«Ինչպե՞ս դիտել» հարցը՝ զոմբի, ժեխ, մուրճ ու մանգաղ չգտնելու համար/Մարիամ Կարապետյան

Անձնական փորձիցս մի դրվագ գիտելիքի երկու հաճախ հանդիպող տեսակների մասին՝ բուժքրոջ և վատ բժշկի։ Բուժքույրն այս կշեռքին հաճախ ավելի ծանր է կշռում փորձի, փոքր ծավալի գիտելիքը մարսած լինելու շնորհիվ։ Վատ բժշկի բոլոր պակասություններին գումարվում է գավռագիտուն լինելը․ ծակող ինքնավստահությամբ է դրսևորվում։

Գավռագիտունն ավելի հաճախ է հակասությունների մեջ խճճվում՝ չկասկածելով այդ մասին․ հենց որ գիտենալուն ես հասնում, հենց որ հավակնում ես գիտենալ, տրամաբանական բարդ կապերի ոլորտում ես հայտնվում։ Ու քանի դեռ ունակ չես չխճճվել, բուժքրոջ գիտելիքն ավելի ռացիոնալ է։

Բուժքրոջ պես՝ հասարակության մեծամասնությունը, որ «փորձագետի» գիտելիքներ չունի, բայց սեփական փորձառության սահմաններում է բուժում իրեն։

Քաղաքական իրավիճակի մասին է խոսքը։

Իսկ գավռագիտուն լինելը մի մեծ պատիվ չէ։ Իրար ընկերների ցանկից ջնջելով սպառնալն էլ բարձր ինտելեկտի և ճաշակի մասին չի խոսում կարծես։ Գուցե ավելի լավ է պարզապես ջնջել։

Գիտունները խնդիր կդարձնեին բարդ մտքերի արտադրությունը, որ որևէ քաղաքական ուժ այլևս չկարողանա «ժեխով», «նախիրով», «մանգաղով» կամ «մուրճով» հաղթելու հավակնել։ Գավռագիտուննե՛ր, մենք սարսափելի պարզունակ ենք, հաճախ նաև մեզանից ամենախելացիները։ Բավական է մեկ լուրջ հետազոտական աշխատանքի փորձ ունենալ՝ տեսնելու համար, թե ինչ աստիճանի են մտածված ու նրբացված մեր հեռվից սիրած արևմտյան գիտության հասկացությունները․․․

Տևական ու ծանրակշիռ հեղափոխությունը կարճ պահի հետ կապել չենք կարող։

«Ժեխի», «զոմբիի», «մուրճ» ու «մանգաղի» նշանները փոխաբերություններ են, նշաններ, որ կրկնվելով էական բաղադրիչ դարձան նախընտրական և հետընտրական տեքստում։ Սա կարելի է որպես լեզվաբանական դարձականության (recurrence) դեպք դիտարկել։ Բառը միայն նկարագրո՞ւմ է։ Արժեր նկատել նկարագրող բառի բերած լրացումը, բառի հավելականությունը։ Հարցը հետևաբար հետևյալն է․ կարո՞ղ ենք արդյոք մետալեզու կամ մետահամակարգ գտնել այս դարձականության համար։ Պայմանական մեկ աստիճան վերևից նայել՝ տալով մեկ աստիճան վերևից նայելու անունը։Կարճ ասած՝ պարզ անդրադարձը սեփական անդրադարձին։

Դարձականությունը լեզվամշակութային ստորոգություն է, որը հոդվածիս համատեքստում հետաքրքիր է լեզվական միավորների, փաստարկների և կարծրատիպերի կրկնությունը ներկայացնող (representative) դերով։ Բարդ իրավիճակը կազմող առանձին, հաճախ կրկնվող տարրերի զննումը նույնիսկ համատեքստից ազատ դիտարկման դեպքում իրավիճակի ընդհանուր պատկերը կազմելու անհրաժեշտ քայլերից է, ապա նաև՝ դրանց համատեքստայնացման կարևոր քայլերից մեկը։ Դարձականությունը դրսևորում է հանրույթի, հասարակության գերակա արժեքները, «մշակութային հաստատունները», առկայացնում է իմաստը խոսքի տվյալ պահին։ Սրանով դրսևորվում է դարձականության՝ որպես իմաստածին մեխանիզմի գործողութային, իրադարձային բնույթը։

