վատ չի, մի քիչ ավելի բարձր, — կողքից շշուկով հուշում էր Անժիկ տատը։
— Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը․․․
Լույսը մինչև լույս չեն մարել այս ձեռքերը,
Առաջնեկն է երբ որ ծնվել,
Նրա արդար կաթով սնվել։
— Ավելի՛ էմոցիոնալ, — տատի ձայնն արդեն աստիճանաբար բարձրանում էր։
— Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը․․․
Զրկանք կրել, հոգս են տարել այս ձեռքերը,
Ծով լռությա՜մբ,
Համբերությա՜մբ։
— Ավելի՛ խրոխտ, փետի պես մի՛ կանգնի, մարմի՛նդ շարժի մի քիչ,— ոտքի կանգնեց Անժիկն ու մոտեցավ թոռանը։
— Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը՝
Մինչև տատի ձեռք են դառել այս ձեռքերը,
Այս ձեռքերը՝ ուժը հատած,
Բայց թոռան հետ նոր ուժ գտած․․․
— Էս մասն ավելի՛ կրակոտ, ավելի՛ ուժգին։ Ջուլի՛կ, էդ ինչ ձեներ են դրսից, է՜։
— Էլի միտինգավորներն են, Անժի՛կ ջան, երթ են անում։
«Սիրելի՛ հայրենակից, միացի՛ր մեր պայքարին․․․»,- ոչ շատ հեռվից հնչում էր ամբոխավարի խռպոտ ձայնը։
— Վա՜յ, հողերս ձե՛ր գլխին,— թոռանը մի կողմ հրելով՝ պատշգամբ դուրս եկավ Անժիկը։ — Թո՛ղ մի տեսնեմ սրանց։
— Քեզ խնայի, Անժի՛կ ջան, քեզ ջղայնանալ չի կարելի․․․
«Առանց թուրքի Հա-յաս-տա՜ն»։
—Տո՜ թաղե՛մ ձեր ազիզ արևը, պռճկվեք դուք, հաաա՜, տունուտեղ չունե՞ք, արա՛, — մարդկանց ուղղությամբ գոռում էր Անժիկը, — օրը ցերեկով գործ-բան չունե՞ք, ա՛յ ողորմելիներ․․․
«Եկեք ողջունենք պատշգամբից մեզ աջակցող տիկնոջը»։
— Թո՜ւ,— չկարողացավ իրեն զսպել Անժիկն ու ցուցադրաբար թքեց քայլերթ կատարողների վրա։ Այնուհետև բռունցքները վեր պարզեց ու, ի պատասխան ամբոխավարի ողջույնին, միջնամատներն առաջ տնկելով՝ սկսեց անպարտելիորեն թափահարել նրա ուղղությամբ։
Փոքրիկ Խաչիկն ուշադիր հետևում էր դյուրագրգիռ տատի գործողություններին և քթի տակ անընդհատ կրկնում անգիր արած տողերը․
— Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը՝
Մինչև տատի ձեռք են դառել այս ձեռքերը․․․