Լուսանկարը՝ Աննա Դավթյանի

Թուրքը մեր թշնամին է, ռուսը մեր բարեկամը չէ/Համբարձում Համբարձումյան

Քառասունչորսօրյա պատերազմից հետո Հայաստանը հայտնվել է քաղաքական, անվտանգային, գաղափարական ու արժեքային ճգնաժամի մեջ, որից, թվում է, ելք չկա։ Մինչ այս պատերազմը, չնայած Թուրքիայի ու Ադրբեջանի տնտեսական շրջափակմանը, պատերազմի մշտական սպառնալիքին ու չդադարող արտագաղթին, Հայաստանը և հայաստանցիները այնուամենայնիվ ապահովության որոշակի զգացում ունեին, որը մեր մեջ ասած, վեր էր ածվել արխայնության։ Քաղաքական վերնախավերը այլընտրանքներ ստեղծելու, դիվանագիտական ճանապարհով արցախյան հիմնախնդիրը լուծելու, Հայաստանը շրջափակումից հանելու, անվտանգային կայուն միջավայր ստեղծելու ու տնտեսությունը զարգացնելու փոխարեն զբաղված էին իշխանության խնդիրը լուծելով՝ այդ ընթացքում չխորշելով պոպուլիզմի մահացու չափաբաժին բաժանել ժողովրդին, ինչին անդրադարձել եմ «Պոպուլիզմի ծուղակը» հոդվածում։ Եվ հիմա, 10 հազար դրամ ընտրակաշառքի պես բաժանված պոպուլիզմը բումերանգի պես վերադառնում ու հարվածում է պետությանը։

Մինչ Ադրբեջանը 20 տարի շարունակ հարստանում էր նաֆթադոլարներով, ամրացնում էր իր ինքնիշխանությունն ու դաշնակիցների բանակ հավաքում, մենք ճիշտ հակառակն էինք անում։ Հայաստանի 30 տարիների պատմությունը ինքնիշանության աստիճանաբար զիջման պատմությունն է։ Ինքնիշխանության զիջումը հիմնականում Ռուսաստանին, բայց նաև այլ պետությունների, այն գինն էր, որ Հայաստանը վճարում էր արցախյան հիմնահարցի լուծումը ձգձգելու դիմաց։ Բայց եկավ մի պահ և պարզվեց, որ հենց Ռուսաստանն է փորձում հարցի լուծումը պարտադրել մեզ, եկավ այսօրը և պարզվեց, որ այդ գինը մենք իզուր ենք վճարել, որ մեզ «քցել» են։ Եվ հիմա հակաթուրքական տրամադրություններին բնականաբար գումարվել են նաև հակառուսական տրամադրությունները, ինչը շատ հստակ է երևում սոցիալական ցանցերում։

Քաղաքական կուսակցությունների ու խմբակների հետ հույս կապելը անհեռանկար է թվում, որքան որ անհեռանկար էր Հայաստանի վերջին 20 տարվա քաղաքականությունը։ Ռուս-թուրքական բարեկամության ու մրցակցության արանքում ոտնահարվում են մեր շահերը, հաղթանակից շփացած Ադրբեջանը ոտքը գազին է սեղմում՝ փորձելով ավելին պոկել Հայաստանից, իսկ մեր ազգային ժողովում վարչապետին հարցնում են՝ թուրքը մեր թշնամի՞ն է, թե՞ հարևանը, փոխանակ Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու, ապաշրջափակմանը ուղղված քայլեր ձեռնարկելու մասին հարցեր տան։ Նախկին իշանությունների կողմից «դավաճան» ու «թուրք» պիտակված վարչապետը շտապում է ասել, որ թուրքը մեր թշնամին է։ Ըստ էության այս հարցուպատասխանը դարձյալ զուտ ներքաղաքական օգտագործման համար է՝ նախընտրական քարոզարշավի մի մասը, որի տակ քաղաքական բովանդակություն չկա։

Մտավախություն ունեմ, որ ահագնացող հակաթրքականությունն ու հակառուսականությունը ստիպելու են պոպուլիզմի ախտով տառապող քաղաքական կուսակցություններին շարունակել նոր արկածախնդրության տանել պետությունը։ Միակ հույսն այն է, որ ժողովուրդը կկարողանա դուրս գալ էլիտայի հյուսած ծուղակից և նույն էլիտային կբացատրի, որ այլևս չի հանդուրժելու ցավի ու արժանապատվության զգացման վրա խաղալու քաղաքականությունը։ Մենք պետք է գիտակցենք, որ այս տարիների ընթացքում չափազանց մեծ բեռ ենք դրել նորանկախ պետության ուսերին, որի տակ ի վերջո այն ճկռել է։ Հայաստանը նմանվում էր ծանրամարտիկի, որ իր քաշին անհամապատասխան ծանրաձող է պահել գլխավերևում, որը ամեն պահի կարող էր փուլ գալ։ Այսօր էլ Հայաստանից պահանջում ենք ծանրաձող բարձրացնել, որը պետությունը ի վիճակի չէ իր գլխավերևում պահել։

Բնական է, որ հայ մարդը ատի թուրքական քաղաքականությունը, թուրքերին, որոնք չեն ընդունում ցեղասպանությունը կամ չեն պահանջում իրենց պետությունից դա անել, բայց մի՞թե դա նշանակում է, որ Հայաստանը պետք է հակաթուրքական քաղաքականություն առաջ տանի՝ Թուրքիայի դեմ գործիք, իսկ ավելի ճիշտ մահակ դառնալով այլ պետությունների ձեռքին։ Ի՞նչ է դրանից շահում Հայաստանը, ի՞նչ ենք դրանից շահում Հայաստանում ապրողներս։ Բնական է, որ ավանդական Սփյուռքը ատի Թուրքիան, պահանջներ ունենա Թուրքիայից, բայց մի՞թե չափազանց մեծ կշռաքար չի կապում Հայաստանի ոտքերին, եթե ակնկալում է, որ Հայաստանն էլ պիտի որդեգրի այդ քաղաքականությունը, որը կարող է խորտակել պետությունը։ Բնական է, որ հայ մարդը ատի ռուսական գաղութարար քաղաքականությունը, բնական է Այսրկովկասի ժողովուրդներին վերևից նայող ռուս շովինիստի հանդեպ ատելությունը, բայց մի՞թե պիտի պահանջի, որ Հայաստանը հակառուսական քաղաքականություն տանի, քաղաքական կողմնորոշումը փոխի, այն էլ այս պահին։

Այո, «թուրքը» մեր թշնամին է, «ռուսը» մեր բարեկամը չի, բայց ինչո՞ւ ենք պետության քաղաքականությունը մեր իղձերի ու պատկերացումների պատանդը դարձնում։ Ո՞վ է մեզ համոզել, թե թշնամի պետությունից հնարավոր չէ օգուտ ստանալ, ո՞վ է ասել, թե շահագործող ու «քցող» «բարեկամին» պետք է ոխերիմ թշնամի դարձնել։

Մենք համբերություն չունենք։ Ինչպես որ կայծակնային արագությամբ սոցիալական ցանցերում տարածում ենք կեղծ տեղեկատվությունը, այդպիսի կայծակնային արագություն էլ սպասում ենք պետությունից այս կամ այն խնդրին արձագանքելու համար։ Մենք պետությանը ժամանակ չենք տալիս տնտեսությունը զարգացնելու, բանակը կառուցելու, ճկուն քաղաքականությամբ ինքնիշխանությունը վերականգնելու համար, մենք ամեն ինչ ուզում ենք այստեղ և հիմա։ Որ ուժը կամ ուժերն էլ կազմեն ապագա կառավարությունը, մենք պիտի տուրք չտանք պոպուլիստական հայտարարություններին, պիտի ակնկալենք ու պահանջենք ճիշտ հակառակը, չպիտի թուրքական ու ռուսական քաղաքականության հանդեպ ունեցած մեր վերաբերմունքը փաթաթենք պետության վզին, ակնկալենք թե ապագա վարչապետը ազգային ժողովի ամբիոնից պիտի հայտարարի, թե թուրքերը մեր թշնամին են կամ հակառուսական ելույթներ ունենա և արտաքին կողմնորոշումը փոխելու քաղաքականություն վարի։ Մենք պիտի հասկացնենք քաղաքական էլիտաներին, որ այլևս չենք հանդուրժելու էժանագին, մանիպույատիվ տեխնոլոգիաներն ու հռետորաբանությունը, «ցեխշպրտոցին», այլ ակնկալում ենք տքնաջան աշխատանք տնտեսությունը զարգացնելու, Հայաստանը շրջափակումից դուրս բերելու, դեմոգրաֆիական ճգնաժամային վիճակը շտկելու, Արցախի անվտանգությունը ապահովելու ու Հայաստանի ինքնիշխանությունը պաշտպանելու համար։

Please follow and like us: