Վարդան Ստեփանյան/Զարթիր, լաո

Արդեն բավականին ժամանակ արթնացել, աչքերը փակ փորձում էր համատարած ժխորի և մերթընդմերթ կոչ հիշեցնող բղավոցների, սրտակեղեք ճիչերի մեջ կողմնորոշվել, թե այս ի՞նչ տեղում և ի՞նչ ժամանակում է արթնացել, փորձում էր ըմբռնել տեսարանը և թե որ իրականությունից է ծնել այս դժոխային սիմֆոնիան։ Ոչ մի կերպ չկարողանալով կողմնորոշվել` նա հապաղում էր բացել աչքերը, դրանից էլ առավել քնած էր թվում, և երևի դրանից էր, որ էլ առավել հատու շարժումներով դիրիժորի փայտիկը (որ ճիպոտ էր մի հովվական), ձաղկում էր օդը, այն դրանից էլ ավելի էր գաղջանում և ամբոխի ժխորին խառնվելով այն դարձնում էր ավելի ահասարսուռ, խեղճ ու հուսահատական։ Կորսված տարածության և ժամանակի մեջ Լաոն առավել ամուր էր սեղմում կոպերը։ Վերջապես նա սկսեց այդ խառնիճաղանչ ժխորը հոդաբաշխել և առաջին հասկանալի բառը, որ խախտեց դեռևս թմրած գիտակցության սահմանագիծը` «զարթնիրն» էր։ 

«Այս ի՞նչ պիտի պատահած լինի, որ քնածին այսպես արթնացնեն, ի՞նչ է պետք նրանց քնածից այս, մի՞թե արթուներն այնքան անճարակ են, որ հույսը քնածն է մնացել, և այսպես ամբոխով եկել են նրան արթնացնելու»։ Սրանք հարցեր էին, որ ճեպընթաց գնացքի պես անցնում էին նրա մտքով առանց կանգառի, և քանի որ դեռևս ամբողջովին չէր ազատվել թմբիրից, նա ոչ մի կերպ չէր կարողանում կողմնորոշվել։          

Բայց ո՞վ էր ընտրյալն այդ` հույսն այս ամբոխի, որի արթնացումը փրկություն պիտի բերի, փակի հուսալքության ճանապարհը, որի մերժումով մարդիկ լցվել են ճանապարհները։ Կրկին լարեց լսողությունը։ Կամ ամբոխը ավելի մոտ էր, կամ ինքն էր քնից էլ ավելի սթափվում, և արդեն ավելի հստակ սկսեց լսել. «Զարթիր, լաո, մռնիմ քզի»։ Ձայներն, այո, գուցեև հուսալքվածի, բայց հուսախաբվածի չէին, քանզի հուսախաբվելու համար նախ հույս է պետք ունենալ, որը ծագում է հավատից։ Չկա հավատ` չկա հույս, իսկ սիրո մասին խոսելն արդեն ավելորդություն է։ Եվ ամբոխը, որ հիմա կոչ էր անում Լաոյին զարթնելու, ի սկզբանե չէր հավատացել հույսին, հույս չէր կապել հույսի հետ, առավելևս չէր սիրել հույսը, հետևաբար այժմ հուսախաբված չէր։ Հուսախաբվածը այլևս այսքան բարձր չի գոռում` պատասխանատուն է հույսի ընտրության, որը խաբեց և հիմա չի մնացել ոչ ուժ, ոչ հավատ մի նոր հույսի։ Ով հավատում էր, խաբվեց, եկավ չհավատացածների ամբոխվելու ժամանակը։ 

«Սուլթան կուզե ջնջիլ մեզի,
Զարթնիր, լաո, մեռնիմ քեզի»։

Բայց ո՞վ է այդ Լաոն և ինչու՞ են ուզում մեռնել նրան։

Երկար ժամանակ էր քնած մնացել, և գիտակցությունը շատ դանդաղ էր վերականգնվում` նախևառաջ խնդիր ուներ սեփական ինքնության գիտակցման։ Իհարկե նա պատկերացում իսկ չուներ իր այդ ինքնության և Լաոյի նույնության վերաբերյալ, սակայն չուներ և կասկած, որ ինքն էլ ենթագիտակցության խորխորատներում ճանաչում է այդ Լաոյին և, հիշողության վրա հույս չդնելով, փորձում էր տրամաբանել ` ո՞վ է Լաոն, որին ամբոխն այս, այսքան ուժ ու եռանդ սպառելով, փորձում է արթնացնել, նրան մեռնելու համար։ «Աստված է երևի»,- մտածեց Լաոն, որքան հիշում է՝ նրանք են այսքան մեծ զոհեր պահանջում։ 

«Զարթնիր, լաո, մեռնիմ քեզի»… այսքանն իհարկե շատ քիչ տեղեկություն էր Լաոյի ինքնությունը պարզելու համար և նա կրկին լարեց լսողությունն էլ ավելի հստակ լսվող երգից տեղեկություն կորզելու ակնկալիքով։

«Խուժան ասկյար զորք է ժողվել,
Եկել, Մշո դաշտն է պատել։
Սուլթան կ՚ուզէ ջնջել մզի.
Զարթնի՛ր, լաո, մեռնիմ քեզի»։ 

Լաոն շատ զարմացավ, որ ինքն էլ գիտի այս երգը… Որտեղի՞ց։ Ավելին, նա այս երգը գիտի ավելի լավ, քան ցանկացած ուրիշ բան։ Ավելի լավ, քան այս երգը, նա ոչինչ չգիտի։ Նա այս երգը ավելի լավ գիտի, քան իր իմացած միակ աղոթքը, որում Աստված երկնքում է` հեռու … իսկ սուլթանը այստեղ է, իր կողքին, իր հողի վրա։ Աստված, մի տանիր մեզ ի փորձության` զի սուլթան կուզե ջնջել մզի։ Ձայն բարբառո հանապատի։ Այո, ուրեմն Աստված սրանց չի լսում, և հույսը մնաց Լաոյի երևի հզոր ուսերի՞ն։ Լաոյի ուսերը պետք է որ հզոր եղած լինեն` մի բան, որ Ամենազորն է իր ուսից ցած դրել, հզոր մեկը կարող է ուսել միայն։ Եվ այդ մեկը Լաոն է` հզոր մեկը։ Լավ, իսկ որտեղի՞ց է այս երգն այսքան ծանոթ Լաոյին՝ ծանոթ, ինչպես երակներով հոսող արյունը։ Այսքան ծանոթ ու այսքան մոռացված լինում է միայն համը մայրական կաթի։ «Մայր»,- առկայծեց Լաոյի մտքում, և մի պատկեր սկսեց ուրվագծվել և դուրս լողալ հուշերի մշուշներից։ Ահա սիրագորով, գեղեցիկ, բայց և թախծոտ աչքերը իրեն են նայում ու ժպտում… Ա՛խ, որքան մորմոք կա մոր ժպիտի մեջ այդ։ Ահա, մայրն իրեն օրորոցային է երգում։ Երգում է իր ցավերը, որ հանկարծ որդին չքնի` խառն են ժամանակները, պետք է մշտարթուն մնալ։

«Խուժան ասկյար զորք է ժողվեր,
Եկեր, Մշո դաշտն է պատեր։
Սուլթան կուզե ջնջել մզի.
Զարթի՛ր, լաո, մռնիմ քզի»։ 

Երգում էր մայրը հանդարտ, հեզ ու տխուր։ Ինչպես չտխրեր, երբ մի ամբողջ ազգի հույսը թողել էին իր մի մատ երեխայի վրա։ Ու հիմա չգիտի քնեցնի, որ մեծանա ու պաշտպանի ազգն այդ, թե արթուն պահի, որ նա միշտ պատրաստ լինի մոտակա արհավիրքին։ Բայց չէ՞ որ որդին դրանից թուլանում է և եթե չկարողանա քունն առնել, անհրաժեշտ պահին ուժ չի ունենա։

— Ախր, ըսե՝ ի՞նչ կուզեք էս մի մատ լաճից, գացեք Փոքր Մհերի դուռը կտրեք, թող դուս ելնի, կռիվ տա սուլթանի ասկյարի դեմ։ Հոր Քուռկիկ Ջալալին հեծե, Թուր Կեծակին առե, մտե դռան ետև, թե ես խռովեր եմ աշխարհեն։ Տեսնես ինչեն է էդքան խռովեր, հոր` Դավթի համա՞ր, երևի,- երգը ընդհատել, մորմոքում էր մայրը,- Դավիթն էլ, քեզի պես, Լաո, մի մատ լաճ էր, որ իր հեր ու մեր մեռան, գացին լուս աշխարհ, հա, Լաո, էն աշխարհ էսորեն լուս է։ Էս մեր Դավիթ մնաց հորողբոր` Ձենով Օհանի ու էսոր կնգա հույսին։ Դե Դավիթ լե հոր պես դյուցազուն ծնված էր , էսոր ծիծ տալը զոռ էր, Լաո, ու էս Օհանի կին հրաժարեցավ Դավթին կերակրել. էսա լաճ իմ պտուկներ կկծէ, ըսավ, էնպես կքաշե, կաթիս հետ լե արուն կուգա։ Ես էսոր կաթ չեմ տա։  