Սոցիոլեզվաբանության ներկայացրած այս մեխանիզմով ամեն անգամ «ժեխը», «զոմբին», «մանգաղը» և «մուրճն» իրադարձայնանում էին` որպես մտային՝ մենթալ միավորներ։

Պիտակ-բառերի այս հավելյալ հիշատակմամբ ցանկացա առկայացնել նախ՝ դրանց մոտենալու որևէ ուրիշ կերպի անհրաժեշտությունն ընդհանրապես և հարցի՝ գեղագիտության դիտակետից քննելի լինելը՝ մասնավորապես։ Գուցե հարկ չէր լինի դրանց անդրադառնալու, եթե անգամ իրենց գրող համարող մարդիկ տուրք չտային «գիտունների» ու «տգետների» հեշտ հակադրությանը։ Իսկ եթե չվախենանք այս պարզունակությունը հաղթահարելուց, կարող ենք նկատել, որ այս հակադրության կոպիտ – «քանոնավոր» – տափակ կառուցումն իսկ առհասարակ բոլորիս տգիտության դիսկուրսի մեջ առավ։ Ֆեյսբուքում էլ շատերը նկատում են, որ սա հասարակության ևս մեկ հոռի և անքննադատ, պարզունակ բաժանման է հանգեցնում։ Բայց խորքային հայացքը կարող է նկատել, որ միաժամանակ տարերայնորեն և հետևողականորեն ձևավորված այս դիսկուրսը տեսնելու, զգալու և անդրադարձի ենթարկելու մեր ԸՆԴՀԱՆՈՒՐ կարողությունն է բացորոշում․ «զոմբին» ու «մուրճը» նույն մեդալի երեսներն են։ Ուրեմն տեսնելու ուրիշ եղանակներ են հարկավոր մեզ։ Իբրև գիտուն դիրքավորվելն այս օրերին պարզունակ կրկնության ժեստ էր առավելագույնը։

Ամենավտանգավոր հետևանքներից մեկն էլ, նշանագիտության լեզվով ասած, «գիտունների» և «անգետների» նշանների ստեղծման ճանապարհին՝ սեմիոզիսի ընթացքում առաջացավ։ Ն․ Փաշինյանի հիշատակած քաղաքական վերնախավ-ժողովուրդ հակադրությունը վերածվեց առհասարակ վերնախավ – ժողովուրդ, ապա՝ լավ հագնվողներ – վատ հագնվողներ, գիտուններ – անգետներ, հայրենասերներ – զոմբիներ, վերնախավ – ժեխ հակադրության։ Ֆեյսբուքյան – հանրահավաքային շրջանառման ընթացքում բևեռներն ավելի ու ավելի պարզունակացվեցին և գռեհկացվեցին՝ ինչ-որ խառնաշփոթ «դասակարգային» բնույթ ստանալով։ Առավել դատարկվեց «էլիտա» ասվածի բովանդակությունը, որը մինչ այդ էլ այնքան էր կապվել նորակառույց շենքերի ու հարուստների հետ, որ հիմնականում դրանք էլ նշանակում էր։ Այս «ձայնեղ» պարզունակեցումը հուզական լիցքաթափման տարավ նաև՝ մեջտեղից հանելով իրական խնդիրները, դրանց մասին խոսելու համաչափ եղանակները։

«Դասակարգային» այս թնջուկում ինձ պիտանի է թվում ֆրանսիացի փիլիսոփա Ժակ Ռանսիերի՝ սոցիալական շերտերի հղացքից մեկնարկող փիլիսոփայությունը, որ տեսնելու և անվանելու եղանակների խնդիր է դնում։ Զուտ քաղաքական օրակարգերը թողնելով քաղաքական ծրագրերին և քաղաքացիական հսկողությանը՝ արժե հենց դրանց որակը բարձրացնելու նպատակով մտածել տեսնելու նոր եղանակներ ստեղծելու մասին։ Սա ընթացիկ և երկարաժամկետ ծրագիր պիտի լինի՝ մեր երկրի սահմանների հարցը լուծելուն զուգահեռ։ Գուցե կասկածելի թվա այս օրակարգերի զուգահեռությունը, բայց սոցիալական շինարարության միագիծ ընթացքներ չեն կարող լինել։

