Հայրենիքը՝ զավակ․ մետաֆորի ուժն ու դյուրինությունը/Մարիամ Կարապետյան

Հայրենիքի նկատմամբ վերաբերմունքի հարցում ինձ համար ուղենիշ է Ալբերտ Ստեփանյանի միտքը։ Ասում է` հայրենիքն ընդունենք ոչ թե իբրև ծնողի, այլ որպես զավակի. երեխայիդ հանդեպ պարտավորությունդ ավելի մեծ է, քան ծնողի, ծնողից հեռանալն ավելի բնական է, քան երեխայից։ Եվ երեխաներին մե՛նք ենք ստեղծում։ Կուզեի ծնողական խանդավառության հետ զուգակցել այս վերաբերմունքս, բայց միայն ծնողական ցավով ու տագնապով եմ շնորհավորում իմ երկրի հերթական օրը։ Անձամբ ինձնից շատ բան կախված չէ, բայց ես պատասխանատու եմ ոչ իբրև զավակ, այլ որպես ծնող։ Միայն իմ փոքրիկ չափով, բայց այդուամենայնիվ…

Եվ այդուամենայնիվ, սա դեռ մետաֆորի դյուրինության պահն է։ Հայրենիքիս համար հենց հիմա լաց լինելուս դյուրինության պահը։ Ես դեռ մինչև վերջ չեմ մտածում, չեմ մտածում-սպառում այս պահը։ Ծնողի դիրքը շարունակական անձնական զոհաբերության է տանում, բայց նաև ստեղծագործ պատասխանատվության, սիրո և մերձության հրճվանքի։ Բայց չի՞ կարող լինել այս անամոթ, անհարմար հարցը․ ո՞ւմ կյանքն է առավել հեշտ զոհել, քո՞, թե՞ կենսաբանական զավակիդ։ Ուստի զոհաբերության հարցը միշտ լարված էթիկական հարցի առաջ է դնում, որից խուսափելն ավելի հարմար է։

Գործնական, վրա հասած պահի, «կա՛մ ես, կա՛մ նա»-ի մեջ զոհաբերության հարցը հեշտ է․ վստահ քո՛ կյանքն ես զոհաբերում, ոչ երեխայինդ։ Բայց իրականության մեջ սա ավելի շուտ հետաձգված հարց է, ուստիև անհարմար ընտրության, ամաչեցնող ու հուզող, ձգվող ու անընդհատ լարումի հարց, եթե խիզախություն ես ունենում նայելու նրան։ Հանում ենք զոհաբերության պահի դյուրինությունը, ու տակը մաշող հարցեր են մնում։ «Տեսական բարոյականության» ազնվության հարցը, այն պնդումի, որ այո՛, հայրենիքի համար կարելի է զոհաբերել սեփական որդիների կյանքը, ինչ-որ մի օր կարելի է զոհաբերել։ Իսկ այսօր ինքդ պատերազմ գնալ չես ուզում, այսօր հայտնվում են հարցերը՝ անհատի՞ (գուցե մանավանդ քո) կյանքն է կարևոր, թե՞ վերացական հանրույթի, հայրենիքիդ համար կյա՞նքդ է ավելի կարևոր, թե՞ մեռնելդ․․․

Բայց այս «տեսական» բարոյականության թնջուկն անտեսվում է, որովհետև հետաձգված պահի մեջ այն գործնական չէ, իսկ իրական պահի մեջ կարող էր լուծվել զոհաբերման պահի դյուրինությամբ․․․

Սա դեռ մետաֆորի դյուրինությունն է։ Եվ այդուամենայնիվ, այս դիրքը գոնե վերացնում է ցինիկ լինելու հնարավորությունը, անչափ բարդացնում է հեգնանքը…

Իմ այս տեքստն այսօր իմ անունը հայրենիքի թեմայի հետ է կապում։ Սեփական ճառը սեփական դեմքը երևացնելու արարք է։ Ամաչում եմ իմ դեմքի ներկայությունից և ճառի ընդհանրությունից, որովհետև դա սարսափելի անհամաչափ է զոհաբերված կյանքերի մասնավորությանը։ Գուցե ե՛ս ավելին չեմ, քան մետաֆորի դյուրինությունը, բայց հնարավոր է նաև՝ դա է ծնող լինելու իմ ձևը։ Նորից սահմաններն ու եզրերը չեմ տեսնում, բայց կարծես երկարեցնում եմ տեսանելիության գոտին։ Ես իբրև ծնող եմ նայում հայրենիքիս։ Պատրաստ կլինեի՞ մարտի դաշտում զոհվելու։ Անկեղծորեն չգիտեմ։ Վալերիի ասած «հնարավորության դևի» հետ եմ անընդհատ․․․ Մետաֆորից անդինը կնշանակի մտածել հայրենիքի ու զոհաբերության մասին սոցիալական չափումներով, այստե՛ղ և հիմա՛, մեկ առ մեկ հաշվի առնել բարդություններն ու կասկածները, ժամանակակից հանրություն ու պետություն, հետևաբար անհատական, մարդակենտրոն ազատություններ ունենալու ցանկության և շարունակ զոհաբերություն պահանջող հայրենիքի միջև հակասությունները, «զոհաբերվողների հիերարխիայի» հարցը․․․ Իսկ եթե հարցից խուսափե՞նք։ Եթե փիլիսոփա չես, կարելի է և այդպես, բայց միայն երկիր կառուցելու ակտիվ հանձնառություններ ստանձնելով, անձնական և փոխադարձ վերահսկողություն բանեցնելով, այն ամենով, ինչ այսօր քաղաքացիականություն են անվանում։

Միայն անվերջանալի կասկածներս․․․ Ապրումիս այն կասկածելիորեն էսթետիկական բաղադրիչը, որ տեսնում եմ մետաֆորի ուժի և դյուրինության իմ այս համեմատության մեջ․․․ Բայց ես կուզեի, որ կասկածողների ժամանակներ սկսվեին․․․

Please follow and like us: