Ի՞նչ է պոեզիան։ Այս հարցը պարբերաբար առթել է թեժ բանավեճեր և գրական խոսակցությունների հիմնական թեմաներից է եղել ու մնում։ Պոեզիայի էության և զարգացման ուղիների մասին դեռևս 1965 թվականին «ժամանակը և պոեզիան» վերտառությամբ ծավալուն հոդվածաշարով է հանդես եկել Սուրեն Աղաբաբյանը («Գրական թերթ», 1965, թիվ 8, 10, 12, 14, 18), որին արձագանքել է Գուրգեն Մահարին («Պոեզիան և քննադատությունը1»)։ Այս խոսակցությունը նոր հունի մեջ դրվել ու բանավեճի է վերածվել, երբ 1965 թվականի դեկտեմբերին «Գրական թերթում» լույս է տեսել Վ․ Դավթյանի հայտնի «Ժամանակակից պոեզիան և «ռեալիզմի նախահիմքերը2»» հոդվածը։ Դավթյանը, մտորելով պոեզիայի արտահայտչական միջոցների և զարգացման հեռանկարների մասին, տեղափոխվում է գեղանկարչության աշխարհ՝ մեջբերելով Մարտիրոս Սարյանի՝ արվեստի երկերում ռեալիզմի նախահիմքերին հասնելու անհրաժեշտության մասին միտքը։ Նկատելով, որ ռեալիզմի նախահիմքեր ասելով՝ Մ․ Սարյանը նկատի ունի հին եգիպտական արվեստը և հայ միջնադարյան մանրանկարներն ու որմնաքանդակները՝ Վ․ Դավթյանը նշում է, որ ժամանակի խոշոր արվեստագետներից թե՛ Մ․ Սարյանի, թե՛ Հ․ Կոջոյանի ստեղծագործությունները արմատներով գնում են դեպի մեր մանրանկարչության և որմնաքանդակների արտահայտչական ակունքները։
Վերադառնալով արվեստի մեկ այլ՝ գրականության ճյուղին՝ Վ․ Դավթյանը հարց է հնչեցնում․ «Արդյոք «ռեալիզմի նախահիմքերի» արտահայտչական պարզ ու ամուր միջոցներին ձգտելով չէ՞, որ զարգանում է նաև ժամանակակից պոեզիան, արդյոք նա նույնպես չի՞ ձգտում ազատվել ավելորդ ծանրաբեռնվածությունից, պաճուճանքից, ավելի ուշ ժամանակներում ստեղծված քերթության արվեստի պարտադիր, Վարուժանի ասած «բռնապետական» կանոններից և չի՞ ձգտում առավել ազատության ու բնականության3»։ Իրականում այս հարցադրման ներքո արտահայտվում է գրողի մտավախությունն առ այն, որ ժամանակի երիտասարդական պոեզիան, առհասարակ գրականությունը հեռանում, կտրվում է նախնիների ավանդներից, հայրենական ակունքներից։ Նախահիմքերից որպես հին եգիպտական պոեզիայի օրինակ՝ Դավթյանը հիշատակում է Աննա Ախմատովայի կատարած թարգմանությունները, իսկ հին հայկական պոեզիայից հիշեցնում է Արտաշեսի և Սաթենիկի սիրավեպի մասին պատմող պահպանված նմուշները կամ Նավասարդի տաղը։ Նա Նարեկացու «Մատյան ողբերգությանը» համարում է հենց հայ հին բանաստեղծության՝ «ռեալիզմի նախահիմքերի» օրգանական շարունակություն՝ ընթերցողի ուշադրությունը հրավիրելով թափանցիկ պարզության, հստակության արդյունքում ձևավորված ազդեցիկ, էքսպրեսիվ պատկերի, «ծ» բաղաձայնի հաճախակի կրկնության և արտահայտչական այլ տարրերի նմանությունների վրա։ Դավթյանն ամենևին պատահական չի համարում այն, որ ֆրանսիացիները Նարեկացի թարգմանելիս ժամանակին նշանակալի նմանություններ են գտել Նարեկացու, Էլուարի, Ներուդայի, Ուիտմենի բանարվեստի, արտահայտչական միջոցների մեջ։
Դավթյանն անդրադարձ է կատարում նաև 20-րդ դարի բանաստեղծությանը՝ խոսելով Սիամանթոյի սպիտակ բանաստեղծության և հեթանոս երգերի կառուցվածքային նմանությունների մասին։ Նա նաև հիշատակում է խորհրդային գրողների 1-ին համամիութենական համագումարում Չարենցի արտասանած ճառը, որտեղ գրողը կոչ էր անում հայ միջնադարյան տաղերգուների ու մանրանկարիչների թողած ժառանգության յուրացմամբ վերականգնել ու զարգացման նոր հունի մեջ դնել բանարվեստի ազգային առանձնահատկությունները:
Հաջորդիվ Դավթյանը տարբեր տաղանդավոր հեղինակների օրինակով ցույց է տալիս, որ 20-րդ դարի նշանավոր արվեստագետները ժամանակին համահունչ խոսք ասելու համար դուրս են եկել ազգային շրջանակներից, համարձակորեն գնացել են դեպի ազգային մշակույթի նախահիմքերը, ակունքները՝ միջնադար և ավելի հեռու, որի շնորհիվ էլ հասել են ինքնատիպության։
Դավթյանը համարում է, որ ժամանակակից քննադատությունը խնդիր ունի ուսումնասիրելու, թե մեր դարավոր ու հարուստ գրական ժառանգության կուտակած արտահայտչական հարուստ զենքերն ինչպե՞ս են օգտագործում արդի հեղինակները՝ գեղարվեստական խնդիր լուծելու համար։ Դավթյանն իր հոդվածը եզրափակում է ժամանակակից քննադատներին ուղղված քննադատությամբ․ «Մեր քննադատները պատրաստ են հաստափոր մենագրություններ գրել Սրբուհի Տյուսաբի, Տիգրան Կամսարականի, Ծատուրյանի, Սիպիլի մասին, բայց ոչ երբեք զբաղվել գրական կենդանի պրոցեսով։ Կարող են անցյալի հեղինակների մասին մեկ անգամ արդեն գրած ու տպագրած թեկնածուական դիսերտացիաներն ընդարձակել, դարձնել դոկտորական և ժամանակակից գրականության մասին դարձյալ լռել4»։
Վ․ Դավթյանի համոզմունքը, որ իր մտորումները նոր մտքերի փոխանակության, բանավեճերի առիթ են տալու, հիմնավորված էր ու ճշմարտացի։ Նրա մտորումներին «այո, բայց․․․» սկզբունքով արձագանքում է ժամանակի նշանավոր մտավորականներից Պ․ Սևակը5։ Սևակը Դավթյանի հոդվածը լավ և ուրախաբեր է համարում, սակայն հստակություն մտցնելու համար նշում է, որ «ռեալիզմի նախահիմքեր» գաղափարի մասին մինչ Սարյանը ևս խոսվել է, և գաղափարի հեղինակը ամենևին էլ Սարյանը չէ․ Սարյանն այդ եզրույթը շրջանառության մեջ է դրել՝ խոսելով իր արվեստի և ժամանակին մեծ տարածում ստացած լուսանկարչական-նկարագրական ռելաիզմի հակադրության մասին։ Պ․ Սևակն իր հոդվածն այլաբանորեն է կառուցում։ Նա ներկայացնում է իշխան Մուի՝ լավ ձի փնտրելու մասին մի առասպել, որը պատմություն է ընտրություն կատարելու ճիշտ սկզբունքների մասին։ Սևակն ընդարձակում է «ռեալիզմի նախահիմքեր» արտահայտության շրջանակները՝ ընդգրկելով իրեն նախորդած ժամանակաշրջանի գեղարվեստական մտածողության ամփոփ կերպը։ Նա նշում է մի էական տարբերություն․ նախնական ռեալիստները անում էին այն, ինչ կարող էին, մինչդեռ նորերն անում են այն, ինչ ուզում են։
Արձանագրելով, որ դարեր շարունակ բանաստեղծությունն իրավացիորեն համեմատել են երգի հետ և բխեցրել սրտից ու գլխից՝ Սևակը հավելում է, որ բանաստեղծությունն ավելին է երգ կոչվածից և սիրտ ունենալուց բացի, հարկ է ունենալ հոգի, ոգի։ Նա խոսում է ոգու դիալեկտիկայի, հոգևոր խոսքի, ոգու ոլորտները գտնելու, երգում համանվագության, բազմաձայնության հասնելու, մտածող մտավորական հերոսի, պատմողական-նկարագրական բանաստեղծությունը թելադրական-հուշարարականով փոխարինելու և այլ անհրաժեշտությունների մասին։
Դ․ Գասպարյանը նկատել է, որ «թելադրական» եզրույթը հատկապես տարածված է եղել արևմտահայ միջավայրում․ այն օգտագործել են շատերը՝ Արշակ Չոպանյանը, Նիկոլ Աղբալյանը, Հակոբ Օշականը, Շավարշ Նարդունին։ Ընդ որում, «թելադրական» բառն օգտագործված է որպես բառ-բանալի, որպես եզր, որ իր շուրջ ձևակերպում է արվեստի վերաբերյալ որևէ միտք6:
Սևակն իր հոդվածում այն մտավախությունն է հայտնում, թե գուցե երիտասարդ ստեղծագործողները նախահիմքերի ներքո հասկանան մտքի պարզունակությունը, հասարակությունը, ֆոլկլորային մտածողությունը և գնան դրա հետևից, մինչդեռ ժամանակակից մարդու առաջնահերթ գործն է ոչ թե վերադառնալ հետ, առաջ ընթանալ՝ հայտնաբերելով նոր ժամանակների մտածողության պարզ ու ամուր ձևերը: Այս ամենով հանդերձ՝ Սևակը չի ժխտում նաև բանահյուսության և ժամանակակից մտածողության համադրության անհրաժեշտությունը։ Մանրամասնորեն ներկայացնելով ժամանակակից գեղարվեստական ստեղծագործության կառուցվածքի և պատկերակառուցման իր տեսլականներն ու գաղափարները՝ Սևակը գալիս է այն եզրակացության, որ հարկ է հինն ու ավելորդը մաքրել՝ նորը կառուցելու միտումով։ Սևակը կողմ էր պոեզիայի մարդկայնացմանը՝ մարդագրությանը՝ կառուցված ժամանակակից կյանքի պահանջներով ու մտածողությամբ՝ առանց բարդագրությունների ու հարթագրությունների: Սևակի այս հոդվածը առթում է բանավիճային նոր հոդվածներ․ այն ունենում է իր գաղափարակից բարեկամներն ու հակառակորդները։ Պատասխան հոդվածներով հանդես եկածներից շատերը փորձում են բանաստեղծ Սևակին «փրկել» քննադատ Սևակից՝ մատնանշելով լուրջ հակասություններ նրա ստեղծագործական և տեսական մտքերի մեջ և չհամաձայնելով քննադատ Սևակի հետ։
Սևակի հոդվածում տեղ գտած գաղափարներին ու մտքերին արձագանքում է Մարո Մարգարյանը «Դարի՞ հետ, թե՞ դարի աղմուկի հետ7» հոդվածով՝ չհամաձայնելով Սևակի արտահայտած մի շարք ձևակերպումների հետ։ Մարգարյանը ոչ միայն չի կիսում Սևակի ժխտողական վերաբերմունքը եղած պոեզիայի առնչությամբ, այլև համարում է, որ մեր ստեղծածով մենք կարող ենք բարձր ճակատով կանգնել աշխարհի առաջ։ Նա գրում է. «Բոլոր թեմաներն էլ հին են, միլիոն անգամ կրկնված և պիտի կրկնվեն։ Նորություն ու թարմություն բերողը նոր ընկալումներն են, նոր մոտեցումներն ու նոր գտնված արտահայտչական միջոցները, ուստի և ամենամեծ ու բարձր գործը կատարում են խիզախողները, նրանք, որոնք չեն գոհանում եղածով, փնտրում են, որոնում, կտրում են տեսանելի ու անտես կապանքներն ու ջարդում են արդեն վնասող կաղապար դարձած հին ձևերը, միայն թե մտածել պետք է նաև հերքելիս ու ջարդելիս։ Ինչ որ նոր է, նույնպես անխտիր ճշմարտություն չէ։ Մեր պոեզիան իրավմամբ հաղթահարել է շատ խոչընդոտներ, այդ պատճառով էլ ընթացքը եղել է դանդաղ, ազնիվ ու շիտակ8»։
Մ․ Մարգարյանը մեծ գնահատանքով է խոսում Ն․ Զարյանի հատկապես պատերազմի տարիներին գրված ստեղծագործությունների մասին, ապա անդրադառնում է Սևակի պոեզիային՝ նշելով, որ նա հաճախ երկարաբանում է, հաճախ դիմում է պրոզային, սակայն որպես քննադատ չի ընդունում այդ իրողությունները գեղարվեստական գործում։ Հոդվածագիրը կարծում է, որ մի արատից ազատվելու համար չպետք է ընկնել այլ ծայրահեղության մեջ։ Բերելով Սևակի բանաստեղծություններից մեկից մի հատված՝ Մ․ Մարգարյանը գտնում է, որ չպետք է շատ ըմբոստանալ սրտի և հույզի դեմ․ «Մենք նրա լավ գործերով ցանկանում ենք հերքել նրան և համոզել, որ շատ չըմբոստանա սրտի և հույզի դեմ, քանի որ ինքը զորեղ է սրտահույզ պոռթկումներով: Սևակն իզուր է հավատացել, թե ինքը միայն մտքի պոետ է9»: Մ․ Մարգարյանը բերում է օրինակներ Ս․ Կապուտիկյանի, Հ․ Սահյանի, Վ․ Դավթյանի բանաստեղծություններից՝ ցույց տալով, որ բոլորի մոտ էլ պատկերը, բնությունը հմայք ու հուր է ստանում մարդու ներկայությամբ, ուստի անհեթեթ է պոեզիայի մարդկայնացման առաջարկը, քանի որ այն արդեն իսկ կա, առկա է։
Այս բանավեճին արձագանքում է Գարի Հովհաննիսյանը «Նորից հանուն և նորից ընդդեմ10» հոդվածով։ Միանգամայն արդարացի և անհրաժեշտ համարելով արդի պոեզիայի արմատների փնտրտուքների, անցյալի հետ հարաբերությունների նորոգման միտումները՝ հոդվածագիրը համադրում է Վ․ Դավթյանի և Պ․ Սևակի տեսակետները՝ նշելով, որ Դավթյանը չափից ավելի է ներսուզում յուրովի ըմբռնած «ռեալիզմի նախահիմքերում», իսկ Սևակը զատում է պոեզիայի հեռանկարային երակները, սակայն չափից ավելի է հեռացնում մարդկային կուլտուրայի անցած և արդի ժամանակների եզրերը։ Գ․ Հովհաննիսյանը նկատում է, որ Հոմերոսի ժամանակներից սկսած՝ արվեստը զարգացման ճանապարհին միշտ անկրկնելի ձևեր ու եղանակներ է ընդունել, սակայն պահել է համընդհանուրը։ Բերելով Իսահակյանի պոեզիայի օրինակը՝ հոդվածագիրը հանգում է այն եզրակացության, որ բազմազան ելևէջներով, փոխանցվող պատկերներով Իսահակյանը հաստատում է ոչ թե երևույթի արտաքին հավաստիությունը, այլ կյանքի, բնության երևույթների շարժուն հարաբերությունները։ Այսպիսով՝ Գ․ Հովհաննիսյանը հաստատում է Սևակի այն միտքը, թե «բանաստեղծության «զվարթ գիտությունը» գիտություն է ոչ թե երկրաշարժների նկարագրության, այլ հրաբուխների գործունեության», իսկ այս սահմանագծին հայ բանաստեղծությունը հասել է Թումանյանի, Իսահակյանի և Չարենցի շնորհիվ։ Հոդվածի հեղինակն Իսահակյանի և Չարենցի ստեղծագործությունների օրինակով ցույց է տալիս, թե ինչպես են աշխարհի տարբեր համակարգեր, ինչպես օրինակ՝ միֆականն ու իրականը, ներդաշնակվում գեղարվեստական երկում։
Բանավեճին «Իհարկե հանուն11․․․» հոդվածով արձագանքում է Արտաշես Մխիթարյանը։ Նա նկատում է, որ գրականության մեջ ավելի գերակշռող են դարձել առավել անմիջական գործերը, որոնք ընթերցողին մղում են ներթափանցելու ստեղծագործության խորքը և բացառում են նկարագրայնությունը, շարադրությունը, որոնք հոգու դատարկությունը ծածկել փորձող «զարդարանքներ» է համարում՝ հակադրվելով Սևակի հոդվածում տեղ գտած մտքերին։ «Պրպտուն մտքով ու անհանգիստ, միշտ որոնող խառնվածքով օժտված մեր տաղանդավոր բանաստեղծը հաշվի չի նստում այս ճշմարտությունների հետ, ավելին, անտեսում է եղածն ու արվածը գրականագիտության մեջ և իր հիշատակած Անդերսոնի խոսքերով փաստորեն հարվածում է իրեն․ գնացքն արդեն մեկնել է, ինքը չի հասցրել նստել և իրավացիորեն նախատելով մեքենավար-քննադատին՝ նստել է ուրիշ գնացք, որը, ճիշտ է, արտաքինով տարբերվում է առաջինից և գնում է կեռմաններով, սակայն, վերջին հաշվով, ընթանում է դեպի նույն նպատակակետը12»։ Ամենևին չհերքելով Սևակի այն միտքը, թե հարկավոր է ոգեղեն, հոգևոր պոեզիա, քանի որ գրականությունը հոգու հետազոտություն է՝ Մխիթարյանը նաև հավելում է, որ դա ամենևին էլ չի խախտում տրամաբանության և երևակայության, հույզերի և մտքերի միջև հավասարակշռությունը, սրտի և մտքի միաձույլ աշխատանքը, որի արդյունքը արվեստի իսկական երկն է՝ «մտքի ու զգացմունքի թանձրուկը»։ Հիշատակելով Լենինգրադի սիմպոզիումի շրջանակներում հնչեցված այն մտքերը, որոնցում նշվում է գիտության տարբեր ոլորտներին գրականության տված առատ նյութի մասին՝ Ա․ Մխիթարյանը փաստում է, որ հոգևոր կյանքի ամենաբարձր ոլորտների հասանելիությունն է գեղարվեստական ստողծագործություններում ապահովում մտքի ու սրտի միասնական աշխատանքը, ուստի անբաժանելի է համարում մտավորն ու զգացականը։ Որպես հիմնավորում՝ հոդվածագիրը հիշատակում է գրող Կ․ Ֆեդինի այն միտքը, որ այս երկու բաղադրիչներից միայն մեկը ելակետ ընդունելը կարող է քանդել արվեստի հիմքը։ Այսպիսով՝ հոդվածագիրն իր միտքը եզրափակում է «հանուն» ձևակերպմամբ՝ հանուն արվեստի հիմքի, հանուն նրա կատարելագործման, բյուրեղացման։
Բանավեճին «Այո՛, հանուն, բայց ինչո՞ւ ընդդեմ13» վերտառությամբ հոդվածով արձագանքում է նաև Ալբերտ Կոստանյանը՝ հոդվածը սկսելով հետևյալ ինտրիգային ձևակերպմամբ․ «Բանաստեղծների երկխոսությունը ողջունելի էր մակարդակի բարձրությամբ, և այս իմաստով, թերևս, առիթը հարմար չէր, որ բանաստեղծուհու միջամտությամբ ոգեկոչվեր դարի աղմուկը14»։ Հոդվածագիրը համարում է, որ Սևակը ճիշտ կետից է շարունակել Դավթյանի անհրաժեշտ, բայց չավարտված խոսքը։ Ա․ Կոստանյանը երկխոսության մեջ է մտնում Սևակի հետ՝ ասելով․ «Այո՛, հանուն, բայց ինչո՞ւ ընդդեմ»։ Նա համարում է, որ Սևակի մտքերում ընդդեմի պարագայում որոշ հակասություններ են առաջանում, ինչն էլ բացատրում է այն համգամանքով, որ Սևակի գրական մտածելակերպը ձևավորվել է մի շարք գործոնների՝ հայ դասական, սովետահայ դասական և ժամանակակից ոչհայկական գեղարվեստական տարրերի խաչաձևման ազդեցության արդյունքում։ Հոդվածագիրը կիսում է նախորդ հոդվածներում բարձրաձայնված այն մտավախությունը, որ Սևակի քննադատած «թոնրատնային գրականություն» ձևակերպումը գուցե տարընթերցումների տեղիք տա և նույնացվի ազգային նկարագրով գրականության հետ։ Հաջորդիվ Ա․ Կոստանյանը պատմական էքսկուրս է իրականացնում դեպի դարասկզբի արևմտահայ գրական առաջընթացը՝ հիշեցնելով տարագրության մեջ և Կ․ Պոլսում հայրենաբաղձ ու տառապանքով սնվող ստեղծագործող անհատների աշխարհըմբռնողականության և ստեղծագործական ավանդների մասին, որոնք, նոր ու թարմ լինելով հանդերձ, այդ նախահիմքերի արդիական արձագանքն են՝ արված հանուն այդ նախահիմքերի։ «Այո՛, հանուն, բայց ոչ ընդդեմ»,- իր ասելիքը եզրափակում է հոդվածագիրը։
Հանուն և ընդդեմ ռեալիզմի նախահիմքերի շուրջ ծավալված բանավեճը «Խոսք պոեզիայի ճանապարհի մասին15» հոդվածով ամփոփում է Հր․ Թամրազյանը, որի արտահայտած կարծիքի հետ համաձայնում է նաև «Գրական թերթ»-ի խմբագրակազմը՝ փակելով բանավեճը: Թամրազյանը բանավեճը գնահատում է ժամանակի համար աննախադեպ, բովանդակալից և արդյունավետ։ Խոսքը սկսելով Ս․ Աղաբաբյանի հոդվածաշարից՝ Հր․ Թամրազյանն ըստ հերթականության նշում է բանավիճային հոդվածների արժեքավոր ու թերի կողմերը։ Ս․ Աղաբաբյանի հոդվածը բարձր գնահատելով՝ Հր․ Թամրազյանը համարում է, որ այնտեղ անտեսված է արդի բանաստեղծության բուն էության և զարգացման ընթացքի ճշմարիտ պատկերը, առկա են միօրինակ ու զարմանալի գնահատականներ։ Ճիշտ համարելով Գուրգեն Մահարու քննադատական դիտարկումները Սուրեն Աղաբաբյանի արտահայտած մտքերի շուրջ՝ Հր․ Թամրազյանը Մահարուն և այլոց մեղադրում է առկա թերությունները մատնանշելու, սակայն իրենց հոդվածներում ևս գիտական չափանիշներ չօգտագործելու համար։ Հր․ Թամրազյանը ծավալուն անդրադարձ է կատարում Ս․ Աղաբաբյանի, Լ․ Հախվերդյանի, Գ․ Մահարու և այլոց՝ պոեզիայում խոսքի և ապրումի հավասարակշռության մասին արտահայտած մտքերին։ Նա գրում է․ «Ոմանց թվում է, թե խոսքը բանաստեղծության մեջ սոսկ միջոց է, օժանդակ տարր է, ինքնուրույն միավոր, տարազի պես մի բան՝ ապրումի համար։ Բնա՜վ։ Խոսքը բանաստեղծության մեջ ճիշտ նույն դերն է կատարում, ինչպես մարմնի բնական ձևը մարմնի համար, այսինքն՝ այն ինչ-որ փոխելու, դեն նետելու մի բան չէ, այլ մարմնի բնական հատկանիշը, դրսևորման բնական ձևը, այն ապրումի, ներքին հատկանիշների ստեղծագործական դրսևորումն է16»։
Հր․ Թամրազյանն տեղին է համարում երիտասարդական պոեզիայի առիթով Վ․ Դավթյանի ունեցած մտավախությունը, սակայն գտնում է, որ Դավթյանը պետք է խոսեր ոչ թե ռեալիզմի նախահիմքերի, այլ գեղարվեստական մտածողության նախահիմքերի մասին, քանզի այն ավելի լայն հասկացություն է։ Թամրազյանը համաձայնում է Դավթյանի հոդվածի մասին Սևակի տված միակողմանի բնորոշման հետ, քանի որ այնտեղ անտեսված է համաշխարհային գրականության հետ ունեցած առնչությունները։ Պ․ Սևակի հոդվածի առնչությամբ ևս Հր․ Թամրազյանը նշում է առկա թերությունները և առավելությունները՝ ասելով․ «Բանաստեղծ Սևակը պարզապես ջախջախում է քննադատ Սևակին»։ Սևակի հոդվածը նմանեցնելով Տերյանի «Հայ գրականության գալիք օրը» զեկուցման բարենորոգչական ծրագրի հետ՝ Թամրազյանը գրում է․ «Պ. Սևակը առաջ է քաշում տարակուսանք հարուցող որոշ տեսակետներ, որոնք տրամագծորեն դեմ են մեր գրական փորձին, առաջավոր ավանդներին: Ընդհանուր հարցադրմամբ լինելով ճիշտ՝ Պ. Սևակը սխալվում է իր դեղատոմսերից շատերի մեջ»: Թամրազյանն իր հերթին միակողմանի է բնորոշում բանաստեղծի աոաջադրած «թելադրական-հուշարարական» տեսակետը: Պ․ Սևակի և Մարո Մարգարյանի բանավեճի համատեքստում Հր․ Թամրազյանն արձանագրում է, որ Պ․ Սևակն իր մտքերով, գնահատականներով չափազանց մռայլ է, իսկ Մ․ Մարգարյանը՝ չափազանց ոգևորված։
Հր․ Թամրազյանը ժամանակակից բանաստեղծի առաջ ծառացած բարդ խնդիրը ձևակերպում է հետևյալ կերպ․ «Ոչ միայն մարդու մասին, այլև մարդը, ոչ միայն ազգության և հասարակության մասին, այլև ազգությունը և հասարակությունը՝ կենդանի հոգեբանությամբ, մտավոր հուզական կյանքով17»։ Հոդվածագիրը մատնանշում է այն կետերը, որոնք խոչընդոտում են արդի պոեզիայի զարգացմանը․ «Բանաստեղծությունների մեջ մտքերը հաճախ վեր են ածվում սովորական դատողությունների, բանականության հզոր շունչը տեղի է տալիս մանրախոսության, մտքերի ճարպիկ կամ քմահաճ խաղերի առաջ18»։ Թամրազյանը գտնում է, որ կեղծ հույզը և կեղծ միտքը կենդանի մարդուն դուրս է մղում պոեզիայի շրջանակներից։ Այսպիսով՝ նա հակադրվում է Սևակի այն մտքին, թե պոեզիան պետք է լինի թելադրական-հուշարարական։ Նա համարում է, որ մեր գրականության մեջ դանդաղ է ընկալվում Ե․ Չարենցի արվեստի կարևոր հատկանիշները, պոեզիան դեռևս քիչ է համակված մեծ կյանքով, սխալ է համարում այն, որ Սևակը և մյուսները մոլեգին հարձակում են գործում էպիկական պոեզիայի բոլոր տեսակների, սյուժետային մտածողության դեմ՝ գտնելով, թե ներկա դարն ու հոգեբանությունը չեն հանդուրժում, ժամանակավրեպ են համարում սյուժետային պատմությունը։ Վեպի շարունակական զարգացումը և ծաղկումը հիմք ընդունելով՝ Թամրազյանը նշում է, որ սյուժետային մտածողությունն արվեստում ժամանակավրեպ չէ, այն անհրաժեշտ է և պետք է մնա։ Հակառակ պնդումներում նա բանահյուսության ներքին հարստությունը արհամարհելու, էպիկական ձևերը դուրս մղելու, պոետիկ մտքի աղքատացման, փոխարենը՝ թելադրականը, հանելուկային կետ-գիծը տեղը թողնելու ոչ ցանկալի միտում է տեսնում, որը համարում է սոսկ ստեղծագործական ծանր աշխատանքից խուսափելու միջոց։ Ինչպես նկատելի է, Թամրազյանի այս խոսքերի հիմնական հասցեատերը հենց Սևակն է։ Թամրազյանը, արձանագրելով Սևակի հոդվածում տեղ գտած բանահյուսական ստեղծագործությունների մասին հակակրական ձևակերպումների փաստը, համաձայնում է նրա այն մտքի հետ, որ անընդունելի է ֆոլկլորային մտածողությունը, սակայն նաև հիշատակում է բոլոր այն մեծանուն հեղինակներին, այդ թվում՝ նաև Սևակին, որոնք իրենց գործերում առատորեն օգտվել են բանահյուսության առատ պաշարից, քանի որ անհրաժեշտ է եղել, քանի որ յուրաքանչյուր գրող պարտավոր է այս կամ այն չափով մոտենալ ժողովրդական մտածողության հարստությանը։
Ի մի բերելով և եզրափակելով բանավեճի շրջանակներում հնչած էական գաղափարներն ու դրանց շուրջ իր ունեցած դիտարկումները՝ Հր․ Թամրազյանն արձանագրում է, որ հոդվածներով հանդես եկած բանաստեղծները (Պ․ Սևակ, Վ․ Դավթյան, Մ․ Մարգարյան և այլք) հնարավորինս հստակ էին իրենց ձևակերպումներում, մինչդեռ քննադատների մտքերը վերացական էին, խճճված, անկապ ու հակասական։ Իր հերթին հստակ չնշելով այս իրողության պատճառները՝ Թամրազյանն այն համոզումն ունի, որ նման խրատական, հանդիմանական, սակայն ոչ հստակ եղանակով չի կարելի և հնարավոր չէ ուղղություն ցույց տալ գրողներին, առավել ևս՝ երիտասարդ ստեղծագործողներին։
«Եկեք մեր սերը և դժգոհությունը դնենք գրականության զարգացման շահերի հիմքի վրա, շարունակենք աշխատանքն ու զրույցը հանուն գրականության գալիք օրվա, միայն թե՝ խոսենք զուլալ, հստակ, անկեղծ՝ առանց սեթևեթանքի ու մոդայիկ աղմուկի, իհարկե, որքան հնարավոր է՝ նյութի իմացությամբ ու տրամաբանությամբ։ Դա առավելապես անհրաժեշտ է այսօր, երբ մեր գրականությունը մեծ երկունքի ճանապարհին է19»,- ահա այսպիսի կառուցողական առաջարկով է իր ծավալուն հոդվածն ավարտում Հր. Թամրազյանը։
1 Մահարի Գ․, Պոեզիան և քննադատությունը, «Գրական թերթ», 1965, թիվ 30, սեպտեմբերի 10։
2 Դավթյան Վ․, Ժամանակակից պոեզիան և «ռեալիզմի նախահիմքերը», «Գրական թերթ», 1965, թիվ 50, դեկտեմբերի 10։
3 Նույն տեղում։
4 Նույն տեղում։
5 Սևակ Պ․, Հանուն և ընդդեմ «ռեալիզմի նախահիմքերի» – «Գրական թերթ», 1966, թիվ 2, հունվարի 7։
6 Տե՛ս՝ Գասպարյան Դ․, «Պարույր Սևակ, կյանքը և ստեղծագործությունը», Նոր դար, Երևան, 2001, էջ 265։
7 Մարգարյան Մ․, Դարի՞ հետ, թե՞ դարի աղմուկի հետ- «Գրական թերթ», 1966, թիվ 4, հունվարի 21։
8 Նույն տեղում։
9 Նույն տեղում։
10 Հովհաննիսյան Գ․, Նորից հանուն և նորից ընդդեմ, «Գրական թերթ», 1966, թիվ 5, հունվարի 28։
11 Մխիթարյան Ա․, Իհարկե, հանուն…, «Գրական թերթ», 1966, թիվ 7, փետրվարի 11։
12 Նույն տեղում։
13 Կոստանյան Ա․, Այո՛, հանուն, բայց ինչո՞ւ ընդդեմ, «Գրական թերթ», 1966, թիվ 9, փետրվարի 25։
14 Նույն տեղում։
15 Թամրազյան Հր․, Խոսք պոեզիայի ճանապարհի մասին, «Գրական թերթ», 1966, թիվ 16, ապրիլի 15։
16 Նույն տեղում։
17 Նույն տեղում։
18 Նույն տեղում։
19 Նույն տեղում։
2 thoughts on “Բանավեճ «Ռեալիզմի նախահիմքերի» շուրջը/ Հասմիկ Հակոբյան”
Comments are closed.