Ռանսիերը զուգահեռում է էսթետիկան և քաղաքականությունը՝ առաջարկելով դրանց մոտենալ զգայականության ֆենոմենի և դրա գլխավոր բնութագրիչի՝ կոլեկտիվության միջոցով։ Նա մերժումը է Պլատոնի մոտեցումը, ըստ որի՝ ամեն մեկն իր գործը պետք է անի, և որը, ըստ հույն փիլիսոփայի, ապահովում է հասարակության ներդաշնակությունը։ Ռանսիերի կարծիքով՝ այսպես մասն օտարվում է ամբողջից։ Սրան ընդդիմանալով՝ նա հանգում է զգայականի բաժանման իր հղացքին։ Իրականության փորձը ներկայանում է որպես տարբեր սոցիալական խմբերին բնորոշ «զգայական ակնհայտությունների» հակադրություն։

Ըստ Ռանսիերի՝ էսթետիկան այլևս չի զբաղվում արվեստի էության և գործառույթների, ինչպես նաև դրա ընկալման պայմանների բնորոշմամբ։ Փոխարենը քննում է պատմականորեն փոփոխվող տեսանելիության կարգերի հարցը, որոնք արվեստին իմաստ են հաղորդում։ Էսթետիկան այլևս ճաշակի տեսություն չէ, այլ ցույց է տալիս զգայականի ընդհանուր տարածության կառուցվածքը, որը դիրքեր և գործառույթներ է բաժանում և բաշխում սոցիալական կազմակերպության յուրաքանչյուր անհատի։

Փրանսիացի փիլիսոփան ասում է․ «Ես զգայականի բաժանում եմ անվանում զգայական ընկալման ինքնակնհայտ փաստերի համակարգը, որը միաժամանակ ի ցույց է դնում ինչ-որ բանի գոյությունը՝ ընդհանուր վերցված, և սահմանազատումները, որոնք բնորոշում են մասերը և դիրքերը նրա ներսում»։ Եթե քաղաքականությունը, նրա խոսքերով, «վերաբերում է նրան, ինչ տեսանելի է, և նրան, թե ինչ կարելի է դրա մասին ասել, նրան, թե ով է իրավասու տեսնել և ասելու իրավունք ունի», ապա գեղագիտությունը «գործողության եղանակների, այդ եղանակների տեսանելիության ձևերի և դրանց հարաբերությունների իմաստավորման եղանակների միակցման եղանակն» է։

Ըստ փիլիսոփայի՝ գեղագիտական միտքն առաջարկում է մոդելներ, որոնք պիտանի են քաղաքագիտության իմաստավորման համար, քանի որ գեղագիտության մեջ բաժանման մեխանիզմները հանդես են գալիս առավել զարգացած և միաժամանակ առավել բացահայտ կերպով։ Այնինչ քաղաքականությունը, ինչպես ասել է նա իր հարցազրույցներից մեկում, սկսվում է այն ժամանակ, երբ զգայականի բաժանումը կասկածի է առնվում, այսինքն՝ երբ դառնում է ոչ միայն պայքարի տարածություն, այլև կողմնորոշում։

Ուստի Ռանսիերն առաջադրում է զգայականի վերաբաշխման հարցը, ինչը, ըստ նրա, իրագործվում է քաղաքական և գեղագիտական պրակտիկայում։ Ճշմարիտ քաղաքականությունը և արվեստը նա մեկնաբանում է որպես անհամաձայնություն զգայականի բաշխման առկա կարգի հետ, որպես առկա զգայական կարգի վերադասավորման, քաղաքական և գեղագիտական գործունեության նոր սուբյեկտների ներմուծման գործունեություն։ Քաղաքականությունը, ըստ նրա, սկսվում է այնժամ, երբ ձայնի իրավունք են ստանում նրանք, ովքեր լսված չեն եղել, երբ նոր սուբյեկտներ են վերաձևում քաղաքական տարածությունը՝ ներկայանալով իբրև քաղաքական գործընթացի լիիրավ մասնակիցներ։ Իսկ արվեստի մասին կարելի է խոսել այն դեպքում, երբ ստեղծվում են նոր ձևեր, կերպարներ, հնչյուններ, որոնք փոխում են իրականության զգացողությունը։ Այսպիսով՝ քաղաքականությունը և արվեստը փոխում են տեսանելիության գոտին, հարաբերակցությունը նրա, թե ինչ կարելի է ասել, տեսնել, անել։ Այս տեսակետից իսկական քաղաքական գործունեությունը և էսթետիկ գործունեությունը Ռանսիերը դիտարկում է որպես հավասարազոր պրակտիկաներ, որոնք ստեղծում են զգայական նոր փորձ, նոր «զգայական ակնհայտություններ»։ Այս տեսակետից ինձ ուշարժան են թվում «Հետքում» վերջերս հրապարակված մի հոդվածում շարադրված մտքերն այսօր Հայաստանում արվեստի հնարավոր դերի մասին։ Գուցե իրո՞ք քաղաքի փողոցներում հալվող շոկոլադե արձանը բան կփոխի․․․

Այսպիսով՝ առնվազն կարգը խախտելու, անհամաձայնության կատեգորիաներով Ռանսիերի նշված գաղափարները խիստ պիտանի են թվում այսօրվա հայաստանյան իրադրության համար։ Իրականության վերաբերյալ մտակառույցները հարցադրելու նպատակով գեղագիտության և քաղաքականության զուգահեռ քննությունն այսօր նաև դասավանդման արժեքավոր ուղղություն է համարվում։

Ասվածը թույլ է տալիս հարց տալ՝ ինչպե՞ս դիտեցինք, որ զոմբի, ժեխ կամ մուրճ գտանք։ Ինչպե՞ս դիտել, որ այլևս դրանք չգտնենք։

Ես դարձյալ իմ համոզմանն եմ մնում՝ էլիտիստական հավակնությունների ներմուծում լեզվի մեջ, որ հատկապես այսօր և այս իրավիճակում մեզ համար միանգամայն էգալիտարիստական նպատակներ ունի։

Այս մտքերս, անշուշտ, առաջահայաց, հեռանկարային բնույթ ունեն և չեն պատասխանում այն հարցին, թե առկա պայմաններում մարդիկ (քաղաքական երկու գլխավոր կողմերից էլ) ինչպես պիտի հակաճառեին։ Խոսելու այլընտրանքային եղանակների առնվազն անմրցունակությունը (բոլորս էլ գիտենք՝ ինչն են ավելի շատ «լայքում») օդում է թողնում «Այդ դեպքում ի՞նչ անենք» հարցը։ Պատասխանն անցյալի և ներկայի համար չէ, բայց կարող է հնչել որպես ապագայի առկայացում։

Այն, որ քարոզարշավի և հետընտրական դիսկուրսը մեզ առաջին հերթին պիտակ-բառերի, իսկ դրանց այլընտրանքի մասին մտահոգությունը՝ հակաճառության համար մրցունակ հռետորության կարիքին են հանգեցնում, կրկին ընդգծում է էսթետիկայի և քաղաքականության հարաբերությունների հարցը։ Մյուս կողմից էլ՝ մինչև որ բառն էսթետիկ ապրումի չհանգեցնի, փիլիսոփայություն ու բանաստեղծություն դառնալու ուժ չի ունենա։ Մենք վաղուց փիլիսոփայություն չունենք։

Please follow and like us:

1 thought on “«Ինչպե՞ս դիտել» հարցը՝ զոմբի, ժեխ, մուրճ ու մանգաղ չգտնելու համար/Մարիամ Կարապետյան

Comments are closed.