Խեղճ Օհան մի հայ մեր չճարեց, որ էս Դավթին կերակրե։ Կհասկնա՞ս Լաո, մեր մերեր չկրցան մի Դավիթ պահել։ Տարան, Դավթին տվին արաբին, թե դու կրնաս կերակրիլ` մենք չէ, մեր պտուկներն ափսոս ին։ Արաբ կին մեծցուց Դավթին, էդոր խաթեր Դավիթ հետո իր մի զարկը բախշեր պիտի։ Դավթին արաբ աղջիկ քուրություն արել էր, էդոր էլ մի զարկ բաշխեց։ Լաո, էդա Դավիթ օտարի դուռ մենձցած էկավ, իր հոր դռանը տեր էղավ, ու մի բերան չըսավ՝ հայոց հերե՜ր, դուք ինձ հեր չեղաք, երբ գուրզ բռնել պիտի սովրեի, հայոց մերե՜ր, դուք ինձի մեր չէղաք, երբ կաթ էր պետք, քուրե՜ր հայոց, դուք ինձի քուր չէղաք, երբ քարին առած ոտս կցավեր։ Բայց ես ձեզի որդի ու ախպեր կեղնիմ ու կպաշտպանիմ։ Կլսի՞ս, Լաո, մի հայ մեր չեղավ՝ էդ անտեր լաճ Դավթին կաթ տար, տարան, քցին օտարի դուռ։ Ու երևի էդ օրվանեն էս ազգ էլ չի կրնա Էդ նզովքի տակեն դուրս գա, քարշ կուգա խալխի դռներուն։ Է՜, Լաո, բա մի մեր չեղնե՞ր, կաթ տար էդա խեղճ Դավթին, ազգն էլ անեծքի տակ չընկներ, մնար, իրա հողին տեր ըլեր։ 

 Լաոն, իհարկե, մոր ասածից քիչ բան էր հասկանում, բայց զգում էր, որ մայրը շատ կարևոր իմաստություն էր ուզում փոխանցել իրեն։ Չօգտագործված իմաստություն` խառնած խորը ափսոսանքին։

Եվ մայրը նորից շարունակում էր օրորոցայինը.

— Խեղճ մշեցին մեռավ լալով,
Օտար երկիրներ ման գալով,
Մեռավ թուրքի հարկը տալով.
Զարթի՛ր, լաո, մռնիմ քզի։ 

Է՜ , Լաո, հնար էղներ հավքեի էսա աշխրքի սաղ հայ մերերին, էրթայինք Մհերի դուռ, ներողություն խնդրեինք, որ չենք կերակրե Դավթին։ Մոր արցունքեն քար կճաքե, էդա Փոքր Մհեր լե թե սիրտ ունի, քար լե էղնի, կփափկի, բայց մի մոր աչքի արցունք քիչ ի, հազարին լե քիչ ի, Էդա Մհերի սիրտ էնքան մեծ ի ու էնքան քար, որ էդոր համար աշխրքիս բոլոր հայ մերերը պիտի հավքվին։ Է, Լաո, Դավթին ծիծ տալը ավելի հեշտ ի, քան հայերուն նույն գաղափարին շուրջ ժողվիլը։ Էդոր համար լէ էսա քանի ժամանակ ի՝ Մհեր փակվե քարի հետև, դուրս չի գա, կնայե, թե երբ պիտի ժողվվինք։ Ըսա՝ այ հեր օհնած, թե կրնայինք իրար գլուխ ժողվվիլ, էլ դուն մեր ընչի՞ն իս պետք։ Էսպես լէ կապրինք, Լաո, Մհեր մեզմե նեղված, մենք՝ էնորեն, ու մեր հույս դուն իս մացած, Լաո։ Բայց դուն՝ մե մատ լաճ, ու մենք քեզի դադար չենք տա, որ մենձնաս, հզորնաս, կանգնիս Սուլթանի առաջ։ Լավ, բա մեկ հայ մեր չկա՞ր էդա Դավթին կաթ տված էղներ։ է ՜, Լաո, հայ մոր կաթը իր զավակին կբավե մենակ, ու երբ որ կռիվ կեղնի, իր կաթ կափսոսա զոհիլ, ուրիշներ թող էրթան, պահեն մըր էրգիր, էնոնց մեջ իր կաթից չկա, բան չունե ափսոսելու։ Էդոր համար լե Լաո, թե հաջողի հավքիմ աշխրքի սաղ հայ մերերուն, էլ չեմ տանե Մհերի դուռ, էնորեն ես լե հույս չունիմ, մկա էլ թող ինքն ամչնա։ Կհավքիմ աշխրքիս սաղ հայ մերերուն ու կսեմ՝ կերակրեք զիրար ձագերուն։ Լաո, էնժամ բոլորը բոլորին կափսոսեն, ու թե հանկարծ պատերազմ էղնի, մեկ մեկեն առաջ կընգնին, ու էդոնց առաջ ոչ մի սուլթանի ասկյար չի կրնա կանգնի, Լաո։ էնժամ Էսպես հավքված կերթանք Մհերի դուռ, կսենք՝ մի վախնա, դուս ելի, ժողված ենք քեզ պաշտպանելու։ Լաո, էդժամ մեր մերեր էլ չեն ամչնա Դավթին չտված էն կաթի համար` հմիկ լէ Մհեր կամչնա։ Է՜ , Լաո, էդոր համար նախ հավքվիլ ի պետք, մերերուն հավքվիլն ի պետք։ Հերերը չէ, էնոնցեն ալ հույս չունինք` էնոնց մեղքը մերին պես ծանր չէ, էնոնք կաթ չունին, էնոնք չեն կրնա ծնիլ, էնոնք չեն կրնա ծնածն ափսոսիլ, մենակ մերերը պիտի ժողովվին ու քավին էն մի կուրծք չտված կաթի մեղքը…

Ի՞նչ անիծեմ թուրք ասկյարին,
Որ սպանեց ջոջ Աբոյին։
Մեր հույս թողեց օրօրոցին.
Զարթի՛ր, լաօ, մռնիմ քզի։

Հա, Լաո, կերգիմ, կլսիս, քանի էս երգ կլսիս, հայ մերերը ժողված չեն, քանի էս երգ կլսիս, Արաբոն սպանողեն մեր վրեժ դեռ առած չէ, Լաո, ու ամենքը հույսը ձգած են վըր քու օրորոցին։

Մշուշը նորից սկսեց թանձրանալ` հիշողությունը իր լարման չափն ու սահմանն ունի, և մոր ձայնի ու պատկերի մարման ու հեռացման հետ կրկին լսելի դարձավ ամբոխի աղմուկը .

 «Զարթնիր, լաո , մեռնիմ քեզի»։ Ուշադիր լսելով կողքով անցնող ժողովրդի երգի բառերը, Լաոն նոր միայն հասկացավ, որ մոր երգած երգը և այս երգը թեև նման են հնչում, բայց և տարբեր են շատ։ Մայրը երգում էր՝ զարթիր, Լաո, հիմա երգում էին՝ զարթնիր, Լաո։ Մի տառ ավելացել էր։ Բայց քանի որ տիեզերքում գործում է ամեն ինչի պահպանման օրենքը և ըստ այդ օրենքի՝ եթե որևէ փակ համակարգում ինչ-որ բան ավելանում է, ուրեմն ինչ-որ բան էլ պիտի պակասի։ Լաոն, համեմատելով մոր և ամբոխի երգի տարբերակները, կարծես հասկացավ՝ ինչն է պակասել այս հայերի փակ համակարգում` ափսոսանքը։ Նրանք չէին ափսոսում մանուկ Դավթին չտված կաթը։ Այսօր էլ իրենք պարտավոր չէին կաթ տալու, իրենք կաթ չունեն և հետևաբար չունեն և մեղք։

Հերթական անմեղների ամբոխ է, ամբոխները միշտ էլ անմեղ են , ավելին`անմեղսունակ։ Այո, աշխարհում մի մեղսունակ ամբոխ կա միայն`  հայ մայրերի ամբոխը, և սա կարծես այդ ամբոխը չէ, ամբողջ աշխարհի հայ մայրերը չեն, որոնց իր մայրը պիտի ժողովեր ու որոնք պիտի կերակրեին մեկմեկու ձագերին ու ափսոսային նրանց։ «Երևի սրանց Լաոն ուրիշ Լաո է»,- մտածեց Լաոն, ու անուշ թմբիրը նորից համակեց նրան․․․

 «Ախր ըսա՜, կաթն ի՞նչ էր՝ էն լաճ Դավթին  չտվինք»,- արդեն մշուշվող գիտակցության մեջ հեռանալով մարում էր մոր ափսոսամորմոք ձայնը, և անխռով քունը կրկին նվաճում էր Լաոյին բջիջ առ բջիջ, քաղցր թմբիրը հանդարտ մշուշում էր ամեն ինչ․ մշուշ որ ի զորու է ցրել աշխրքի բոլոր հայ մերերի ամբոխված ափսոսանքը միայն…

Please follow and like us: