***
Աչքիս` ես էի լինելու Հուդադ,
(Տեր, դու ես ծնել)
Անապացույց չեմ խոսում,
Օրերս` վկա։
Մեկը, ոնց որ, պետք էր քեզ,
Դե որ պետք է` ես,
Հետո արծաթն էլ պետք է,
Անկապ կծախսեմ։
Լա՛վ ուժեղ ես, Տեր ջան, Տեր,
Դե լա՜վ, արծաթն էլ պետք չէ…
Ճի՛շտը` մեղքի այս օրով
Քո տված ցա՜վը ծածկեմ…
***
Իմ բեռը շատ է. ուսդ տակը տուր,
Սրբիր աչքերս կամ հեռվից նայիր,
Պարտված եմ ցավին, դու իմ տե՞րն ես,
Ազատ լինեի` ճորտդ լինեի,
Ո՜նց եմ քեզ սիրում, ո՜նց եմ տառապած,
Ոնց փախչեմ ինձնից ու քոնը լինեմ…
Ես լքել եմ ցավս, բայց դու ցավս չես,
Դա ոչ իմ ցավն ես, ոչ էլ ցավքաշս…
***
Ախ այն փոքրիկ կացարանում
Երջանիկ էի, տղերք, այնքան,
Շուրջս բլուրներ էին ծառուտ,
Շենքը խարխուլ, թաքուն…
Կարգավիճակ ես չունեի,
Չհասկացվեց բնավ՝
Կի՞ն էր, սե՞ր, թե տարփուհի…
Թող այլոքը զգան։
Մարդուցս լա՜վ փախա, տղերք.
Սիրո ժամին հասա,
Վտիտ տեսքով իմ սիրեկան.
Ա՜յ թե թափ կար վրադ…
***
Ես որպես անպատիվ մի շուն թող ապրեմ ձեր տանը.
Գողություն անեմ աջ ու ձախ,
Աչքերս երեկոյան շատ կտխրեն երբեմն.
Բայց դե գող շուն եմ, դրան մի հավատա,
Գրոշ չարժե ախր իմ թախիծը,
Աչքերս իզուր են տամկանում,
Կեղտոտված մորթուցս հագուստդ դենը տար,
Թո՛ղ ձևը հարգալից, ոտքով ինձ դուրս արա,
Ախր կապականեմ քո տունը լուսավոր,
Անունդ կկապվի թափառ աղջկան,
Բոլոր աղոթքները և մոմերը մրմունջ
ինձ հազիվ, հազիվ թե փրկեն…
***
Նայիր, գնչուհի եմ ջահել,
Եվ այգիդ մութ է, գիտեմ,
Փեշերս հավաք-հավաք
Չափարից ո՜նց կթռչեմ…
Դե լավ, դու մի էլ վախեցիր.
Չէ որ մանկուց մեղապարտ եմ…
Լուսինն էլ, տես, ամպը հագավ.
Ախ էս մութն էս ինչ բախտ էր…
***
Ես ձեզ կսիրեմ հաշվենկատ սիրով
(Մի բան էլ պիտի ես ունենամ, չէ՞)
Չունեցածիս տեղը սիրտս լիքը պահեմ,
Մարդիկ թող չտեսնեն վերջին աղքատիս,
«Ես սիրով եմ լիքը», ես ձեզ սեր կպատմեմ,
Չունեցած տանս, կասեմ, սերս է սպասում,
Դրա հետ միասին եթե ձեզ էլ գովեմ՝
Միշտ կարող եմ նայել ես ձեր երեսին…
Ես խեղճ չեմ այլևս, չեմ ուզում խեղճ լինել,
Խնամված տիկնիկներ, ձեր վերջն էլ կտեսնեմ,
Իմ դաշնակիցներն արդեն մեռածներն են,
Ինձնից վատն են նրանք ու ինձ չեն ծաղրում…
***
Մեր ծածկոցի տակ
Մենք խաղացինք բոլոր մանկական խաղերը,
Եվ քանզի մենակ էինք տարել մեր մանկությունը,
Ու մի կարգին էլ մանուկ չէինք եղել`
Այդժամ մանկացանք,
Եվ հզոր տարփանքից բարձր էր
Քո ձեռքը իմ մազերին,
Քո մի շոյանքից ես մաքրանում էի՛
Ինչպես միածինը,
Եվ ամեն ինչ ունեի՜
Եվ հույս, և հարազատ,
Եվ այր աստվածային,
Երբ շոյում էիր մազերս…
***
Թույնս
իգության վրեժն է համայն
Եվ ցեղիս արյան պոռթկումը:
Թող արևները զարկվեն իրար,
Ձիերը վարգեն քրտնած,
Արվության կարոտ ռունգերս ուժ զգան,
Ու հողմը ճչա համահալած…
Թույնս մոլուցքով կցրվի՜,
Ձիովդ սլացիր քրտնած,
Շունչդ թող կամա՜ց հանդարտվի
Կիսաբաց շուրթերին իմ թաց…
***
Ինչ ասեմ, ինչ ասեմ,
Այստեղ ձանձրույթից հյուսվում է իմ օրը,
Քաշքշվում եմ տարածության
Եվ բութ բորենիների արանքում,
Եվ ոչնչի ուշք չեմ դարձնում…
Միայն` սերը,
Որին նոր միայն սկսում եմ պեղել,
Բայց չեմ հասել նյութին,
Որովհետև աչքիս առաջն են կախաղանները,
Դահճի քոթուկը և ճիզվիտների հրդեհը,
Հոգիս իզուր էլ էգի մեջ մտավ,
Մարմինս իզուր էլ ծաղկեց,
Ես մի երգեհոն եմ, որին չկպա՜ն
արվեստի մատները,
Թե ծա՜ռ էլ լինեի, փայտահատը կպտտվեր շուրջս…