Թվում էր, որ 44-օրյա աղետալի պատերազմի հետևանքները պետք է սթափեցնեին քաղաքական ուժերին, թվում էր՝ այն ուժերը, որոնք այս 30 տարիների ընթացքում ինչ-որ դերակատարություն էին ունեցել, իրար հերթ չտալով պիտի բարձրաձայնեն իրենց մեղքերն ու քննարկումների շարք սկսեն ստեղծված իրավիճակից ելքեր որոնելու համար, բայց ամեն ինչ մնաց նույնը՝ նորից արցախյան հիմնախնդիրը շարունակեց ներքաղաքական պայքարը թեժացնելու, կրքեր բորբոքելով դիվիդենտներ շահելու միջոց մնալ։ Քաղաքական ուժերը պարտության պատասխանատվությունը միմյանց վրա բարդելու մրցավազք սկսեցին, որն էլ ավելի է մոլեգնելու գալիք խորհրդարանական ընտրության ժամանակ։
Արցախյան հիմնահարցը մշտապես իշխանությունը պահելու, վերարտադրվելու, նախկիններին, օրվա իշխանությանը կամ ընդդիմությանը քլնգելու միջոց է եղել ու նույնիսկ իննսնականներին ունեցած ձեռքբերումները մաշեցնելուց, մսխելուց ու խորը ճգնաժամի մեջ հայտնվելուց հետո էլ շարունակվում է պատասխանատվությունից խուսափելու և այն ճղճիմ շահարկումների առարկա դարձնելու գործելաոճը։ Իշխանության ներկայացուցիչները մի կողմից չեն ընդունում, որ ամենակարևոր հարցում սխալ ռազմավարություն են ընտրել, պատճառաբանելով, թե պարզապես ժամանակը չբավականացրեց հզորանալու ու Ադրբեջանին ջախջախելու համար, մյուս կողմից, առերեսվելով պատերազմի հետևանքներին, ճարահատյալ խոսում են «հայ-թուրքական» հաշտեցման մասին, այն դեպքում, երբ Բաքվից շարունակվում են ռազմատենչ հայտարարություններ հնչել։ Սերժ Սարգսյանը, որ 1998 թվականին դեմ էր հանդես եկել առաջարկվող փուլային լուծմանը, պատասխանատվությունը իր վրայից գցելու համար հարցազրույց է տալիս և «խոստովանում», թե ինքը ընդունելու էր «Լավրովյան պլանը», որը 98-ին առաջարկվող փաստաթղթի շատ ավելի վատ տարբերակն էր։ Դարձյալ ոչ մի խոսք սեփական սխալների մասին, ոչ մի անդրադարձ նրան, որ իշխանությունը ստանձնած Նիկոլին մեղադրում էին «Արցախը ծախելու» մեջ՝ ակնարկելով, թե ընդունելու է «Լավրովյան պլանը»։ «Մեղրիի միջանցքի» թեման բանակցությունների առարկա դարձրած Ռոբերտ Քոչարյանը և նրան սատարողները ընդանրապես չեն ուզում ոչինչ խոստովանել, իրենք միշտ ճիշտ են։ Տեր-Պետրոսյանն էլ հանդես է գալիս կարճ հաղորդագրություններով՝ այն դեպքում, երբ հանրությունը նրանից, եթե ոչ ճնգնաժամից դուրս գալու համապարփակ առաջարկներ, առնվազն ինչ-որ գաղափարներ է ակնկալում լսել, բայց «ազգակործան պատուհասի» սահմանադրական ճանապարհով հեռանալու պահանջից և «ես ձեզ զգուշացրել էի» ոճի հաղորդագրություններից զատ այլ առաջարկ դեռ չկա։ Ճիշտ է, ճգնաժամը ստիպեց, որ նախկինում անհաշտ քաղաքական ախոյանները՝ Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպեն ու քննարկեն ստեղծված վիճակը, բայց թվում է, որ այդ քննարկումները արդյունք չեն տվել, որովհետև նրանց վարքագծում ու հռետորաբանության մեջ ոչինչ չի փոխվել։
Իսկ ինչպե՞ս ստացվեց, որ պետության ու ժողովրդի համար ամենակարևոր հարցում այսքան անզգույշ ու անպատասխանատու եղանք, ինչպես և ինչու արցախյան հիմնախնդիրը մանրադրամ դարձավ ներքաղաքական պայքարում։ Ինչու էին Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը 98-ի համեմատ ավելի ու ավելի վատ փատաթղթերի շուրջ բանակցելով շարունակում «հողերը ծախելու» մեջ մեղադրել Տեր-Պետրոսյանին, ինչու էին հասարակությանը ներշնչում, թե հարցը լուծված է և բթացնում զգոնությունը, ոչնչացնում քաղաքական առողջ տրամաբանությունը։ Ինչո՞ւ էր Նիկոլ Փաշինյանը սահմանափակվում «մեր ժողովրդի շահերի դեմ չենք գործի» տիպի արտահայտություններով, բայց այդպես էլ չէր ասում, թե որն է իր պատկերացմամբ ժողովրդի շահը։ Չէ՞ որ 2018 թվականի հրապարակում քաղաքացիներին ոչինչ չէր ասվել Արցախի հիմնահարցի լուծման մասին, որտեղի՞ց գիտեր, թե ժողովուրդը ինչպես է տեսնում իր շահը, որտեղի՞ց էր էդ վստահությունը, որ ձգձգման, ուժի ցուցադրման քաղաքականությունը, որ ավելի էր մեծացնում պատերազմի հավանականությունը, հայ ժողովրդի մեծամասնության հավանությանն է արժանանալու։
Այսօր էլ Նիկոլ Փաշինյանի ընտրած ռազմավարությունը արդարացնելու համար շատերը պնդում են, որ եթե «Լավրովյան պլանը» ընդուներ, ժողովուրդը ոտքի էր կանգնելու, ընդդիմանալու էր այդ լուծմանը։ Կներեք, իսկ ժողովրդին ո՞վ էր հարցրել։ Որտեղի՞ց այդ վստահությունը, որ ժողովուրդը, նույնիսկ պատերազմի այլընտրանքը աչքի առաջ ունենալով, չէր ընդունի փուլային կարգավորման տարբերակը։ 1998-ին մի՞թե ժողովուրդն էր ըմբոստացել փուլային լուծման դեմ։ 20 տարի շարունակ իշխանությունները, փուլային տարբերակի շուրջ բանակցելով, ներքին լսարանին կերակրել էին միֆերով, նախկիններին՝ Տեր-Պետրոսյանին «դավաճանության» ու «հողերը ծախելու» մեջ մեղադրելու համար ժողովրդին համոզել, թե չնայած միջազգային ճնշումներին, Հայաստանն ու Արցախը ի զորու են «փաթեթային» լուծում պարտադրել կամ նույնիսկ ամբողջը պահել։ Ապա ընկել էին իրենց իսկ հռետորաբանության ծուղակը, որովհետև երբ «լուծումը» հասունացել էր ու պարտադրվում էր, լեգիտիմություն չունեցող իշխանությունը ի վիճակի չէր երկխոսություն սկսել ժողովրդի հետ, իսկ երբ իշխանափոխություն եղավ, ջերմեռանդորեն սկսեցին «հողերը ծախելու» մեջ մեղադրել արդեն Փաշինյանին։ Նոր իշխանությունն էլ իր հերթին սկսեց դավաճանության մեջ մեղադրել նախկիններին, որոնք գնացել ու «դավաճանական» փաստաթղթերի շուրջ են բանակցել։ Բայց եթե նախկինները սոսկ ժողովրդին բթացնելու ու ընդդիմախոսների դեմ բորբոքելու համար էին շահարկում հարցը, նորերն արդեն հավատում էին «հաղթողական» լուծմանը։ Իշխանության էր եկել մի սերունդ, որը 20 տարի շարունակ լսել էր, թե «փուլային» տարբերակը դավաճանություն է «ազգային իղձերին», երիտասարդների մի թիմ, որ կերակրվել էր նախորդների ստեղծած միֆերով, որ չէր