Մետամոդեռնիզմը և հայ ժամանակակից գրականությունը1/Վարդան Ջալոյան

Մաս առաջին. Տատանողական շարժում

Ոչ ոքի հավատալ չի կարելի: Նույնիսկ ինքդ քեզ: Ինձ կարելի է:
Օստապ Բենդեր

Պոստմոդեռնիստը նա է, ով փոստ է բռնում մոդեռնիզմի վրա։
Հայկական ժողովրդական ասացվածք

Վահրամ Մարտիրոսյանի «Բամբակե պատեր» վեպը կարող է անակընկալ լինել ընթերցողի համար: Հեղինակը հայկական պոստմոդեռնիզմի ներկայացուցիչ է, ով վարպետորեն տիրապետում է այդ ուղղության մեթոդներին՝ ինչպես ձևի, այնպես էլ բովանդակության տեսակետից: Բայց այս վեպում չկան ոչ մոդեռնիստական, ոչ հետմոդեռնիստական էսթետիկայի հետքեր, այն զուտ «ռեալիստական» է, դետալների էթնոգրաֆիկ ճշգրտությամբ: Հերոսը սովետական միամտության և անկեղծության մարմնացում է, բայց դրանք սկսում են քայքայվել, երբ պարզվում է, որ մարդը, որին հավատում էր և վստահում, ԿԳԲ-ի գործակալ է: Խորաթափանց ընթերցողը կարող է այստեղ տեսնել հետխորհրդային պոստմոդեռնիզմի ակունքները, թերահավատության, կասկածի, հեգնանքի և սարկաստիկ օտարացման սկիզբը:

Հայկական պոստմոդեռնիզմը սկսվում է Երևանի բժկական ինստիտուտի КВН-ի թիմից, որը ձեռք բերեց համամիութենական հեղինակություն: Գործելով Գլաստնոստի տարիներին՝ այն անխնա ծաղրի էր ենթարկում խորհրդային գաղափարախոսությունը, արատավոր իշխանական համակարգը, ընդհանուր առմամբ՝ տոտալիտարիզմը: Իսկ պոստմոդեռնիզմի էությունը տոտալիտարիզմն ու Մեծ պատումների մերժումն է, որի մի մասն էր մարդկության ազատագրման մարքսիստական նախագիծը:

Հետագայում КВН-ականները ստեղծեցին «Շարմ» ընկերությունը, որը պաշտոնապես «զբաղվում է գովազդի արտադրությամբ և տարածմամբ, գեղարվեստական, փաստավավերագրական, անիմացիոն ֆիլմերի ստեղծմամբ, թատերական ներկայացումների, երաժշտական նախագծերի, ինչպես նաև համերգների, շնորհանդեսների կազմակերպմամբ»։ Կարծում եմ՝ «Շարմ» ընկերության շնորհիվ է, որ զանգվածային մշակույթը դարձավ գերիշխող Հայաստանում: Իսկ զանգվածային մշակույթի գերիշխանությունը պոստմոդեռնիստական իրադրության ամենակարևոր ցուցիչն է:

Եթե «Շարմը» համարենք աջ պոստմոդեռնիզմի արտահայտություն, ապա ժամանակակից գրականության և արվեստի մեջ պոստմոդեռնիզմը ունեցավ ձախ դրսևորումներ: Ցավոք, հայաստանյան պոստմոդեռնիզմը, հատկապես գրականության մեջ, վատ է ուսումնասիրված: Նկատեմ, որ այդպիսի փորձ է կատարել Վահրամ Մարտիրոսյանը:

Դժվար չէ նկատել Վահրամ Մարտիրոսյանի մտավոր և էսթետիկան շարժումը պոստմոդեռնիզմից դեպի նոր անկեղծություն: Եթե «Կարգին հաղորդումը» համարենք պոստմոդեռնիստական ցինիզմի գագաթնակետ, ապա հենց դրա հեղինակների մոտ ենք նկատում սարսափը այդ ցինիզմի նկատմամբ, և փորձը այն ուղղել մելոդրամայի միջոցով: Նույնիսկ Հայաստանի նման գավառում, պոստմոդեռնիզմի ճգնաժամը ակնհայտ է:

