Դավիթ Մելիքսեթյան
«This is tomorrow» (վաղվա օրը սա է)՝ այսպես էր կոչվում 1956 թվականի օգօստոսին Լոնդոնի Ուայթչեփլ պատկերասրահում Բրայան Ռոբերթսոնի համադրությամբ կազմակերպված ցուցահանդեսը, որից սկսվում է փոփ արտի պատմությունը՝ իբրև կերպարվեստի ու ընդհանրապես ժամանակակից արվեստի ուղղության։ Այդ ցուցահանդեսը բացեց Ֆրեդ Ուիլքոքսի «Արգելված մոլորակը» գիտա-ֆանտաստիկ ֆիլմի հերոս Ռոբի ռոբոտը։
Բայց այն ժամանակ՝ 1956 թվականին, դեռ վաղվա օրը չէր: Դա վաղվա կանխազգացումն էր։ Վաղը հիմա է, երբ ռոբոտներն ու արհեստական բանականությունը համատարած մտել են մեր կյանք:
Գիտական ֆանտաստիկան միշտ մղել է մեզ պատկերացնել ապագան, որտեղ ինքնավար ռոբոտներն օգնում են մարդկանց առօրյա կյանքի տարբեր ոլորտներում։ Սկզբում մեզ թվում էր, թե նրանք իրենց վրա կվերցնեն կենցաղային գործերը, իսկ մարդիկ կզբաղվեն ստեղծագործական աշխատանքով։ Եվ թեպետ գիտական ֆանտաստիկան լիքն է գիտակցություն ունեցող ռոբոտների մասին պատմություններով, մեր մարդակենտրոն աշխարհընկալումը մինչ օրս չի ընդունում ռոբոտների ինքնուրույն ստեղծարարության հնարավորությունը։ Փոխարենը մենք պատրաստ ենք ընկալել ռոբոտներին իբրև մեր թաքուն հնարավորությունների ու ցանկությունների իրագործման միջոց։ Հենց այս կերպ է դիտարկում ռոբոտներին փիլիսոփա Սլավոյ Ժիժեկը՝ խորհելով վերոնշյալ «Արգելված մոլորակը» ֆիլմի և դրա հերոս ռոբոտ Ռոբիի մասին 2000 թվականին Դյուկի համալսարանում հրատարակված «Սեռականություն» (Sexuation) ժողովածուի «Իրը ներքին տարածքից» (The Thing from Inner Space) հոդվածում։ Ժիժեկը դիտարկում է «Իր» հասկացությունն իբրև Id մեքենա, մեխանիզմ, որն ուղղակիորեն իրականացնում է մեր արտամղված ցանկությունները։ Ըստ Ժիժեկի «Արգելված մոլորակում» Id մեքենան հստակորեն տեղավորվում է ֆրեյդիստական լիբիդոյի կոնտեքստում։ Գլխավոր հերոսը՝ հանճարեղ գիտնական Ուոլթեր Փիջենը, իր դստեր հետ խաղաղ ապրում է առանձին մոլորակում մինչ այն պահը, երբ նրանց անդորրը խախտում են տիեզերական ճամփորդները։ Շուտով ինչ-որ անտեսանելի հրեշի հարձակումներ են սկսվում: Արդյունքում պարզվում է, որ այդ հրեշը ոչ այլ ինչ էր, քան Ռոբիի կողմից Ուոլթերի չգիտակցված, կործանարար մղումների նյութականացումը, որն ուղված էր իր և դստեր ինցեստուալ անդորրը խախտած անկոչ հյուրերի դեմ։
Այսպիսով, մեկ անգամ ևս փաստենք, որ մեր մշակույթը պատրաստ է ընկալել ռոբոտներին ոչ միայն իբրև մարդու օգնականի և նրա հրահանգների կատարողի, այլ նաև իբրև մարդու չբացահայտված հնարավորությունները, թաքուն ցանկություններն ու չիրացված ստեղծարարության պոտենցիալը բացահայտելու գործիք։ Հետևաբար հասունացել է այդպիսի գործիքներ ստեղծելու ժամանակը։ Եվ քանի որ ինժեներական գիտությունների զարգացմանը զուգընթաց հիմա շատ արագ զարգանում է նաև նյարդագիտությունը, և մեր ուղեղի աշխատանքի ու ստեղծարարության մեխանիզմների մասին գիտելիքն օր օրի շատանում է, հավանաբար առաջիկայում կտեսնենք ստարտափներ, որ աշխատում են նման լուծումների վրա։
Բայց հիմա արդեն վաղվա օրն է։ Եվ ռոբոտների ինքնուրույն ստեղծարարության հնարավորության մերժումը, մեղմ ասած, հիմնավոր չի թվում։ Հնարավոր է, որ ինչ-որ մի տեղ արդեն մշակվում են կամ գուցե նույնիսկ արդեն «ծնվել են» իսկական ռոբոտ գրողն ու ռոբոտ նկարիչը։ Բայց, ի տերբերություն ինժեներական գիտությունների և նյարդագիտության, հասարակագիտությունը, կարծես, դանդաղ է առաջ գնում ու չի հասցնում տալ ծագող նոր հարցերի պատասխանները։ Օրինակ՝ արդյո՞ք մենք պատրաստ ենք ընկալել ռոբոտների ինքնուրույն արվեստը՝ հատկապես, եթե նրանք մեր մշակույթում նոր խոսք ասեն։