ուզում «դավաճան» ու «հողատու» լինել, կտրված էր իրականությունից ու ժողովրդի իրական իղձերից, իշխանություն, որ արցախյան հիմնահարցի կարգավորման թեմայով երկխոսություն չէր սկսել ժողովրդի հետ, բայց համարում էր, թե գիտի՝ ինչ է ուզում ժողովուրդը։ Դրա մասին են վկայում իշխանափոխությունից հետո հրապարակ նետված գաղափարները՝ Կապանից Հադրութ տանող ճանապարհի կառուցումը, Սարսանգի ջրերը անջրդի տարածքներ տանելու «դարի նախագիծը» և «աշխարհազոր» ստեղծելու օրինագիծը։ Իսկ սա նշանակում էր փուլային տարբերակի մերժում, որովհետև տարօրինակ կլիներ, տնտեսական ներդրումներ անել տարածքներում, որոնք պատրաստվում ես տալ թշնամուն։ Միայն զարմանալ կարելի է, թե իշխանությանը որտեղի՞ց այդքան վստահություն, թե նման ծրագրեր իրականացնելու ժամանակ ու հնարավորություն ունի։
Այնինչ ժողովուրդը ՝ սահմանում ապրող գյուղացին, բանվորն ու շինարարը, այդքան չէին ենթարկվել «նախկինների» պրոպագանդային, որքան որ դրա ազդեցության տակ էին նոր իշխանությունը ձևավորած թիմի անդամները և ընդհանրապես քաղաքական ուժերի գերակշիռ մեծամասնությունը։
«Հայաստանում հիմա թասիբը պիտի եռար»,- պատերազմի ժամանակ ուղիղ եթերում ասում էր Նիկոլ Փաշինյանը։ Հայաստանում, իհարկե, կամավորների հոսք կար զինկոմիսարիատներ, սակայն իշխանությունը հավանաբար բավարար չէր համարում այդ հոսքը և կարծում էր, որ «թասիբը» բավականաչափ չի եռում։ Թեև ժողովրդի հետ «փուլային» լուծման այլընտրանքի՝ պատերազմի մասին չէին խոսել, բայց փաստորեն համարում էին, որ ժողովուրդը ավելի շուտ կընտրի պատերազմը, բայց ոչ «հողերը հանձնելը» և սրտնեղում, որ իր ընտրությանը բավականաչափ տեր չի կանգնում։
Քանի որ տարիներ շարունակ ժողովրդին համոզել էին, որ մեր բանակը տարածաշրջանում ամենամարտունակն է և ադրբեջանական ագրեսիայի դեպքում նոր տարածքներ է ազատագրելու, արխայնացրել էին, թե հարցը ռազմական լուծում չունի, իսկ եթե ունի՝ արդեն լուծված է, ժողովրդի համար պատերազմը անամպ երկնքում ճայթած կայծակի պես հանկարծակի էր, իսկ ռազմաճակատից եկող բացասական լուրերը անվստահելի ու անհավատալի։ Իսկ երեսուն տարի շարունակ արնահոսող, դեմոգրաֆիական ճգնաժամում գտնվող պետությունը ոչ հոգեբանորեն, ոչ տնտեսապես պատրաստ չէր նոր պատերազմին։
Քաղաքական էլիտաները ձեռնածությամբ ու ստով փորձեցին ժամանակ շահել իշխանությունը պահպանելու համար, բայց ընկան իրենց իսկ սարքած պոպուլիստական ծուղակը։ Ժողովրդին ոչ պատերազմին պատրաստեցին, ոչ էլ խաղաղության։ Ժողովրդի զգոնությունը բթացրած, սեփական սխալները ընդունելու, ապաշխարելու անընդունակ քաղաքական ուժերը այսօր էլ շարունակում են նույն գործելաոճը՝ խնդրի շահարկում և ճգնաժամից դուրս գալու ոչ մի ծրագիր։ Պարտությունը, փոխանակ սառը ցնցուղի էֆեկտ ունենա ու սթափեցնի մեզ, ավելի է բորբոքել պոպուլիզմի կրակը, որտեղ մոխրանում են ողջախոհության մնացորդները։