Վահրամ Մարտիրոսյանի «Բամբակե պատեր» «ռեալիստական» վեպը, այսպիսով ցուցադրում է տատանողական շարժում ռեալիզմի և պոստմոդեռնիզմի միջև: Կարծում եմ, որ այդ տատանումը հնարավոր է դարձել, որովհետև Վահրամը գիտի պոստմոդեռնիզմի էսթետիկան, նրա էությունը, ելման կետը, որից հետո հնարավոր է շարժվել: Առանքային կամ նախնական հասկացությունը միջև-ն է: Գտնվելով միջև-ում, դու տատանողական շարժման մեջ ես: Այստեղ ևս կարևորը ոչ թե տատանումն է, այլ՝ շարժումը:

Պոստմոդեռնիզմը դինամիկ չէ, նրա էությունը ամենավ արտահայտել է Ֆրենսիս Ֆուկույաման «Պատմության վերջը» գրքում համանուն կոնցեպտի միջոցով: Եթե պոստմոդեռնիզմը նույնացնենք /նեո/ լիբերալիզմի հաղթանակի հետ, ապա կարող ենք ասել՝ պատմության, նաև գրականության պատմության մեջ հաղթանակի հետ, ապա կարող ենք ասել, որ պատմական շարժումը անշարժացել է:

Անվերապահորեն այսօր գերիշխողը պոստմոդեռնիստական մշակույթն է, այդ թվում գրականություն մեջ: Բայց պոստմոդեռնիզմի ճնշող, անշարժարժացնող բնույթը ծնում է հակազդեցություն, պոստմոդեռնիզմի ներսում ծնվում է նոր մշակութային իրադրություն, որը փիլիսոփաներ Տիմոթեուս Վերմյուլենը և Ռոբին վան դեն Ակերը անվանեցին մետամոդեռնիզմ:

Նրանք հենվում են գրականագետ և փիլիսոփա Ֆրեդերիկ Ջեյմիսոնի՝ պոստմոդեռնիզմի վերլուծության վրա, որը համարում է այն ուշ կապիտալիզմի մշակույթ: Բայց հիմա ուշ կապիտալիզմ չէ, այն հետ-ուշ կապիտալիզմ է, թվային կամ տեղեկատվական, ինչպես կհամարեք: Հետ-ուշ կապիտալիզմի պայմաններում ձևավորվում է նոր մշակույթ, որը փորձում է հաղթահարել նեոլիբերալ կամ պոստմոդեռնիստական անշարժությունը, որի հաղթահարման քաղաքական օրինակները սկսվում են Օքուպայ շարժումից, Արաբական գարունից և ձգվում մինչև հիմա:

Այն, իհարկե, մոդեռնի ուղղագիծ շարժումը չէ, տատանողական է, բայց շարժում է: Այս կոնտեքստում միջև-ի և տատանման կոնցեպտը նշանակում է շարժում ոչ թե դեպի, այլ նորը:

2010 թ. նրանք հրապարակեցին իրենց Դիտողություններ մետամոդեռնի մասին հոդվածը/ Vermeulen T., van den Akker R. Notes on Metamodernism // Journal of Aesthetics & Culture. 2010. Vol. 2. P. 1-14./: Հոդվածում նշվում է, որ պոստմոդեռն միտումների մեծ մասը ստանում է նոր ձև և, որ ամենակարևորն է, նոր իմաստ. «պատմությունը շարունակվում է իր հապճեպ հայտարարված ավարտից հետո»: Այդ նոր միտումները նրանք որակում են որպես մետամոդեռնիզմ: Ըստ նրանց՝ մետամոդեռնը «տատանվում է մոդեռնիզմի խանդավառության և պոստմոդեռն ծաղրի, հույսի և մելամաղձության, անմեղության և գիտակցության, կարեկցանքի և ապատիայի, միասնության և բազմակարծության, ամբողջականության և պառակտման, պարզության և երկիմաստության միջև»:

Մետամոդեռնի տատանողական բնույթի մասին է խոսում Լյուկ Թըրները իր «Մետամոդեռնիստի մանիֆեստում», որը անգլերենից հայերեն է թարգմանել Կարեն Անտաշյանը: Ավելորդ չենք համարում այն ամբողջապես ներկայացնելը:

Մետամոդեռնիստի մանիֆեստը

1․ Մենք ընդունում ենք, որ տատանումն աշխարհի բնական կարգն է:

2․ Մենք պետք է ազատագրվենք մոդեռնիստական գաղափարախոսական միամտության և նրա հականիշ բիճի (պոստմոդեռնիզմի – խմբ․) ցինիկ անկեղծության դարաշրջանի իներցիայից։

3․ Շարժումն այսուհետ պիտի կայանա որպես տրամագծորեն հակադարձ գաղափարների միջև տատանում՝ աշխատելով իբրև բևեռների միջև բաբախող ահռելի էլեկտրական մեքենա, որ գործարկում է աշխարհը։

4․ Մենք ընդունում ենք ցանկացած շարժմանն ու փորձառությանը բնորոշ սահմանափակությունը և այդ կանխորոշված սահմանները հաղթահարելու յուրաքանչյուր ջանքի ապարդյունությունը։ Համակարգի հիմնարար անկատարությունը պետք է ոչ թե այն ավարտուն վիճակի հասցնելու կամ դրան ծառայելու կույր ստրկության հանգեցնի, այլ ավելի շուտ նրա նվիրյալին պետք է ուղղորդի պատահաբար մի բան նշմարել նրա թաքնված դրսույթից։ Գոյությունը կհարստանա, եթե մենք կպնենք մեր գործին այնպես, ասես այդ սահմանները հաղթահարելի են, քանզի այսպիսի գործունեությունը բացազատում է աշխարհը։

5․Ամենայնը տոգորված է դեպի առավելագույն էնտրոպիական անհամապատասխանությունն անդառնալի սողանքով։ Գեղարվեստական ստեղծագործությունը հնարավոր է միայն այդ տարաձայնությունից ծնվելու կամ նրա հայտնության պայմանով։ Նրա ազդեցությունն իր բարձրակետում՝ հենց տարբերակման չմիջնորդավորված փորձառությունն է։ Արվեստի բուն նպատակը իր սեփական պարադոքսալ հավակնությունների հետազոտությունն է՝ չափազանցը ներկայության հանգեցնելով։

6․Ներկան անմիջականության և հնության կրկնակի ծնունդի հայտանիշն է։ Այսօր մենք նույնքան նոստալգիստ ենք, որքան և ֆուտուրիստ։ Նոր տեխնոլոգիաները հնարավոր են դարձնում իրադարձությունների միաժամանակյա ընկալումն ու վավերացումը տարբեր դիտանկյուններից։ Դեռևս իրենց վախճանից աննշմարելի հեռու՝ այս ծագող ցանցերը հեշտացնում են պատմության ժողովրդավարացումն ու լուսավորում այն ճյուղավորվող ուղիները, որով մեծ պատումները կարող են նավարկել այստեղ և հիմա։

7․ Ճիշտ այնպես, ինչպես գիտությունը ձգտում է պոետիկ էլեգանտության՝ արտիստները կարող են իրենց վրա վերցնել ճշմարտության փնտրտուքը։ Ողջ տեղեկատվությունը հիմք է գիտելիքի համար, կապ չունի՝ այն փորձառական է, թե տեսական, անկախ նրա ճշմարտացիությունից։ Արժե, որ մենք ընդունենք մոգական ռեալիզմի գիտա-պոետիկ սինթեզն ու տեղեկացված միամտությունը։ Սխալը իմաստ է ծնում։

8․ Մենք առաջարկում ենք հաշվենկատ ռոմանտիզմ ՝ ազատ գաղափարախոսական խարսխից։ Այսպիսով մետամոդեռնիզմը սահմանվում է որպես հեղհեղուկ վիճակ հեգնանքի ու անկեղծության, միամտության ու իմացության, հարաբերականության և ճշմարտության, լավատեսության ու կասկածի միջև և դուրս՝ ի հետապնդում տարաձայն ու խուսափուկ հորիզոնների բազմազանության։ Մենք պետք է առաջ գնանք և տատանվենք։

Հայաստանը հայտնաբերել է մետամոդեռնը: Բայց այն, ինչպես նկատում է Ռոբին վան դեն Ակերը, ոչ փիլիսոփայություն է և ոչ էլ տեսություն, այլ դեռևս մշակութային իրադրության նկարագրություն: Այն միայն արևմտյան նոր ինտելեկտուալ մոդա չէ, այն ակտուալ է նաև հայ գրականության մեջ նոր միտումները տեսնելու համար: Ոչ էլ այն ուղղորդող սկզբունք է հայ ժամանակակից գրողի համար: Այն մեր նոր մշակութային իրադրությունը հասկանալու միջոց է:

Շարունակությունը՝ այստեղ։

Please follow and like us:

1 thought on “Մետամոդեռնիզմը և հայ ժամանակակից գրականությունը1/Վարդան Ջալոյան

Comments are closed.